Մեծ մայրս

Մեծ մայրս  ծնվել է Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհի նշանավոր գավառներից մեկում՝ Սալմաստում, որը նաև հայ նշանավոր գրող Րաֆֆու ծննդավայրն է:

Ողջ կյանքում աներևակայելի դժվարությունների դիմագրաված, իր երեխաների կորստի վիշտը սգացած մեծ մորս  մեղմ ու բարի հայացքն արևի շողերի պես ջերմացնում էր մեր տունը:

Ես ինը տարեկան էի, երբ ծանր հիվանդությունից մահացավ իմ գեղեցկուհի մայրը: Հայրս էլ երբեք չամուսնացավ: Մենք հինգ երեխա էինք: Մինչև հիմա չեմ վարանում ասել՝ եթե մեծ մայրս չստանձներ մեր խնամքը, մենք հավանաբար չէինք լինի կամ չէինք լինի այսպիսին:

Ես շնորհակալ եմ նրան…

Մեծ մայրս բացառիկ կին էր՝ շքեղ, գեղեցիկ, միաժամանակ այնքան պարզ ու լուսավոր՝ հայ կնոջը հատուկ բարությամբ, մարդասիրությամբ: Աշխարհի լավագույն տատիկն ապրում էր մեր տանը: Նա մեր պահապան հրեշտակն էր: Չկար ավելի տաք, լուսավոր ու ջերմ  անկյուն, քան տատիկիս գիրկը, որտեղ մի արտասովոր հանգստություն էր պարուրում ինձ, որտեղ հազար բարի օրհնանք էր տաք անձրևի նման թափվում իմ ուսերին…

Իմ հիշողության մեջ ես հաճախ փորձում եմ վերակենդանացնել մեծ մորս դիմագծերը՝ աչքերի խորքում ամբարված թախիծը, դեմքի խորախորհուրդ խորշոմները: Այդ խորշոմները իմաստության խորհրդանիշ էին, բայց և անամոք վշտի անխոս վկաներ: Մեծ եղեռնի օրերին՝ գաղթի ճանապարհին, տատս կորցրել էր ամուսնուն և երկու զավակներին. պապս, հորեղբայրս ու հորաքույրս մահացել էին խոլերայից: Լռում էր տատս իր ցավի մասին, ծանր էր նրա լռությունն ու տխուր, հայացքի մեջ դրոշմված անամոք մրմուռ կար…

Տատս հաճախ էր մեզ պատմում իր ծննդավայրի՝ Ուրմիա լճի հյուսիսարևմտյան ափի մոտ գտնվող Սալմաստ գավառի Հաֆտվան գյուղի մասին, թե ինչպես է միջնադարյան Հայաստանի բերդաքաղաք Սալմաստը IX-XI դարերում ենթակա եղել Վասպուրականի Արծրունիներին, ինչպես է այն գրավվել 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի և Առաջին աշխարահմարտի ժամանակ: Նա պատմում էր Սալմաստի հայկական գյուղերի, նաև Փայաջուկի՝ Րաֆֆու ծննդավայրի մասին: Թեև այս գավառից մեծ թվով հայեր գաղթել էին Արևելյան Հայաստան, այնուամենայնիվ տեղի բնակչության զգալի մասը հայեր էին, որոնցից շատերը տոհմիկ այգեգործներ էին և քաղաքը հայտնի էր իր ընտիր խաղողով ու գինով։

Տատս՝ Վարյան, կամ ինչպես հարազատներն էին ասում՝ Դարյան, և իր երկու քույրերը՝ Հոռոմը, և Հայկանուշը, Սալմաստում պտղատու մեծ այգի էին ժառանգություն ստացել: Մենք անհամբեր սպասում էինք ամառային արձակուրդներին, երբ տատս մեզ տանում էր փարթամ բուսականությամբ հարուստ Սալմաստ: Մենք Սալմաստում մնում էինք երկու ամիս, այնուհետ մեզ էր միանում հայրս և ուսումնական տարվան ընդառաջ Սալմաստի անմահական համ ու հոտ ունեցող միրգ բանջարեղենով լի ծանր կողովներով վերադառնում էինք Թավրիզ:

Սալմաստեցի տատս յուրահատուկ աշխուժության տեր կին էր, նա ողջ օրը դադրում չուներ: Առավոտից մինչև երեկո շարժման մեջ էր: Նա էր թխում մեր տան հացը, նա էր եփում աշխարհի ամենահամեղ կերակուրները, նա էր լվանում մեր շորերը, կարում, կարկատում մեր հագուստը, կերակրում մեզ, դպրոց ճանապարհում: Նրա ամենատես աչքերը ամեն բանի կնայեին և ամեն բան կտեսնեին: Տատս շատ աշխատասեր կին էր: Ես հիշում եմ, թե ինչպես էր ողջ օրը  տան մաքրությամբ, եփել թափելով զբաղվում: Հարազատների, հարևանների շրջանում մեծ համբավ ունեին մեծ մորս պատրաստած կարմիր գինին ու հորած պանիրը: Մինչև հիմա հիշում եմ այդ պանրի ինքնատիպ համը: Ձմռան երկար գիշերներին, երբ բոցկլտում էր կրակը մեր  մեծ վառարանում, տատս կարտոֆիլը շարում էր ջեռոցում, մենք հավաքվում էինք վառարանի շուրջ և անհամբեր սպասում խորոված կարտոֆիլը ճաշակելուն տատիս պատրաստած հորած պանրով և թխած անուշաբույր հացով:

Երբ կրակն  ածխանում էր, տատս ձեռքն էր առնում բրդե գործվածքն ու շյուղերը և ձմռան երկար գիշերների գունեղ հեքիաթն էր ասես գործում՝ քթի տակ մրմնջալով հին  հայկական տխուր մի մեղեդի… Նա մեզ համար բրդե սվիտերներ, տաք գուլպաներ էր գործում… Մենք երբեք չէինք տեսնում, թե երբ էր քնում տատս, մենք քնում էինք, երբ նա դեռ տնային գործերով էր զբաղված և արթնանում էինք նրա պատրաստած նախաճաշի անուշ հոտից…

Նա խնամեց, մեծացրեց մեզ և իր կյանքի 85-րդ գարունքը չբոլորած՝ հրաժեշտ տվեց այս աշխարհին:

Տատիս մահն ամպրոպ էր մեզ համար, մենք այնքան անպաշտպան էինք նրա  կորստով, որքան ծառից պոկված տերևները, որոնք պտտվելով իջնում են գետնին՝ չունենալով կառչելու տեղ:

Սկսվեցին մեր կյանքում նոր օրեր առանց մեծ մորս խնամող ձեռքերի, բարի, լուսավոր աչքերի…

Երբեմն մայրամուտին, երբ արևի շողերը հրակարմիրով են ծածկում երկնակամարը, ես մտքի թռիչքով շատ տարիներ առաջ եմ սլանում, ասես տեսնում եմ հայրենի տունն իմ տերևախիտ, մրգատու ծառերով շրջապատված այգով, կարմրին տվող նռնենիներով, բերքից կքած ծիրանենիներով: Կարծես երեկ լիներ, ես տեսնում եմ մեծ մորս. խորշոմներից կծկված նրա դեմքին նույն բարությունն է, ինչպես առաջ, և նրա կարեկցանքով լի աչքերը նայում են ինձ վաղեմի սիրով: Ինձ թվում է, թե դեռ լսում եմ նրա իմաստալից խրատները…

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք