Սևեռումներ

Խաղաղ է հոգիս…

Ինձ չես վախեցնի, հրեշտակ մահվան.

Դու այնպիսին չես, ինչպես քեզ գիտեն

Վախեցած մարդիկ:

Ի՜նչ է կյանքը որ. դեպ կատարյալը

Տանող երազի մի հանգրվանում

Հապաղում չնչին,

Անկատարյալին բնորոշ վազքի

Կարճլիկ ընդմիջում

Եվ կամ այնպիսի մի հոգեվիճակ,

Երբ հին ընթացքից հոգնում ես սաստիկ

Եվ նախընտրում ես ուրիշ անրջանք…

Ո՜նց է տրտնջում միտքս գլխիկոր,

Երբ պատկերում է մարմինս`

Գամված անկոչ մահիճին

Կամ էլ վստահված

Մի վատահամբավ վիրաբուժակի

Անտարբերության փայլով բթացած

Դանակի շեղբին:

Անհաշվենկատ իմ վարքը հախուռն

Այնպես լավ եկավ անցյալիս հախից,

Ինչպես լճակը իմ անուրջների,

Որ աչքն` արևին,

Հևքը` անտառի խշշոցին դեղձան,

Խեղդեց ինքն իրեն` դառնալով ճահիճ:

Չէ՜, ես առավել դաժան վարվեցի

Իմ անցյալի հետ

Եվ չեմ էլ փորձում շտկել ինչ-որ բան.

Օ՜, ինչ անհաշտ են

Իմ խև անցյալը ու խոհուն ներկան:-

Երկրաբնակը իր խոտոր ճամփին

Որքան ցավ գիտեր` մարմինս առավ,

Որքան խոհ գիտեր`

Միտքս ի զորու չեղավ մարսելու,

Բայց թե քաջառու լուսավետվելով`

Մահվան գավիթը տեսավ

Փաթիլվող ճերմակության մեջ…

Ահա, ինչու է ինձ հաճո դառնում

Երկրային դարձի վերջին մեղեդին,

Մահագուշակի հայացքն ինչու է

Խորշում ինձանից,

Եվ ինչու է երգն այսչափ զուլալվում

Իմ տեսիլների սաղարթների մեջ…

Խաղաղ է հոգիս.

Ո՜նց է խոխոջում առվակը կյանքիս

Իրիկնամուտին:

Ի՜նչ փաղաքուշ է այս ծեր լորենու

Ժպիտը գունատ:

 

 

 

Նախանվագ

Տաճարի լեռան աշխարհաստեղծ

Անկյունաքարն է մնացել թափուր.

Մարդն ի զորու չէ նստել այդ քարին

Եվ շարունակել արարչագործման

Ընթացքն անկատար, այնտեղից, որտեղ

Աստված հապաղեց, ապա ընդհատեց

Բանն այդ կենսական, հետո մոռացավ…

Սուրբ մոռացության թմբիրը վանիր

Եվ սուրբ հաճությամբ գոտեպնդվիր, Տեր,

Եվ ի տրիտուր իմ աղերսների,

Որ դեպի Քեզ եմ ուղղում ամեն օր`

Արի ու բազմիր իմ Վանաձորի

Սուրբ Քարին — Բոլոր.

Նախ պարզաբանիր, թե իմ քաղաքի

Զավակներն ինչո՞ւ մնացին մոլոր,

Ի՞նչ տեսիլներ են տիրություն անում

Լքված տների մթամած ներսում,

Ի՞նչ ստվերներ են փափո՜ւկ զբոսնում

Լուռ փողոցների լաբիրինթոսում:

Յոթնալուսելով սթափվիր, իմ Տեր.

Ճարափակվել են ու էլ չեն բացվի

Արդեն բազմաթիվ հայրենի դռներ,-

Դամբարաններ են ասես անմեռել,

Կամ վտարանդին իր վիշտ — կարոտը`

Իր վերադարձի ճամփան է բանտել,

Որ հոգու սովին — ցրտին դիմանա:-

Իմ Վանաձորի երկինքը վաղուց

Թախծոտ ամպերի կարիքը չունի,

Քանի որ ինքն է լալիս դառնալուր,-

Իր զավակներին կարեկցող մոր պես,-

Որի հոգնաբեկ — տառապյալ գլխին

Լոկ երկմտանքի բարձն է ապավեն:

Թող երկինք ձգտող աստիճաններով,-

Նախապատվելի Բոլոր — Քարի մոտ,-

Հրեշտակներդ բարձրանան — իջնեն

Եվ իմ քաղաքի փառքը վերհիշեն.

Թույլ չտաս, Տեր իմ, այս քարի վրա

Հայրը իր որդուն զոհաբերի Քեզ,

Եվ օրենքներդ, որ պիտի գրվեն`

Ոչ թե սալերի վրա հավերժեն,

Այլ Բոլոր — Քարի արդար ճակատին,

Որ խարդավանքն ու կեղծիքը մերժվեն:

Տեր իմ, դեռ պիտի այս քարին դառնաս,-

Երբ ազգերին ու ժողովուրդներին,

Ինչպես խոստացար` սկսես դատել,-

Այնպես որ` արի և, նախահոժար,

Մեր ներսում ապրող ոսոխին դատիր.

Հայրենադավին, պատեհապաշտին…

Ինչ-որ տղերքի, որոնք մեր գլխին

Դարձել են ոմանք, որ մառախուղե

Զգեստների մեջ` հոգիներն իրենց

Զոհաբերեցին

Սմբակատրոփ աթոռակներին…

Եվ որ անողոք վճիռդ երբեք

Էլ չբեկանվի, յոթներորդիր, Տեր:

Ահա, ինչու եմ պատճառում, որ գաս,

Որ Բոլոր — Քարին ապավինես, Տեր,-

Քանի որ այստեղ, տարակույս չունեմ,

Որ մոռացության մուժը կցրվի,

Եվ ափիբերան կմնաս սաստիկ,

Երբ թերիների վարքը որակես,-

Որ մարդակերտման նախանվագը`

Մեկնարկված այնքա՜ն նրբամտությամբ,

Հոժարամտես վերջնանվագին

Կատարելության…

Ես աղերսեցի, Դու հոժարիր, Տեր:

 

Ճախրիկ մենավոր

Երբ գլխի ընկա՝

Ով եմ իսկապես,-

Որ վերջալույսն ու առավոտը ճոխ

Իմ տան ստվերում չեմ տարբերակում,

Որ հոգուս ներսում որոնում եմ ինձ

Ու չեմ հստակվում,-

Մի քիչ զարմացա,

Մի քիչ տրտմեցի,

Ցավի հետ մեկտեղ՝

Թոշնեցի մի քիչ…

Լավ է՝ գիտեի,

Թե ով եմ այնտեղ՝

Իմ հոգու դրսում,

Միայն այնտեղ եմ ինքս ինձ տեսնում,

Զանազանում ու ամենքից զատում,

Գիտեի հստակ՝

Ով է հանապազ

Իմ վարքը հսկում,

Իմ բախտի ծառի բարունակները,-

Կարեկցանքի ու խանդաղատանքի

Ողջագուրումով,-շտկում ճարահատ:

Ես ինձ չեմ խաբում.

Ներսում գայթում եմ,

Ներսում՝ խարխափում,

Օտար մեղքեր են

Իմ գլխին բարդում…

Դատարկվում եմ ես՝

Պարպվում ցմրուր,

Եվ իմ հատակն եմ

Պարզորոշ տեսնում:

Գլխի եմ ընկնում, ահա, վերջապես,-

Դրսում ու ներսում նույն մարդը չեմ ես,-

Ներսում վհատ եմ՝ անկիրք ալևոր,

Դրսում՝ սիգաթև  ճախրիկ մենավոր:

 

 

Ընդմիջում

Ստվերի մեջ և լույսի,

Խավարի մեջ` մեկուսի,

Իմ կարոտներն են մեռնում

Հավատի հետ և հույսի:

Անուրջներս են հանգչում,-

Սավառնումներս ճերմակ,-

Իմ Ես-ն ինձնից ազատվել`

Թավալվում է ոտքիս տակ:

Կենաց աղերսն է հերքում

Եդեմական մի խնձոր,

Մատռվակներն են ողբում

Գինեձոնը ոսկեծոր:

Մի սև քուրձ է մոտենում,-

Շաղապատվում իմ շնչին,-

Խաչի թևն է կոտրվում`

Տարակույսը առաջին…

Մարդու Որդուն կարգեցին

Աստված երկնի ու երկրի,

Որ նա փակի ամեն դուռ

Մարդու հոգու եզերքի:

Չէ, չի բացվում երկնային

Ոչ պատուհան, ոչ երդիկ,

Եվ գալիս ենք ու անցնում

Որպես խաղք ու խաղալիք:

Փակ է դուռը երկնքի,-

Ինձ համար և ամենքի,-

Մարդու Որդին խաղը իր

Զիջեց որդուն խաբկանքի:

 

 

 

Դեպի տուն

Դեպ ինձ, դեպ ինձ գալիս է նա,-

Ուղեկիցն իմ գունախաղով,-

Որ թողել էր ինձ անցյալում

Եվ փնտրում էր ուղեմոլոր:

Ես զգացի աշխուժացող

Գալարումները իմ արյան,

Պոռթկումները իմ խոհերի,

Որ խայտում են ամեն գարնան:

Ու հիշում եմ՝ ինչպես մի օր

Ոտքի ելա քարանձավում,

Մութ էր, սակայն տեսնում էի՝

Ոմանք այնտեղ ոնց են սողում:

Նրանք, որ ինձ չէին ներում

Եվ սողում էին միաբան,

Թափ են առել՝ հոժարաբուխ,

Մարել ծուխը Հայրենի տան:

Ի˜նչ Հայրենիք, ի˜նչ տունուտեղ,

Ամենուր են նրանք վաղուց,

Ես գայթելով փախչում եմ հար,

Որ ազատվեմ նրանց սիրուց:

Անզեն եմ ես, օգնիր ինձ, Տեր,

Քո համբույրով ինձ ասպարիր,

Սև գեհենի հոգիներին

Իմ լույս հոգուց հեռու վանիր:

Թող ինձ գտնի, տանի իր հետ

Ուղեկիցն իմ գունախաղով,

Գրկահոժար ինձ տուն տանի

Ինձնից խռով արահետով:

 

 

 

Շրջապտույտ

Քանի անգամ պիտի կնքվենք պատրանքների ավազանում

Եվ շարունակ պատսպարվենք խաբկանքների վեղարի տակ,

Քանի հավատ պիտի մերժենք կամ ընդունենք ճարահատյալ –

Մարգարեներն ընդմիջարկեն արյուն, ավեր ու տառապանք:

Եվ դեռ քանի ամբոխավար կախաղաններ պիտի ցնծան,

Մարդկային միտքը կողոպտեն գրկահոժար խաչափայտեր,

Եվ խաչվելով,- ինչպես եղավ,- և մեռնելով անմահանան

Մարդու նման, մարդահաճո-անօգնական փրկարարներ:

Մթագնելով միակ Աստծո ընկալումը հայեցական`

Ժխտում ենք հին աստվածներին և հորինում նոր աստվածներ,

Ովքեր երկնում են թխածո-փրկանվեր պատգամիկներ,

Այսինքն թե` նոր մեկնությամբ հին մեկնության կարկատաններ:

Հայրը մնում է անմռունչ, որդիներն են թագադրվում:

Բայց շալակել այլոց մեղքը արդեն ոչ ոք չի կամենում,-

Տաճարները տագնապահար մորմոքում են` Տեր, ողորմեա,-

Իսկ Երկիրն իր պտույտներից գոհություն չի ակնկալում,

Գոց է Աչքը,- դեռ խռոված,- արարչական խնջույքներում:

Կարեկցանքի լույսը արդյոք շո՞ւտ կցոլա մեր կողմերում,

Երկիր, արդյոք կթոթափվե՞ս պատուհասից անարգական,-

Բյուրախտալից տարիների խեղաթյուրող վարքից դժխեմ,-

Կմարդանա՞ մարդը արդյոք իր կերպարով ավանդական…

Պարզիր հայացքդ մշուշված,- փրկախոստում ափը զատիր,-

Եվ դուրս լողա անհայտության խաչապսակ մեղքի ծովից

Եվ բուրգերիդ հիշողության նախաստեղծ աչքը բացիր –

Գտիր վաղուց քեզ որոնող երկնափայլը աստեղատան:

Եվ թող դարձյալ, ինչպես հնում, քո մայր աստղը քեզ ողջունի

Եվ ընծայի հոգեշնորհ-նախագոյակ Խոսքը ուսյալ.

Դառնաս, մարդուն փառաբանես` Արարչությամբ Քեզ ի պատիվ

Եվ զգայես քո ինքնության մեծաշնորհը բանական:

Կրկնվում է ու կրկնվում երկրաբնակ եղծողների –

Նյութադավան թերիների շրջապտույտը ճարընկան,

Որի վերջը աղետն է մեծ, որ ուխտել է հիմնահատել

Կամ,- ջնջելով,- նորակերտել ժամանակը վաղնջական:

 

 

 

Փախուստ

Չգիտեմ, իսկապես, ում բախտը կբերի.

Ով ընտրեց մաքառման դժվարին այս ուղի՞ն,

Թե՞ նրա, ով գնաց` ինքն իրեն հանձնելով

Ապահով նոր մի կյանք գտնելու հրճվանքին:

 

Ընթա՞ցք է, թե փախուստ, իրենք էլ չգիտեն,

Միայն թե հեռանան — վերանան տագնապից,-

Խտացող տագնապից` անորոշ ու վայրի,-

Դեպի դուրս, դեպ հեռուն հայրենի եզերքից:

 

Եվ հոգ չէ, թե հեռվում ինչ դռներ կթակեն,

Ինչ գնով կծախեն թանկ պատիվը իրենց.

Հեռանալ, ինչ գնով ուզում է թող լինի,

Մոռանալ` փակուղում մնալով անհասցե:

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք