Եվայի խնձորը

Հեղինակ:

 

Եվայի խնձորը

 

Սա կլինի մեր տունը…

կարմիր լույս ես շատ եմ սիրում,

այն ջերմացնում է,

երբ սառն է անգամ վառարանը…

կնստենք ու չենք խոսի,

կխնկարկենք փոխադարձ ներկայությունը մեր,

թող թեյնիկը եռա ու կանչի ցավից,

չենք լռեցնի հեկեկոցը նրա,

որ չանսանք մենակության ոտնաձայները…

նուրբ կանաչավուն պնակի վրա խնձոր կլինի`

մեկը միայն, առանց դանակի,

միասին կըմբոշխնենք այն…

դա նույնպես ապացույց է,

որ մենք կյանքի մեջ ենք, ոչ նրանից դուրս…

լույսը չենք մարի, անգամ գիշերը,

այդ կարմիրը, այդ տաքը, մերը…

սա կլինի մեր պատուհանը…

մենք չենք վարագուրվի աշխարհից…

թող դիմացի տանն ապրող մարդիկ էլ տեսնեն`

ինչ է, վերջապես, երջանկությունը…

 

 

***

Երբ աստղերը

երկնքի գիշերազգեստին

նախշեր են դառնում,

աշխարհը թաթախվում է

սիրո մեջ…

Հանգչում են լույսերը, և

հեքիաթներ ծնվում…

Ես ամեն առավոտ

հեռանում եմ քեզնից,

որ կրկին վերադառնամ

աստղակաթ գիշերազգեստով…

 

 

***

Երբ ուխտի գնամ

քեզ ջուր կբերեմ…

Հանկարծ ուզենաս

մեղքերդ լվանալ…

 

 

***

Ուզում եմ շշուկներս բոլոր

բերել հեռուներից

ու տալ քո քամու թևերին…

թող նրանք քո երկինքներում

տարածվեն,

լվացվեն արևիդ շողերով,

փարվեն վարդագույն

երազներիդ…

և ամեն օրդ հուշաթելերով

հանդերձանք կարի

հատուկ քեզ համար,

որ ինձ միշտ հիշես,

ինչպես ես չեմ մոռանում քեզ՝

ոչ մի րոպե…

գարնանամուտ է…

երանի նրան, ով

ամեն առավոտ

քո գրկում է արթնանում…

դու նրան ես շռայլում

քո ճերմակ հոգին…

այնպես եմ ուզում՝

զգալ հպումը մատներիդ,

նայել թաց աչքերիդ մեջ

ու ժպտալ…

հենց այնպես…

Իմ Երևան…

կարոտս շշուկ է դարձել

ու մտմտում է

քեզանից հեռու կորած

ամեն օրվաս ականջին՝

ինձ բաց չթողնես…

Ես միայն քո գրկում եմ

ապրում,

քեզանից հեռու

հանդիսատես եմ…

 

 

***

Իմ Երևան…

երբ անձրև տեղա

այս օրերին

քո՝ արևայուղի մեջ

տապակվող կտուրների վրա,

նրա ամեն կաթիլի մեջ սեր է լինելու

ու շատ-շատ կարոտ։

այստեղ՝ հեռվում,

քամին իմ արցունքները հավաքել

ու  այդ կողմ է բերում։

զգույշ, որ քնով չտարվես…

Գիտեմ՝ ծարավ ես ինձ պես.

<<Անձրև եմ ուզում՝ քո արցունքներով>>…

 

 

***

Թե իմ

արցունքներից

խոնավանան

ցամաք

հոգիների

արմատները,

պատրաստ եմ

անդադար

լաց լինել…

 

 

 

***

Իմ պատուհանի ապառաժը

մամուռով պատնեվորած երկինք է,

թառամած երևակայություն և ամպեր,

որ գիշերվան դեմ են վազում….

Քո կակուղ փայփայանքից քարեր եմ քամել…

պատուհանիցս լույս չի թափանցում,

մի փլված հոգի կաթում է սենյակիս տանիքից…

Իմ պատուհանի ապառաժը

կիրճերի մեռնող լռությունն ունի…

 

 

***

Լռության  աղաղակը

ձեռքերս ճզմեց…

աշնան հազարավոր տերևներից

ոչ մեկն ինձ չհասավ…

ծխախոտիդ բույրը

փաթաթվեց մաշված

վերարկուի պարանոցին,

այնտեղ` պատվանդանին,

ես եմ միայն…

ինձնից ներս ու դուրս

ոչ ոք չկա…

 

 

***

խորհրդավոր է կիսալույսն այս,

որ ծանրանում է

հորիզոնի բարալիկ մեջքին…

լռություն, որ խախտում է

ծորակից թափվող ջրի երգը…

այն պատառուն ժանյակի նման

զարդարում է առավոտվա օձիքը…

խորհրդավոր է կիսալույսն այս,

որ սկիզբն է օրվա…

ագուցված քարերի գրկախառնություն,

երգի ծնունդ, որ հյուսվում է

ծորակից հոսող կաթիլներից,

դառնում կոհակ, որ ապա զարնվի

անընկեր հոգու փեշերին…

խորհրդավոր է կիսալույսն այս,

որ տրորում է սեփական ստվերդ,

և շողարձակում պատին մեխված

դիմանկարիդ ճակատին,

զգացմունքներդ փշուր-փշուր է անում՝

մոզայկայի նման,

ու սկսում նորից հավաքել…

խորհրդավոր է կիսալույսն այս,

մատը՝ տիեզերքի զարկերակին…

 

 

***

Ծաղիկներդ

զղջումի բույր ունեն…

դավանիր նրանց,

հավատավոր են…

 

 

 

***

Դուք ինձ ասեք հիմա, հարավային ծովեր,

հոսանքները ձեր տաք

ում են հուշիկ գրկում,

անխոցելի հեռվում ՝ քարե թարթիչներից

արցունքի պես զուլալ

երբ կարոտ է ծորում,

և քամին է փչում հյուսիսներից վրաս,

դուք ինձ ում եք թողել,

Հարավային խաչի պղծադավան աստղեր,

իմ տաք առավոտներ,

դուք գրկում եք նրան…

ինձ թողել եք մոլոր, ում եք դուք ինձ թողել…

 

 

***

Փաղփաղուն

աստղերի երամը

թևերը թափահարեց,

երազները լցվեցին

մանուկների թարթիչներին…

 

 

***

Մեղադրիր ինձ, որ ժլատ եղա

ես քո նկատմամբ…

Շեքսպիր

 

այս անդուռ ցերեկն էլ մնաց

հիշողության փլատակների տակ,

հավատի մոմը չփրկեց նրան…

Մեղադրիր ինձ, որ ժլատ եղա

ես քո նկատմամբ,

բայց փոխարենը մի փոքրիկ լճակ

դանդաղ ծովացավ,

չես կարող հերքել, որ թեև ծառը

խոնարհվում է աղոթելիս,

բայց մեռնում է կանգնած,

ինչպես չես հերքի, որ զորությունը ասեղինը չէ,

թե փորձես ծովի փեշը կարկատել ափին…

կյանքը, կյանքի պես իմ կողքով անցավ…

ու ժլատ եղա ես քո նկատմա՞մբ…

ախր գարունը միայն հոգի չէ, որ նորոգում է,

տառապանք….նաև….

մեղադրիր ինձ, ես ժլատ եղա

հենց քո նկատմամբ…

գերադասեցի ապրել ինքս իմ մեջ,

միայն թե հիշիր՝ երբ քամին թեքում է

խնկածաղկի երեսը,

արևելքն իր տեղում է մնում,

ժլատությունն էլ պատճառներ ունի

ոչ պակաս լուրջ, քան շռայլությունը…

ներիր ինձ, եթե….հենց քո նկատմամբ…

երկուսս էլ գիտենք, որ երեք ամառը

չի կարող չորս հուլիս ունենալ,

որքան էլ շռայլ լինի բնությունը…

քեզ համբերություն,

ինձ՝ մի բաժակ ջուր…

ծարավ եմ…

 

 

***

քաղցր է գիշերը՝

ինչպես ոսկեշուրթ

մեղրախորիսխը…

ննջասենյակի

պատուհանի մեջ

գծագրվում է

աստղապարը…

պարուհիները՝ նրանք

լուռ վկաներն են

մեր խելառ սիրո

և այն գիշերվա,

որ քաղցր է, ինչպես

ոսկեշուրթ

մեղրախորիսխը…

 

 

***

Նվագեցի

հեռացումիդ

քայլերը…

մի վերջին անգամ…

մատներս սրբագրվեցին…

հիմա ավելի մոտ եմ

հոսող թանաքին…

մնա ինձ հեռու…

դեռ վայելում եմ

սպասումիս վերջակետը…

 

 

 

***

Այնքան սեր եմ

անջատել իմ հոգուց…

ասում են՝ ինչ-որ տեղ՝ հեռվում,

արևն այրել է

ցորենի ամբողջ մի դաշտ…

 

 

***

Ցուրտը

պատուհանիդ

կնկարի

սառցե նախշեր…

Ծպտված

ուրվապատկերների

շարժը

կխռովի հոգիդ…

ձեռքդ կմեկնես

ու կվերակերպես

նամակս…

կգրվի մի նոր

պատմություն…

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք