Պիես

Դրամատուրգիա առանց կանոնների

կամ շատ լուրջ դրամա

Պիես առանց գործողությունների

7  խախտումներով

Գործող անձինք պետք չեն

Դատարկ բեմ. դատարկությունից լավ բան մեկ էլ չդատարկությունն է

Ժամանակը՝ այսօր կամ վաղը, սակայն ի՞նչ տարբերություն

Գուցե վերջում մոռանամ վարագույրների մասին. վարագույր բազմաֆունկցիոնալ (սկզբում բարձրացող, վերջում՝ իջնող)

Խախտում 1

Հիշողություններ կան, որ չեն մաքրվում:

Խախտում 2

Երբեմն ներել չի ստացվում:

Խախտում 3

Անկախ քեզնից չարանում ես:

Խախտում 4

Օրերի մեջ սկսում ես չհավատալ:

Խախտում 5

Հոգնում ես կյանքից, քեզնից, մարդկանցից, ապրելուց:

Խախտում 6

Դադարում ես սիրել: Վերջակետ: Էլ ասելիք չկա:

Խախտում 7

Լքում ես բեմը, որովհետև մեղքերդ գնալով շատանում են:

Սցենարի հեղինակ, բեմադրող նկարիչ, գեղարվեստական ղեկավար՝ Ամալյա Սողոմոնյան

Էստեղ երազածդ պիեսն ավարտվում է ու որպեսզի էջերը լցվեն շարունակում ես պատմվածք գրել, կամ մի բան, որտեղ էլի մարդիկ չկան, բայց լիքը ապրումներ կան, որ ժամանակին քոնն էին:

Հիվանդություններ կան, որ չեն բուժվում, ինչ ուզում ես արա: Ամեն ինչ տուր երջանիկ լինելու համար, միևնույնն է մարդը հիվանդ է ներսից: Ոչինչ չի փրկում: Ազատվի՛ր հիշողություններիցդ, ների՛ր, մի՛ չարացիր, հավատա, որ հրաշք կլինի ու կփրկվեն բոլորը: Սկսիր նորից ապրել, անսահման սիրիր կյանքն ու քեզ: Երբեք ոչ մի տեղ վերջակետ մի դիր ու կտեսնես, որ ամեն ինչ իզուր է: Ունայնություն ունայնության:

Արձագանքներ կան, որ երբեք չեն մարում: Միշտ վատ երազի պես հայտնվում են: Լսվում են ականջիդ ու թույլ չեն տալիս հանգիստ քնել ցերեկները, որովհետև դու վաղուց դադարել ես գիշերները քնել:

Դժվար ժամանակներ են: Սարտրյան սրտխառնոցն ապրելակերպ է դարձել: Շուրջբոլորը դոն կիխոտներ են, ցուցափեղկեր, մեքենաներ, դժգոհ դեմքերով մարդիկ ու ինչ-որ տարօրինակ մոխրագույն ու սառած օդ, որ ոչ մի կերպ շնչել չի թողնում:

Ես ամեն անգամ հոգնում եմ ինչ-որ մեկին սպասել սովորեցնելուց: Պիտի ամեն ինչ բնատուր լինի: Սպասիր էլի, քեզնից ի՞նչ է գնում:

Մենք միշտ վերադառնում ենք ինչ-որ մեկի մոտ ու դրաման այն է, որ միշտ էդ նույն ինչ-որ մեկն է, որ կարող է հանկարծ գնալ: Գնալ անվերադարձ: Ո՞նց է ստացվում էդպես ամեն անգամ ու անվերադարձ:

Հիշողությունների մասին էլ չեմ խոսում, միայն էն անտեր բույրն է մնում քթիդ ու կյանքիդ մեջ:

Հիմա, երևի, ընդմիջման է պետք գնալ, ինչպես բոլոր տափակ ներկայացումների ժամանակ: Հենց մեջտեղում: Կսնվեք, կծխեք, զուգարան կգնաք, ինչ-որ մեկին կզանգեք ու կասեք, որ իզուր էլ եկաք: Շատերը տուն կգնան ու չեն էլ սպասի ներկայացման ավարտին: Բայց կլինի մեկը, որ կմնա: Ու հենց էդ մեկն էլ պետք է: Միշտ էլ միայն էդ մեկն է պետք:

 

 

Կարծիքներ

կարծիք