Թռիչք դեպի անհայտություն

Հեղինակ:

Մոտեցա լվացարանին, լվացվեցի, հետո մի երկու րոպե որոշեցի՝ ինչ հագնեմ: Ամենևին էլ չէի շտապում: Անհամբեր էի, ցանկանում էի շուտ դուրս գալ, բայց գործողություններս հանգիստ էին և հավասարակշիռ: Վերջում սիրածս օծանելիքը ցանեցի վրաս: Մի փոքր էլ դաստակիս հատվածում ցանեցի, ասում են՝ հոտն այդպես երկար է մնում, և դուրս եկա: Դուռը փակվեց ետևումս: Դուռն այս անգամ փակվեց առանց ձայնի, գլուխս բարձրացրի և նայեցի երկնքին. արևը սկսել էր նահանջել, և եղանակը բավական մռայլ էր: Քայլեցի նույն կերպ հանգիստ, անցա մի երկու փողոց ու շտապեցի հանդիպման վայր: Ես այնքան շատ էի ցանկանում տեսնել նրան, բայց ցանկությունս պետք է մնար ցանկություն: Ծխախոտիս վառող մուխը հազիվ էի հասցրել մի երկու անգամ քաշել կոկորդս, երբ փողոցում կրակոց լսվեց, մինչ այդ ոչ ոքի չէի նկատել, իսկ հիմա բոլորի հայացքը կրակոցի կողմն էր. տղան անշարժացավ, մի ժպիտ դողաց երեսին, և ընկավ, կասկած էլ չկար, որ մահացել է: Արյունը սկսեց հոսել մարմնի կողքով. մահացածը երեսունին մոտ տղամարդ էր, կոկիկ հագնված, մազերը հատուկ կերպով էր սանրված, ձախ ձեռքին թևնոց էր իսկ աջին սև գույնի ժամ էր կապված, աչքերը բաց էին, ու նա երկնքի մեջ կարծես սավառնում էր: Մահացած տղամարդը ես էի: Ու քանի դեռ ամբողջովին չեմ գիտակցել մահս, ես մեծ հաճույքով եմ նայում երկնքին, ու ինձ թվում է, թե արհամարհելով բոլորին՝ պառկել և վայելում եմ պահը, այնինչ պահը կանգնած է, և աչքերս անգամ չեմ կարող թարթել: Շորերս հետզհետե ավելի խոնավացան սեփական արյունովս, ծխախոտը վաղուց է ասֆալտին, ու արդեն ծուխ էլ չի բարձրանում: Ես վախեցած մարդկանց հետ միասին շտապօգնության մեքենային եմ սպասում: Մեքենան եկավ, ու երկու տղամարդ ինձ սայլակով տեղավորեցին մեքենայի մեջ: Այդ ընթացքում, երբ պառկած էի, մի քանի մարդ հեռացավ, բայց ոմանք մինչև ինձ տեղափոխելը մնացին կողքիս և նույնիսկ խոսքուզրույցի բռնվեցին՝ քննարկելով մահս: Ինձ տանում են դիահերձարան, ես դա գիտեմ: Սենյակը, ուր ինձ տեղափոխեցին, մութ էր, այնտեղ ինձ նման մարմիններ էին շարված: Այսօրվա բացվող օրգանիզմը ես էի: Ինձ մոտեցավ նույնիսկ անունը չգիտեմ թե ով, ու ինչպես հավ կճղեր, այդպես էլ ճղեց կրծքավանդակս: Ես նկատեցի, թե ինչպես բացվեց կուրծքս, ու նա ձեռքերով, որոնց վրա ձեռնոց կար,- բայց մեկ է հարց առաջացավ՝ արդյոք մաքո՞ւր են,- ներս մտավ ու այնքան խորը, որ նույնիսկ ես ինձ թույլ չեմ տվել այդքան խորանալ: Նա այդպես ճղեց ևս մի քանի մաս, հետո, ինչպես պատռված շորն են կարում, կարեց մաշկս և գործն ավարտած համարելով՝ հանեց ձեռնոցներն ու կողքին դրված գարեջրից մի մեծ կում անելով հեռացավ՝ թողնելով ինձ մենակ այդ գարշելի հոտ ունեցող վայրում: Երբ նա հեռացավ, ես որոշեցի վերջապես գիտակցել մահս, քանի որ այլ ելք չկար: Ես չունեմ որևէ բարեկամ կամ հարազատ, որը կսգա մահս, և հիմա մինչև իսկ իմաստից զուրկ է այդ մասին մտածելը: Միակ բանը, որ ես պետք է անեմ, մահվանս գիտակցումն է, իսկ եթե դիմադրեմ և չմահանա՞մ, իսկ եթե գիտակցել պե՞տք չէ, իսկ եթե գիտակցումս տանի համակերպմա՞ն, և ես իրոք մահանա՞մ, այնինչ կարող եմ նաև չմահանալ: Չէ այդպես անհնար է, նույնիսկ կրծքավանդակս բացեցին, այնքան եմ արնահոսել: Արդեն երկու ժամ կլինի՝ սիրտս չի աշխատում, բայց ախր ես չհանձնվող եմ, ինչպե՞ս կարող եմ դուրս գալ այս վիճակից: Գոնե այս զզվելի հոտը չլիներ քթիս տակ, և կարողանայի հանգիստ մտածել: Եվ հետո, պետք է գտնեմ այդ կրակողին, ինձնից բացի ոչ ոք դա չի անի, ես պետք է տեսնեմ նրան ու հարցնեմ, թե ինչու չթողեց ավարտեմ ծխելս: Այն աղջիկը դեռ սպասում է ինձ այնտեղ, եթե իմանար, որ մահացել եմ, երևի ներեր ինձ, բայց քանի որ չգիտի, երևի ատի ու մտածի, որ ինքնահավան հիմարի մեկն եմ: Ու մի օր իրեն կամ վատ կզգա, որ այդպես է մտածել, կամ էլ էդպես ինձ կատի ամբողջ կյանքում: Բայց այդ ամենի մասին մտածելը հիմա էլ իմաստ չունի, ես ատում եմ ինձ սպանողին, բայց ինչո՞ւ եմ ես դեռ ողջ, այսինքն՝ ինչո՞ւ եմ մտածում, ինչո՞ւ է էսպես այս ամենը, գուցե դեռ չե՞մ մահացել: Կամ ես հենց հիմա հասկանում եմ մահը, մենք մահանում ենք միայն մարմնով, իսկ հոգի ասվածը մեր միտքն է, որն այնքան մտածելու բան ունի, որ նույնիսկ մահվանից հետո չի հագստանում… Ծիծաղելի է, ինձ թվա՞ց, թե՞ ես նոր բերանս շարժեցի, երբ ցանկանում էի ծիծաղել: Չէ, ինձ թվաց, չի կարող այդպիսի բան լինել, ես մահացել եմ: Ես միշտ մտածել եմ, որ այստեղի հոտը անհամեմատելի է, և ինձ միշտ թվացել է, որ չեմ կարող դիմանալ այս հոտին նույնիսկ մեկ րոպե: Մոտ կես ժամ է՝ պառկած եմ այստեղ, սիրտս սկսում է խառնել, ինձ իմ օծանելիքի հոտն է պետք:

Ես աջ ձեռքիս դաստակը մոտեցրի քթիս, ու հոտ չեկավ, հիշեցի, որ ձախի վրա եմ ցանել: Իջեցրի աջ ձեռքս ու տեղավորեցի վրաս փռված ցելաֆոնի տակ: Ձախը մոտեցրի և հոտոտեցի իմ սիրելի հոտը: Ա՜խ, ինչ լավ էր , որ ցանեցի նաև ձեռքիս: Ստոպ, չշարժվես, ձեռքդ հետ դիր, հենց հիմա, դու մահացել ես և քեզ թույլ ես տալիս ձեռքերդ շարժե՞լ, այն էլ հոտ քաշել, այս ի՞նչ ես անում, խելքդ թռցրի՞ր, հիմա էլ ուզում ես բա՞նտ ընկնել: Մեկ վայրկայն, ես կարողացա շարժվել, ձեռքս իջեցնում եմ ետ, դանդաղ, այս այսպես: Բայց ես շարժվեցի, իսկ եթե գլուխս էլ շարժեմ, գուցե ստացվի՞: Չէ, չանես, հանգիստ պառկի, վաղը կգան կտանեն, մի փոքրիկ թաղում կանեն, կվերջանա ամեն ինչ, իսկ եթե չվերջանա՞, ու էլի չմահանա՞մ, չէ, պետք է վերջանա, հանգիստ պառկել է պետք: Գուցե քնե՞մ:

2-Դեռ տասն էլ չկա,կարո՞ղ ես քնել:

1-Էդ ի՞նչ ձայն էր, էդ ո՞վ էր:

2-Ես էի, մեկ մետր այս կողմում եմ պառկած:

1-Դու ո՞վ ես և ինչի՞ ես լսում ինձ:

2-Ինձ էլ են այսօր բերել, վաղն ինձ էլ կտանեն թաղեն: Վաղը կարևոր օր է, հարազատներս են գալու, նույնիսկ սիրածս աղջիկը կգա, ես վստահ եմ, վերջապես կտեսնեմ իրեն:

1-Ուրեմն դո՞ւ էլ ես կարողանում շարժվել ու խոսել, ինչի՞ չես դուրս գալիս կամ, չգիտեմ, գնում:

2-Դե ասացի, չէ, վաղը կարևոր օր է, ուզում եմ քնել, որ ուժերս տեղում լինեն:

1-Հասկացա:

3-Իսկ ես չհասկացա, հերիք է գլուխս տանեք, թողեք աչք կպցնեմ: Դուք՝ տղամարդիկդ, ի՜նչ սենտիմենտալ եք: Այն մեկն ուզում է քնի, որ վաղն առավոտյան վերջապես տեսնի սիրած աղջկան, այս մեկն էլ դեռ չի կարողացել համակերպվել մահվան հետ, և հիմար-հիմար խոսում է: Ես, սիրելիներս, ուզում եմ քնել: Ես այնքան լավ գործ եմ արել, նույնիսկ այսօր մի ծեր կնոջ հարյուր դրամ տվեցի, բայց մի՞թե ես գիտեի, որ ավտովթարի եմ ենթարկվելու: Ավտովթարի հետևանքով միայն ես եմ մահացել, ինձ թվում է՝ ես դրախտում կլինեմ: Իսկ թաղումս այնքան շքեղ է լինելու, ես արդեն պատկերացնում եմ՝ ինչ ճանաչված մարդիկ են լինելու: Իմ մասին, կարծեմ, թերթում էլ են գրել: Այսօր նորություններով էլ կհայտնեն մահվանս լուրը:

1-Կներեք, ես չգիտեի, որ այստեղ բոլորս ենք էսպիսին:

2-Կարծում էիր յուրահատո՞ւկ ես:

1-Չէ, ուղղակի չգիտեմ, իսկ չե՞նք կարող դուրս գալ։

2-Դուրս գալ պետք չէ, մենք չգիտենք՝ ինչ կլինի: Ավելի լավ է համակերպվենք և թողնենք, որ լինի այնպես, ինչպես կարգն է, իսկ կարգն այն է, որ մենք պետք է սպասենք, մինչև մեզ թաղեն, չպետք է շարժվենք:

1-Ինչպե՞ս թե կարգը, ես պետք է դուրս գամ:

3-Թող ինչ ուզում է անի, մեկ է, վերջում ետ է վերդառնալու: Գոնե հանգիստ կքնենք: Եվ հետո այդքան բարձր մի խոսեք, այդ ինչ սովորություն է բարձր խոսելը, չէ՞ որ այստեղ երեխա էլ կա պառկած, և, ի դեպ, նա քնած է, և բոլորն են քնած, և ես էլ քնած կլինեի, եթե դուք այդքան չխոսեիք:

1-Ես դուրս եմ գալիս, ես պետք է գնամ։

Ես արդեն գիտեմ, որ կարող եմ շարժվել, պետք է հավատալ ու շարժվել, անել այն, ինչ մինչ այժմ ձեռքերիս հետ արեցի, այն, ինչ կարող եմ ամբողջ մարմնիս հետ անել, պետք է հավատալ:

Ես շարժեցի գլուխս, ահա ստացվեց, հետո ոտքերս, և ձեռքով վրայիցս հանեցի ցելոֆանը, դրեցի կողքիս: Ես նստած եմ, ամեն ինչ կարգին է, հիմա պետք է քայլել, ես քայլում եմ, մոտեցիր դռանն ու դուրս արի:

Ես քայլելով մոտեցա դռանը։

2-Չմոռանաս վերդառնալ, առավտոյան ժամը վեցին այստեղ են լինելու:

Դուռը փակվեց ետևումս, բայց ես հասկացա, որ նորից բացվելու է: Ես դուրս եկա փողոց, դրսում մութ է, դա պարզ է: Իսկ հիմա ի՞նչ անել, ի՞նչ անել այս ժամերը, ո՞ւր գնալ: Երևի ամենից ճիշտը կլինի մի լավ հարբելը, կյանքումս ալկոհոլ առանձնապես չեմ օգտագործել, ճիշտ ժամանակն է անել դա: Ես ճանաչեցի փողոցը, որտեղ գտնվում եմ, և հիշեցի, որ մոտակայքում մի փաբ կա: Ես փաբում եմ, այստեղ բոլորը արդեն լավ լակած են, մոտեցա սեղանիկին, որտեղ բարմենն էր, ու նստեցի։

-Ի՞նչ կկամենաք:

Նա ինձ տեսնո՞ւմ է, դե, այսինքն ինչ կա զարմանալու, բոլորն էլ տեսնում են, նայեցին, երբ ներս մտա:

-Դուք ինձ լսո՞ւմ եք, ի՞նչ կկամենաք խմել:

-Ե՞ս, ըըըը, գարեջուր եմ ուզում, ինձ գարեջուր տվեք:

Վերջապես, ամեն ինչ ճիշտ է արված:

Ես սկսեցի հարբել՝ ոչնչի մասին չմտածելով, դե մտածել էլ հարկավոր չէր, պետք էր վայելել: Ես արդեն բաժակների հաշիվն էի կորցրել, երբ կողքիս մի աղջիկ նստեց: Նա մի պահ նայեց իմ կողմը, հետո բարմենից լիկյոր ցանկացավ ու դանդաղորեն խմեց՝ կում-կում:

Ես շարունակեցի հարբել՝ ընդունելով դա ինքնամաքրման եղանակ:

-Ինձ կասեի՞ք ժամը:

Նա է, այդ աղջիկը, ինձնից ժամ է հարցնում: Պետք նայել աջ ձեռքիս ժամացույցին և ասել ժամը, ուրիշ ոչինչ:

-Ժամը 8-ն է, կներեք, ժամս կանգնել է, սխալ է ցույց տալիս:

-Կասե՞ք ինձ ժամը:

Նա հարցրեց բամենից։

-Մեկն է լինում։

-Իսկ դուք ուղղեք ձեր ժամը, որ մյուս անգամ հարցնելուց կարողանաք պատասխանել:

Նա ժպտաց, իսկ ես հիմար վիճակում հայտնվեցի: Չեմ էլ կարող ուղղել, չի աշխատում և վերջ, ոչինչ անել պետք չէ: Չհամարձակվես անգամ զրույցի բռնվել այս աղջկա հետ: Ես իմ կյանքում այդպես էլ չսիրեցի, չհասկացա, թե որն է իրական սեր ասվածը, էն հեքիաթայինը, որի մասին խոսվում է գրքերում և ֆիլմերում, այդ ամենը միայն այնտեղ է ճշմարիտ: Էստեղ ես վայելեցի միայն սեքսն ու դժգոհությունը դրանից հետո:

-Չշփվող եք երևում:

-Ով, ե՞ս:

-Այո, դուք, կպարե՞ք ինձ հետ:

-Այստե՞ղ , հիմա՞:

-Այո, ինչո՞ւ ոչ:

Այոոո, ինչո՞ւ ոչ, ոչ, որովհետև մահացել եմ, հիմար, այոոո, այո, որովհետև մահացել եմ, պարի նրա հետ, ի՞նչ կկորցնես, ոչինչ, վայելի:

-Այո, ինչո՞ւ ոչ, ճիշտ եք:

Նա բռնեց ձեռքս, ու մենք սկսեցինք շարժվել: Փաբում երաժշտությունը դանդաղ էր և հարմարավետ էր իրար զգալու համար: Ես նրան չեմ ճանաչում, չեմ կարող ասել, թե գեղեցիկ է, բայց տգեղ էլ չէ: Հիմա էլ սկսեցիր արդեն ուսումնասիրե՞լ, վերջ տուր, մեկ է այդ ամենը, արդեն իսկ մեկ է, թե ինչպիսին է նա: Նա գլուխը իջեցրեց կրծքիս, և այդպես ինձ մոտ գտնվելով՝ մենք շարժվեցինք՝ չունենալով որևէ ժամ ու պատասխան:

-Ինձ թվում է՝ քո սիրտը չի աշխատում:

Չհրես նրան, հանգիստ պատասխանիր, քո հումորային պատասխաններից, մի շփոթվիր:

-Արդեն մի քանի ժամ է, ինչ չի աշխատում:

-Ինչո՞ւ:

-Դե, մահացել եմ:

-Հասկանալի է։

Ի՞նչն է հասկանալի։ Որ մահացե՞լ եմ, այո, իհարկե, ինչ կա որ, մահացել եմ, մի մեծ բան չի եղել, մահացել եմ:

-Կգա՞ս ինձ հետ:

Չգնաս, չգնաս, դու ժամանակ չունես:

Մենք նրա տանն ենք, պատին կախված ժամացույցը երեքն է ցույց տալիս: Ես մի փոքր ժամանակ դեռ ունեմ:

-Արի ինձ մոտ:

Ինչի՞ եկար, դե գնա, կանչում է, գնա, ևս մեկ մեղք գործիր, ու տեսնեմ էնտեղ ինչ պատասխան ես տալու: Բայց սա մեղք չէ, ի՞նչն է մեղք, ինչ կա որ, գուցե սիրում եմ: Հա՜, սիրում ես, նոր ես տեսել ու արդեն սիրում ես, գուցե հարբած ես, բայց որ սիրում ես՝ ոչ, երբեք:

Այստեղ առանձնապես պատմելու բան չկա, միայն լավն այն էր, որ նա չդժգոհեց:

-Ինձ դուր եկավ, իսկ քե՞զ: Գիտե՞ս, դու ինձ դուր ես գալիս, արի միասին ապրենք, ես քեզ համար սուրճ էլ կեփեմ…

Նա դեռ այդպես պատրաստ էր երկար շարունակել, եթե չնդհատեի, բայց եթե չնդհատեի, գուցե և ավելի ատեի ինձ սպանողին:

-Ինձ էլ, բայց ես պետք է գնամ, կներես ինձ, ուղղակի կներես, ես շտապում եմ:

Դուրս գալուց նայեցի ժամացույցին, չորսն էր ցույց տալիս, այսքան երկար ի՞նչ էինք անում: Իսկ հիմա՞, ես նորից փողոցում եմ, ու նորից թաց է ասֆալտը, ո՞ւր գնալ: Մնացել է մեկ ժամ ու մի փոքր, իսկ հետո ետ վերադառնալ է պետք, ես ժամանակ չունեմ: Նորից կորցրեցի ժամանակս և նորից անտեղի, ու նորից չգիտեմ ինչ անել: Կգնամ եկեղեցի, այո եկեղեցի, պետք է Տեր հոր հետ խոսել:

Մտա եկեղեցի ու հասկացա, որ երկար ժամանակ է, ինչ չեմ եղել, մոտեցա այն խցիկին որտեղ մեղքերի թողություն է արվում, ներս մտա ու նստեցի: Զգացի, որ լսելի եմ վերջապես:

-Տեր հայր, ուզում եմ ներել ինձ սպանողին:

-Ես քեզ չեմ հասկանում, որդյակ իմ:

-Տեր հայր, եթե քեզ սպանել են, ու դու ուզում ես ներել, ինչպե՞ս ներել քեզ սպանողին:

-Ինչո՞ւ են քեզ սպանել:

-Ինձ թվում է՝ հոգնեցրել էի:

-Ամեն ինչ տեսնում է Աստված, դու մի եղիր դատավոր: Նրան ներել կարող է միայն Աստված, դու քեզ պետք է ներես: Իսկ դու ճանաչո՞ւմ ես քեզ սպանողին։

-Այո, այն էլ ինչպես, այնքան մոտիկից, որ ոչ ոք չի ճանաչում:

-Եվ ո՞վ է քեզ սպանել:

-Ես, Տեր հայր:

-Որդյակս, քեզ կների Աստված, դու նրա տուն ես եկել քո մեղքի գիտակցմամբ:

-Ես դրախտ կընկնե՞մ։

-Դա ոչ ոք չգիտի, բայց ապրիր այնպես, որ դժոխք ընկնելու վախ չունենաս:

Դուրս եկա եկեղեցուց և միայն այդ ժամանակ հիշեցի, որ մոռացա մյուս մեղքերիս մասին էլ ասել, բայց ժամանակ չկար, պետք է վերադառնայի, քանի դեռ լույսը չէր բացվել:

Եթե չշտապեի դիահերձարան, կվերադառնայի այն աղջկա մոտ և կասեի, որ այո, կապրեմ նրա հետ: Կունենայինք երեխաներ, ու ես նրանց կսովորեցնեի այն ամենը, ինչ գիտեի, իսկ սիրե՞լ, սիրել ինքս չեմ հասկանում, չգիտեմ՝ կարո՞ղ էի, թե՞ ոչ, բայց կլինեի ուրախ: Նա էլ ուրախ կլիներ և չէր լացի հեռանալուցս:

Ես բացեցի դիահերձարանի դուռն ու ներս մտա։

 

2-Վերադարձա՞ր:

1-Ահ, դեռ չե՞ս քնել:

2-Չկարողացա, այնքան անհամբեր եմ, թե երբ պետք է տեսնեմ սիրածս աղջկան, որ չի ստացվում:

Ես մոտեցա և հարմար տեղավորվեցի ինձ հատկացված տեղում, ցելոֆանը քաշեցի վրաս և փակեցի աչքերս: Ես համակերպվել եմ:

Առավոտյան ինձ տարան թաղելու, ես, ինչպես կարգն էր, չշարժվեցի, ես սպասեցի, մինչև հողը կծածկեր մարմինս:

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք