Հասցե

Հեղինակ:

Իրանական նորագույն  պոեզիայի ամենահայտնի գործերից՝ Սոհրաբ Սեփեհրիի բանստեղծությունը և նրա գրչակից ընկերոջ՝ Ֆերեյդուն Մոշիրիի պատասխանը:

Հասցե

-Որտե՞ղ է տունն  ընկերոջ,-

Ցայգալույս էր, երբ հեծյալը հարցրեց:

Երկինքը  մի պահ հապաղեց …

Անցորդը  շուրթերի արանքից

Հանեց ճյուղը լույսի,

Նվիրեց մթությանն  ավազների,

Մատով ցույց տվեց

Արծաթափայլ  մի բարդի

Եվ ասաց.

-Ծառին չհասած

Այգեպատ  մի փողոց  կա՝

Աստծո  երազից առավել կանաչ,

Որտեղ  ազնվության  փետուրների չափ

Կապույտ է սերը:

Կգնաս մինչև  վերջն  այդ փողոցի,

Որ  դուրս է  ելնում  հասունության ետևից,

Ապա կթեքվես դեպի վարդը մենության,

Երկու քայլ մնացած վարդին

Կանգ կառնես երկրային առասպելների

Շատրվանի մոտ հավերժական,

Եվ թափանցիկ մի վախ քեզ կհամակի.

Հեղուն մտերմության մեջ մթնոլորտի

Կլսես ինչ-որ խշխշոց,

Մի մանուկ կտեսնես,

Որ մագլցել  է բարձր սոճին՝

Ճուտ վերցնելու լույսի բնից:

Եվ  նրան կհարցնես՝

Որտե՛ղ է տունն ընկերոջ:

 

Սոհրաբ Սեփեհրի (1928-1980 թթ.)

 

 

***

Սիրտս ուզում է

Մի տուն ունենամ ՝ ընկերներով  լի,

Ամեն պատի տակ

Ընկերներս  նստած կողք-կողքի՝

Ջա՜ն ասեն ու  ջա՛ն լսեն:

Ո՛վ  կամենա ներս մտնել

Իմ տունը ջերմ  ու սիրալի,

Ինձ նվեր թող բերի

Մի կողով բույր

Կարմիր վարդի:

Ներս մտնելու պայմանը՝

Սրտերի ողողումն է,

Պարզ ու անկեղծ սրտի տրոփումն է:

Վարդի թերթիկ  կփակցնեմ  ես դռան,

Գարնան կանաչ գրչով կգրեմ վրան.

«Ո՜վ ընկեր, այստեղ է մեր տունը»,

Որ Սոհրաբը  չհարցնի այլևս.

«Որտե՞ղ  է  ընկերոջ տունը»:

 

Ֆերեյդուն Մոշիրի (1926-2000 թթ.)

 

Պարսկերենից թարգմանեց՝ Էմիկ Ալեքսանդրին

 

 

Կարծիքներ

կարծիք