«Բոթեմիչի» աչքը

Հեղինակ:

Դիպուկահարի գնդակը սուլոցով անցնում է ականջիս կողքով ու ես բերանքսիվար ընկնում եմ գետնին: Գետնին եմ ծեփվում` ինքս էլ չիմանալով` ինչպես: Երևի մարդու մեջ եղած յոթներորդ զգայարանն է հրամայում, կամ, եթե հորս ասածին հավատամ` Պահապան Հրեշտակը: Ես Պահապան Հրեշտակին չեմ տեսել, ես առհասարակ հրեշտակ չեմ տեսել: Հրեշտակներն ինձ անտեսանելի են, իսկ ահա  Բոթեմիչի դեմքը գիշեր ու ցերեկ աչքիս առաջ է: Բոթեմիչը հայտնի է ողջ գնդում,  ենթասպա է և գիշեր ու ցերեկ նրա  արածն այն է, որ հայհոյում է` զինվորներին, հակառակորդին, ինքն իրեն… Բոթեմիչի միջից հայհոյանքն ու պարծենկոտությունը հանես` տակը կմնա ճլորած,  վախեցած, մի  քիչ փնթի տղամարդ, որ սահման է պահում, մի քանի կոպեկ փող է առնում, ընտանիքի հոգսը հոգում: Նրա հայրենասիրությունն էլ է հայհոյանքի մեջ արտահայտվում, դժգոհությունն էլ, ուրախությունն  ու թախիծն էլ: Դենքին նայես` կսարսռաս: Չգիտեմ ինչպես կամ ինչ պատճառով` այլանդակվել է նրա դեմքը: Թե իրեն հարցնես` թուրքի գնդակից է այդպես եղել, իսկ թե ուրիշներին լսես` ինչ-որ ժամանակ ինչ-որ կին վրեժ է լուծել նրանից…

Ու հիմա  Բոթեմիչին առաջին անգամ տեսնողը սարսափում է, մանավանդ, որ նա  չի կարողանում աջ աչքը փակել ու քնում է աչքը բաց: Ո՞վ է նրա անունը դրել, ոչ ոք չի հիշում: Ոչ ոք մի կարգին չգիտե, թե ինչ է նշանակում այդ: Նույնիսկ կատակով պատմում են, որ մի անգամ անծանոթ մարդիկ գնում են նրանց բակը և կնոջը հարցնում, թե ո՞րն է Արթուրենց տունը: Կինը մտածում-մտածում ու պատասանում է, թե` էս տանը Արթուր անունով մարդ չի ապրում:

Բայց ես հիմա Բոթեմիչի ցավը չեմ, այլ` իմ: Կրակոցից հետո ընկա գետին և առաջին պահ կարծեցի` մեռած եմ, բայց հետո հասկացա, որ գնդակը համարյա դեմքիս քսվելով է անցել: Ի՞նչ ձայն հանեց… Չէ°, ոնց էլ փորձեմ, չեմ կարողանա նրա ձայնը վերարտադրել: Բայց դա կարևոր չէ: Դիմացի սարին թառած ու մեր դիրքերը հսկող թշնամին հսկում է ինձ և  երևի ինձ նման մտածում է, թե գնդակը տեղ է հասել: Ես անշարժ պառկում եմ ու աչքի պոչով շուրջս եմ նայում մի կարգին ձորակ, խելքը գլխին մի թումբ, մի փոսորակ գտնելու համար, ու չեմ գտնում: Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի այս հատվածում` ձոր ու բլուր, քար ու քռա` որքան ուզես, իսկ այն տարածքը, որի մեջ ես եմ հայտնվել, հարթ է ափիս պես: Ձորակ կա, բայց մինչև այնտեղ հասնելը մի երկու հարյուր մետր ճանապարհ պիտի սողամ: Թե կարողանամ սողեսող գնալ մի երկու հարյուր մետր, ձորակին կհասնեմ, թե ձորակին հասնեմ` հարևան հենակետ գնալը խաղ ու պար է: Բայց երկու հարյուր մետր գնալը հեշտ չէ: Պառկել եմ անշարժ: Ով գիտե` դիպուկահարի նշանոցի վրա ես դիակի նման եմ: Թե անզգույշ շարժում անեմ, հաստատ նոր գնդակ կստանամ ու վստահ չեմ, թե թուրքն այս անգամ էլ կվրիպի: Թե ասեմ` վախենում եմ, չէ: Վախ չկա, պարզապես չեմ ուզում հիմար մահով մեռնել: Թե կռվի մեջ լիներ` ուրիշ, թե կարգին մահ լիներ` էլի: Հիմա պառկել եմ ու ինձ նապաստակի տեղ եմ դնում, իսկ իր դիրքում` դիպուկահարը  դեմքին առած ասկյարին` որսորդի:

Նորից ուշադիր նայում եմ շուրջս: Իմ գլխավերևում պահակի նման կանգնել ու իր վառված, մրոտ կմախքն է  տարուբերում մի փուշ: «Քարաշատ Հայաստանի մեջ իմ պաշտպանն ու պահապանն էս փո՞ւշը պիտի լիներ»,- ինքս ինձ ձեռ եմ առնում ու ծիծաղս գալիս է: Լաց լինելու բան է, բայց ես ծիծաղում եմ: Ծիծաղից մուր է լցվում աչքերս ու բերանս: Հա°, մոռացա ասել, որ գետինը վառված է: Երեկ էր. շտաբից լուր եկավ, թե.«Հակառակորդը հրդեհել է անցած տարվա չոր խոտը և քամին կրակը բերում է մեր դիրքերի ուղղությամբ: Պետք է հավաքել հեռախոսագիծը»:

-Հվաքիլ տենք,- իրենց բարբառով հաստատեց  Բոթեմիչն ու հասկացանք, որ այլընտրանք չկա:

Ա՛խ, այդ հեռախոսագիծը: Կրակ ու պատիժ է դարձել մեզ համար այդ անկապ  կապը: Փռված է գետնին: Մեկ այդ կողմում արածող նախիրն է ոտնատակ տալիս ու կտրում, մեկ պատահական ինչ-որ մեկին է պետք լինում այդ բարակ, ամեն ինչ կապելու համար հարմար լարը և գալիս, իր ուզածի չափով կտրում, տանում է, մեկ էլ հրդեհը…

Հեշտ է շտաբում նստած հրաման արձակել`  կապի լարը հավաքեք: Հրամանի համաձայն կապի լարը  հավաքել կամ թշնամու կրակակետի տակ գտնվող որևէ այլ գործողություն կարելի է կատարել միայն գիշերով: Իսկ հիմա, եթե սպասենք մինչև գիշեր` գիծը կրակի բաժին կդառնա: Պատասխանատվությունը ո°չ Բոթեմիչն է ցանկանում իր վրա վերցնել, ո°չ մի ուրիշը:

-Որ վառած լարի փոխարեն ստացած աշխատավարձս տամ, բա էրեխեքիս ինչո՞վ պահեմ,- պատճառաբանում է նա, իսկ շտաբը  գրավոր  հրամանը բանի տեղ չդնելով բանավոր կերպով հրամայում է` գիծը հավաքեք:

Կապավոր Արսենին ու Կարենին ուղարկեցի: «Զգույշ եղեք»,-ասացի, չնայած ինքս էլ հասկանում  էի, որ փորձանքը նրանց զգույշ լինելուն չի նայի: Գարնան պայծառ կեսօր, ու դաշտի մեջ, թշնամու քթի տակ կապի գիծ հավաքող զինվորներ: Կրակը գալիս էր պատի պես: Քամին քշում, ծուխը լցնում էր տղաների աչքերը: Ժամանակ չէր մնում մտածելու, թացն ու չորն իրարից տարբերելու ժամանակ չէր մնում: Շտաբի հրամանի ու թշնամու գնդակի միջև կրակն էր, Բոթեմիչի հայհոյանքն ու տղերքը:

Բոթեմիչը յուրատեսակ վերահսկիչի դեր է կատարում, բայց ոչ մի պատասխանատվություն չունի: Ողջ պատասխանատվությունն ինձ վրա է:Ես եմ հենակետի ավագը: Մեկ մտածեցի` ետ կանչեմ  տղերքին,  բայց հիշեցի անցած տարվանը: Տղերքն անուշադիր էին եղել: Գետնին փռած հեռախոսալարը նախի՞րն էր ոտնատակ արել, թե՞ մի ճարպկորդի կտրել-տարել էր, չգիտեմ: Կանչել էր կապի պետը դիրքի ավագին ու մշակում էր.

-Հարյուր  քսան հազար դրամ կմուծես, որ տուն գնաս:

Հարյուր քսան հազարն ավագի ո՞ր գրպանից էր թափվում, որ մուծեր: Համարձակություն չուներ ասելու` գայիր, հավաքեիր: Ես սահմա՞ն պահեմ, ես  սահմանապահ տղերքի՞ն պահեմ, թե՞ քո անտեր մալուխը:

Չէր ասում: Ասեր` ավելի վատ կլիներ: Խեղճացել, կանգել էր ու մտքում էր պատասխանում: Էդ մտքի լարվածությունը, էդ  լուռ դիմադրությունը զգում էին պետի գրգռված նյարդերն ու դրանից ավելի էր կատաղում:

-Թե դու առանց գումարը մուծելու բանակից ազատվես` ես իմ…

Ու հայհոյանքի պարանը կախվում էր շուրթերից: Ավագն աչքերով դիմադարձում էր էդ հայհոյանքներին ու կիսաձայն, բայց  հաստատակամ քրթմնջում.

-Մի հայհոյիր, հրամանատար:

-Ո՞նց չհայհոյեմ, ձեր արածի համար պատասխան տվողը  ես եմ:

-Ի՞նչ անենինք` նախրապանը հայ էր:Ասում, զգուշացնում էինք, վրան չէինք կարողանում:

-Խփեիք… ես դրա մերը,- կարմրատակած գոռում էր պետը:

-Բա ինչի՞ ենք թշնամու գնդակի առաջ կանգնել, որ մերոնց էլ խփենք,-տարակուսեց ավագը… Իսկ պետին իր թակարդ ընկնելն ավելի զայրացրեց ու սկսեց պնդել իրենը.

-Չգիտեմ, մինչև հարյուր քսան հազարը չմուծես, չեմ ստորագրելու:

Չիմացա` նրանց վեճն ինչով ավարտվեց: Բայց վստահ եմ, որ այդ վեճի մեջ պարտվողն էլի ավագն է լինելու:

Հիմա պառկել եմ փշի պաշտպանության տակ ու մահն ինձ համար սարսափելի չէ: Մենակ թե մերոնց եմ խղճում: Երեկվա օրն ավելի ծանր էր, քան այսօրվանը: Երեկվանը ծանր էր, քանի որ տղաների համար պիտի պատասխան տայի: Իսկ նրանք արագ-արագ հավաքում էին գիծը և վազում: Հետևից գալիս էր կրակը: Քամին ուժգին փչում էր և սահմանին մնացած,  անցած տարվա չհնձած չոր խոտը վառվում էր բարձր ճթճթոցով…

Ես խրամատից տեսնում էի ամեն ինչ ու թշնամու վրա կրակ բացեցի: Թող ուշադրությունը շեղվի, մինչև տղերքն իրենց գործն ավարտեն: Բոթեմիչս լուռ էր, մկան ծակին հազար թուման տված, թաքնվել էր խրամատի խորքում, իբրև  չէր տեսնում, որ ես  գնդակ եմ  «փչացնում»: Թե կանոնակարգին նայես` կրակել չի կարելի: Ամեն կրակած փամփուշտի համար պիտի բացատրագիր գրես: Բայց թե թշնամու աչքը չվախեցնես, ատամներդ կհաշվի: Ու ես կրակահերթ եմ թողնում թաքնված դիպուկահարի ուղղությամբ: Մեկ անգամ, երկու…մաղում եմ: Ու նա ուզած-չուզած զգուշանում է, թեքվում իմ կողմը: Քիչ անց զգում եմ, թե գնդակն ինչպես է սուլում ականջիս տակ, բայց ուշք ու միտքս տղաներն են:

Աչքի պոչով նկատում եմ, որ նրանք արդեն թմբի գլխին են: Մի կարճ կրակահերթ էլ եմ բաց թողնում թշնամու դիրքերի կողմը և տղաներն անցնում են  թմբի հետևը:

Իսկ հրդեհի կրակը գալիս է կատաղածի նման և մի քանի ժամվա  ընթացքում շրջապատը վերածվում է մոխրադաշտի:

Երեկ լավ պրծանք, իսկ այսօր շտաբից պահանջում են կապը վերականգնել: Հրդեհն ավարտվել է, հո առանց կապի չե՞նք մնալու: Իրենք հրամայողն են ու պահանջում են: Պետերից ոչ ոք չի համարձակվում առաջին գիծ գալ: Բոթեմիչին բերել են` իբրև իրենց ներկայացուցիչ ու… պրծավ:

Մի քանի օր առաջ շտաբի փափկասուն մի կապիտան եկել, հասել էր մինչև կողքի ապահով հենակետն ու չէր համարձակվել մեր դիրք գալ: Մեր դիրքը թշնամու դիրքից ցածր  է ու`  կրակի տակ: Չէր համարձակվել մեզ մոտ գալ ու հրամայում էր հեռախոսի մեջ.

-Ավագ, քարտեզներն ու հաշվետվությունները մեկին տուր, թող բերի:

Ասում է` մեկին տուր: Պատասխանատվությունն իր վրայից վերցնում, դնում է իմ վրա: Մեկին տուր… կարծես այդ մեկին պապոնց տուն` գաթա ուտելու եմ ուղարկելու: Թշնամու զինվորը, աչքը նշանոցին`  մարդ է փնտրում, իսկ ինքը… Ինքը վախենում է իր տեղից ելնի, գա, հասնի մեզ: Բա որ կրակե՞ն: Ինքը մայր, կին, երեխա ունի, իսկ էդ մեկը… Պատի ծակից է ելել ու անտեր թռչնաձագ է:

-Մեկն ո՞վ է, Բոթեմիչ,- մեխանիկորեն հարցնում եմ ես,- ո՞ւմ ասեմ` շտաբի անփույթ աշխատանքի պատճառով քեզ վտանգի ենթարկիր:

-Դու է՛լ,-իրեն հեռու է պահում Բոթեմիչը,- եղած-չեղածը մի քանի թուղթ է էլի… Ես քեզ ասու՞մ եմ` ուղարկիր, որ ինձ ես կպել:

-Բայց ախր ասում է` թե չհասցնես`  և՛ քեզ համար  վատ կլինի, և՛ ինձ:

Ես հազիվ եմ զսպում ինձ, որ աշխարհի ամենատարաշխարհիկ  հայհոյանքներով չնախշեմ թե՛ շտաբի պետին, թե՛ Բոթեմիչին: Արդեն հասկացել եմ, որ իմ գլուխն եմ վտանգի տակ դնելու և ոչ ոքի չեմ ուղարկելու: Դառնում եմ տղաներին.

-Մի քանի փաստաթուղթ կա, հարևան հենակետը պիտի տարվի: Ո՞վ կտանի:

Գիտեմ, որ այստեղ հրամանի տեղ չէ, գիտեմ, որ հրամանով բանի չես հասնի: Բացի այդ, եթե հանկարծ մեկին մի բան պատահի, շտաբի պետն իրեն չհասկացողի տեղ կդնի, ջրից չոր դուրս կգա, կժխտի, որ հրաման տվողն ինքն է եղել:

Նայում եմ տղաներին, ոչ մեկը չի ցանկանում կյանքը վտանգի ենթակրել: Տեսնում եմ, որ այստեղ էլ վտանգի առաջ մնացել եմ մենակ:

-Լավ, ես կգնամ,- ասում եմ հանգիստ:

-Ես հետդ կգամ,- առաջ է գալիս  Սաքոն:

-Չէ,- կատակում եմ,- թղթերը ծանր չեն:

Ելնում եմ, քարտեզներն ու հաշվետվությունները ծալում, դնում եմ թևիս տակ, երեսիս  խաչ եմ հանում ու քայլում եմ առաջ: Ճանապարհը թշնամու ափի մեջ է: Նրա` սարին թառած դիրքերից դաշտով քայլող զինվորին չտեսնելը կուրության հավասար բան է: Քայլում եմ` մտքիս մեջ աղոթք շշնջալով: Եվ մեղքս գալիս է Աստծուն: Էդ Երկնավորը, էդ Ամենատեսը, էդ Ամենազգայունը որքա՞ն շտկի իմ, շտաբի պետի, զինվորի, հրամանատարի… պաշտպանության նախարարաի, հանրապետության նախագահի… սխալները: Աստված ու՞մ լսի: Թշնամու զինվորի՞ն, որ, ո՞վ գիտե հիմա հրացանն երեսին առած Նրանից աղերսում է, որ  սպանելու  ուժ տա իրեն, որպեսզի քաջության համար մի քանի օր արձակուրդ ստանա,  թե՞ ինձ, որ Նրան խնդրում եմ անփորձանք պահել ինձ ու հասցնել սպասող ծնողներիս: Բայց թե ի՞նչ ասեմ. մենք Իրենն ենք, ու թե Ինքը չտեսնի մեզ, թե Ինքը չպահի ու պահպանի մեզ, ուրիշ էլ ո՞վ…

Հասնում եմ հարևան դիրք ու շտաբի սպայի աչքերը լայնանում են: Արդարանալու համար ձևեր է թափում.

-Ինչու՞ դու բերեցիր:

-Ասում ես, էլի, հրամանատար,- արդեն հանգստացած պատասխանում եմ, ու՞մ երեխային գնդակի տակ դնեի:Դու գիտես, որ թշնամու կրակակետից էս դաշտի ամեն մի  թուփն ու խոտը երևում է: Ո՞ր զինվորին ասեի` գնա, գնդակի տակ:

Խպան լռում է: Ակնարկը թափանցիկ է: Փնչփնչում է տռուզ փորը շորորացնելով, մի քիչ  կուչ ու ձիգ է գալիս, հետո նստում է իր ամենագնացն ու սլանում է դեպի իր շտաբի տաքուկ աշխատասենյակը, ուր ո՛չ թշնամու գնդակներն են հասնում, ո՛չ էլ ինձ նման փշոտ մեկը չասած բառերով կարող է կշտամբել իրեն: Ես հարևան հենակետում մնում եմ մինչև մութն ընկնելը, քանզի բախտին ու Աստծուն փորձել չի կարելի:

… Իսկ հիմա պառկած եմ փորի վրա, գլուխս հայրենի երկրի փշին հենած:Խանձած դաշտի մեջ, հարթ ու տափարակ այս արտում իմ պահապանը, հույսը, ապավենն Աստված է ու Նրա տված այս կիսայրված փուշը: Աստծուն չեմ տեսնում, իսկ փուշն ահա կանգնած է  գլխիս վերևում:

-Ինձ շիրմաքար չդառնաս, փո°ւշ,- բարձրաձայն դիմում եմ նրան:

Չէ, ձայնս թշնամուն չի հասնում, սակայն զգուշանում եմ իմ բոլոր բջիջներով:

Դիպուկահարի գնդակի հանած մոխրափոշին ընդամենը մի փշուր է, բայց ասես սարսափելի ամպ լինի, որ իմ երևակայության մեջ ամբողջությամբ ծածկել է ինձ:

Աչքի պոչով նայում եմ մոտակա ձորակին: Եթե հանկարծակի մի ցատկով ինձ նետեմ ձորակը… Հաշվում եմ. դա կտևի  20-30 վայրկյան: Կհասցնեմ, մանավանդ, որ թշնամին կարծում է,  թե ինձ սպանել է: Մինչև նորից նշան բռնի…

Ես ցատկ եմ կատարում ասես ինձնից անկախ:Կարծես մեկն ինձ հանում է պառկած տեղից և ասում` վազիր:Վազում եմ կուզե-կուզ, ոլոր-մոլոր: Ձորակի եզրին եմ արդեն և գլխավերևումս բզզում են գնդակները… «Ինքնաձիգի կրակահերթ է»,-ասում եմ մտքում և գլորվում եմ ձորակի մեջ: Գլոր-գլոր իջնում եմ զառիվայրը և ինձ մի կերպ պահում եմ բարակ առվակի կողքին: Չգիտեմ` ո՞ղջ եմ, թե՞ մեռած, չգիտեմ` վիրավո՞ր եմ, թե՞ չէ:

Այսպես պառկում եմ մի քիչ` աչքս երկնքին տնկած:Կապույտ անսահմանության մեջ մի սևաթև թռչուն է լողում: «Տեսնես թռչունն ինձ տեսնու՞մ է»,- մտածում  եմ ու ձեռքով եմ անում նրան, հետո մտքիս մեջ խոսում եմ հետը.«Թե ինձ տեսնում ես, տղաներին լուր տուր, թող կրակով շեղեն թուրքի ուշադրությունը»:

Ասում եմ ու ծիծաղում սեփական հիմար-զգացմունքայինության վրա: Ծիծաղում եմ նաև Սերժոյի Դըբըռի ինձ տված դասի վրա: Ինքը` բանակ գնացած-էկած տղա` ես զինակոչիկ: Բակում կանգնել, ինձ դաս էր տալիս.

-Ըսենց կանես, ախպեր… Կասես` ճիշտը մեկն ա ըլնում…

Հիմի կանչես, ասես.«Ախպեր, ճիշտը մեկն է, էս պահին թուրքի ճիշտն ինձ սպանելն էր ու ես սխալ հանեցի նրան»:

Մտքերը գալիս են իրենք իրենց: Չեն հարցնում` ես ուզու՞մ եմ, որ իրենք գան, թե՞ չէ:Գալիս են, իսկ ես կամաց շարժվում եմ տեղում: Կարո՞ղ է վիրավոր եմ ու չեմ հասկանում, տաք եմ: Վեր կենալ, կանգնել չեմ կարող. ձորակն այնքան խորը չէ, որ ամբողջ հասակով կանգնեմ: Ծնկաչոք մնում եմ առվի եզրին: Առուն խոխոջում է: Նրա համար մեկ է` իր ջուրը հա՞յը կխմի, թե՞ ադրբեջանցին, պախրա՞ն, թե՞ օձը: Խոխոջում է իր համար…

Ես ծնկած նախ ձեռքերս եմ լվանում, հետո` երեսս ու ձորակն ի վեր, թշնամու աչքից թաքնվելով, շարժվում եմ առաջ: Գնում եմ կուզեկուզ: Եթե ձորակն ի վեր գնամ, կհասնեմ Սևոյի դիրքին: Այնտեղից մեր դիրք հասնելը հեշտ է: Մթնով կհասնեմ «տուն», հետո  կմտածեմ, թե ինչպես բացատրեմ շտաբին, որ այսքան ժամանակ կապը չի վերականգնված:

Ամեն անգամ մերոնք զանգում են ու ես հավատացնում եմ, որ շատ լավ եմ, ոչ մի խնդիր չկա: Ասենք` նվնվամ, հո հայրս չի՞ գա իմ փոխարեն ծառայի: Մարդն առանց այն էլ հիվանդության ու գործի արանքում կես է լինում:

Մի անգամ, զանգեց, երբ  կրակում էին: Նրանք կրակում էին, մենք`  պատասխանում:

-Էդ ի՞նչ ձայներ են,-հարցրեց,- կրակոցի՞:

-Չէ,- ասացի,- ի՛նչ կրակոց, տղաները փայտ են ջարդում:

Հիմա կամաց-կամաց առաջ եմ գնում և արդեն Սևակի դիրքի մոտ եմ: Արևը մայրամուտ է թեքվում և ես հանկարծ զգում եմ, որ քաղցած եմ: Առավոտնից մի բաժակ թեյ է եղել խմածս ու  ամբողջ օրը նապաստակի դեր եմ խաղացել: Թուրքի նշանոցին նստած նապաստակի: Չէ, ես հո Բոթեմիչը չե՞մ, որ պատասխանը չտամ: Թե թշնամուն չպատասխանեմ, շատ կլպիրշանա, կկարծի` աչքս վախեցրեց ու էլ չեմ համարձակվի իր դիրքի կողմը նայել:

Ձորակից դուրս  եկա ու լանջն ի վար մոտեցա   դիրքին.

-Կանգնիր, ո՞վ է գալիս,- ժամապահը շրխկացրեց փակաղակը:

-Սպասիր,- կարգուկանոն մոռացած`  կանչեցի  ես,- ես եմ, հարևան դիրքի ավագը:

-Պառկիր,- հրամայեց ժամապահը:

Ճարս ի՞նչ, պառկեցի ու պառկած տեղից ձայն եմ տվեցի.

-Թուրքը պառկեցնում է, դուք պառկեցնում եք, շան տղերք, էսօր իմ  պառկել-մնալու օրը հո չէ՞: Սևոյին կանչի:

Սևակը շուտ եկավ, անմիջապես գլխի  ընկավ`  ինչն ինչոց է: Գրկեց, համբուրեց ինձ.«Կներես, ախպեր»…

 

***

…Կեսգիշեր էր, երբ «տուն» հասա: Ժամապահն արագ ճանաչեց: Մտա  հողատնակ: Տղաների մեծ մասն արթուն էր, իսկ Բոթեմիչը նստել էր սեղանի մոտ ու ձեռքն երեսին հենած նայում էր դռան կողմը: Ձայն չէր հանում: Քնած էր: Նրա բաց,  արդեն քանի տարի չքնած աչքը նայում էր խավարին, հավանաբար փնտրելով  իր երեսունհինգ տարեկան չգտնված ինքնությունը:

 

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք