«Մայրս` անկրկնելիս, լույս տվողս ու տունս»

Դրսից լսվող ճիչերից դուրս թռա բակ՝ համարյա ընդհարվելով նոր հարևանուհուս, որովհետև մեր տան դռները մոտ էին, բաժանվում էին ընդամենը բարակ մի պատով։ Ետևից կրնկակոխ նրան հետևելով՝ բնակարանից դուրս թռավ մայրը։

Ինչ-որ կլորիկ տղամարդ անշնչացած ընկած էր խոտերին՝ շրջապատված վայնասուն անող թոշակառուներով։ Սրտի զարկերը չէին լսվում…

— Որևէ մեկը կարո՞ղ է ինձ օգնել,- բղավեցի ես։

Հարևանուհիս կարծես փորձառություն ուներ։ Երկուսով ծնկի իջած, մոռացած ամեն ինչի մասին, փորձում էինք տղամարդուն ուշքի բերել։ Նա ափերը միմյանց սեղմած ռիթմիկ շարժումներով հրում էր տղամարդու կրծքոսկրը, իսկ ես օդ էի մղում նրա բերանի խոռոչը։ Չգիտեմ որքա՜ն տևեց այդ ամենը, բայց տղամարդը կենդանության նշան տվեց, լսվեց նրա շնչառությունը։ Հարևանուհիս ուրախության, թե ծայր հուսահատության հեծկլտոցով թռավ գիրկս։ Այդ ընթացքում ժամանեց նաև շտապ օգնության մեքենան։ Տղամարդուն տարան, իսկ մեկ շաբաթ հետո ես տեսնում էի նրան բակում աշխույժ զբոսնելիս։ Ես մորն ու աղջկան հրավիրեցի մեր բնակարանը։ Հարևանուհիս դեռ չէր կարողանում խաղաղվել։

— Դուք մո՞տ էիք այդ տղամարդուն,- հարցրեցի։

— Առաջին անգամ էի նրան տեսնում։ Երևի զարմացա՞ծ եք, որ սրտիս մոտ ընդունեցի միջադեպը։

— Այո։

— Տասը տարի առաջ էր, դեռ Հայաստանում էինք, հարևանուհիս սրտաբան էր, երկուսով այսօրվա պես փորձեցինք կյանք վերադարձնել ամուսնուս, բայց ապարդյուն… Մահացավ ձեռքերիս վրա։ Մայրը կտրուկ խառնվեց զրույցին.

— Շատ լավն էր փեսաս, երկու փեսաներիցս` ամենալավն էր։ Այդ ժամանակ մենք քրոջս հետ Հայաստանում էինք, ետ վերադարձանք, և անմիջապես մեզնից հետո փեսաս` Սեդրակը, վախճանվեց սրտի կաթվածից։

Աղջիկը խոր հանդիմանանքով սևեռուն նայեց մորը։ Հոգեբանի սուր հոտառությամբ զգացի, որ ինչ-որ բան այն չէ։ Մենք ծանոթացանք` աղջկա անունը Սառա էր, մորը` Զառա։ Ընդհանուր առմամբ նրանք ինձ դուր եկան։ Ուրախ էի, որ մայրս իմ բացակայության ընթացքում կարող էր շփվել նրանց հետ։

Սուրճի սեղանի շուրջ տիկին Զառան որոշեց զարմացնել մեզ իր գեղեցիկ ասմունքով, թեման` մայրական.

— Մայրս, անկրկնելիս, ինձ լույս տվողն ու իմ տունս… Ասմունքում էր հրաշալի, պաթոսով. աղջիկը քմծիծաղով մորն էր նայում։ Ես ուղղակի կհպարտանայի, եթե իմ մայրն այդպես արտասաներ։ Սառան ներողություն խնդրեց՝ ասելով.

— Անդամալույծ, անկողնային հիվանդ մորաքույրս վաղուց մենակ է, կներեք ինձ, պետք է գնամ։ Մամա ջան, դու մնա:

Զարմանալի էր, որ մոր ոգևորվածությունն իսկույն չքացավ, և մեկ րոպեից հետևեց դստեր օրինակին։
Դրանից հետո մի օր հարցրեցի մորս.

— Հետաքրքիր կին է Զառան, շփվու՞մ ես նրա հետ։

— Ամա՜ն, հնարավոր չէ ասանկ կնոջ հետ շփվել, հոգիս կերավ` կամ կնախատե, կամ կասմունքե: Կըսե, թե ինչու եմ ջրում ծաղիկները, իբր թե այն թացացնում է իրենց պատը` նայիր բույսերն ինչքա՜ն հեռու են պատից։ Կամ կըսե, թե դուռը շխկոցով կփակեմ, թեյնիկը բարձր կսուլե, հեռախոսը բարձր կզնգա, էլ որ մեկն ըսեմ։

Ի հաստատումն մորս խոսքերի, բակում դռան մոտ գտնվող կախիչի վրայի շորը մատնանշելով` Զառան հարցնում էր դստերը.

— Էս ի՞նչ շոր ա էստեղ:

— Թաց…,- Սառայի ձայնը բնակարանի ներսից։

— Ինչու՞:

— Ջուրը խմելուց թափվեց հատակին` սրբեցի, լվացի, կախեցի, որ չորանա։

— Սառը ջուր էր, թե՞ տաք: Ներսում` լռություն է։

— Քեզ եմ հարցնում՝ սառը ջուր էր, թե՞ տաք,- հրամայական հարցրեց մայրը։

— Քեզ համար մեկ չէ՞՝ սառը, թե տաք,- ներսից լսվեց աղջկա հուսահատ ձայնը։

— Ջուրը հերիք չի թափել ա, չի էլ ուզում խոսա, արհամարհում ա մորը, սրա՜ն տեսեք։

Դարձյալ լռություն ներսում։

Զառան շորը փութաջանորեն վերցրեց կախիչից. ուժգնորեն մզեց, թափ տվեց ու բծախնդրորեն, փոքրիկ շարժուն ձեռքերով շոյելով այն, նորից կախեց.

— Ոչ շոր մզել գիտի, ոչ կախել, ամո՜թ, ի՜նչ կասեն հարևանները քո մասին։ Փնթի ես, փնթի՜: Բախտ բաժանողի տերը թաղեմ, ես եմ խնամակալը, թե ինքը։ Քամակը հավաքելով ման եմ գալիս, եղել եմ քոծի քոծ,- արդեն պատի այն կողմից լսվում է Զառայի բարկացկոտ փնթփնթոցը։

— Չեմ հասկանում, ինչու ես ուզում, որ մենք միշտ վատ զգանք, ինչպես թշվառ էինք մանկության տարիներին: Միայն վատն ենք ու վատը։

— Ի՜նչ թշվառ, ամբողջ համալսարանում քո ու Աննայի պես հագնող չկար, միշտ թագուհիների պես հագած- կապած էիք։ Աչքերներդ բռնի իմ ու Սիրանի արածը, անշնորհակալ աղջիկներ։

— Տեսնում ես, ամբողջ օրն աղջկա հոգին ուտում է, ես նման կնոջը չեմ ուզում նույնիսկ բարևել,- իրեն ոչ հատուկ գրգռվածությամբ ասաց մայրս։

Հոգեբանական աշխատությունս շատ դանդաղ էր առաջ գնում, և պատճառներից մեկը կողքի բնակարանից լսվող շարունակական վեճերն էին։ Պատի այն կողմից անընդհատ լսում էի անդամալույծի ծանր հոգոցները, տարօրինակ ռնգային բացականչությունները, որոնք անմեկնելի էին։

Մի անգամ, երբ դուստրը տանը չէր, պատի այն կողմից լսվեց Զառայի սպառնալից ձայնը.

— Կե՛ր, կե՛ր, խեղդվելով էլ ա պիտի ուտես: Էդ ինչու՞ ես գոգնոցդ կեղտոտում, արդեն երրորդն եմ փոխել։ Դու ապրելու իրավունք չունես, Սիրա՜ն: Ա՜յ էդպես հատուկ ձևով քեզ պիտի խփեմ, սատկացնեմ: Մորքուր, մորքուր ջա՜ն են ասում, մորքուրը պետք ա մեռնի, որովհետև բոլորիս խանգարում է։

Պարտքս համարեցի Սառային հրավիրել ինձ մոտ, երբ մայրս տանը չէր, ակնկալելով նրա անկեղծությունը։ Պատմեցի նրան՝ ինչ լսել էի։

— Դա պարզապես զայրույթի պահին ասված խոսքեր են, գուցե նաև խփել է, բայց ոչ ուժեղ։ Դուք ճիշտ եք, պետք է աշխատեմ նրանց մենակ չթողնել։ Մորս զայրացրել է, թե ինչու են գոգնոցները կեղտոտվում, հաճախ չի հասկանում, թե ի՞նչ է անում։ Ծերացել է, լավ չէ:
Գիտեք, նա այնքան սրտացավ է կերակրում մորաքրոջս, եթե նրա համառությունը չլիներ, մորաքույրս դեռ անցյալ տարի կմահանար։ Սիրանը ոչինչ ու ոչ մի բան չի հիշում։ Հիշողության լրիվ կորուստ,- տխուր, գեղեցիկ աչքերը լցվեցին արցունքով։ Գլխահակ էր, ամաչում էր աչքերը բարձրացնել։

— Ես հասկանում եմ ձեզ։ Դժվար է երկու ծեր կանանց հետ, մեկը` լրիվ անդամալույծ, մյուսն էլ` անհասկանալի։ Ինչու՞ որոշ ժամանակով մամայիդ ձեր քրոջ տուն չեք ուղարկում։

— Կուզենայի նրան մի քանի օրով ուղարկել քրոջս` Աննայի տուն, բայց նա չի լքի իր «թագավորությունը»։ Ամբողջ օրը հոլի պես պտտվում է, շարժվում, իսկ գիշերները մինչև տեսարան չի սարքում, չի գնում քնելու։ Խնդրում եմ` ներեք: Շատ եմ ամաչում, հարևանները երևի ձեզ կասեն` մինչև երեխաներիս հետ Բոստոն տեղափոխվելն իմ տնից երբեք աղմուկի ձայն չի լսվել։

— Այո՛, հարևաններն արդեն պատմել են այդ մասին ինձ։ Նաև ասել, որ ի տարբերություն ձեզ` ձեր մայրն ու մորաքույրը միշտ էլ անողոք վիճել են միմյանց հետ,- անկեղծացա ես։ Սառան շատ ցածր էր խոսում, երևի իմ մոտ էր եկել մորից թաքուն.

— Հայրս վաղուց է մեզ լքել, ես ու քույրս նույնիսկ չենք հիշում նրան։ Գուցե նաև այդ պատճառով է, որ մայրս այսպիսին է։ Մեզ մեծացրել են երկուսով` մորաքույրս ու մայրս։ Մորաքույրս չի ամուսնացել, եղել է շատ գործարար, մեր ընտանիքի ֆինանսական կարիքները ինքն է հոգացել։ Իսկ այստեղ երկուսն էլ տանն են, փոքրիկ բնակարանում՝ անգործ: Սկզբից Սիրանը փախչում էր տնից, մամայիցս։ Կարծում եմ՝ մորաքույրս ուրիշ ելք չուներ, պետք է անպայման գժվեր ու կորցներ հիշողությունը։ Որովհետև ես հազիվ եմ վերահսկում իրավիճակը` ի՜նչ կարող էր անել խեղճը։ Երկու տարի է, որ վերադարձել եմ Բոստոնից։ Մայրս զանգեց, ասաց, որ իմ օգնության կարիքն ունի։

Մենք նստած էինք փոքրիկ գրասեղանի շուրջը։ Ամբողջ խոսակցության ընթացքում նա անհանգիստ, գլխահակ տրորում էր մատները, փախցնում հայացքը, հետո վերցրեց գրիչը և սկսեց կենտրոնացած խզբզել թղթի վրա, թվում էր՝ չի լսում ինձ։ Վերջում աշակերտուհու մեղավոր ժպիտով ասաց.

— Շնորհակալ եմ սուրճի համար, արդեն երկրորդ անգամ եք հյուրասիրում ինձ։ Ես էլ ձեզ հաճույքով կհրավիրեի, բայց մայրս չի սիրում հյուրեր ընդունել։ Նրա համար հյուրը ոչ թե անձնավորություն է, այլ մեկը, որ կարող է տուն կեղտ բերել, խախտել իր «թագավորության» կարգ ու կանոնը, մաքրությունը։ Պատկերացրեք, ինձ էլ ընդունում է ոչ թե որպես սեփական դուստր, այլ «կեղտի աղբյուրի», և ամբողջ օրը աչալուրջ հետևում է ստվերի պես։ Կներեք, կաշխատեմ ինչքան հնարավոր է չաղմկել։ Գիտեք, ես միշտ ամաչել եմ խոսել ընտանիքիս վեճերի մասին, դժվար է: Առաջին անգամ ձեզ հետ ստացվեց անկեղծանալ։

Նա իր գնալուց հետո գրասեղանին թողեց մի թուղթ՝ խնամքով խզբզած գծերով։ Ուշադիր նայելուց, գծերի ետևում որոշակի ուրվագծվում էր ձեռք ձեռքի տված երկու աղջնակների պատկեր։ Հիշում եմ՝ այդ պահին ես նրա նկատմամբ քմծիծաղով լցված բացականչեցի.

— Ա՜յ քեզ նորօրյա Գարզու:

Ի ուրախություն ինձ, հաջորդ երկու ամսում պատի մյուս կողմից լսվող վեճերը սահմանափակվեցին։ Բակում պատահաբար հանդիպեցի Սառային` ուրախ էր, հումորով բացատրեց.

— Քնելուց առաջ պարտադիր մերսում եմ մամայիս, ինչքան շատ եմ բարկացած լինում, այնքան ավելի եռանդով եմ մերսում։ Նա դա շատ է սիրում, դրանից հետո հաշտվում ենք ու խաղաղ քնում։ Եվ այդպես ամեն օր` նորից։

Կալիֆոռնիայում սկսվեցին ձմեռային անձրևները։ Դա նշանակում է` վերջ երաշտին, որ վերջին չորս տարում սպառնում էր նահանգին վտանգավոր հետևանքներով: Չնայած ուրախ էի անձրևի և նահանգի համար, բայց կաթիլների չընդհատվող ձայնը խանգարում էր քնել։ Հոգեբանական աշխատությունս մտել էր փակուղի, ես ունկնդրում էի տաղտկալի անձրևի ձայնը և մտածում, թե որքա՜ն անիմաստ, գորշ է իմ ներկան սոցիալապես ոչ ապահով թոշակառուների խղճուկ շենքում։ Մի՞թե ես այսպիսի կյանք էի երևակայել ինձ ու մորս համար, երբ ջահել էի։

Եթե եղանակից իմ մեջ բույն էր դրել դժգոհությունը, ապա հարևանուհուս մեջ ընդվզումն ու ցասումը մոր «տոտալիտար ռեժիմի» դեմ, որովհետև նրանք վիճում էին անդադար՝ խանգարելով ինձ կենտրոնանալ։ Վեճերն օր օրի ավելի անողոք էին դառնում։

— Երեկ Աննան վեց հատ խմորեղեն ա բերել, հիմա չորս ու կես ա մնացել:

— Կես հատ կերել եմ, մամ:

— Սուտ ես ասում, մեկ ու կես հատ ես կերել:

— Կես հատ եմ կերել, եթե մեկ ու կես կերած լինեի, կասեի, կարող ա դու ես կերել:

— Աննան ուշ ա գալու, Սիրանն էլ միայն էդ խմորեղենից ա ուտում: Միայն քո մասին ես մտածում, ոչ մեկիս մասին չես մտածում, միշտ էլ էգոիստ ես եղել:

— Գուցե Աննան ա կերել:

— Ամո՜թ քեզ, ամո՜թ, ոչ մեկի մասին չես մտածում, կերել ես, ու գցում ես Աննայի վրա:

— Հոգնե՜լ եմ, հոգնե՜լ, անընդհատ կռիվ, կռիվ, ոչ ուտելուց եմ բան հասկանում, ոչ քնելուց, կինն է՞լ էդքան կռվարար լինի, ինչպես դու ես:

— Կռվարարը դու ես, էնքան ես կռվել մարդուդ հետ, որ հասցրել ես ինֆարկտի:

Մոր այդ խոսքերից Սառան հավանաբար շանթահարվեց, որովհետև նրա ձայնն անկառավարելի բարկությամբ տարածվեց բակով մեկ.

— Անամո՜թ, անամո՜թ, դու մայր կոչվելու իրավունք չունես, ինչպես է լեզուդ պտտվում նման բան ասել: Ձեր ոսկիների պատճառով սպանեցիք ամուսնուս, դու խոսելու իրավունք չունես, հիմա՛ր, ձեր մասին չեմ պատվել երեխաներիս, թե չէ մեկ օր էլ չեն թողնի այստեղ մնամ, անշնորհակա՜լ,- գոռում էր Սառան:

Լսվեց հրմշտոցի ձայն.

— Հասե՜ք, հասե՜ք, ժողովուրդ, ինձ խեղդում ա,- ճչում էր Զառան:

Ես դուրս թռա, դռների մոտ համարյա ընդհարվելով Սառային: Նա ամոթահար գլխահակ, իրեն կորցրած, առանց անձրևանոցի, վազում էր դեպի մեքենան: Նստեց, միացրեց շարժիչը, մայրն արդեն կանգնած էր մեքենայի կողքին.

— Մի գնա Աննայենց տուն, խնդրում եմ, վաղը առավոտյան շուտ պետք է «մանկապարտեզում» լինեմ, պետք է արտասանեմ։ Ի՜նչ եմ ասում, որ ջղայնանում ես. ընդամենը ասում եմ, որ հաշվարկված ուտես,- մայրը խոսում էր, խոսում, բայց աղջիկը համառորեն չէր նայում նրա կողմը, գլուխը մեքենայի ղեկին` հեկեկում էր։ Հետո հանգստացավ, բայց համառորեն մոր կողմը չէր նայում. պարզ չէ՝ ինչու՞, որպեսզի վեճը բակ չտեղափոխվեր, կամ գուցե խղճահարությամբ չլցվեր մոր նկատմամբ։

Առանց մոր կողմը նայելու, իջեցրեց մեքենայի ապակին ու ասաց.

— Մեքենայի տակ ես ընկնելու, վերադարձիր տուն, մեկ ժամից կվերադառնամ:

Նրա մեքենան պոկվեց, անմիջապես նրանից հետո ես վարեցի իմ մեքենան դեպի դեղատուն, գլխացավի դեղ գնելու: Մեկ ժամ հետո ես վերադարձա տուն: Հորդառատ անձրևն արդեն դադարել էր: Մի քանի կին խմբված էին բակում, նաև երկու ոստիկան:

— Զառան անգլերեն չի հասկանում, նա ձեր հայրենակցուհին է, լավ կլինի դուք լուրը հայտնեք նրան,- ասաց դիմացի բնակարանում ապրող գերմանուհին։

— Ինչ լուր:

— Մի՞թե չգիտեք, շատ ցավալի է, պետք է շատ զգույշ վարեր մեքենան։ Ոստիկանն ասում է, որ Սառան առանց ակնոցի էր, իսկ վարորդական իրավունքում նշված էր, որ վարելուց պարտադիր պետք է կրեր այն,- հուզախառն ոգևորությամբ շարունակեց կինը։

— Ցավում եմ, ցավում, ձեր հայրենակցուհին մահացել է վթարից, շենքին մոտ գտնվող խաչմերուկում ընդհարվել է բեռնատար ավտոմեքենային: Մենք պետք է հայտնենք մորը, և ձեր օգնության կարիքն ունենք,- խոսեց երիտասարդ ոստիկանը:

Ես ոստիկանների հետ մտա տուն, շրջանցեցինք անդամալույծի մահճակալը: Զառան լողասենյակում էր, հայելի մոտ, շատ կենտրոնացած դեմքով ունելիով աշխատում էր հոնքերի հետ: Մեզ ուշ նկատեց, զարմացած հայացքը հառել էր դեմքիս: Ես թարգմանեցի ոստիկանի ասածը, ունելին զնգոցով ընկավ հատակին.

— Էս ի՜նչ զուլում եկավ գլխիս,- շենքով մեկ կարծես պայթեց մոր սուր բղավոցը:

Մորս խնդրանքով, մեկ ամիս հետո մենք տեղափոխվեցինք այլ բնակարան: Տեղափոխման ընթացքում, թղթապանակից գետին ընկավ հարևանուհուս` Սառայի երկու ամիս առաջ թողած թուղթը: Նկարում երկու աղջիկ էին, մեկը` մեծ, երկրորդը` ավելի փոքր: Մեծն ամուր բռնել էր կրտսերի ձեռքը, կարծես փորձում էր նրան պաշտպանել ամբողջ աշխարհից: Սիրտս ճմլվեց: Եթե չիմանայի նրանց պատմությունը, կմտածեի, որ նրանք մեծացել էին որբանոցում: Թե ինչ պատահեց անդամալույծ Սիրանին, Զառային, և թե ինչ չարաբաստիկ ոսկիների մասին էր խոսքը, ես այդպես էլ ոչինչ չիմացա…

 

 

 

Կարծիքներ

կարծիք