Պատմություն կամ նմանատիպ մի բան

Հեղինակ:

Երկար ժամանակ է՝ չեմ գրում: Այսօր կգրեմ: Ժամանակ, երբ շուրջբոլորդ աղմուկ է, և դու ուղղակի ուզում ես փախչել, թողնել ամեն ինչ և փախչել, քեզ միայն այդ միտքն է հարազատ: Թվում է, թե դա է միակ ելքը: Ես տուն եկա, նետվեցի անկողնուս վրա ու ոչ թե փակեցի աչքերս, այլ իրենք փակվեցին, չքնեցի, մտքով սավառնեցի տարբեր տեղեր, ուր փնտրեցի հանգստությունս ու չգտա, չգտա նաև սենյակումս, երբ բացեցի աչքերս: Վեր կացա լվացվեցի, շրջեցի տնով ու ոչ թե ինձ մենակ զգացի, այլ զգացի կտրված ինչ-որ բանից, ինչ-որ բանից անջատ: Լղոզվեցի տանս հատակին, սառեցի մի լավ, ու երբ անցներ այդ ամբողջը, շարունակելու էի զգալ այդ սառնության հետևանքները, բայց այս պատմությունը դրա մասին չէ, գուցե և պատմություն չէ: Հետո թավալվեցի հատակին ու հիշեցի երեխությունս, միամտությունս ու ուրախությունս ամեն մի էժան բանից, որոնք չունեին որևէ արժեք, անարժեք էին և ոչ ոքի պետք չէին: Բայց դրանք այն էին, ինչ ես ունեի, այդ անարժեք հիշողություններս․ես վազում եմ ու պաս եմ տալիս ընկերոջս, հետո նորից եմ վազում ու ետ եմ ստանում տվածս գնդակը, հարվաաաաած, և գոլ, մնաց ընդամենը մի երեք գնդակ, և մենք կհաղթենք, ինձ տանջում է միայն այդ միտքը, հաղթել, ամեն կերպ հաղթել, չէ՞ որ երբ ես գալիս էի դաշտ, ես մտածում էի հաղթանակի մասին: Մենք պարտվեցինք, ես ուրախ էի, քանի որ բոլորն էին ուրախ, ուրախ էի, քանի որ ինձ հաղթողներն էին ուրախ, նրանք ոգևորվել էին հաղթանակով, իսկ ես՝ նրանց ոգևորությամբ: Մթնեց, բայց ամենևին էլ մութ չէր, ու ես կարող էի մինչ առավոտ մնալ և խաղալ ու անընդհատ հաղթել և պարտվել, բայց երկինքը նետեց իր կաթիլները, ու մենք բոլորս մի լավ թրջվեցինք, հետո ծիծաղեցինք, նորից թրջվեցինք ու վազեցինք տուն, ամեն մեկն իր տուն էր վազում, այնտեղ տաք էր: Ով մոտ էր ապրում, ավելի շուտ էր ստանում այդ ջերմությունը: Մենք մեր թաղի տղեքով ամբողջ ճանապարհը վազեցինք, ախր միտք էլ չկար, մեկ է՝ ամբողջ մարմիններս ջուր էր, ու ամբողջ մեր հոգին էր թրջված ուրախությամբ, որ ուր որ է կհասնենք ու մի լավ կտաքանանք վառվող վառարանի մոտ: Մտքում մի փոքր էլ խանդում էինք այն մյուսներին, ովքեր մոտ էին ապրում, գուցե և ոչ էլ մտածում էինք դրա մասին: Ես բացում եմ աչքերս ու զգում եմ, թե ինչպես է մեր տան ցնցուղից կաթող ջուրը տաքացնում թրջված ոսկորներս, զգում եմ նրա միաձուլվելը սառնությանը և նրանց համերաշխությունը: Երբ նրանք համերաշխ են, ես սկսում եմ տաքանալ ու նորից փակում եմ աչքերս: Հատակը սառն է, բայց ես այլևս չեմ մրսում, ես նորից եմ փակում աչքերս, մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, մի րոպե, երեխեք, մինչև քանիսի՞ն էինք հաշվում

-մինչև 40-ը,- լսվում է մի տեղից մի ձայն, ու ես էտ պահին ոչ թե մտածում եմ նրա պատասխանի մասին, այլ թե որտեղից եկավ այդ ձայնը, այնտեղ ինչ տեղեր կան, որ կարող էր թաքնվել

-չէ, չէ, մինչև 50-ը, որ նոռմալ հասցնենք մի տեղ մտնենք,- ես որսում եմ իրա ձայնն էլ ու ֆիքսում եմ, թե այդ ձայնը որտեղ էր թաքնված

-մի րոպե էէէէ, հաշվի, հենց տենաս էլ ձեն-ձուն չկա, բացի, էլի, շատ են իմանում՝ ինչքան հաշվեցիր,- էս ձենը մեջիցսա, ստոպ, չէ, տենց անարդարա, ոնց կլինի, նորմալ հաշվի, ես էլա մեջիցս, իրանք տենց մինչև հիմա էլ խոսում են, մեկ-մեկ էլ լավ վիճում են, բայց դե չեմ թողնում, որ իրար շատ ուտեն, արագ մի լուծում եմ գտնում, որ երկուսն էլ գոհ մնան ու մտածեն, որ ինձ օգնել են

Հասել եմ երեսունին, վերջ, լռությունա, այ հիմա էն տասը հատը արագ կհաշվեմ ու սկսում եմ արագ հաշվել, ձայնս չեմ լսում, դա արվում է ներքին հանգստությանս համար:

Վերջ, բացեցի, հիշում եմ, թե որտեղից ինչ ձայն էի լսել, ու սկսում եմ փնտրել, մեջս տագնապ կա, բայց էտ ինձ հաճույքա պատճառում, կա վտանգ, որ ինչ-որ մեկը ինձնից ավելի արագ կլինի և հետո ինքնագոհ կնստի քարին ու անդադար կասի.

-Ես ինձ թքել եմ, դե ես էլ եմ ախր տենց անում, լավ գիտեմ:

Չէ, բայց ինձնից արագ պետք չի լինեն, ու երևի էտ մտքով էլ տենց տարիներ հետո մի մրցավազքում առաջին տեղն ընգա. հիմա սենյակիս մի փոշոտ դարակում էտ պատվոգիրնա, որ երբեմն ինձ լավ զգալու համար վերցնում նայում եմ ու ինքս ինձ ոգեշնչում, որ դե կարող եմ, որ ուզեմ:

Մարդիկ էլ կան, որ քեզ օգնելու համար կկրկնեն նույնը, բայց դե դու լավ գիտես, որ մարդուն հավատալու համար պետք է, որ նա ինքն իրեն հավատա: Ու դու անխտիր հավատում ես քեզ, բայց մեկ է՝ նրբությամբ բերանդ ես դնում սիգարետն ու մխրճվում տարբեր գաղտնի վայրեր ու հաճույքով փորում քեզ մինչև դրա վերջանալը:

-էտ բանի հետևն ես

-ինչի՞ հետևն եմ, անունն ասա

Դե ես էլ ձենից արդեն հասկանում եմ՝ ինչի հետևն ա,- թփերի հետևն ես,- ստեղ արդեն պետքա զգոնանալ, ինքը արդեն գիտի, որ ես գիտեմ, ու միակ ելքը վազքով ինձ հաղթելնա։

Բայց ես էլ գիտեմ, որ նա գիտի, ու պատրաստ եմ վազելուն, վազք մինչև դարբասը։

Իսկ, այ, ինձ որ գտնեն ու ասեն, որ այ էն բանի հետևն ես, տեսել եմ, ես իհարկե ձեն չեմ հանի, ես կլռեմ, ես հո հարիֆ չեմ, թող գա մոտենա, որ ինձ համոզի՝ ճիշտ է, ու ես ավելի մեծ հավանականությամբ իրեն կհաղթեմ վազքում: Կամ էլ դիմացիր, լռի ու դիմացի: Ու եթե դա քեզ չի վերաբերում և դա ասված էր հենց էնպես, ուղղված բնությանն ու երկնքին, ուրեմն նա կհեռանա՝ մտածելով, որ սխալվել է: Երբեմն հենց դա է մեզ պակասում։ Լռելը:

Ախ, ինչքան են մարդիկ խոսում, անդադար խոսում, խոսում և խոսում, նրանք այդպես անվերջ կարող են խոսել, և ինձ թվում է, որ նույնիսկ երբ իմանան, որ ուր որ է մահանալու են, մեկ է, չեն լռի,նրանք կխոսեն, կխոսեն և կխոսեն: Ես սիրում եմ լսել, խոսեք, մարդիկ:

-դե խոսա, ինչ ես աչքերդ սառացրել ծառերին

-կներեք, բան էի մտածում, հա, ղառը 10

-ընգեր, տասը Հայկոնա ասել

-հա՞, ուրեմն 11

Երևի մի տասը տարի անցելա էտ օրերից, ու նորից մթնումա շուրջս, փակում եմ աչքերս, բացում եմ ու ես հատակին եմ, հատակին սառնա, բայց ես չեմ մրսում: Ես թաքնվել եմ ծառի վրա, ու մութա դրսում, ես բարձր եմ, շատ բարձր, ես այդպես եմ արել, որ ինձ չգտնեն երբեք, ես այդպես եմ արել, որ հանգստանամ ու մտածեմ, որ լռություն լինի, այդպես եմ արել, որ հեռվից տեսնեմ բոլորին, ու ոչ ոք չտեսնի ինձ, որ ես հետևեմ նրանց որոնումներին ու գաղտնի խոսակցություններին ու պայմանավորվածություններին, որ մտածում են, թե ոչ ոք չի լսում, ես իմանամ ամեն ինչ ու, մեկ է, լռեմ ու հետևեմ: Կանցնի ժամանակ, կմնամ ես, ու վերջապես նրանք կզգան իմ կարևորությունը, դե հաջորդ օյինը սկսելու համար պետք է գտնեն ինձ, նրանք բոլորով, նույնիսկ թաքնվողները կսկսեն փնտրել ինձ, ես կարևոր եմ: Բոլորն են ինձ փնտրում: Կնայեմ մթությանը ու երբ զգամ լռությունն ու հանգստությունը, կզգամ նաև բարձրության վախը, որ այդ պահին կառաջնորդի ինձ ցած, ու ես անխտիր կհամոզեմ բոլորին, որ ուղղակի գլուխս պտտվեց, որ ես լավ եմ, նրանք կհավաքվեն գլխիս վերևում ու տակիս ջարդված շուշանների ու պատառոտված շորերիս շուրջը, նորից անդադար կհարցնեն՝ արդյոք ամեն ինչ լա՞վ է, նրանք կտեսնեն արյուն և կզարմանան իմ ուրախության վրա, իսկ ես՝ նրանց զարմանքի, ես կարևոր եմ: Ես կարևոր եմ:

Դուռն է, ես բացում եմ աչքերս, ու մարմինս դիմադրելով պոկվում է վառվող հատակից:

Ես մոտնեում եմ, բացում, ու երեխա է դիմացս, նա ոչինչ չի ասում, նայում է ինձ:

Ես գիտեմ՝ ով է նա: Նա ամենևին էլ չի սխալվել տան հարցում…

 

 

Կարծիքներ

կարծիք