Պանդեմիա

Աշխարհն ընդմիջման է գնում: Մարդիկ ետ են գլորվում սեփական ծանրությունից: Աստված էլի որոշել է պատժել: Մահը շղթայում է սիզիփոսներին: Առասպելները ստեղծվում են, որ հմայեն մարդկանց, իսկ եթե սա էլ է հերթական առասպելը: Մենք ջղաձգում ենք մեր դեմքն ու նորից վերադառնում դեպի մեր տառապանքը, որը վերջ չունի: Մենք ամեն գնով պիտի հաղթենք մեր ճակատագրին, թեկուզ արհամարհանքով: Դժբախտությունը սկսվում է, երբ մենք սկսում ենք գիտակցել այն: Ես վռնդում եմ Աստծուն իմ վրայից ու թեթևության զգացում ապրում: Այլևս ոչ ոք չի կարող պատժել ինձ: Տիեզերքում լռություն է ու միայն արձագանքները կարող են կենդանանալ: Ես նրանցից էլ եմ հոգնել: Գուցե ընդմիջումն ապրած կյանքի վրա հետադարձ հայացք գցելու համար է: Գուցե մենք բոլորս երջանիկ ենք: Ես ինձնից ուզում եմ փախչել: Դու կայիր ու չկաս ու ես չգիտեմ երբևէ եղել ես: Դու այն գեղեցիկ նավակն ես, որ լողում է աչքիս առաջ ու փոշիանում: Դու իմ հիշողությունն ես, իմ երազը, որ կորցրի: Դու իմ պատրանքն ես, որ վրիպել եմ: Հենման կետը, որից գլորվել եմ: Դու էլ չկաս ու ես չեմ կարող  ոչինչը փոխել, նորից ստեղծել քեզ, ստիպել, որ ապրես: Ես ուզում եմ հաղթահարել այն աշխարհը, որտեղ դու չկաս: Ես շնչահեղձ եմ լինում: Հազարավոր շողացող արևներ կան, որ մեռնում են հերթով: Տիեզերքն ազատության կարիք ունի: Մարդիկ խանգարում են: Իսկ դու հավասարակշռություն էիր ստեղծում իմ ու իմ միջև: Հիմա միայն մի չորացած ծառ կա, որ հուշում է կորած գարնան մասին ու վերջ: Վերջին րոպեները միասին: Երբ ես դեռ քեզ զգում էի իմ մեջ, աշխարհում, էն աշխարհում, որ էդպես էլ չտեսար, չհանդիպեցիր ոչ մի շողացող արևի: Տեսնես էլի գարուններ կգա՞ն: Բոլոր ուժեղ տղերքն արդեն ասել են, որ Աստված չկա, մեռել է, լքել է մեզ: Ես այդքան ուժեղ չեմ ու չեմ ուզում, որ ինքն էլ ինձ լքի: Գոնե մեկը չլքի կյանքում: Երևի պետք է մենակ մնալ, ինքնամեկուսանալ սեփական եսից ու աշխարհից: Պանդեմիա ճիշտ ժամանակին: Արի ու փրկի՛ր: Փակի՛ր բոլորին դռների ետևում, առանձնացրո՛ւ իրարից, մեկուսացրո՛ւ, ազատի՛ր, դատարկի՛ր փողոցները, հետաձգի՛ր գարունը, թող մարդիկ հեռանան իրարից ու սկսեն կարոտել, թող ապրեն առանց իրար, միայն հիշողություններով: Թող հեքիաթներ գրեն վաղվա մասին ու հավատան դրանց: Տեսնես կարդացող կլինի՞: Աբսուրդ: Ես չգիտեմ անգամ էլի կկարողանամ գրել, թե՞ սա վերջին գիշերն է: Հիմա անձրև է գալիս ու ոչինչ էլ չի մաքրում, միայն հազարավոր կյանքեր են չքանում հանուն մի քիչ թեթևության: Իսկ մենք բոլորս միայն մի կյանքի համար ենք պայքարում: Մեր անիմաստ ու աննպատակ կյանքի, որ, գուցե, ինչ-որ բան փոխեր, եթե մի քիչ գնահատեինք իրար:

 

 

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

 

Կարծիքներ

կարծիք