Աստծո նկարը

Գեղեցիկ տղուկ  էի, շիկահեր, ալիքվող մազերս ծածկում էին իրանիս կեսը։ Աչքերիս մեջ լողում էր  կապույտը։ Երկնքի հետ խոսելու տարօրինակ սովորություն ունեի, ու շատերը ինձ գժի տեղ էին դնում։ Ամպերի մեջ գտնում էի չավարտված հեքիաթների հերոսներին, օրինակ՝ Ջրահարսին, բայց նա, ի զարմանս ինձ, պոչ չուներ։ Մերս չէր կարողանում հեքիաթ պատմել, չէր ստացում մոտը։ Հիմա եմ հասկանում՝ ինչպե՞ս պատմեր, եթե ամեն օր կենաց-մահու պայքար էր մղում իր վախերի
ու հիվանդության դեմ։
Մորս ցավերը դեռ հիշում եմ սաղմնավորմանս առաջին շաբաթից, երբ  բոլորը հորդորում էին.
-Քեզ պետք չի երկրորդը, վրադ հալ չկա, գնա հանի, էս հիմար մարդդ էլ ձեզ պահողը չի։
Չլսեց մերս ոչ ոքի։ Ես գրկում էի նրա դողացող պորտալարը թերի, չձևավորված ձեռքերով, երբեմն հարվածում էի փոքրիկ գլոբուս հիշեցնող փորին՝ ցրում  վախի ազդակները։
Զգում էի քո ցավ-սրտխփոցը, մամ, ափսոս, խոսել չգիտեի։
Ծնվեցի չգիտեմ ինչու ու ինչպես։ Մայրս ավելի հյուծվեց, հերս վայելում էր պոռնկության հերթական երկուշաբթին, երբ փողոցում թաղեցի մեկը բռնեց շլնքից ու ասաց.
-Արա, կինդ ա վատացել, շուտ գնա տուն։
Էպիլեպտիկ հոսանքը կայծակնահար կապույտով ցնցում էր խեղճ մորս պստիկ ու գեղեցիկ մարմինը, տատս վախվորած փորձում էր ուշքի բերել, շտապօգնությունը վերջապես հասավ կես ժամ հետո։
Ջուլիկը՝ մորական տատս, բոլորին իրար խառնեց, չկար բժիշկ, որի մոտ չտաներ մորս։
-Չէ, ախր հնարավոր չէ, ոչ ոք ոչ իմ, ոչ էլ  ամուսնուս  կողմից չունի գենետիկ նման հիվանդություն,- հուսալքված կրկնում էր։
-Եթե գենետիկ ֆակտորը չկա, ուրեմն գործ ունենք ձեռքբերովի  էպիլեպսիայի հետ, տիկին, գուցե   երեխայի ծնունդը նպաստել է, էպի նոպային էպիլեպսիան կարող է առաջանալ հարվածից ու տարբեր մանկական տրավմաներից, բորբոքային պրոցեսներից, գլխուղեղի շրջանում վնասվածքներից։  Ասացեք, Հասմիկը երբևէ գլխի շրջանում ուժեղ հարված կամ վնասվածք ստացե՞լ է։
Տատս գունատվեց, ճերմակեց, այնքան ճերմակեց, որ մի քանի րոպե բժշկին թվաց, թե պատն է խոսում իր հետ։ Դեմքը չէր երևում, քամին բացեց վարագույրն ու հպվեց սփրթնած, անհաղորդ դեմքին, թարթիչները զգայության փոխադրիչներ դարձան, արթնացրին վերջինիս աֆեկտից։
Սպիտակը նահանջեց։
-Այո, փոքր տարիքում միջամտել է իմ ու ամուսնուս վեճին, ինձ պաշտպանելիս հարված է ստացել գլխի շրջանում, աչքը շեղվել էր, վիրահատել ենք։
-Աա՜, տեսնո՞ւմ եք, տիկին Ջուլյա, ահա և պատճառը, նմանօրինակ շատ հիվանդություններ հաճախ ի հայտ են գալիս ծնելիության ժամանակ կամ ծնելիությունից հետո։ Կարծում եմ՝ ակներև է, որ Հասմիկի մոտ երկրորդ տարբերակն է։
Ջուլյան լռեց՝ կուլ տալով արցունքի վերջին կաթիլը։

Ժամանակը զարկ տվեց մեր գոյության մարաթոնին։

Ես ու եղբայրս մեծանում էինք։ Տատս մեր սուրբն էր, երկրորդ մայրը, Աստվածը, գոտեպնդողը, սաստողը, տատս միակ կինը եղավ, որի ապտակը սովորեցրեց չընկնել։
Հիմա երկու տասնամյակ անց  մայրս հազիվ է շպարվում, օրը չորս անգամ կուլ է տալիս դեղահաբերը,  ծխում է՝ խեղդելով իր ցավի ֆանտոմները էժան ծխախոտի քուլաների մեջ։ Ցավն այնքան չարժե, չէ՞, որ մալբորոյով սպանես, մի անգամ կատակով ասացի, ժպտաց էնքան տխուր, որ լացել ցանկացա, բայց դաս եմ քաղել զռռալու համար էնպես, որ կդիմանամ այս անգամ էլ, թող այս անգամ էլ ներս հոսեն։

Երեկ կուրսընկերս էր հյուր եկել, լուսանկարներս էի ցույց տալիս, մայրս՝ շիկահեր, գեղեցիկ մինիով,  ես էլ՝ սիրունիկ տղա, զբոսայգում կողքին հպարտ կանգնած եմ։

-Իսկ հա՞յրդ,- հարցնում է ընկերս։- Ցույց տուր տեսնեմ նկարով։
-Հա՞յրս։ Ես հայր չունեմ, երևի մի բան շփոթում ես,- ասում եմ ընկերոջս ծիծաղելով։
-Ո՞նց թե չունես, բայց էն օրը հարբած ասում էիր…
-Հայրս վերևում է, ապուշ, Աստծուն դեռ ոչ ոք չի նկարել։

 

 

 

Կարծիքներ

կարծիք