Մենք առանձնատուն ենք

Allo!

Кто говорит?

Мама?

Мама!

Ваш сын прекрасно болен!

Мама!

У него пожар сердца.

 

Владимир Маяковский

 

 

 

 

 

***

Մութ ու մամռապատ խորշում,

Լռություն էր տիրում բազմադարյան,

արկածախնդիր տղամարդը ով սիրում էր էկզոտիկ տափաստաններ,

եկավ տեսնելու թե ինչ կա նրա լաբիրինթոսում,

բացեց այն անզգուշորեն վնասելով նախամուտքը,

քայլեց դանդաղ՝ հետքեր թողնելով իրենից հետո,

և երբ արդեն տեղանքը գիտեր,

սկսեց վազել ծանոթ տարածությունում:

Բնակվելուց պարզվեց,

որ ամեն մի այցելություն

նոր տարածք բացահայտելու ակնթարթ էր, և տարբեր դիրքերում

նա հանգում էր նույն կետին:

Գարունը բնակվում էր ոչ թե  կաշվից այն կողմ, այլ երկու ոտքերի մեջ սեղմված կղզում,

որտեղ հանդիպումները ավելանում էին տարեցտարի:

 

***

Արևը մայր էր մտնում իսկ ես քո մեջ

 

***

Երեկվա կասկածներդ,

որ օրորում էին գլուխդ

այսօր նույնպես ապրում են,

բայց մի քիչ մթամած։

Երեկվա գլխիդ վհուկները

այսօր կերպափոխվեցին․

Սկզբից հասուն կնոջ տեսք ստացան կնճիռներով,

իսկ հիմա դեռատի աղջիկն է խաղում աչքերիդ դաշտում։

Երեկվա կասկածներդ անցած․․․ 24 ժամվա տենդն էր,

որ այսօրվա տարածությունում զով եղանակի տեսք ունի:

 

***

Մի երկու բաժակ կոկորդդ թրջելով

ներսիդ անապատները չես մաքրի:

 

***

Մետրոյի կայարանում հավաքվել են լքվածները,

որպեսզի նստեն մետրո ու  լսեն իրենց մենակությունը խմբով:

 

***

Հիշողությունները չեն վիրահատում,

մենք միայն կարող ենք ցավազրկել նրանց

և երբ գնալու ուրիշ տեղ չունենան

կգան նորից մեր մոտ

Իրենց փակելով աշխարհի ցրտից:

 

***

Իմ տեսած բնակավայրերը

այդպես էլ չգտա քո մեջ,

որովհետև ներսիդ շինությունը

այս աշխարհի հումքից չէր:

 

***

Քաղաքում մի նովել էր քայլում կրունկներով բարձր,

նրա ոտնաձայները շենքերի դեմքերն էին շոշափում

և թմբկահարում ուրիշ կանանց աչքերը։

Նա անցնում էր կրպակների կողքով

բարևում բակի ծերունիներին,

Որոնք նստած նայում էին նրան

իսկ հետո ներքև…

 

***

Իմ գրած բոլոր պատմությունները վերադարձ են դեպի քեզ:

 

***

Եթե արմատախիլ անես ինձ քեզնից, կհանդիպեմ քեզ ուրիշի դեմքում:

 

***

Լուսանքցդ նեղացավ  երբ բնակվեցիր իմ մեջ:

 

***

Կվերապրեմ քեզ…

Մաս առ մաս կդասավորեմ դեմքդ իմ մեջ

Ինչպես քարերն են շարում սիրուն տաճար կառուցելու համար:

 

***

Եթե ինձնից քո մասին ծաղկաքաղ ուզեն

ցույց կտամ  իմ աչքերը։

 

***

Գրում եմ սիմֆոնիայի մասին․

Իմ հասակին էր

Լանջը դեռահասության հետ միասին մի քիչ աճել էր,

Իսկ ոտքերը ամուր էին ու միաժամանակ  ցոփ,

Այսինքն հեշտանքին պատրաստ։

Աչքերը կույս էին

Ամեն ինչը կույս էր իր կյանքում

Մինչև հասունության գալը,

Մինչև Իմ գալը,

Շոր հանելու պահը,

Արյուն չտեսած լինելու,

Սպիտակ կտորին կարմիր ժպիտով չբարևելու պահը:

 

***

Գիտես անապատը ընկերներ ունի,

քամին ու արևը միշտ նրա կողքին են,

գիշերվա ցուրտն էլ իր կողակիցն է։

Բազմահազարանոց փողոցում մարդը անապատից էլ մերկ է

և չունի մեկը ցույց տալու համար իր օտարությունը

երկրի տախտակամածին կանգնած:

 

***

Անփույթ էի սիրո հարցում։

Սիրում էի մեկին՝ քնելով մյուսի հետ,

ու հետո վերնաշապիկի նման փոխելով՝

հասկանում էի, որ ամբողջ կյանքս հագուստ է:

 

***

Մարմինդ կշախաղեմ գինով ու համբույրներով կիջնեմ մինչև հատակդ:

 

***

Մեկս մյուսով լցված,

չգիտենք  առանձինը։

Որն է իմը, որը՝  քոնը

Մենք առանձնատուն ենք:

 

 

 

Կարծիքներ

կարծիք