Մոսկվան կապի մեջ է

Գյուղում ադաթներ կային, որ ժայռից էլ պինդ էին: Ո՞վ կմտածեր, որ մի օր հսկա հրաբուխ կպայթեր ու ադաթ-մադաթ կառներ լավայի մեջ, կքշեր ու կտաներ անհայտ ուղղությամբ:  Հիմա ժայռից շատ քիչ բան է մնացել, եւ գյուղի մեծերը ուշի ուշով հետեւում են՝ հանկարծ նորից հրաբուխ չլինի, եղածն էլ տանի, մնան կոտրած տաշտակի առաջ:

-Մեր ամենամեծ թշնամին տելեվիզորն է, հա՜, էդ անտերը ո՛չ աբուռ ունի, ո՛չ ադաթ:

-Տելեվիզորը չի է՜, ա՛յ մարդ, կոմպյուտերն է, կոմպյուտե՛րը, մարդկանց գլուխները կերել է, իր ուզած բանը թելադրում է:

-Ամենաշատը դու ես էդ կոմպյուտերի առաջ նստում, խի՞ ես բողոքում:

-Ես ընդամենը շաշկի-շախմատ եմ խաղում:

-Բայց նստում ես, չէ՞:

-Ի՜…

-Հարսանիքից ուշանում ենք, ա՛յ մարդ, ժամը քանի՞սն է:

-Չգիտեմ, մարդուց մարդ է պակաս…

-Ու՜ֆ, քիչ խոսիր, գնա էդ փիլիսոփա գլուխդ կարգի բեր, մազերդ Սաքոյի չալ ոչխարի բրդից շատ է:

-Ոչ մի մազ էլ չեմ կտրելու, ոչ հարսանիքի զուռնաչին եմ, ոչ էլ քավորը:

-Դե սկի հարս ու փեսա չկա, ո՞ւր մնաց քավոր լինի: Բայց զուռնաչի ամեն դեպքում պետք է, էնպես որ գնա գլխիդ հոգսը քաշիր…

Աշխենի ու Սամվելի օրը այս երկխոսությամբ սկսվեց: Գյուղում մեծ հարսանիք էր լինելու, ամբողջ գյուղը ոտքի վրա էր, գյուղովի հարսանիք էր սպասվում:Աշխենը գյուղի խոհարարն էր, հարսանքիներն ու տխրությունները նրան էին վստահում:

Արշակի թոռ Ռուբենը Մոսկվայում ամուսնանում էր ռուս աղջկա հետ, որից 20 տարով մեծ էր: Դա Ռուբենի երկրորդ ամուսնությունն էր: Նախկին կնոջից բաժանվել էր երկու տարի առաջ եւ երկու որդի ուներ:

Գյուղում էլ մարդ չմնաց, որ չնստեր համակարգչի առաջ, չիմանար ֆեյսբուք-մեյսբուք ինչ է ու չհետեւեր այդ զույգի երջանիկ նկարներին եւ հարսանիքի պատրաստության մանրուքներին:

-Մի բարձի ծերանաք,-  գյուղապետի կինը գրել էր զույգի նկարի տակ:

-Ա՛յ կնիկ, էդ ի՞նչ ես գրել, բա էդպիսի բաները չե՞ն քննարկի սեփական ամուսնու հետ,-ջղայնացել էր գյուղապետ ամուսինը,- նախ, իրենք հայերեն լավ չգիտեն կամ էլ՝ չգիտեն, համ էլ մի բարձի ծերանալս ո՞րն է, դեռ նոր են պսակվում: Գոնե գրեիր. «Вы наша гордость!!!»:

-Էդ ավելի լավ նախադասություն է, սպասում եմ հարսանիքից հետո գրեմ:

Արշակի թոռ Ռուբենը մի քանի անգամ եղել էր գյուղում, փողով օգնել էր գյուղացիներին, շատ առատաձեռն էր. ոչ մի խնդրանք անպատասխան չէր թողնում: Ռուբենը ուզում էր, որ նույն օրը, երբ Մոսկվայում իր հարսանիքը լինի, այդ նույն ժամին գյուղում էլ հարսանիք անեն, սկայպով ուղիղ միացում լինի եւ միասին նշեն հարսանիքը:

Գյուղում նման հարսանիքի կազմակերպումը շատ լուրջ աշխատանք էր: Գյուղապետն այդպիսի լարվածություն մեկ էլ ունենում էր այն ժամանակ, երբ շրջվարչակազմի ղեկավարը գալիս էր գյուղ: Նա հարսանիքի կազմակերպման համար խորհուրդ հավաքեց, որի մեջ ընդգրկված էին՝

ա. Աշխենը՝ խոհանոցի պատասխանատու

բ. Սեփական կինը՝ նվերների գրանցող եւ պահող

գ. Արշակենց ազգի ամենատարեց կինը՝ Մանյան, օրհնանքների պատասխանատու

դ. Դպրոցի ռուսերենի ուսուցչուհին՝ թամադայի եւ Մանյայի թարգմանիչ

ե. Գյուղապետը՝ թամադա եւ սկայպի անմիջական պատասխանատու:

Հարսանիքը սկսվեց ճիշտ ու ճիշտ այն ժամին, որ նշված էր նախօրոք բաժանված հրավիրատոմսերում: Երբ բոլորը հավաքվեցին, հարմար նստոտեցին, գյուղապետը միացրեց սկայպը: Մոսկվան կապի մեջ էր:

Գյուղացիք զարմացած նայում էին հարսանիքի ճոխությանը՝ սկսած սեղանների ձեւավորումից, ուտելիքներից մինչեւ հարս ու փեսա: Երբ Մոսկվան խմեց առաջին կենացը, գյուղն ու քաղաքը ոտքի կանգնեցին, պարը թնդաց, թեեւ ոչ ոք ուշադրություն չդարձրեց պարը հայկակա՞ն էր, թե՞ ռուսական: Կարեւորը՝ սկայպի երկու կողմերում ուրախություն էր:

-Մեր կենացի հերթն է,- գյուղապետը վեր կացավ, ուղղեց կոստյումը եւ գլխով նշան արեց ռուսերենի ուսուցչուհուն:  Մանյան, կարծելով, թե իրեն էլ է նշան արել, հենվեց մահակին ու ինքն էլ վեր կացավ:

Գյուղապետն  ամբողջ գյուղի անունից շնորհավորեց նորապսակներին եւ շնորհակալություն հայտնեց, որ այդքան ծախսերի հետ Ռուբենը չի մոռացել հարազատ գյուղը եւ իրեն պահել է իսկական հայ տղամարդու պես:

Ռուսերենի դասատուն թարգմանեց կենացն ու վերջին բառերն արտասանեց հատուկ առոգանությամբ.

-Настоящий армянский мужчина!!

Մանյա տատին, մահակը գետնին խփեց, որ նշանակում էր՝ իրեն մոռացել են: Մոտեցավ սկայպին, մի կողմ հրեց գյուղապետին ու գրական մաքուր հայերենով ասաց.

-Ծլե՜ք, ծաղկե՜ք, զորանա՜ք:

Թարգմանիչը սկսեց կմկմալ:

-Ինձ թարգմանիչ պետք չէ, էդ բանը չի թարգմանվում,- ասաց Մանյան ջղայնացած:

Հենց այդ պահին Մոսկվան հնչեցրեց  «Ղարաբաղցին» երգը: Սկայպի այն կողմում կարոտեցին Ղարաբաղը եւ վեր կացան պարելու: Սկայպի այս կողմում գյուղացիք հպարտ-հպարտ վեր կացան, որովհետեւ իրենք են պահում Ղարաբաղը:

Երբ բոլորը պարում էին, գյուղապետը տասը րոպեով դուրս եկավ եւ արագ վերադարձավ:

-Շրջանային թերթի խմբագրությունից էին եկել, մի քանի հարց տվեցին, պատասխանեցի,- փսփսաց կնոջ ականջին:

-Էս նեղ մաջալին ի՞նչ հարցազրույցը , չէի՞ն կարող հարսանիքից հետո գալ:

-Ա՛յ կնիկ, հարսանիքի մասին էր հարցազրույցը, հիմա էր սազում: Կենացիս մեջ կնշեմ, որ եկել են, թող Մոսկվան իմանա:

Իսկ Մոսկվայում կենացները քաղցրանում էին, մարդիկ պարում էին ինչպես կարող էին եւ ինչ կարող էին: Պարողները նոր երգեր էին պատվիրում՝ մեկը մյուսին հերթ չտալով:

-Կարճ շորերով էդքա՜ն կանայք դեռ չեմ տեսել, մեղա՛ Աստված:

-Հարսն էլ միջից դուրս չի գալիս: Ասա՝ հարս ես էլի, քեզ հարսավարի պահիր:

-Կոշիկներն էլ հանել, ոտաբոբիկ է պարում:

-Բա հարսի մայրը էդքան կուրախանա՞ աղջկա պսակվելով, մի տես ո՜նց է պարում:

-Ռուսի համար ի՞նչ ադաթ, ի՞նչ բան, իրենցը մենակ ուտել-խմելն է:

-Արշակը գերեզմանի մեջ շուռ եկավ տասը անգամ:

-Շուռ է գալիս ի՞նչ անի, Մոսկվան թոռան ոտքերի տակ է, հազար բիզնես ունի, պապի գերեզմանն էլ տես ո՜նց է սարքել, նայում ես, թվում է՝ տուն-թանգարան է:

-Բա գյուղի մեջ սազո՞ւմ էր էդպես գերեզման կառուցել, դա ջոկողություն չի՞, խի մյուս մեռելները մարդ չե՞ն, ի՞նչ անեն, թե Ռուբեն անունով թոռ չունեն:

Մինչ գյուղացի կանայք զրուցում էին, գյուղապետի կինը հասցրեց սկայպով ցույց տալ իրենց  կողմից գնված ոսկե մատանին եւ այդ առիթով մի լավ «տաշի-տուշի» երգ պատվիրել:

Այս կողմում շարունակում էին խմել Արշակենց ազգի մեծ ու փոքրի կենացը, մյուս կողմում արդեն կենացներ չէին խմում, ճոխ հրավառությունից հետո հարսանեկան մեծ տորթն էին կտրում: Հետո  Մոսկվայի «բանտիկավոր» թամադան, որ բոլոր կենացները խմում էր ռուսերենով, հայտարարեց, որ հարսի ու փեսայի գնալու ժամանակն է, որովհետեւ մի քանի ժամից նրանց թռիչքն է, պետք է մեկնեն Մալդիվյան կղզիներ՝ վայելելու մեղրամիսը:

-Ասում է՝ ի՞նչ,- Սամվելը հարցրեց Աշխենին:

-Ասում է՝ գնում են Մոլդովա հանգստանալու:

-Մոլդովան ո՞րն է, էդ Մոլդովա ի՞նչ կա, որ մեր գյուղում չկա:

-Դու որ պսակվել ես, իրենք քո գործերին խառնվե՞լ են:

-Ես որ պսակվել եմ, իրենք ու՞ր էին…

-Ի՜….Կատակ-մատակ չես հասկանում, փոխաբերական իմաստով եմ ասում….

Մինչեւ գիշերվա մեկը Մոսկվան կապի մեջ էր (մեր ժամով): Մի լավ կերան-խմեցին, պարեցին ու ամբողջ ձորակը իմացավ, որ ողորմածիկ Արշակի թոռ Ռուբենը երկրորդ անգամ  ամուսնացել է:

-Կարևոր չէ, թե մարդը քանի անգամ է ամուսնանում, հո հետամնաց չե՞նք,- ասաց գյուղապետի կինը, երբ արդեն սկայպը անջատել էին:

-Կարևորը՝ սրտով ու նամուսով տղա է, գյուղը չի մոռացել, էդքան բան է արել գյուղի համար,- օղու բաժակը ձեռքին ասաց գյուղապետը,- էնքա՜ն մարդիկ կան, որ թափառում են ռուսաստաններում եւ չեն էլ հիշում, որ գյուղ-մյուղ ունեն:

-Ճիշտ ես ասում, պարոն գյուղապետ,- հնչեց ամեն կողմից:

-Էս բաժակն էլ խմենք մեր հող ու ջրի կենացը, որ ամեն տեղ մեզ հայ է պահում,- ասաց գյուղապետը եւ խմեց հոտնկայս:

Մոսկվան արդեն կապի մեջ չէր, բայց հարսանիքը շարունակվում էր…

 

 

 

Կարծիքներ

կարծիք