Մամ

Հեղինակ:

ու հա՛
ես իմ լացի ձայնն եմ..․
մորս չստացված բանաստեղծությունը…
որ գրեց ինը ամսում…
ու գրեց մեկ տողի վրա,
որն էլ պորտալարն էր անտեր…
ես երեկ հասկացա,
որ պարզապես
ապրել եմ ինը ամիս
ու մահանում են համարյա տասնութ տարի…
ու հիմա իմ վայրկյաններից
քո եփած ապուրի հոտն է գալիս Մամ…
երբեք չվայելածդ
երջանկության հոտը…
գիտեմ Մամ,
գիտեմ,
որ ես քո ցավի կտորներից
պատրաստված մի բան եմ..
գիտեմ,
որ սրտովդ չեմ…
հագիդ հարմար չեմ…
բայց ինձ էլի տար մանկապարտեզ
թող կանգնեմ շարքում
ու երբ ինքնաթիռն անցնի
հույս ունենամ, որ թուղթ կգցի…
թող տատիկներից վախենամ
մենակ մնալուց վախենամ..
թող ինձ թվա,
որ ես անբուժելի հիվանդ եմ…
պատահած ճամբարում
խայտառակ լինեմ…
քեզ մի բան եմ ուզում ասել Մամ,
կլոր կամ տձև մի բան
կապույտ կամ դեղին մի բան…
ես դժվարությամբ սկսվող
ու կեսից ավարտվող բանաստեղծություն եմ…
անփութորեն մոռացված պայուսակ եմ ավտոբուսում…
ես ուղղակի
ավելորդություն եմ
մի սիրիր ինձ ստիպված Մամ
գլուխը կորցրած գլխարկի պես…
ես դու եմ,
ու պարզապես
ու պարզապես տխուր…
ինձ թող ուրիշ քաղաքում
քեզնից հեռու
ու թող կարոտդ
իր տունը գտնի տարածության մեջ…
մենակ թե արի որոշենք
ումն է պորտալարը
իմը թե քոնը…
մենք կիսելու բան չունենք,
բայց ես կուզեմ ապրել քո մեջ
էլի 9 ամիս
Էլի 9 ամիս…
հարթուկիր ինձ,
սանրիր մտքերս…
դարձրու քո ուզածով…
մեկ է ես հոգնել եմ և իմ ճամբարից
և քոնից…
ու գիշերը
երբ շունչդ էլի չհերիքի
ու երազդ կիսատ մնա…
իմացիր, որ
դու ինձ պահող
միակ առիթն ես…
որովհետև դու իմ
միակ տունն ես աշխարհում եղել…
մեկսենյականոց
միակ մենությունս…
ու չնայած քեզնից դուրս հայհոյանքներ են լսվել…
բայց ես քո սրտխփոցի արանքում
իմ բոլոր բանաստեղծություններն եմ պահել…
քո փորի մեջ Մամ,
մենք խոսում էինք
համարյա ամեն ինչից…
քո փորի մեջ Մամ,
ես գրել եմ իմ բոլոր երգերը…
ու դու..
գյումրու պես տխուր
ու դու Մամ….
ու քո մասին
մենակությունս…
ու քո կոպերակներում
պահված երազանքներդ իմ մասին…
կներես…
կներես, որ
ուղղակի
վերջին պահին որոշեցի դուրս գալ քեզնից…
կներես,
որ հորինեցիր ինձ…
կներես, որ հորինվեցի…
արևից մրոտված
քո չստացված բանաստեղծությունը
գրկում է քեզ ամուր…

 

 

 

Կարծիքներ

կարծիք