Դահճի օրը

Թակոցը ցնցվող ապակուն տարածվեց խաղաղված տնով մեկ։ Կատուն վախից դեսուդեն նետվեց։ Պատուհաններին վրա հասավ մառախուղը՝ խիտ ու անշարժ։ Կի՞նն է։ Չէ, շուտ է․․. Սպասելով հաջորդ թակոցին՝ Վիկտորը վեր կացավ և, ընթացքում տրորելով  քունքերը, հատեց սենյակն ու դուրս եկավ սրահ, նյարդայնորեն արագացնելով քայլը։ Հանեց կեռիկը և դեպի իրեն քաշեց դուռը։ Վաղահաս հյուրը երրորդ անգամ էր հասնում ապակուն, բայց անմիջապես հետ քաշեց ձեռքը։
-Ի՞նչ է պետք․․․Նորի՞ց,- խռպոտ, խզխզացող քնատ ձայնով հարցրեց Վիկտորը, ճանաչելով մշուշի միջից հայտնված հարևանին՝ Տիմոֆեյին։
-Արա՛։ Փող կտամ,- հայացքը ոտքերի տակ հառելով՝ հառաչեց հարևանը։
Վիկտորը առանց որևէ զրույցի քայլ արեց նրա կողմը, բայց հանկարծ այնպես սասանվեց, որ ստիպված եղավ հենվել կողափայտին։
-Անխոս տանուլ կտամ, արդեն պատրաստ է,- նկատելով՝ ինչպիսի վիճակում է նա, հարևանը կրակի վրա յուղ լցրեց։
Վիկտորը կանգ առավ՝ մշուշը շնչելով։ Այս շաբաթվա ընթացքում հարևանը արդեն երրորդ անգամն էր, ինչ պտտվում ու հետամտում էր՝ օգնություն  ստանալու․ հսկեց ցանկապատը վերանորոգելու ընթացքում, հայտնվեց ավտոբուսի կանգառում, իսկ ահա հիմա  վաղաժամ տուն էլ  հասավ։
Երկարատև ոռնոցը հուսահատ աղերսանքով նրանց հասավ։
-Հեն է, լսու՞մ ես․․․
Անցյալ ամիս Տիմոֆեյը ընտանիքով աներոջ  տուն տեղափոխվեց։ Հիվանդություններից խեղճացած, Իվան Սամսոնիչն այլևս չէր քայլում։ Տունը աղջկա վրա էր գրված շատ ավելի վաղ։ Մահվանից մեկ գիշեր առաջ ննջեցյալը կապտել էր և փքվել։ Վիկտորը, մյուսների հետ միասին, ջարդուփշուր եղած ասֆալտի  ու սղուն ավազակավի միջով տանում էր ճիշտ չափերով պատրաստված մեծածավալ դագաղը։ Տան մոտից սկսած համատարափ անձրև էր տեղում։
Թաղումից հետո Տիմոֆեյը ողջ եռանդով անցավ ցանկապատը, անխնամ մնացած բոստանն ու ծռված շինությունները նորոգելուն։ Նա հասցնում էր ամենուր։ Ժամանակ առ ժամանակ ծխելով, ասես մտովի հաշվարկում էր՝ օրըստօրե որքան է մեծանում տան ու հողամասի արժեքը։
Իրականում, սակայն, սեփականության ամենաերևացող տեղում նա էր, ում հետ պայմանավորվելը ոչ մի կերպ չէր ստացվում։ Քանի տան տերը կենդանի էր, Բուրանը, միայն խոժոռադեմ նայվածք ձգելով, թույլ էր տալիս անցնել և՛ գործունյա բժիշկներին, և՛ փութագար ազգականներին։ Իսկ այժմ ոռնում էր, անգամ անլուսին գիշերներում՝ մռութն ուղղելով գերեզմանի կողմը։ Կերակուրից հրաժարվում էր։ Իսկ իրեն մոտենալու ամեն փորձից, խելահեղ կաղկանձով հարձակում էր գործում։ Եվ ծանրագույն կռածո շղթան՝ ամրապինդ երկաթուղային մեծամեխերով գամված, այնժամ բարակ մաշված պարան էր թվում։
Դա պետք է անցներ։ Բայց ոչ մի կերպ չէր անցնում։ Բոլորը մտապահել էին, թե ինչպես էին բեռնաթափում կահույքը, և քիչ էր մնում, որ  այդժամ բան պատահեր Ջիգիթին։

Տարիների ընթացքում, ինչ նա ապրում էր այդ ավանում, սրա օտարոտի կիրգիզական անունը ոչ ոք լրիվությամբ արտաբերել չէր կարողանում։ Անգամ գրազով։ Նա ծիծաղելի կերպով պարզամիտ զվարթ ասույթներում աղավաղում էր բառերը, և սկզբնական շրջանում վարձած  բեռնակիրների մեջ ամենաշատախոսն էր համարվում։
Բայց արժեր նրան՝ ծանր բեռով զբաղվածին, ընդամենը մեկ անճարպիկ կողքովի քայլ կատարել, ինչ անցած ուղին ասես քաշեին ոտքերի տակից։ Պահարանը, բոլոր դռնակներով շրխկացնելով,  վայր ընկավ։ Դրա հետևում առվակի մեջ պառկած, շփոթված բեռնակիրը հետևում էր՝ ինչպես է իր ոտնամանի թվացյալ պինդ կաշվե փոխարինողը  մոլեգին քաշկռտուքով, խելահեղ թավառատ գլխի  պես պատառ-պատառ լինում։ Նրա ուշացած անփարատելի ճիչի ներքո Տիմոֆեյը ստիպված եղավ  լրացուցիչ վճարել՝ նոր զույգ կոշիկի գումարը։

— Ես երեխու համար եմ վախենում։ Եվ, ընդհանրապես, ճար չկա,- խոստովանեց Տիմոֆեյը։

— Ինքդ ինչու՞ չես անում։

— Զենքի հետ ընկերություն չեմ անում։ Ջահել վախտ հրանոթը ձեռքերումս պայթեց, հետո մատս էին կարում․․․,- և ափի ծայրակցատեղի հատվածում կարանման մի բան ցույց տվեց։
Հարևանի մոտ ծխախոտ գտնվեց։ Նրանք սուսուփուս կպցրեցին։

— Ես կմտածեմ,- առանց նայելու ասաց Վիկտորը։

Մշուշը ներքև իջավ և ցնցոտիներով կախ ընկավ տղմոտ առվի վրա։ Վիկտորը հասցրեց սարսռել իր «ընտանեկանի» մեջ։ Դուռը հրելով՝ տուն վերադարձավ։ Այնտեղ, պոչը տանտիրոջ ծանր ոտքի տակից փրկելով, անկյուն ցատկեց կատուն։

***

Օրը շոգանում էր։ Վիկտորը ջրեց կաղամբի պտղագոյացումները, հնձեց մարգագետնի մոլախոտը, հատեց տանձենու խռիվը։ Ամբողջ օրը ոռնոց ու հաչոց էր։ Բուրանը ստիպեց հարգել իրեն այն պահից, ինչ հայտնվեց ու մեծացավ։ Հեռվից ոնց էլ նայեիր՝ հսկա, լայնալանջ ու առաձգական էր։ Այդպիսին էր հավանաբար ջահել ժամանակ եղել և ինքը՝ Իվան Սամսոնիչը, վերջին տարում  հևքով դուրս եկող՝ սիրելի շանը շոյելու։
Վիկտորը խիստ ցանկություն ուներ որևէ մեկից խորհուրդ հարցնելու, սակայն կինը ազգականների մոտից դեռևս չէր վերադարձել։ Նա շարժվեց դեպի հեռախոսի ապարատը․ բայց թվերը խառնվում էին գլխում, և պարզ դարձավ, որ նրանց համարները  հիշել չէր ստացվի։
Նա  նկատեց կարճլիկ-պնդակազմ ծռոտանի մի կերպարանք, ով իրեն ընդառաջ էր գալիս։ Ջիգիթին էր նման։ Ոչ հանդիպել, ոչ զրուցել նրա հետ Վիկտորը հաստատ չէր ցանկանում։
Թեքվեց հարևանի բակի կողմը։ Բուրանը տեղից բարձրացավ․ թվում էր՝ ուզում է վերացնել վերջին կասկածները։ Վնգստոցով ցատկեց կապած շղթայից։ Նա չճանաչեց Վիկտորին, ինչպես և չէր ճանաչում ոչ մի կենդանի էակի։
— Բե՛ր հրանոթը․․․
Տիմոֆեյը թաքնվեց, ու անմիջապես պարզած ձեռքերի մեջ դուրս հանեց հրացանը։
Վիկտորը ընդունեց այն, չափվեց, և, դեռևս չշրջված, նկատեց լռությունը․ մեջքի հետևում լսվող  կաղկանձը հանդարտվեց։
— Լցրա՞ծ է․․․
Տիմոֆեյը գլխով արեց։ Բայց, հիշելով կտրված մատի մասին, Վիկտորը տարակուսեց․ մի՞թե ավելի լավ չէ ինքնուրույն վերալիցքավորել։ Սակայն հրանոթը գրեթե փայլում էր մաքրությունից, առանց որևէ ժանգահետքի։ Գործարանային լիցքավորումը գերազանց էր տեղավորվում փամփշտանոցում։
Նայեց շուրջը։ Ցանկապատի արանքից էլի նույն կարճլիկ- պնդակազմ կերպարանքը երևաց։
Նա ավելի մոտ գնաց․ Բուրանը շնաբնի շեմին էր պառկել։ Շեղակի շողը լորենու սաղարթամասի միջով լուսավորում էր քունքն ու ականջը։
Դրանից հեշտ լինել չէր կարող։ Վիկտորը քար կտրեց՝ ստուգելով նշանակետը։ Բուրանը հայացք գցեց, և նորից թաթերի վրա դրեց գլուխը։ Ինչու՞, Բուրան։ Ինչու՞ ես․․․Թմրած ձեռքի մատը հետ քաշվեց։ Որոտաց կրակոցը։ Հրաձիգը եռման ալիքով պատվեց։ Շան մարմինը վեր բարձրացավ, անձայն ցնցվեց ու շնաբնի կողքն ընկավ։ Վիկտորը իջեցրեց հրացանն ու դեպի տուն քայլեց։

 

***

Փող նա չվերցրեց, միայն օղի, ու այնպես ասաց, որ ինքն էլ զարմացավ իր խոսքերից․

-Մարդավարի թաղիր։
Տիմոֆեյը համարյա շշմեց, հետո ի պատասխան գլխով արեց և վազեց բահը բերելու։
-Է՜յ, Իվաննա,- չգիտես ինչու, նա հայրանունով դիմեց կնոջը։
Արյունը սառչել էր թանձր լճակով։ Փայտացող մարմինը դնելով ծանր երկաթե թերթի վրա, նրանք, կնոջ հետ միասին, քարշ տվեցին մինչև այգու ծայրը։ Փոքր-ինչ անկյունական հատվածում գտնվող հանգույցներով միահյուսված բերյոզաների և խնձորենիների արմատների կողմում Տիմոֆեյը մաքրեց ճիմահողը և մինչև գոտկատեղը փորեց փոսը։
Նրանց որդին, դժվարությամբ տեղավորվելով պատուհանագոգին, քաշքշված վարագույրի տակից նայում  էր այգու ուղղությամբ։
Տիմոֆեյի կինը նայեց շուրջբոլորը։ Վախն անցավ։ Հոգնություն ու թախիծ առաջացավ։ Նրա ամուսինը գորշ գուղձերով ոգևորությամբ  ծածկում էր փոսը։ Հետո բահով հարթեց հողն ու հաղթանակած ցատկոտեց գերեզմանի վրա։
-Բավական է,- շշնջաց կինը, մտածելով, որ նոր միայն հասկացավ Բուրանին։

 

***

Ավանն ասես մեռած լիներ։ Վառված մոմլաթով պատված սեղանի շուրջ նստած էր Ջիգիթն ու շարժում էր երկգլանանի շարժիչը։ Ճանաչելով Վիկտորին՝ նա ծառայակամ բարձրացավ տեղից։
-Տեսա՞ր,- հարցրեց Վիկտորը։

-Տեսա, ամեն ինչ տեսա, մալադեց դու,- գովեց ասիացին։ -Գիտես է՜հ, ոնց միանգամից կենդանուն դրեցիր։

Ջիգիթը շարժիչը մի կողմ դրեց ու թափահարեց մոմլաթը․

-Շան միսը լավ ա։ Ինձ շատ անգամ ա փրկած։ Եղել ա, ուզում ես, մի քիչ կերակրում ես, կանչում ես, վիզը հարմարեցնում։ Դանակը պատրաստ։ Եղել ա, ավելի շուտ, քան ոչխարի հետ եմ գործը ի մի բերել։ Իսկ Տիմային հարցնում էի, թե բա՝ չեմ տա․․․է՜հ։

-Դու մուսուլման ես։ Քեզ չի կարելի,- հանկարծ որոշեց Վիկտորը՝ ծոցագրպանում թաքցնելով երևացող շիշը։ Ջիգիթի դեմքը կծկվեց ու մոխրագույն դարձավ։ Նրա շուրթերը զարմացած կախ ընկան, սակայն ոչ մի պատասխան Վիկտորը չստացավ։

Նա մենակ նստեց տան առջևի ծածկի տակ։ Մի ամբողջ բաժակ իր մեջ առավ, սակայն օղին չէր ազդում։ Ափերի մեջ տարուբերում էր  սիգարետն ու  նայում սառը, հաղորդալարերով խազված մայրամուտին։

 

 Բնագրից թարգմանությունը՝ Սաթե Հովակիմյանի

 

 

 

Կարծիքներ

կարծիք