Երկու տղամարդ

Նրանք ապրել են շատ տարիներ առաջ:

Երբ երկու տարեկան էին, ձեռքերով խփում էին իրար:

Երբ տասներկու տարեկան էին, փայտերով էին կռվում ու քարեր նետում միմյանց վրա:

Երբ քսաներկու տարեկան էին, հրացաններով կրակոցներ էին արձակում:

Երբ քառասուներկու տարեկան էին, ռումբեր էին նետում:

Երբ վաթսուներկու տարկան էին, կենսաբանական զենք էին կիրառում:

Երբ ութսուներկու տարեկան դարձան, մահացան: Նրանց թաղեցին կողք կողքի:

Երբ հարյուր տարի անց մի անձրևորդ սողաց երկու գերեզմանաթմբերի արանքով, բոլորովին չնկատեց, որ այնտեղ թաղված են երկու տարբեր մարդիկ: Նո՛ւյն հողն էր: Բացարձակապես նո՛ւյն հողը:

 

 

 

 

 

Բալը

 

Կողքի սենյակից բաժակի զնգոց լսվեց:

«Հիմա նա երևի ուտում է բալը, բալը, որ ինձ համար է, -մտածեց տղան, -իսկ ես ջերմություն ունեմ: Մայրիկը այն պատուհանագոգին էր դրել, որ սառը մնա: Հիմա նա բաժակը մի կողմ հրեց: Իսկ ես ջերմություն ունեմ»:

Հիվանդը վեր կացավ, քայլերն ուղղեց պատի երկայնքով: Ապա դռան արանքից նայեց հորը՝ գետնին նստած: Նրա ձեռքերը բալի հյութով էին ողողված:

«Ձեռքերին բալի հյութ է, -մտածեց հիվանդը, -ամբողջովին: Բալի հատիկները: Ես պետք է ուտեի դրանք: Ջերմություն ունեմ: Հիմա ամբողջը նրանն է: Ձեռքերը՝ բալի հյութով: Նրանք երևի հաճելիորեն սառն են: Մայրս պատուհանի առաջ էր դրել հատուկ ինձ համար: Իսկ նա ուտում է իմ բալը: Հիմա նստած է գետնին՝ ձեռքերին բալի հյութ: Ես ջերմություն ունեմ: Իսկ սառը բալը նրա ձեռքում է: Ձեռքերին բալի հյութ է: Ամբողջովին սառն են դրանք: Հատուկ ջերմությանս համար դրված էին պատուհանագոգին»:

Նա ձեռքը տարավ բռնակին: Երբ բացվեց դուռը, հայրը բարձրացրեց հայացքը.

-Տղա՛ս, դու պետք է պառկես: Ջերմություն ունես: Շո՛ւտ պառկիր:

-Ողջ բալը, -շշնջաց հիվանդը՝ նայելով հոր ձեռքերին: -Բալը:

-Անմիջապես անկողի՛ն մտիր, տղա՛ս, -հայրը փորձեց վեր կենալ և մռայլվեց: Նրա ձեռքերից կաթկթում էր բալի հյութը:

-Բալը, -շշնջաց հիվանդը, -իմ բալը, -և ապա բարձրաձայն հարցրեց, -սա՞ռն էին, չէ՞: Սառն էին հավանաբար, այնպես չէ՞: Մայրիկը պատուհանագոգին էր մտածված դրել, որ սառը մնան: Պիտի որ սառը լինեին:

Հայրն անօգնական նայեց որդուն: Դեմքին ժպիտ էր խաղում:

-Չեմ կարողանում տեղիցս ելնել, -ժպտաց նա՝ ծամածռելով դեմքը:
Դա անմտություն է, բայց ես, իսկապես, չեմ կարողանում վեր կենալ:

Հիվանդը բռնեց դուռը, որը սկսեց դանդաղ շարժվել՝ ետ ու առաջ տատանվելով:

-Սա՞ռն էին, -շշնջաց նա, -հա՞:

-Ընկա, -ասաց հայրը: -Ինձ թվում է՝ չեմ կարողանա բարձրանալ: Բայց դա հավանաբար վախից է: Կարծես անդամալույծ լինեմ, -ժպտաց նա, -վախից է: Շուտով կանցնի: Ու ես քեզ կպառկեցնեմ: Դու պետք է անկողնում լինես: -Հիվանդը նայեց հոր ձեռքին: -Ա՜խ, հա՜, սա այնքան էլ սարսափելի չէ: Պարզապես փոքր կտրվածք է: Արյունն անմիջապես կդադարի: Պատճառը թասն էր, -հայրն այն մի կողմ դրեց: Ապա նայեց որդուն և խոժոռվեց: -Հուսով եմ՝ մայրդ ինձ չի նախատի: Նա այս թասը առանձնահատուկ էր սիրում: Իսկ ես ջարդեցի: Ու հենց այս թասը, որն այնքան շատ էր սիրում: Ես միայն ուզում էի այն լվանալ, բայց սայթաքեցի: Ուզում էի սառը ջրով ողողել և բալն այնտեղ լցնել: Բաժակից օգտվելն անկողնում այնքան դժվար է: Ես դա գիտեմ: Անկողնում պառկած՝ բաժակից օգտվելը շատ անհարմար է:

Հիվանդը նայեց հոր ձեռքին:

-Բալը, -շշնջաց, -իմ բա՞լը:

Հայրը մի անգամ էլ փորձեց վեր կենալ:

-Ես անմիջապես կբերեմ մոտդ, -ասաց նա, -անմիջապես, տղա՛ս: Ջերմում ես, շո՛ւտ գնա պառկելու: Ես բաժակով բալը հենց հիմա քեզ մոտ կբերեմ: Դեռ պատուհանագոգին է դրված, ուրեմն, հաճելի սառնություն կունենա: Ես անմիջապես կբերեմ մոտդ:

Հիվանդը, պատից բռնվելով, մոտեցավ մահճակալին: Երբ հայրը, բաժակը ձեռքին, ներս մտավ, նա գլուխը վերմակի տակ էր մտցրել:

 

 

 

Թարգմանությունը գերմաներենից՝ Սիրանուշ Փարսադանյանի

 

 

 

Կարծիքներ

կարծիք