Հրաժեշտ առանց բառերի

Հեղինակ:

Մենք բաժանվեցինք
մարտին,
ապրիլին,
մայիսին…
Չէ՞ որ առանց հրաժեշտի
բաժանումը հաղթանակ է…
Հիմա դրսում մառախուղ է,
չորացած տերևները
հավանաբար վազում են
ոտնահետքերիդ վրայով,
թռչունների նման…
Ես հիմա քեզ հազվադեպ եմ հիշում,
ես հիմա հազվադեպ եմ գրում քո մասին…
Հիշողության կանգ է….
Մենք բաժանվեցինք առանց
հրաժեշտի…
Ասում են, որ ես հիմա շատ եմ փոխվել,
դու էլ առաջվանը չես…
Հիմա մենք տարբեր
մոլորակներ ենք,
մեր տխրությունը
նույնը չէ…
Մենք հաղթեցինք ցավին։

 

***

Մենք ավելի հեռացանք իրարից,
բայց ոչինչ չստիպեց ինձ հետևել քեզ…
Չկանգնեցի այս ու այն կիսակառույց շենքի տակ ու անունդ չգոռացի…

Քո օծանելիքից չփնտրեցի ոչ մի խանութում, քո մասին հիշեցնող ոչ մի ֆիլմ չնայեցի,
ոչ մի երգ քո մասին չհիշեցրեց …
Քո աչքերից ունեցող ինչ-որ մեկը չշփոթեցրեց ինձ ու քո վերնաշապիկով ոչ մի անցորդ ներսս տակնուվրա չարեց….
Ոտքերս չթաղեցի ցեխաջրերի մեջ…
Հեռացա մեր ընդհանուր բոլոր ծանոթներից:
Մորթեցի մեր բոլոր նամակներն ու ….
Ես ոչ մի բան քեզ չասացի,
Դու չփնտրեցիր ոտնահետքերս…

 

***

Դու անբուժելի հիվանդ ես…
Փողոցն ամուսնալուծվում է
քեզանից…
Ոտնահետքերիդ փոշին
անձրևը ծածկեց…
Հիասթափությունը
Կոկո Շանելի օծանելիքի պես խառնվում է մարմնիդ
ու խոսում անցկալի տաք մատնահետքերիդ հետ…
Որքան ստոր է հիշողությունը, որ կապույտ մազերով հռհռում է քեզ վրա ու գոռում
I hate you
I hate you
I hate you…
Ես խորտակվում եմ սառուցյալ օվկիանոսի տակ,
որպես երազի խխունջ։
Ես հիմա լուռ եմ,
մոռացել եմ խոսել քո մասին,
գրել անունդ,
ինչպես մոռանում են արթնանալ
խելագարության հասնող հաճելի գիշերից հետո…
Երեկ գրքերից մեկում կարդացի,
որ անձրևը
սիրահարների արցունքներն է
երկնքի կոպերի տակ
չտեղավորվող…
Գիտե՞ս
Մարսն ու Յուպիտերը քեզանից
խռովեցին ու լռության ճիչով
ճանապարհում են քեզ,
դեպի նոր սկիզբ
և կրկնում
քամու շուրթերով
Be happy… but i hate you…

 

***

Ես սկսում եմ սիրել քո աչքերը
և թարթիչներիդ տակ պահած ճերմակ ժպիտը,
և ձայնի գույնը,
և հայացքը, որ հանդարտվում է
օգոստոսյան հազվադեպ ու թերահավատ փոթորկից հետո,
փոթորիկը, որ քարանում է քո մեջ
փշրելով բոլոր արգելքները…
Հիմա մեր կոկորդից բռնած
բացակայություն բառը
նոր ծնունդ ունի, ճիշտ
օրուգիշերահավասարության պես:

 

***

Օպերայի
հրավիրատոմս ստացած
ֆուտբոլասերի պես
խաչմերուկում եմ
անցուդարձի։
Քո հայացքները
ինձ ոչինչ չասելով խլացնում են
ինչպես կիրակի օրվա
առավոտյան աղմուկները,
երբ լուսամուտը կիսաբաց է…
օրը կարծես
իմ գրպանում
մնացած
վերջին արևածաղկն է
առանց միջուկի։
Քեզ հիշելիս,
ես չեմ տեսնում
ջրափոսերը
և միշտ
մայրամուտ է…

 

***

Ես ամեն բան ունեմ բացի քեզանից…
Ես ամեն բան ունեմ,
քո ինձ ուղարկված նամակները,
քո ինձ ուղարկված նվերները,
քո ինձ ուղարկված երգերը,
ես քեզանից կոճակ ու թել ունեմ,
ես մեր ընդհանուր խմած սուրճի բաժակն ունեմ,
ես քո սիրած ֆիլմերի անուններն ունեմ
ես քո նկարներն ունեմ,
ես քո զանգերն ու սոցցանցերն ունեմ,
ես քո բույրն ու օծանելիքն ունեմ,
ունեմ քեզնից հիշողություններ, ապրումներ,
մեր միասին գրված բանաստեղծությունն ունեմ,
ես անգամ իմ աչքերում, քո հայացքն ունեմ,
բայց քեզ,
ես քեզ արդեն չունեմ…

 

 

 

Կարծիքներ

կարծիք