Գրկախառնություն

Հեղինակ:

***

Քաղաքի դեմքին

անշտապ ու մեռած գրկախառնություններ են

սուրճը փախչում է բաժակից

լցվում բարձերին ու քնում․․․

կանաչ ու կարմիր մարդուկները

դուրս են պրծնում լուսակիրներից

ու վազում այնտեղ, ուր մեկ գույն է մնացել․․․

ժամանակը կարծես կոտրվել է

քաղաքի դեմքին

ու փշուրները

վազում են այնտեղ, ուր մեկ ժամ է մնացել ․․․

կոշիկները խարտում են փողոցները

ու քայլերը տանում են այնտեղ

ուր մեկ փողոց կա․․․

մարդկանցից դուրս են գալիս բարդույթները

ու շտապում այնտեղ

ուր մեկ մարդ կամ գոնե մեկ բարդույթ կա․․․

սառնարանները փախչում են իրենց սառնությունից

փոշեկուլները փախչում են ագահությունից

լվացքի մեքենաները փախչում են գլխապտույտից․․․

դարակները մոռացել են

թե ինչպես են բացվում

ասեղները մեխվել են թելին,

ու երևի երբեք էլ պոկ չգան․․․

քաղաքի դեմքին

անշտապ ու մեռած գրկախառնություններ են

իսկ

շնչիս փշուրները կանգնած են կոկորդիս,

բանտերից ազատության հոտ է փչում

իսկ աղբանոցներում ծաղիկներ են արմատ գցել․․․

քաղաքի դեմքը սկսել է կնճիռ հագնել

իսկ ժպիտը չկարողանալով

ձգել մաշկը,

չկարողանալով ցույց տալ իրեն

թաղվել է կնճիռների մեջ․․․

քաղաքի դեմքին

անշտապ ու մեռած գրկախառնություններ են

իսկ պոեզիաս փախչում է ինձնից

ու գնում այնտեղ, ուր գոնե մեկ վերջ է մնացել..․

 

 

***

ես փոշեկուլ եմ,

որ

միամտորեն

կլանել էի լռությունը․․

իմ մարմինը ցավում էր

ու լռությունը իմ մեջ չէր տեղավորվում․․․

մինչ իմ տերը եկավ

ու ինձ բացելուն պես

լռությունը փախավ  ինձնից․․․

ես իմ աղմկոտ

գոյության բարդ շրջանակում

երբեք չէի կարծել

թե մի օր կծնեմ

անորսալի լռությունը․․․

 

 

***

.․․միակ լրիվ բանը

ոչնչությունն է․․․

ես ապրում եմ

մարդկանց աշխարհում,

ուր

կրոնն ինչականությունն է․․․

ես քայլում եմ

ոչնչե մայթերով

համբուրվում մի ոչնչուհու հետ

ու իմ ոչնչությունը

ավելի կարևոր է

քան

այդ հմուտ  ինչությունը․․․

ես ապրում եմ

Մալևիչի սև քառակուսու մեջ

մարդկանց աշխարհում

ես նման եմ կիսատության․․․

ես կյանքում հավերժ

իմ բացակայությունն եմ գոռում

իսկ մարդիկ չեն էլ

հասկանում,

որ միակ լրիվ բանը աշխարհում

ոչինչն է,

ու միակ կրոնը

ոչնչականությունը․․․

 

 

***

այսօր

ես

ալկոհոլն եմ շպրտել իմ մեջ․․

ու քաղաքի դողացող միմիկաներում

դարձել եմ

ժպիտ․․․

իմ զգացածին

հագցրել եմ

ամոթից կարված շապիկ․․․

ես այսօր

թմրություն եմ

ներարկել փողոցներին

որ էլ չճչան

իմ ծանր քայլերից․․․

ինձ շարունակելու համար

քեզ այս անմիտ փողոցները պետք չեն

պետք չեն

նրբանցքները․․․

լապտերները, որ

իրենց հոգին են քերում փողոցի վրա․․․

ինձ շարունակիր

քաղաքից հեռու․․․

ես  հոգնել եմ

քաղաքի դողացող միմիկաներից․․․

քաղաքն է անգամ իրենից փախչում

իրեն ցավեցնող

խաչմերուկներից․․․

ու

լվացքի պարանների հետևում

երեկոյացող օրվանից․․․

ինձ շարունակիր այնտեղ,

ուր չեն կառուցի ոչ մի քաղաք

ու չի աճի ոչ մի շենք․․․

 

 

***

ես ժամանակը

թաղում  եմ

անվերջ կրկնվող

իմ օղու բաժակում․․․

շեփորը հորանջում է ջազ

իսկ ես

այսօր ապրում եմ

ավելի շատ

քան ապրել եմ

իմ բոլոր երեկներում․․

ես այսօր

ցավ եմ դարձել

գինետան մարմնում․․․

բայց և

գտել եմ իմ

իմ ջազատությունը․․․

անվերջ կրկնվող

անվերջ նույնացող

իմ բաժակում

այսօր ես գտել եմ իմ

ջազատությունը․․․

 

 

Կարծիքներ

կարծիք