Թևավոր ճոճանակ

Հեղինակ:

(հատված վեպից)

Ֆյոդորը ամբոխի միջից տեսավ՝ ինչպես է մրցուղում երկաթե հատվածամասերը զրնգացնելով, տեղից շարժվում հսկայական սաղավարտներով փոքրիկ մրցարշավորդների կազմը։ Ակնոցավոր մի փոքրիկ համարյա պառկել էր, որպեսզի կարողանար հասնել ղեկին։ Ծիծաղելով, խոսելով ու հայացքներ փոխանակելով, կորցնելով զույգին ու խիստ հանդիմանություն ստանալով՝ երեխաները պտույտ գործեցին։ Հանկարծ կողքից ճղճղան ձայն լսվեց․
-Սա հենց այն Րեբրո՞վն է։ Հա այդ չաղը կկարողանար Կապիտոնովից առաջ անցնել, եթե միայն Վիկտորը ի վիճակի լիներ հեծանիվը գլխավերևում պահելով վազել։
Բարձր ծիծաղի ձայն լսվեց։ Ֆյոդորը, խոժոռվելով, հայացքն իջեցրեց ներքև ու հետևում նկատեց հեծանվային հագուստով մարզված դեռահասների` անքաղաքավարի տարակույսով ուսումնասիրող նրա գեր մարմինը։ Խոսողը բավականին բարձրահասակ, դիստրոֆիկ արտաքինով, ասես ճիպոտ հիշեցնող ձեռքերով և բարակ հաստոսկր ձողիկ-ոտքերով տասնհինգ տարեկան տղա էր։ Նրա կողքին խորը տեղավորված երկնագույն աչքերով կարճահասակ մի ծերուկ էր կանգնած։ Վեր քաշելով շալվարը՝ նա ոտքը դրեց եզրազարդին և ուրախ նայեց Ֆյոդորին։ Նա Ռուսաստանի հեծանվորդային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչն էր՝ Սոլոմոն Վոլկովը, Րեբրովին ու Կապիտոնովին երբեմնի մարզած։
-Րեբրովը նույնիսկ այս վիճակով, առանց որևէ մեկնակետի, քեզնից առաջ կանցնի,- ասաց նա՝ խորամանկ ժպտալով։
-Ի՞նձ,- շիկնելով բացականչեց տղան,- թող միայն փորձի,- գոռոզաբար ավելացրեց նա։ — Ես գործող առաջին տարակարգիկ եմ, իսկ չաղը․․․ Ինչի՞ վրա կարելի է հույս դնել իր տարիքում։
Նա գլխով շարժում արեց՝ ընդարմազերծելով վիզն ու ուսերը։ Եվ, անվստահորեն ժպտալով, ծուլաբար խույս տվեց Ֆյոդորից ու շրջվեց ընկերների խմբակի կողմը, որոնք հետաքրքրությամբ նայում էին մարզչին՝ սպասելով վեճի շարունակությանն ու պատրաստ որևէ նոր կատակի վրա ծիծաղելուն։
-Միջազգային կարգի սպորտի վարպետները նախկին չեն լինում, Կուզյա,- վերջապես ասաց ծեր մարզիչը։ -Այն, ինչ դու ողջ կյանքս ես երազել, նա արդեն հասցրել է նախաճաշելիս անել, ու նույնիսկ օրատետրում չի նշել։ Եթե անգամ այդ տղան ութսուն տարեկան էլ լիներ, մեկ է, նրա չեմպիոնական խառնվածքը չէր փոխվի։ Ֆյոդոր, մարտահրավերը կնդունե՞ս։
«Մանկապարտեզ է,- մտածեց նա։ — Ես վաղուց եմ մեծացել այդ մարտահրավերների համար։ Ո՞վ եմ ես իմ երեսուն տարեկանում։ Փող աշխատելու մեքենա։ Ես վճարում եմ կոմունալ վճարումները։ Ես մոռացել եմ՝ ինչպես են մեխում մեխը, իսկ սրանք ուզում են, որ աստղաթիռ կառուցեմ։ Ես մեքենայի դռան արանքում եմ մնում, իսկ ինձ խնդրում են Էվերեստ բարձրանալ։ Ի՞նչ կարիք կա վտանգի տակ դնելու սեփական արժանապատվությունը։ Իսկ եթե չստացվի՞»։
Նա աղերսանքով նայեց Կիրային, որն այդ պահին, մազակալը բերանում պահած, հավաքում ու պոչիկ էր կապում Անժելայի շիկակարմիր վարսերը։
-Ֆյոդոր, ինչի՞դ է պետք այդ անմիտ ռիսկը,- հարցրեց նա։ — Ապա քեզ նայիր։ Դու գեր, ոչ սպորտային մարդ ես։ Քո տեղը բազմոցին է՝ հեռուստացույցի մոտ, սրճարանում՝ քաղցրավենիքով, ավտոմեքենայում, որը ջեռուցված է։ Քո անոթներում խոլեսթերինային գոյացություններ կան։ Նույնիսկ չմտածես համաձայնել, քեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Դու կտապալվես ու կկոտրես վիզդ։ Սիրտդ կկանգնի։ Հեծանիվի պոմպը ամբողջապես կծակի քեզ։ Կմեռնես։
Լսվեց երիտասարդ սպորտսմենների ծիծաղն ու ծեր Վոլկովի հռհռոցը։ «Շնորհակալություն, թանկագին Կիրա,- մտածեց Ֆյոդորը։ — Հիմա ստիպված եմ շարժվել»։ Շնչելը դժվարացավ, սիրտը սեղմեց։ Նա լիզեց չորացած շուրթերն ու նայեց Իլյա Մյախկովին։
Վերջինս, ձեռքերը կրծքավանդակին միահյուսած, կանգնել էր Անժելայի կողքը։
-«Փետրաներքնակին պառկելով կամ փափուկ տեղ նստելով՝ փառքի չես արժանանա»,- շիկնելով ասաց գրողը։
-Մի պտույտ,- ասաց Րեբրովը՝ ծուլորեն իջնելով հեծանիվից։
-Ինը,- ասաց ծեր մարզիչն ու իր գունազուրկ աչքերով նայեց Ֆյոդորին ու Կուզմային։ -Այլ կերպ Կուզման շանս չունի։
Կուզման ու Ֆյոդորը տարակուսանքով նայեցին Սոլոմոն Վոլկովին։ Առաջինը զարմանքից, երկրորդը՝ վախից, որ դրույքը բարձրացված է իննով, իսկ գումար անգամ մեկի համար չկա։ «Մի՞թե նա հավատում է ինձ»,- ոգևորությամբ մտածեց Ֆյոդորը։
Վոլկովը, ով Րեբրովի մարզիչն էր նրա փոքր ժամանակից սկսած, ճիշտ հակառակը, նրա անցյալի հզոր ֆիզիկական տվյալներից այլևս ոչինչ չէր տեսնում, և այդ թիվը բախտաբերի արտաբերեց, ըստ սովորության ավելացնելով բեռնվածությունը։ Սակայն նա նաև վստահ էր, որ այդ բեռնման պատահական ավելացման հետևում իր փորձառությունն է․ տարիների ընթացքում պարապմունքների շնորհիվ հղկված վարպետների չեմպիոնական տեխնիկան։
Լուսավոր զգացումով ուսումնասիրելով տարակուսող անբարեկազմ Րեբրովին՝ Սոլոմոն Վոլկովը մտաբերում էր, ասես հիշողության հեռուներից բեռնաթափելով, թե ինչպես էր Ֆյոդորի խստաբարո հայրը կարճ շալվար հագած դեռևս փոքրիկ տղային հեծանվային մրցուղի բերել, ինչպես էր վերջինս տարվում մարզումներով, պարտվելով ինչպես էր լաց լինում ներքնակների հետևում, հաղթանակ տանելիս ինչպես էր երախտապարտությամբ գրկախառնվում մարզչին, ինչպես Եվրոպայի չեմպիոնատի ժամանակ հաղթեց անգերազանցելի Կապիտոնովին։ «Ափսոս, որ նա թողեց հեծանվասպորտը, բայց, երևում է, որ մեկ այլ տեղ իրական չեմպիոն է,- ափսոսանքով ու հպարտությամբ մտածեց ծեր մարզիչը։ — Սակայն այդ ես եմ նրան սովորեցրել մարզվել, ես եմ սովորեցրել ոտքի կանգնել ընկնելուց հետո, ես եմ սովորեցրել հաղթանակել։ Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն կլինի նրա որդին»։
Սոլոմոն Վոլկովը տասնյակ հայտնի չեմպիոնների էր մարզել, ու խորհում էր ուժեղ մարդկանց հատուկ՝ գերձգտումների ու մեծագույն հաղթանակներին հասնելու կերպով։
Ամեն տարի նրա մոտ նոր տղաներ էին գալիս, հետո գնում էին, ու ամեն դեպքում, հարկավոր էր շարունակել աշխատել։ Ծեր մարզիչը նայեց շուրջբոլորը, նկատեց դեռահասների գիսախռիվ գլուխները, մրցուղում տեսավ զավեշտական յոթտարեկաններին ու իր աշխատանքի համար հպարտություն ապրեց։
«Գրողը տանի, հուզառատ եմ դառնում»,- քրթմնջաց նա։
Նրանք բոլորը դեպի տրեկ բարձրացան, փորձելով չխանգարել մանկական խմբակին՝ ճաղաշարի մոտ կանգ առան։ Կիրան, տեղավորվելով երկար նստարանին, դեպի իրեն սեղմեց Անժելային։ Ծեր մարզիչը Րեբրովին հանձնեց հին բարի, թաթավոր անիվներով Colnago-ն, կոճկեց կաթիլանման սև սաղավարտը, ու ապա օգնեց ոտնաթաթերը ոտնակների վրա տեղավորել։
Ֆյոդորը հաճելի անհանգստություն ապրեց՝ որսալով մրցման ծանոթ համարձակությունը։
Ներշնչելով ծածկի ռեզինե հոտը՝ նա ներքևի հատվածով թափընթաց շարժվեց, հանկարծ ինքն իրեն բռնեցրեց այն մտքի վրա, որ մոռացել է՝ ինչպես շարժվել։ Վստահության զգացումը փոխակերպվեց վախի՝ թե ինչ է պատահելու շուտով։ Սակայն պարտվել նա չէր սիրում։ Երեխաների մի խումբ աղմկելով ընթացավ նրա կողքով։ Ինչ-որ ակնոցավոր փոքրիկ զարմացած նայեց գիրուկ Ֆյոդորին։
Վերջինս զգուշաբար բարձրացավ տրեկի թեք հատվածով, որտեղից ընթանում էին բարձր արագությամբ և կտրուկ աջ շրջվեց ու անմիջապես դղդրյունով մի կողմ տապալվեց։ Վեր կենալով, նա նայեց շուրջը, նկատեց մարզված դեռահասների ծաղրական դեմքերը, Անժի սրտառուչ անհանգստացող աչքերը, և էլ ավելի նյարդայնանալով իր անհեթեթ մրցելույթից՝ հեծանիվը ավելի արագ ու համարձակ վարեց․ «Ի՞նչ մնաց որ, երեք կիլոմետր ջանալ, դա մի երկու րոպեի գործ է,- ինքն իրեն գոտեպնդում էր՝ հիշելով ժամային կողմնորոշիչները։ -Ես միայն կփորձեմ, իսկ այնտեղ ինչ լինում է, թող լինի»։
Նա ինքնավստահորեն սլացավ՝ մերթ-մերթ ցույց տալով սպիտակ հաստ սրնքամսերը։
«Ինչպե՞ս ես այստեղ հայտնվեցի, ի՞նչ եմ անում հիմա ու ու՞ր կտանի այս ամենը,- մտածում էր նա։ -Ահա այսքանից հետո տղայիդ հեծանվասոպրտի տար»։
Ֆյոդորը խոժոռվեց։ Նա չէր սիրում մտքերի նյութեղենությունն ու այլ էզոտերիկ թեորիաները, սակայն տարօրինակ զգացողություններ ուներ։ Նա այդ պահին հստակ գիտեր, հենց պտտի ոտնակը, կսլանա առաջ, ճիշտ կրակե գնդի պես՝ արագ ու ավելի արագ, և իրեն անհրաժեշտ կլինեն բոլոր ուժերը, որպեսզի չայրվի ներքուստ և չայրի մտերիմներին։ Նա մարմնի բոլոր բջիջներով զգում էր, որ գոյություն ունի փոքրիկ մինչևը, որտեղ նա ապրում էր և պատրաստվում ողջ ընթացքում, և կա հսկայան հետոն, որում նա կհայտնվի՝ մեկնակետում պպտելով ոտնակը։
Ճակատագրապաշտությամբ վաղուց հիվանդացած Ֆյոդորին մեկնագծում կանգնեցրին Կուզյայի հետ միասին։ Ծեր մարզիչը փչեց փայլուն սուլիչը։
Ֆյոդորի գիտակցության մեջ ինչ-որ բան չրխկաց։ Մոռացվեցին հևքը, ավելորդ քաշը, վախերն ու կասկածները։ Մոռացվեց հանդիսատեսը։ Կար միայն ինքը՝ կարմիր հեծանիվի վրա հայտնված հեծանվորդը, և բարակոտն մրցակից -տղան՝ սպիտակ հեծանիվը վարող հեծանվորդը։
Ֆյոդորը ճարպկաբար ձեռքերն առավ ղեկը, սապատատախտակի պես ճկվեց և այնպես ուժեղ սեղմեց ոտնակը, ասես ուզում էր կոտրել այն։ Մյուս ոտքով, նույն ուժգնությամբ ամուր քաշեց հաջորդ ոտնակը։ Եվ շատ շուտով աստիճանաբար պտտեց-սլացավ։
Ինքն իր անվստահությունից գերագնահատել էր մրցակցի ուժերը։ Առաջին պտույտից հետո նա քսան մետրով Կուզյայից առաջ անցավ, իսկ չորրորդից հետո՝ արդեն հարյուրով։ Հանդիսատեսը՝ պապանձված ու հայացքներ փոխանակելով, նայում էին՝ ինչպես է գիրուկը սլանում կողքներով՝ կարծես բիլիարդի գնդակ դղրդացնելով անիվները, իսկ Կուզյան, ինքնավստահ Կուզյան, առաջին տարակարգիկը, ոնց էլ պտտում էր ոտնակները, մեկ է,  չէր կարողանում շրջանցել Ֆյոդորին և շփոթված տարուբերում էր գլուխը։ Դեռահասները քննարկում էին Րեբրովի տեխնիկան։
— Արմունկներից է,- ասում էր մեկը։
— Ոտնապտույտից է։
Ֆյոդորը մոտ էր դնում ոտքերը, չէր բարձրացնում գլուխը, ամուր էր պահում արմունկները, ազդեցիկ պտույտներ էր գործում։ Մանրուքները գումարվում էին ու առավելություն դառնում։
Մեկնարկելով իններոդ պտույտը, Ֆյոդորը հանկարծակի սկսեց շնչահեղձ լինել, ողջ մարմնով մեկ տկարություն զգաց և մտածեց՝ մեռնում է։ Նվազեցրեց արագությունը, իսկ շրջադարձ կատարելիս պպտեց ղեկն ու հեծանիվի վրայից զրխկալով մի կողմ շրջվեց։ Երեխայի պես, ասես բակային բլրակից սահելով, Ֆյոդորը նստատեղի վրա սլացավ՝ մի կերպ հենվելով ափերին։ Հեծանիվը, պտտվող ակով հանդերձ, վայէջք կատարեց նրա կողքը։
Կուզյան նրանից առաջ անցավ ու առաջինը հատեց ֆինիշը։
Ֆյոդորը վախվորած շոշափեց ինքն իրեն։ Մարզահագուստը արմունկի ու ազդրի աջ հատվածում ծակվել էր, սաղավարտը՝ մասերի բաժանվել, նստատեղը այրվում էր ցավից։ Կիրան, մարզիչն ու սպորտսմենները նրա մոտ վազեցին։
-Կիրա՛, ամեն ինչում դու ես մեղավոր,- մռթմռթաց Ֆյոդորը՝ պատառոտված ափից դուրս հանելով ծեղերը։

-Կմեռնես։ Կմեռնես։ Ես կարող էի հաղթել, եթե չլսեի կնոջը։

 

Թարգմանությունը՝ Սաթե Հովակիմյանի

 

 

Կարծիքներ

կարծիք