Մոդա Լիզա

Քառանկյուն կառուցվածք ունեցող ծյոծկեքի հոգեվերլուծական աշխարհն ամենաբարդն է։ Դու, որ ավարտել ես համալսարան, որ մասնակցել ես դասընթացների, որ գնացել ես թանգարաններ, գիտե՞ս արդյոք, որ հարևան Գայանի աղջիկը նշանը հետա տվել։ Եթե դու չգիտես, թե շրջապատում ինչ է կատարվում, ուրեմն դու ոչինչ էլ չգիտես։ Ուրեմն դու ոչ մեկ ես։ Ուրեմն գրողի ծոցը կորեն քո համալսարաններն ու դասընթացները։ Ամենակարևոր ինֆորմացիան քթիդ տակ է՝ հարևանիդ տանը, իսկ դու խմում ես քո բաժին թանը, մտածելով, որ ամսվա վերջ քննություններ ունես ու գլխումդ քաոս է  դասախոսի տված հարցաշարի պատճառով։ Գլխումդ քաոս է, իսկ աշխարհու՞մ․․․

Աշխարհում քաոս չի տիրում, որովհետև մարդը դեռ օգտագործում է իր ուղեղի 3 տոկոսը։ Պատկերացնենք, որ մարդը օգտագործում է իր ուղեղի 50 տոկոսը և արթնացել է հիշողության գենը։ Դա սարսափելի է անգամ պատկերացնել, որովհետև բոլոր մարդիկ արդեն կսկեն հիշել, թե նախորդ կյանքում ո՞վ են եղել, ի՞նչ ազգի, ո՞րտեղ են ապրել, ու՞մ են սիրել և այդ ժամանակ կսկսեն փնտրել իրար։ Կսկսեն փնտրել անցյալը։ Կսկսեն լողալ ժամանակի մեջ։ Ահա սա նկատի ունեին բոլոր դարերի գիտնականները ժամանակի մեքենա ասելով։

Մարդը գնում է նրան, որ միֆը դառնա շոշափելի։ Ամենաէժան բանը մեր օրերում միֆն է։ Դա Վինչին ոչ մի առեղծված էլ չի ստեղծել։ Երևի Տիկին Լիզա Ջոկոնդայի երկրպագուներից մեկն անպատասխան մնալով սկսում է բամբասել, թե նկարում նա մի տեսակ առեղծվածային է ժպտում, երևի ուզում է գրավել տղամարդկանց այդպիսով և բամբասանքները տարածվել են ու տարածվել և վերածվել են կոդերի, միֆերի, որոնք հորինեց մարդը և փորձեց բացահայտել նրանից եկող հաջորդ մարդը։ Իսկ վերջում, ժամանակակակից մասնագիտության տեր գերմարդկանցից մեկը որոշեց իլյուստրացիա անել և կրծքերը մեծացրեց Մոնա Լիզայի, շրթունքները մեծացրեց Մոնա Լիզայի, որ առեղծվածային կինը մոդայից հետ չմնա։

Իսկ ի՞նչ կլինի, եթե մի օր Մոնա Լիզայի հոգին վերածնվի և 3050 թվականին արթնանա նրա հիշողության գենն ու ինքը սկսի փնտրել իլյուստրատորին, ով իր նկարում կրծքերն ու շրթունքները մեծացրեց, իսկ Լեոնարդո դա Վինչիի կարևորությունը կկորի, որովհետև նա  էլ իր հերթին կփնտրի Մոնա Լիզային և գուցե կնստի օդային տաքսիում նրա կողքին և չի ճանաչի, որովհետև Մոնա Լիզան էլ մոդայի հետևից ընկավ վերջը։

Կպարզվի, որ տիեզերքի սև անցքերով հնարավոր է անցել և դրանցից անդին կան մոլորակներ ու կյանքեր, որ վաղուց գիտեն մեր գոյության մասին և ծիծաղում են մեր բոլոր կանխատեսումների վրա։

Այդ ժամանակ մենք բոլորս կուզենք երկիրը տեսնել կուսական, այնպիսին ինչպիսին այն եղել է իր ստեղծման առաջին օրերին, երբ գոյության կռվի կարիքը չկար։ Մենք բոլորս կայինք այդ օրվանից սկսած և պիտի լինենք մինչև երկրի կործանումը։ Անկախ նրանից՝ տղամարդ ենք, թե կին, տեսնելու ենք երկրի կործանումը նույն աչքերով, որ տրվել էր հազարամյակներ առաջ։ Այն աչքերով ենք տեսնելու կործանումը, որ արցունքոտվում են՝ ցավից կամ երջանկությունից, որ փայլում են հաճույքից, որ վախենում են մահից կամ սիրեկանին բացահայտելուց։

Տղամարդիկ դավաճանում են կանանց։ Կանայք դավաճանում են տղամարդկանց։ Աշխարհում սուրբ կանայք չկան, այնպես ինչպես չկան սուրբ տղամարդիկ։ Մարդը գալիս է այս եզրակացությանը շատ արագ, որովհետև նույնացնում է աշխարհը մեկ մարդու հետ։ Եվ նա ճիշտ է, որովհետև աշխարհը մեկ մարդն է, ով ապրում է մի քաղաքում, որը ինչ-որ պետության մայրաքաղաքն է ասենք, այդ պետությունը գտնվում է մոլորակի վրա, մոլորակը գտնվում է տիզերքում, տիեզերքից այն կողմ դեռ բան չենք բացահայտել։ Ուրեմն բարիկադի մի ծայրին տիեզերքն է, մյուսին՝ մարդը և դեռ պարզ չէ, թե որ մեկն է մյուսին ծնունդ տալիս։

Իսկ աշխարհում ամեն ինչ գնալով վերածվում է մոդայի։ Մոդայիկ մարդիկ չեն հանդուրժի, որ իրենց աշխարհը կործանվի ինչ-որ ջրհեղեղից կամ կրակից, կամ որևէ աղետից։ Մոդայի մարդկանց մասին էլ գրքեր չեն գրվի, որովհետև աշխարհում ամեն ինչ կթվայնացվի։ Գործընթացը սկսված է արդեն։ Եվ մի պահ, երբ մարդիկ շփոթված արդեն կսկսեն օգտագործել իրենց ուղեղներն ամբողջությամբ և կփնտրեն սկիզբը, Մոնա Լիզան, չէ՜, արդեն Մոդա Լիզան ՝ մեծացրած շրթունքներով ու կրծքերով, միամիտ-միամիտ կսեղմի ստեղնաշարից մի կոճակ ու մարդկության մասին ողջ ինֆորմացիան կանհետանա մի վարկյանում։

Ահա և վերջ։ Սա կլինի մոդայիկ մարդու վախճանը, այն մարդու, որ պատկերացնում է իր կործանումը ամեն վարկյան, երբ դավաճանում է կնոջը ու գնում հանգիստ տուն ՝ հավատալով սեփական ստին, թե բարոյական է ինքը և բարոյական է իր կինը, ով ծլկում է տնից այն ժամանակ, երբ ամուսինը տանը չէ՝ խանութ իջնելու, բանջարեղեն գնելու, հարևանի կնոջ հետ բամբասելու և ի վերջո նույն հարևանի տանը մի կես ժամ անկողնում լիցքաթափվելու համար։

 

 

 

Հացի խանութ

Պետրոսը հայելիներ  է սիրում, որովհետև պարապում է իր բոլոր ժեստերը դրանց առաջ։ Օրինակ ՝ ինչ դեմքի արտահայտություն պիտի ընդունի աղջիկ խոսացնելուց, կամ ո՞ր ունքը վերև բարձրացնի լուրջ իրադարձություններին։ Ունքի հետ կապված ասեմ, հարևան Սերոժ պապը ասել էր, որ տղամարդը պիտի ունքը վերև հանի ու բոլորը սառեն։ Պետրոսն ատում էր լուրջ իրադարձությունները, որովհետև ունքը երկար ժամանակ վերև պահելուց հետո՝ աչքը սկսում էր ցավալ։ Սերոժ պապի մեծական խորհուրդը ունքի տեղ աչքն էլ հանեց։

Պետրոսը հատուկ վերաբերմունք ունի նախկին պաշտոնյաների նկատմամբ, որովհետև սեփական խոր քաղաքագիտական վերլուծության արդյունքում է հանգել է այն եզրակացությանը, որ սրանք ծալած ունեն ներկայիս իշխանություններին ու մի օր հետ են գալու։ Վերջերս մի լրատվականում Պետրոսն անցել է աշխատանքի։ Լրատվականում աշխատում է նաև Պողոսը։ Պետրոսն առաջին անգամ էր ծանոթանում Պողոս անունով մեկի հետ, ում անունն իրոք Պողոս է, իսկ Պողոսն առաջին անգամ էր տեսնում  իրական մեկին, ում կոչում են ՝ Պետրոս և նրա անունը անձնագրով Պետրոս է։ Պետրոսն ու Պողոսը հանդիպեցին իրար իրական կյանքում։ Մնաց Մարտիրոսը, ով երևի մի ձեռքը փորին դրած, մյուսը՝ գլխի տակ, պարկած է ասենք՝ օրինակ, երրորդ մասի տներից մեկում ու երևի գոռում է կնգա վրա, որ վերջինս կուխնյան թողի ու բերի նորին մեծությանը սեղանին դրված Պուլտը։ Պուլտը թողենք Մարտիրոսի փորի վրա ու անցնենք Պետրոսին և Պողոսին։

Պողոսի և Պետրոսի միաժամանակ նույն օֆիսում աշխատելը անհարմարություն էր պատճառում տնօրենին։ Ընդհանուր ժողովների ժամանակ տնօրենը ուղղակիորեն չէր կարողանում սրտի ուզած օրինակը բերել․

— Էս նյութը վատնա, հիմա ասենք թե Պողոսը որ բացի կարդա, չի ասի, սա ինչ էշությունա՞,- մի վարկյան մտորում էր,-  ահհհ, մեր Պողոսը չէ, նկատի ունեմ ինչ-որ մի ուրիշը, ասենք Պետրոսը,- էլի մի վարկյան լռելով ու արդեն ջղաձգված շարունակում է,- ահհհ, դե մեր Պետրոսը չէ էլի, մի խոսքով, անցեք ձեր գործին, ժամանակն անցնում է, ոչ մեկդ նորմալ չեք աշխատում։

Նորմալ աշխատում էր միայն Լարիս տատին, ով ամբողջ օրը մաքրում էր օֆիսի տարածքն ու զղջում, որ չամուսնացավ։ Լարիս տատը հաճախ էր գործածում  <Քաոս> բառը։

— Քաոս է։ Հավաքարարներին մի քանի կոպեկ են տալիս ու հրամայում, թե բա մաքրի քաղաքը, անկախության տոնից հետո կեղտոտվել է։ Տո դու գնա մաքրի քո հոգին, որ հավաքարարի հետ խոսել չգիտես, էն մարդու, ով քո ոտքի տակն է մաքրում, իսկ դու քո ոտքը պաշտու՜մ ես, չէ՞, չես ուզում կեղտոտ տեղ կանգնի: Բայց սիրտդ անկախությու՜ն է ուզում, հետո մաքուր քաղաք է ուզում, հավաքարարինը սիրտ չի՞, թե հավաքարարը երազում է կեղտի մեջ ապրելու մասին։ Մարդը չի հասկանում սեփական դերը, չի հասկանում, որ դեպուտատ լինելը կամ ասենք Ամերիկա հասնելը չի կարող երազանք լինել, որովհետև դեպուտատը նույն մսից ու արյունից մարդն է, Ամերիկան էլ ընդամենը հասցե է։ Իսկ այ երազանքն ուրիշ բան է։ Մի բան, որը չի անցնում Ամերիկա պոկվել երազողների մտքով։ Հիմա բայց էդ երազանքը գտնել չի լինում էս քաոսի մեջ, քաոսի մեջ կորել են դեմքերը։

Լարիս տատին հետաքրքրված էր Շեքսպիրով։ Հաճախ գետինը մաքրելիս խոսում էր նրա մասին, թե ինչ կլիներ, եթե այդ հիսուն միլիոն անգլիացին կանգնեին օրինակ Պարույր Սևակի մեջքի ետևում, աշխարհը «Լինել, թե՞ չլինել»-ու փոխարեն կասեր «Գժվե՞լ եք ինչ է»։ Պետրոսը, ում ի դեպ Լարիս տատը Պետո էր դիմում, որովհետև համարում էր, որ Պետրոս նրա համար շատ լավ է հնչում,  ամեն անգամ տատից էս ամեն լսելուց հետո ասում էր․

— Հիմա այսինքն Շեքսպիրը 50 միլիոն պադպիշիկ ուներ։ Վատ չի, վատ չի։

Եվ ի պատսասխան Պետոյի անհամ հումորի, Լարիս տատը հակադարձում էր․

— Է Հետո՞ Պետո․․․

Պետոն հետոյից խաբար չէր, Պետոն չէր էլ հասկանում՝ ինչ է՞ նշանակում հետո, եթե կա այսօր։ Դա թերևս Պետոյի լավագույն հատկանիշներից էր՝ այսօրվա արժևորումը։ Այսօրը շատ կարևոր է բոլորի համար, այսօր Լարիս տատը կարող է խոսել քաոսից, Պետոն ու Պողոսը կարող  են երջանիկ լինել, որ գտան իրար, տնօրենը գուցե հենց այսօր կարողանա Պետրոսին ու Պողոսին նախադասության մեջ օրինակ բերել առանց նյարդայնանալու, գուցե այսօր սահմանվի, թե աշխարհին ու՞մ հնչեցրած հարցն է ավելի պետքական ՝ Շեքսպիրի, թե Սևակի ,և ի վերջո, գուցե հենց այսօր լրատվականում, որտեղ գրում են ամեն ինչից ու բոլորից, բարձրացնեն Պետրոսի պաշտոնը և գուցե հենց այսօր Մարտիրոսը հանդիպի Պողոսին ու Պետրոսին,  որովհետև օրը հղկում է մարդուն ու մարդու կյանքը, յուրաքանչյուր օր փորձում է մարդուն իր ընթացքի մեջ դարձնել լավը, բայց կողքինները և հենց ինքը՝ մարդը, երդվել է, որ էությունը փոխել հնարավոր չէ  և ժամանակը հետ բերել հնարավոր չէ, այնինչ ժամանակը հետ բերելու կարիք չունի, ժամանակը կրկնվելու կարիք էլ չունի, ժամանակը կարիք ունի զգալու, որ իրեն չեն վատնում և ապրում են ամեն մի րոպեն, որ չգիտենք այդպես էլ, թե մեզ որտեղից է տրվում և ինչի համար։ Պետրոսը,Պողոսը, Լարիսը, Մարտիրոսը, լրատվականի տնօրենը հասարակ մարդիկ են, նրանցից ոչ մեկը հանճար չէ, նրանք ընդամենը հասարակությունն են, ինչ-որ մեկի ընտանիքը, ինչ-որ մեկի հայրը, ինչ-որ մեկի ընկերը, կամ գուցե ուղղակի մարդիկ, որոնց պարբերաբար հանդիպում ենք մետրոյում, փողոցում, սրճարանում և կամ հացի խանութում։ Երևի հացի խանութում ամենաշատը, որովհետև հացը բոլորիս է պետք։ Անկախ նրանից՝ թե ով ենք և ի՞նչ է մեր անունը, հացի խանութում ՝ հերթի մեջ մեզ դուր է գալիս տաք մատնաքաշի հոտը, հացի սեղանի շուրջ երջանկություն կա։ ՀԱՍԱՐԱԿությունը հացի համ ունի։

 

 

Կարծիքներ

կարծիք