ու գիշերն էր մութ

***

Երբ դու կաս, երբ կողքիս ես,

Ես կատարյալ մայր ու քույր եմ.

Երբ դու կաս, երբ կողքիս ես…

Չարաճճի աղջնակ,

աստվածուհի եմ..․  Դու կաս։

Երբ դու կաս, երբ կողքիս ես,

Ես հանճար եմ, ես թույլ եմ ու սխալական․

Երբ դու կաս, երբ կողքիս ես

Ես այստեղ եմ ու հիմա..․

Դու չկաս, ես մեռած եմ…

Երակներս` դատարկ, արևից խամրած հանգչում են։

Դու չկաս` ես չկամ…

Հոգիս աննկատ մարում է…

Դու չկաս…

 

 

***

Իսկ երբ գիշերվա ադամամութին սիրտս թրթռա,

ու ես քեզ շնչեմ անհուշ վարդի պես,

ու ամուր պահեմ սրտիս մոտ այնպես,

որ հանկարծ հոտդ չկորցնեմ մի պահ.

ու առավոտյան, երբ արևը գա ու մութը գիշեր լուսավոր դառնա,

կարտաշնչեմ հանգիստ վարդի բույրն այն,

որ թվում էր իմն էր միայն.

ու թող տարածվի, թող գնա հեռու բույրն այդ ցերեկվա լույսի,

թող փարվի օրվան, թող հեռանա անտես.

այդ սերը իմն էր, վարդը՝ բոլորին։

 

 

***

Գիշերը մշուշ ու գիշերն էր մութ,

Սիրուհի էի ես, գիշերն էր ցուրտ,

Արթնացա լույսով, առավոտ կանուխ,

Աղջնակ էի ես, հոգիս՝ նորալույս…

Կին ու աղջիկ

Իրար խեթ-խեթ նայեցին,

Երկուսն էլ կային, երկուսն էլ ՝ սին,

Հայելու միջից ինձ նայեցին…

Գիշերն էր ցուրտ, գիշերն էր մութ,

Գիշերը երազ էր, երազ էր անգութ,

Օրերն անցան, անցան գնացին,

Ոչ օրվա լույս էր, ոչ գիշերվա մութ…

Առավոտ կանուխ` արևածագին,

Հայելուց նայում էր հարազատ մի կին…

 

 

***

Ու թե ապրեմ մի կյանք այս կապույտի տակ,

Կապրեմ այն այսօր, այս անձրևի տակ,

Պարիր, լուսին, ժպտադալուկ,

Խենթ չեմ ես, լուսին, արևը՝  վկա,

Պարիր լուսին ու խենթացիր,

Պարիր, պարիր ինձ հետ այստեղ ու հիմա…

 

 

***

Ապրածդ ապրած չէ, թե ապրված չէ…

Սիրվածը երջանիկ է,

Սիրողը՝ Աստված …

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք