Ականջակալ

Դեն նետեք ձեր բերաններից անիմաստ ու տհաճ խոսակցությունները, և մենք դեն կնետենք ականջակալները, որոնք այդքան նյարդայնացնում են ձեզ։
Պահեք ձեր բերաներում ձեր՝ անհաճո խոսքերը, և մենք կպահենք իրականությունը մեր մեջ։

Մենք ականջակալներ կրում ենք ամեն օր, օրվա մեջ ամեն պահ, որովհետև մեր ականջները հոգնել ու զզվել են ձեր անիմաստ բամբասանքներից, որովհետև մենք ինքներս փրկել ենք ուզում մեր ականջները. դրանք այնքան մե՜ղք են, երբ կարմրում են ձեր բարձր ձայներից, բայց բարձր երաժշտությունից՝ երբե՜ք։

Դեն նետեք ձեր կյանքից այդ բամբասանք կոչվածը, և մենք ականջակալները դեն նետելով, ձեզ հետ կլսենք այդ երաժշտությունը, չվախենալով, որ դուք կանարգեք մեր ճաշակը։
Ես սիրում եմ ականջակալներս, շա՜տ, որովհետև դրանք ինձ օգնում են փակել ու խլացնել շուրջս լսվող ամեն ինչ: Ճիշտ է, այն չի օգնում ազատվել ձեր ներկայությունից, բայց ազատում է ձեր տհաճ ձայներից, որոնք երբեմն այնքան անհեթեթ են։

Պաշտելու աստիճան եմ սիրում իմ ականջակալները, բայց և չեմ պաշտում. այդպես էլ չսիրեցի պաշտել մարդկանց կամ իրերի։ Հիմարությու՜ն է։
Ասում են տարիքից է. մի փոքր էլ մեծանալուց հետո ականջակալներով երաժշտություն լսելը էլ չի գոհացնի, կամ էլ սարսափելիորեն շատ դուր չի գա մեզ՝ պատանիներիս կամ երիտասարդներին։ Եվ ինչու՞ չէ, նաև մեծերին, ընդհանրապես մարդկանց, ովքեր հոգնել են ձեր խոսակցություններից։

Սիրում եմ իմ ականջակալները, բայց ոչ ուրիշինը. այն աղտոտված է իր շրջապատի մարդկանց անիմաստ ու անհաճո խոսակցություններով, իմն ինձ հերիք է, իմ ականջակալներն արդեն ամեն ինչ պահել են իրենց մեջ, ու պատնեշ ստեղծելով՝ թույլ չեն տվել հասնել ականջիս:

Սիրում եմ ականջակալներս, չնայած այն փաստին, որ նրանք կյանքեր էլ են խլում, երբեմն փորձանքի մեջ էլ են գցում. տարված լինելով ականջակալներիդ փոխանցած բարձր ձայներով, շրջապատդ երկրորդական ես համարում, չմտածելով որ դիմացդ էդ ականջակալները չսիրող, և բնավ էլ էլ քեզ նման երազկոտ մեկը չէ, այլ սթափ վարորդ, ում ընտանիքն է սպասում, և նա բնավ մեղավոր չէ, որ դու ապրում ես ականջակալներիդ ստեղծած երազկոտ աշխարհում, ու ատում ես իրականությունը։

Իսկ դու ատում ես իրականությունը. նրանց պատճառով, ովքեր մտածում են, թե իրենց խոսքը (բամբասանքը) բերաններից դուրս չթողնելու դեպքում այդ պահին էլ կմեռնեն։

Եփվեք ձեր մեջ, բայց թող ձեր տհաճ կամ հաճո խոսքը թող դուրս չթռչի ձեր բերաններից։
Մի հարմար իր էլ աչքերի համար է պետք, ականջակալներիս նման, որ այդքան վատ բառեր լսելուց հետո միևնույն է, ինքն իրեն արդարացնում է, ինքը չի հոգնում, կամ էլ արդեն հոգնել ու զզվել է, բայց շարունակում է հավատարիմ մնալ ինձ։

Ակնո՞ց, չէ, ակնոց պետք չէ աչքերի համար, դա միայն արևից է պաշտպանում, ոմանց էլ ուղղակի գեղեցկության համար է տրվում, իսկ մեր աչքերին մի հարմարանք է պետք, որ ձեզ այլևս չտեսնենք։ Չտեսնենք, թե ինչպես եք նայում անցորդին և անիծում ձեզ ողջույն չհղելու համար, չնայած դուք անծանոթ էիք. բայց դա ձեզ չի հետաքրքրում, թող ողջույն հղեր. ի՞նչ կա որ։

Ուզում եմ կոտրել այն կարծրատիպը, երբ ասում են, թե ականջակալներով մարդիկ անտարբեր են: Չկա նման բան։ Մենք անտարբեր ենք գուցե խանութի կողքով անցնող կնոջ նկատմամբ, ով գումարն է հաշվում ու նյարդայնանում, մենք անտարբեր ենք գուցե խանութի ապակուն փակցված ցուցանակի նկատմամբ, որովհետև, հավատացեք, դա մեզ հետաքրքիր չէ: Մեզ հետաքրքիր է, թե ինչու էր այդ կինը նյարդայնացած. հավանաբար նա օգնության կարիք ուներ։

Ձեզ նույնպես չի հետաքրքրում, թե ինչ էր փակցված խանութի ապակուն։ Ձե՛զ, որ ականջակալներ այդպես էլ չսիրեցիք, որովհետև մարդիկ ձեզ շատ դուր եկան, դուք մարդկանց ու նրանց տեսակները սիրեցիք, կամ էլ ուղղակի չսիրեցիք այդ երկու բարակ լարերը քարշ տալ ձեր հետ ամեն տեղ, դրա համար էլ չզգացիք այդ վայելքը։

Սիրում եմ ու հասկանում անանջակալներիցս փոխանցվով յուրաքանչյուր բառ։ Որովհետև այդպես էլ չկարողացա հասկանել ձեր տեսակը, և ձեր անմիտ խոսակցությունների իմաստը։

 

 

 

Կարծիքներ

կարծիք