Բարդուղիմեոսյան  գիշեր

Հեղինակ:

ՏՈՒՆ  ԹԱՆԳԱՐԱՆ

Նայել երկրային իր

մատնահետքերին, երբ

թևաբախման մեջ ես

հաղորդակցվել  իրեն․․․

 

Մի մոխրաման, դիցուք,

ուր պիտի պատկերացնես

բարկ մոխիրը՝ սիգարի

նյարդային ցնցումից

թափված․․․Կամ, ասենք,

մի ակնոց՝ ապակիներից

մեկը՝ վերիցվար ճաքած․․․

 

Ճնշող է ամեն մի

ցուցանմուշ – ինչ թանկ է՝

բոլորովին այլ տեղ է․․․

 

Այս հրեշտակը՝

դեռևս մարդ՝

երևակայության մեջ է

տեսել այն ամենը

/ մի քանի բան է սոսկ

թողել մեզ այստեղ /,

ինչ հետո պիտի

տեսներ սլացքի մեջ․․․

 

Ձեռագրեր, իրեր,

հուշեր, տեսաֆիլմե՜ր․․․-

այս ամենը համբարձվածին

հետ է բերում  ի խաչ․․․

 

 

 

 

ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍՅԱՆ  ԳԻՇԵՐ

Նրանք առավոտյան

մոտեցան հայելիներին

ու այնտեղ տեսան միայն

ուրվականը իրենց՝

մշուշի ծվենի պես

դողացող Անհուշության

հրվանդանի ցրտում․․․

 

Նրանք, պատերին քսվելով,

դուրս եկան տներից

ու տեսան, որ իրենց

միայն թռչուններն են

հասկանում, փողոցի

կատուներն ու շները․․․

 

Նրանք ճարահատյալ

հեռացան երկնքի

խուլ ժեստերի միջով,

քսվելով պաղ լուսնի

մգլահոտ հորիզոնին․․․

 

 

 

***

Աշնանը,

հաճարենիների մեջ,

իբրև միակ․․․

«հանճարենին» այս թավուտի․․․

 

Մյուս ծառերի մեջ՝

հաճարենու․․․ հանճարը

մի այլ տեսակի է․․․-

 

Մանկության օրերին

ձեռքի ափով հետ էինք տալիս

թափված տերևները, և տակից

բացվում էր տեսարանը

հաճարի՝ ասես կարծր,

դարչնագույն նռան հատիկներ։

Եթե հում ՝ անբովել ուտես դրանք

/ ինչը և անում էինք․․․ /,

քառասուն զույգ արյունարբու

լուսին կպտտվի գլխիդ մեջ՝

ցավոտ բթության շուրջ ուղեծրով․․․

 

 

 

 

***

Անցնու՜մ է պոետը աշխարհով՝

ինչպես լայնարձակ վարդաստանով –

 

և բուրավետ սրտերի համար

նա գուրգուրված վարդ է

հրագանգուր․․․

 

Իսկ վարդերը դրել են նրան

ծաղկեպսակ,

իսկ փշերը դրել են նրան

փշեպսակ,-

 

և  բլբուլի հետ լա՜ց է եղել,

և վարդաջրով թա՜ց է եղել․․․

 

Հազա՜ր տող կտար հազարան աղջիկներին՝

սրտի մի դողի համար,

հազա՜ր տաղ կտար հազարան աղջիկներին՝

սրտի մի դաղի համար․․․

 

Եվ երբ տեսներ թառամած մի վարդ՝

ծունկի կգար, կասեր՝ տալիթա՛, կումի՛,

և երբ տեսներ պսակ մի ցողաթաց՝

կասեր՝ մի՛ արտասվիր, աղջի՛կ, վե՛ր կաց․․․

 

Անցնու՜մ է պոետը աշխարհով՝

ինչպես լայնարձակ վարդաստանով ․․․

 

 

 

 

***

Անհամ եղանա՜կ՝

հանց ․․․ արհեստական

բանականությամբ

մոգոնված տողեր․․․

 

Մեկը գար փոխեր

այս վիրակապը՝

այս գորշ ամպերի

բամբակը աղտոտ․․․

 

Ջրափոսերի

աչքերը պղտոր,

կատարակտավոր՝

աշնան ոսկին են

մշուշված զննում․․․

 

Մրափի թավու՜տ,

ափեափ թախի՜ծ․․․

Կույր թռչուններ են

թափվում երկնքից․․․

 

 

 

 

ԲԱՆ  ՀՐԱՇԱԼԻ

Զարմանալի՜ էր շատ բանը –

աշխարհը կար՝ ես չկայի․․․

Եղա՛ Ոչինչի տիրությանը

առարկությունն առարկայի․․․

 

Բայց աշխարհից առաջ է՛լ կար

Այն, ինչ դարձավ ինձ էություն —

ինչպես՝ ասենք՝ չկա՛ սերմը,

բայց կա նիրհո՜ղ մի․․․ ծիլություն․․․

 

Աստծո շնչով ծլած-ծաղկած՝

ես չեղածից դարձած եղած —

ես ՝ որպես մի շքեղ արկած,

ու հավասա՜րն եմ աստեղաց․․․

 

 

 

 

ՏԱՂ  ԼՈՒՍՆԱԲԱՆՅԱ

Արդեն որերո՜րդ

կտավն եմ ես ձգում

իմ նկարակալին,

որ պատկերդ հանեմ

վերստին, ցանկալի՜ս․․․

 

Ախ, դեպի քո ոսկե

մուճակներն են ձգվում

ջրերն օվկիանական,

բյուր շնչավորների

արյունն հավաքական․․․

 

Ոնց Արտաշես արքայի

պարանը շիկափոկ՝

գրկում է մեջքը քո

հայացքս տարփանքով –

Սաթենի՜կ, Սելենե՜,

օ դշխո՜ հելլենաց․․․

 

 

 

 

***

Ի՞նչ ես անելու, բանաստեղծությու՜ն, ինձանից հետո․․․

Ո՞վ է հարդարելու թամբդ, ո՞վ է փաղաքշելու գավակդ, ո՞վ է

շոյելու բաշդ․․․

Երբ աչքս լավ չի տեսնի — երբ  ասպանդակներդ թարս դրած կլինեմ ,

լկամդ՝ անհաջող — և դու դժգոհ կֆռթկացնես՝ պոչդ թափահարելով․․․

Ո՞վ է ուղղելու հանգը,   կարպետը պատկերի․․․

Երբ էլ լավ չտեսնեմ հեռուները՝ մտացածին բաներ կպատմեմ քեզ․․․

Չեմ կարող ընտրել այլևս բառերից ամենահամովը՝ հանապազօրյա

շաքարը քո․․․ Ի՞նչ ես անելու առանց ինձ․․․

ՈՒ՞մ դռներին ես թափառելու անտեր-անտիրական,

սուրուլիկ ականջներդ պահելով քամու ուղղությամբ՝

որ մի տեղից որսաս անունս – իզու՜ր․․․

 

Ինձանից հետո դու երկա՜ր կփնտրես ինձ՝

լեռնային աղբյուրների մոտ արտասվելով – / այո՜,

այո, ձիերն էլ են արտասվում ՝

խոշո՜ր, վճիտ արցունքի առվակներով․․․/։

 

 

 

ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՐՄԻՐԻՑ

 Կախվածությու՜ն կարմիրից,

որ կակաչի սևն ավերելով,

թռթռալով-ծփալով՝ ասում է․

«Կեցցէ՜ կարմիր տրոփողը,

որի թեկուզ մի սիրահար

զարկի համար

արժի՜ ապրել․․․»։

 

Կախվածությու՜ն կարմիրից,

որ կնոջ այտ է կամ երեխայի թուշ,

կամ․․․կայծակի բրդուճ,

որ համով բացվում է ամպերի լավաշի մեջ․․․

 

Կախվածությու՜ն կարմիրից,

որ շիկնանքն է նորահարսի՝

վարդի թերթերից դարսեդարս

ցայտած ու այտն իր պատած․․․

 

Կախվածությու՜ն կարմիրից,

որ մայրամուտի շառագույնն է

և ասում է՝ նույնն են

արշալույս ու մայրամուտ,

ծնունդ ու մահ,

նույնը՝ շրջված․․․

 

 

 

 

ԱՐԱՐԱՏՅԱՆ  ԴԱՇՏԻ  ԱՌԱՎՈՏԸ

Բոլոր զեփյուռներն են հավաքվում համայցի,

բոլոր հովերը՝ բուժքույրերի պես մեղմ։

Լեռն՝ ամպե մորուքով՝ նման է ծեր այծի

ու թախծոտ մըկկում է, որ իրեն էլ հղվեմ․․․

 

Արագիլն արթնանում է իր աջ ոտքի վրա,

որ որսն ու եղանակն օրվա լինեն հաջող։

Հայոց Պարը հեռվից ամպրոպեղեն վրանն է

ցուցանում ՝ իբրև կարոտախտ հարաճուն․․․

 

Ախ, գնայի, Արաքսի ափին քայլամոլոր

հին դարերը թախծեի, մինչև խայտար լոքոն

և գլուխը ջրից հաներ գունդուկլոր

և աչքով աներ ինձ՝ հանց ձկնային ամոքում․․․

 

 

 

 

 

ՄԻ  ՕՐ, ԱՌԱՎՈՏՅԱՆ․․․

Անցնում եմ

ծառի տակով,

ուրեմն,

մեկ էլ՝

վերևից,

գեշ

գորշ․

«Կա՜ռռ․․․»։ —

Ագռավն է։

«Չո՜ռռ․․․»․

ասում եմ,

կպի՛ր ճյուղիդ ․․․-

Ես հո

Բասյո՞ն չեմ,

որ՝ լույսը չբացված՝

քեզ պեսին

բնորդս դարձնեմ․․․

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք