Ուր Խորհրդի Մութն է

Հեղինակ:

***

Հակոբը բարձրանում էր աստիճանով ՝

բազրիքները՝ աստեղահու՜ռ,

և աստղափոշու պտտահողմերի միջով

ի վե՜ր․․․Եվ ձայն էր տալիս․

«ՈՒ՞ր ես, Տե՜ր, նշա՜ն տուր ինձ,

ուղի ցույց տուր, որ Քեզ գամ․․․»։

Հակոբը բարձրանու՜մ էր, բարձրանում․․․

 

Եվ բացվե՜ց ձագարաձև արգանդը Լուսո,

և ձա՜յն իջավ ոլորապտույտ ժանյակի պես․

«Ե՜ս եմ, ե՜ս, Հակոբ, մի՛ երկնչիր՝

իմ հրեշտակները՝ քեզ աջակի՜ց․․․

Տեսա՜ քո ջանքը, տեսա՜ քո աստիճանը։

Բայց ես ի՜մը կտամ, որ իրենով

ինձ գա ամենեցին, իմ որդուն կտամ –

սիրեցե՜ք և Իրենով՝ առ ի՜նձ եկեք․․․»։

 

Եվ աստղափոշու պտտահողմերի միջո՜վ,

և աստղափոշու պտտահողմերի միջո՜վ․․․

 

 

 

  

 ***

Վա՜րդ, հոգի՜ս,

քեզ դրախտից

արտաքսված

ծնողներս

քաղեցին

մի օր

երազում,

որ այստեղ

դու ծաղկես

ու հրկեզ

բոցկլտաս․․․

Բայց վաղու՜ց

արդեն,

մի ուրիշ

երազում, դու

քո թփի

անունն ես․․․

կակազում

խնդուն․․․

 

 

 

Դիպված

Ես մի թիթեռ տեսա՝

նախշազարդ թևերով,

ասես Շեհերազադեի

գիշերազգեստը հագին․․․

Ոնց շշնջար՝ թե․«Ե՜ս եմ,

ե՜ս, Գյուլնարայի հոգին․․․»։

 

Ինչ-որ հին հուշերի վշտից քիչ է մնում․․․

գլուխդ տաս գինուն, լուսնի կեռ մանգաղին՝

հանց․․․ ինքնախողխողում, կամ էլ՝ գոռաս գժված․

«Էհե՜յ, խանի՛ երկիր, հե՜յ թաջիրի երկիր․․․ »-

ոնց որ ողբաց մի օր պոետը Գեղամ Սարյան․․․

 

Ի՜նչ արեցիր, թիթեռ, ծարա՞վ էիր արյան –

քեզ ստեղծեց Տերը, որ գեղեցի՜կն ոթես,

իսկ դու՝ արի ու տես,

բուք ես բերում ցավի․․․

Եվ քո թափահարվող թևազույգը՝ ահա՝

ծփացող․․․ նիզակախիտ թարթիչ է գեղուհու․․․

 

 

 

Ռեքվիեմ

Երբ Ժամանակի ծիրը լրանա –

և Հավերժությունը տարեդարձի

մոմերին փչի՝ աստղերը մարեն,

և տիեզերքի պսակը ցրվի խլածաղկի պես,

և Գոյի վարդը թոշնի ու հանգչի —

Ոչինչի տեսիլքը պիտի բացվի,

որ ավա՜ղ, արդեն աչքի համար չէ․․․

 

 

 

 

Համազարկը

Մեզ մեր թռիչքի պահին խփեցին –

1914թ․ պատերազմի խառնակ ժամանակ,

մի լորի որսի հարմար սեզոնի, երբ

արտը կրակի էին տվել հյուսիսից,

արտը կրակի էին տվել հարավից,

արտը կրակի էին տվել արևելքից,

արտը կրակի էին տվել արևմուտքից․․․

 

Մեզ հալածեցին, օդ բարձրացրին

համիդի ջոկատների ձիերի սմբակներով,

հարյուրավոր հաշիշից ուռած

մոլլաների ազանի դիվահար խմբերգերով,

դավաճան հոտառու որսաշների փնտրտուքով,

երբ Պոլսում Արթինը կազմում էր

մեր 300 լուսատու ուղեղների ցուցակը․․․

 

Մեզ մեր թռիչքի պահին խփեցին,

երբ վարդի պես բացվել էր մեր գենը, զարթնել էինք՝

Վարուժան, Սիամանթո, Զոհրապ, Սևակ, Կոմիտաս․․․-

քերովբեական շարմաղ աչքերի կոպերով․․․

Երբ Քերբերոս դժոխքի պահապան շունը հաղթեց

Արգուս բազմաչյա իմաստուն շանը․․․

 

Մեզ մեր թռիչքի պահին խփեցին՝

մի լորի որսի հարմար սեզոնի –

որ մենք հա՛ այսպես երգենք մորմոքելով․

— Վիրավոր լորի՜կ,

սիրավոր լորի՜կ․․․

Մեզ մեր թռիչքի պահին խփեցին․․․

 

 

 

 

* * *

Ինչպես ցեցի որդը,

որ անբան տանտիրուհու

աչքից թաքուն,

բրդեղենի մեջ թաղված՝

վայելքի մեջ է մի, բայց

շնչահեղձ է ինչ-որ

թևերի կանխազգացումից

ու մարմաջից դրանց,

որ գա՝ թիթեռ դառնա –

այդպես նոր հղացվող

տողե՜րն են խլրտում․․․

 

 

 

 

Բաղձանք

Գնամ Կիլիկիա,

հետ գամ ՝

նստեմ Վաղարշապատի

պատերի տակ։ –

Տերունական

մանրուսումն

ուսանեմ ,

որ շանթե

խազագրերով

վայելչագիր գրվում է

երկնքում․․․

 

Ձեռնիկուրծք,

ձեռնիկու՜րծք թարգմանվեմ

այս հող ու ջրի

համար,

ապա՝ միանամ իմ

ծիածանին

ու  իր հետ

կապեմ կամար․․․

 

 

 

Լարախաղացը

Ես ամպերից էլ

վեր եմ

խաղում –

իմ ոտքերի մոտ

ամպերն են

մակաղում․․․

 

Իմ կրունկի և

ճակատագրի լարի

հպումից –

ամպրոպնե՜ր են ժայթքում,

հետհարվածով ՝

խփում ինձ․․․

 

Եղավ մի ցատկ՝ բա՜րձր,

հաղթահարեցի

Ներսը և Դուրսը –

մի տեղ նշմարեցի

նույնիսկ․․․

Հրեղեն Մորուսը․․․

 

Գծվում է իմ

Պատկերը

նկարակալին Ոչինչի։

Իմ կյանքը վտանգված է

մի թյուր

շարժումից չնչին․․․

 

Երբ ընկնեմ ես,

իմ անկման՝

մահվան տեղում,

կծնվի ինձ

կապկողը՝

ցատկոտող մի  հեղհեղուկ․․․

 

 

 

              

Իսահակ 

Ոչ, ամենևին կույր չես, Հայր –

պարզապես հսկա՜

շրջված բիբերով

նայում ես Ներս։

 

Քանզի Դուրսն՝ ընդամենը

Քո ձեռքի գործերն են ։

 

Հսկա բիբերով՝ Ներս,

ուր Խորհրդի Մութն է,

որից ամե՛ն ինչ է,

նաև՝ լույսը տեսանելի ․․․

 

Շա՜տ բան իմացանք ուսանելի՝

Գրքից, նաև՝ սեփական

տառապանքի պապիրուսներից ․․․

 

Եվ ով որ քաղցած գայլն է Քո Խորհրդի՝

նա կհագնի նաև ․․․ գառան մորթի՝

ավագության օրհնանքն ստանալու համար ․․․

 

Իսկ Եսա՜վը՝

մի աման ոսպի զոհը, գոհ,

կծնկի՜ երկրային գահերի մոտ ․․․

 

 

 

 

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք