Կամայա

Հեղինակ:

Կամայան իր պատկերացումներում մշտապես կերպարանում էր մեջքանց, քանի որ նա իր էությամբ հեռացող էր. չլքել կարող չէր։ Էրիխը  կկոցած աչքերի խավարչտին հորիզոններում նշմարում էր Կամայայի կորչող մարմինը։ Շեկ վարսերը, գլուխն ամբողջությամբ ծպտելով, սահում էին թուխ մեջքի վրայով, որոնց ծալքերի խորություններում նա հոժարակամ թաղել էր անպետք գիտակցությունը։ Այնուհետև, Էրիխի մտապատկերն ընկղմվում էր մթնաթույր ողնաշարի փոս ընկած կամարում, որի ծանծաղ խորշերը արթմնի ժամանակ կատարելապես կլանում էին հրացայտ միջնամատի կանոնավոր ուղեգիծը։ Կամայայի մերկությունն ընդմիջվում էր ճերմակ կիսաշրջազգեստով, ինչն էլ ոտքերի վրա ծորալով հասնում էր մինչև մկանուտ սրունքները, որոնք էլ քայլքի հետ փոխում էին իրենց ձևվածքը։ Վերջում էլ պատկերանում էին մերկ ոտնաթաթերը, որոնք ոչ մի կերպ չէին ակնարկում, թե նա ուր է գնում. մերկոտն մեկը ուր ասես կարող է ճանապարհ ընկնել։

Մի օր նա հեռանալու էր, ուղղակի այդ օրը չեկավ։ Ամեն առավոտ Էրիխը վախը սրտում երկտող էր փնտրում, որով իրեն կտեղեկացվեր բաժանման լուրը։ Մինչ նա կփնտրեր թղթի կտորը, Կամայան լոգարանից կգար ու կհամբուրեր Էրիխի ջղաձիգ շուրթերը։ Խեթ հայացքն էլ չէր պոկում բջջայինի էկրանից, որի մակերեսին լուսացող տառերը պետք է տեղեկացնեին վերահաս որոշման մասին։ Բաժանման անխուսափելիության մասով կասկած չուներ, ուզում էր գոնե փաստարկված լինեին մոտալուտ պատճառաբանություննեը, այլ ոչ անտեղի ու պատահական, ինչպես սովորաբար են լինում։ Ցանկալի էր նաև, որ առերես ասեր, նայեր աչքերին ու մի լավ հիմնավորեր որոշումը, որից հետո կարող էր հանգիստ պտտվել ու անել այն ինչն իր մոտ պետք է որ ամենից լավ ստացվեր։ Իր փոխարեն կթողներ վերջին խոսքերն ու կշրջվեր, գեղահմա երեսը կվերածեր մազապատ ծոծրակի ու կլքեր։ Երկարող ձեռքերի հետ հեռացող սքողված գանգը սկզբում կուզենար շոյել, իսկ հետո փշրել ջղագրգիռ շարժումները ամբարող բազկով, փշրել այնպես ինչպես էլեկտրամեքենայի հուժկու հարվածն էր ցիրուցան արել նրա մազապատ ծոծրակը։ Նա Էրիխին չլքեց, քանի որ ժամանակից շուտ մեռավ, բայց անգամ դրանից հետո շարունակ հեռանում էր։

Սովորության համաձայն` աչքերը բացելուն պես երկտող էր փնտրում, իսկ հետո աղիացող շուրթերով ողբում Կամայայի մահը։ Հարատևության հավակնող լացը փարատում էր բաժանման նամակ չստանալու հանգամանքով։ Այդուհետ հիմնավոր պատճառաբանության կարիք էլ չէր լինի։ Անցնող օրերի հետ Էրիխի գիտակցությունը վերաթարմացվում էր. «Միգուցե նա երբեք էլ չլքեր ինձ»։ Անժամանակ մահով կանգ առնված տրամաբանական շղթան ապագայի համար այլ ուղեգիծ էր նախատեսել, որին ընդառաջ գնալով՝ սիրեց այն զգացողությունները, որ երբևէ իրենը չեն եղել, հիմնված այն համոզմամբ, որ երբեք իրենը չէր լինելու։ Տևական հաճույքների մղձավանջն իր տեղը զիջել էր հավիտենական բաղձանքին, որն Էրիխին պատկերանում էր Կամայայի ժպտադեմ թովչանքով, ինչը հեռանալու փոխարեն դեպի իրեն էր գալիս՝ ամբողջությամբ մեջն առնելու վճռականությամբ։

Անկախ կերպարային փոփոխության՝ Էրիխը նրան դեռ Կամայա էր անվանում՝ ի պատիվ սիրած վեպի հերոսուհու։ Երբ նոր էին ծանոթացել մտքում Գրուշենկա էր կոչում, քանի որ վերջինիս հետ որոշակի նմանություններ ուներ։ Բայց երբ կարդաց իր սիրելի գրողի հաջորդ գործերից մեկը, հասկացավ, որ հենց Կամայան է համապատասխանում նրա էությանը, թերևս նրա համար, որ իր ժամանակակիցն էր։ Հաճախ էր վերընթերցում Դոստոևսկու վեպերը, բայց դե, իհարկե, ամենից շատ կարդում էր հենց Կամայան։ Ներբեռնված բոլոր վեպերը աչքի լույսի պես պահում էր համակարգչի՝ Բեսթ միլենիում անունը կրող թղթապանակի մեջ, որում առկա էին Դոսոտոևսկու բոլոր՝ քսանվեց վեպերը՝ Ապուշը, Կարամազով եղբայրները, Հեղափոխական Ալյոշան, 1917-ի կրկեսը, Պիղծ հոգիները, Համացանցի սերունդը, մյուս գրքերը և, անշուշտ, Կամայան։ Թղթապանակի ստորին հատվածում էլ կեսօրին ներբեռնվելու էր հեղինակի վերջին վեպը՝ Հավերժական վերադարձը։ Գրականասերները մեծ անհամբերությամբ էին սպասում ռուս դասականի հենց այս գրքին, քանի որ այն լինելու էր հեղինակի առաջաբանով և, իհարկե, Անգլախոսների Միացյալ Նահանգներից Ռուսաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո գրողի առաջին գործն էր։ Վճարումն արված էր, մնում էր սպասել կեսօրին։

Երեկոյան տասին տնից դուրս կգար ու կգնար վարձակալության տված ակումբը։ Սովորականի նման կքայլեր երկար ճանապարհով, վերհիշելու համար բոլոր այն վայրերը, ուր եղել է Կամայայի հետ։ Կանցնի այն զբոսայգով, որտեղ համբույր է կիսել նրա հետ, այնուհետև կգնա այն պուրակը, որտեղ, ըստ ամենայնի, երկուսով կպառկեին խոտերին, իսկ տարիներ հետո, հնարավոր է, ման տային իրենց զավակին, որն ըստ Էրիխի, հաստատ շունչ էր փչելու։ Կամայայի բացը միայն հարատևության պատրանքով էր հնարավոր լրացնել։ Ցանկալի զգացողությունները ճաշակելուց հետո միայն ճամփա կբռներ դեպի իր ակումբը, որի անունը ամենահաճելի հնչյուններից էր կազմված։ Վարձակալության գումարը կարող էր հաշվեհամարին ստանալ, բայց գերադասում էր կանխիկ տարբերակը, որ տնից ավելի հաճախ դուրս գա։ Էրիխի պարտադիր պահանջներից էր նաև այն, որ գումարը ոչ թե ամսական կտրվածքով փոխանցեն, այլ ամենօրյա, իսկ մյուս անբեկանելի պայմանը անվանն էր վերաբերում։ Բանկերից մեկը նրան հնգապատիկ շատ գումար առաջարկեց, բայց Էրիխը մերժեց այն, քանի որ դրամատունն այլ անվանում ուներ։ Փոխարենը, նա իր տարածքը, որն ապրուստի միակ միջոցն էր, հանձնում էր միաժամանակ երեք վարձակալների։ Առավոտյան իննից մինչև երկուսը գեղեցկության սրահ էր ծառայում, երեքից վեցը՝ սրճարան, որից հետո էլ՝ գիշերային ակումբ։ Առավոտյան բանալին վարսավիրին փոխանցելով՝ վերադառնում էր տուն։ Երկուսին տարածքն ընդունում, մաքրում և համապատասխան կոճակը սեղմելով՝ վերածում էր սրճարանի։ Մեկ կոճակի սեղմում և նախատեսված վայրերից սեղաններ էին վեր բարձրանում, սպասասենյակն էլ վերափոխվում էր խոհանոցի։ Առաստաղից պահեստային ջահեր էին ցած իջնում ու տարածքը հանձնում էր հաջորդ վարձակալին, որից էլ բանալին ետ էր ընդունում ժամը վեցին և որոշակի կարգավորումներ անելով՝ հանձնում հաջորդին։ Երեք վարձկալներն էլ դեմ չէին, որ իրենց վարսավիրանոցը, սրճարանն ու գիշերային ակումբը կոչվի Կամայա։ Էրիխը, գումարը ստանալով, տարածքը կրկին վերափոխեց գեղեցկության սրահի, դռները փակեց ու շտապեց տուն։ Գնաց կարճ ճանապարհով, քանի որ Դոստոևսկու վերջին վեպն իրեն էր սպասում։

Տուն մտնելուն պես լույսերը վառվեցին, անկյունային ձայնարկիչներից շշուկով միացավ Բախի հեղինակած տեխնո երաժշտությունը, որի հնչյունները՝ կախված Էրիխի տրամադրությունից, բարձրացան։ Վերջինս արագ հանդերձափոխվելով տեղավորվեց համակարգչի հայլէկրանի առջև։ Աչքերն ուղղելով Բեսթ միլենիում թղթապանակին՝ երկու անգամ թարթեց։ Բացված էջի ստորին անկյունում ամբողջապես ներբեռնվել էր Հավերժական վերադարձ վեպը։ Երկար սպասված առաջաբանը թողեց վերջում, որ հեղինակի մեկնաբանություններից չազդվի ու անմիջապես անցավ առաջին գլխին։ Անհամբերությամբ սպասում էր, որ ուր որ է Կամայայի կերպարը կհայտնվի նոր գործի մեջ։ Նախկին՝ Հոռետեսները վեպում նա պատկերված էր։ Ճիշտ է, աննշան մասնակցություն ուներ, բայց կար։ Վերջինիս չնչին գույությունն էլ լրիվ բավարար էր, որպեսզի ապահովվեր բաղձանքի քաղցրահամ չափաբաժինը։ Դոստոևսկի ընթերցելիս միշտ երանի էր տալիս Եկատերինա Իվանովնայի սիրահարներին ու ցածր արտաբերում. «Ա՛խ, Կամայա՜, Կամայա՜»։

Մոտավորապես երեսուն էջ թերթելուց հետո Բեսթ միլենիումի պատուհանը հանկարծ փակվեց։ Աչքերը թղթապանակին սևեռելով կրկին թարթեց ու հայտնաբերեց, որ վեպն այլևս չկար, Հավերժական վերադարձը ջնջված էր։ Հաշված վայրկյաններ անց անհետացան նաև մյուս ստեղծագործությունները։ Էրիխն արդեն ուզում էր զանգահարել հաճախորդների սպասարկման կենտրոն և հայլէկրանի վրա նշմարեց առաջարկված տեսանյութերից մեկը՝ «Հավերժական վերադարձը տարավ հավերժական վերացման» վերտառությամբ։ Իսկույն աչքունքը թարթելով բացված պատուհանի վրա՝ միացավ ուղիղ հեռարձակմանը։ Հաղորդավար Խեսուս Նյուբորնը հյուրընկալել էր Բեսթ միլենիում կորպորացիայի հիմնադիր նախագահ, համատեղությամբ նաև Անգլախոսների Միացյալ Նահանգների խորհրդի պալատի ղեկավար Զաք Մարքերսին։

— Զաք, ինչքանո՞վ եք ճիշտ համարում, որ մեկ ձևակերպման համար Դոստոևսկու պես հանճարին պատմության էջերից ջնջեն, ու այն դեպքում, երբ հայտնի գրողը վաղուց արդեն չկա, կենդանի չէ։

— Խեսուս, մեր համակարգը վաղուց արդեն ապացուցել է, որ մարդիկ չեն մեռնում, կամ մահանում են միայն մարմնով, այլապես մենք չէինք ունենա, օրինակ, Բեթհովենի տասներկուերորդ սիմֆոնիան, որն իրավամբ համարվում է բոլոր ժամանակների գլուխգործոցը։ Կարծո՞ւմ եք, թե այն հեղինակել է մեր համակարգի արհեստական բանականությունը… ո՛չ, իհարկե, ո՛չ… համակարգը չի ստեղծագործում, ոչինչ չի հորինում, այլ հնարավորություն է տալիս մարդկանց, օրինակ, ստեղծագործել մահվանից հետո՝ ֆիզիկական մահվանից հետո։ Հիմա եթե մարդ այդպիսի բաներ է ասել, մենք ինչպե՞ս վարվենք, ա՞չք փակենք։ Այն էլ ասել է առաջաբանում, սեփական խոսքն է եղել, այլ ոչ ինչ որ միտք հնչեցված կերպարներից մեկի շուրթերից։

— Ինպե՞ս կարող ենք մենք հարյուր տոկոսով վստահ լինել, որ Դոստոևսկին նույնը կասեր, եթե ապրեր մեր օրերում։

— Հարգելի Խեսուս, տասը տարուց ավելի է, ինչ աշխարհի բոլոր երկրները ընդունել են մեր համակարգի ճշգրտությունը։ Նման հարցեր մեզ սկզբում էին տալիս, բայց այժմ դրա մասին խոսելն անգամ ավելորդ է։ Ձեզ, ինչպես նաև մի շարք այլ անտեղյակ հանդիսատեսներին կհիշեցնեմ մեր առաջին գիտափորձի արդյունքները, որոնք փարատեցին բոլոր տեսակի կասկածները։ Ինչպես գիտենք, 2040-ից մեկնարկեց մեր ծրագիրը, որի շրջանակում մենք մի քանի տարի շարունակ տասը բանաստեղծների վերաբերյալ հավաքագրեցինք ամբողջական կենսագրական տեղեկատվություն՝ նախկին ստեղծագործությունները, մանկության վերաբերյալ փաստեր, դպրոցական, համալսարանական տարիներին վերաբերող տվյալներ, ուղեղի բազան և այն ամենն ինչ կարևոր էր պիլոտային ծրագրի համար։ Ներբեռնված տվյալների շտեմարանման ավարտից հետո բանաստեղծներին տեղավորեցինք հատուկ սենյակներում, որտեղ ոչ մի տեսախցիկ և էլեկտրոնային սարք չկար, ոչինչ չկար բացառությամբ աթոռ-սեղանի և, իհարկե, թուղթ ու գրիչի։ Նույն միջոցին մեր թիմը Բեսթ միլենիում արհեստական բանականության համակարգին հարց հրահանգեց, թե ի՞նչ կգրեր տվյալ բանաստեղծը, եթե տվյալ օրը, տվյալ ժամին, վայրկյանին փակված լիներ տվյալ սենյակում։ Երբ բանաստեղծներն իրենց թղթերով դուրս եկան սենյակներից, պարզվեց որ բոլոր տասը հեղինակների ստեղծագործությունները հարյուր տոկոսով համապատասխանեցին ծրագրի առաջարկած տարբերակներին, բացառությամբ նրա, որ համակարգը տեղյակ էր բոլոր այն կետադրական սխալների մասին, որոնք առկա էին ստեղծագործություններում։ Այնուհետև նման փորձ արեցինք նկարիչների և կոմպոզիտորների մասնակցությամբ, որից հետո միլիարդների ֆինանսավորում ստանալով՝ ընդլայնեցինք մեր գուրծունեությունը։ Անհրաժեշտ տեղեկություն հավաքագրեցինք հարյուրավոր արվեստագետների վերաբերյալ, ում աճյուններից կարողացանք ԴՆԹ-ավորել ուղեղի բազան։ Նախկին ստեղծագործությունները թվայնացնելով և պատմական իրադարձություններն ու հեղինակներին անմիջապես վերաբերող այլ տեղեկատվությունները ներբեռնելով՝ ծրագրին հարց հրահանգեցինք, թե արվեստագետները ինչ կստեղծագործեին, եթե շարունակեին ապրել։ Օրինակ՝ Դոստոևսկու պարագայում կարևոր փոփախականներ էին 1917-ի հեղափոխությունը և 1918-ին Աննա Գրիգորևնա Դոսոտոևսկայայի մահը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հեղինակի վրա։ Ինչպես արդեն գիտենք, ռուս հեղինակը 1883-ին կգրեր Հեղափոխական Ալյոշան, 1920-ին մեկնելով ԱՄՆ՝ այնտեղ կստեղծագերծեր, 2000-ականներին ստեղծագործական դադար կառներ, 2050-ին կվերադառնար հայրենիք ու 2057-ի սեպտեմբերի 12-ին՝ այսինքն երեկ, կտպագրեր Հավերժական վերադարձը, որով նա ապտակ հասցրեց մարդկությանը՝ մեզ բոլորիս անվանելով… էլ չխոսեմ այն ձևակերպումների մասին, որոնցով մեր ցեղի հանդեպ ունեցած զզվանքն է արտահայտում։ Այսքանից հետո մենք չենք կարող ձեռքներս ծալել ու անհրաժեշտ քայլերի չդիմել։

— Բայց արդյո՞ք պետք է նրան ջնջել պատմության էջերից, անվանափոխել նրա անունը կրող բոլոր փողոցներն ու դպրոցները, վերացնել հին ու նոր ստեղծագործությունները, որոնք բառի բուն իմաստով մարդկային մտքի գոհարներ են։

— Միանշանակ։ Նման «մարդը» իրավունք չունի փառաբանված լինելու։ Բարեբախտաբար, հինգ տարի առաջ աշխարհի շատ երկրներ վավերացրել են Միլանյան կոնվենցիան, որի համաձայն բոլոր էլեկտրոնային նյութերը պետք է սինխրոնիզացվեն բնօրինակի հետ, իսկ առանձին օրինակի պահպանումը կրիչների վրա քրեականացվել է։ Ուստի, լավ է, որ բնօրինակներն արդեն ջնջված են, հետևապես էլեկտրոնային տարբերակով ոչ ոք չի կարող Դոստոևսկի կարդալ։ Ինչպես գիտենք, բնակչության ինսունինը տոկոսը այդպես է կարդում։

— Զա՛ք, իսկ ի՞նչ կլինի գրքերի հետ։

— Ես կհորդորեմ, որ նրա բոլոր գրքերը վերացվեն, այրվեն, բայց քանի որ այդ մասով դեռևս օրենսդրական կարգավորում չկա և տեսականորեն հնարավոր է, որ մարդիկ նրան ընթերցեն, մենք ոչինչ չենք կարող անել։ Այս խնդիրը բարոյական տիրույթում է, ու ես հույս ունեմ, որ մարդիկ այնքան ողջախոհություն կունենան, որ այլևս չբացեն նրա գործերը։

— Շատ լավ։ Այսքանով ավարտենք մեր հաղորդումը։ Ցավում եմ, որ այսպես եղավ, բայց դե ի՞նչ կարող ենք անել։ Եվ վերջում, կցանկանայի՞ք ինչ որ բան ավելացնել։

— Այո։ Բոլոր նրանց, ովքեր վճարել էին Դոստոևսկու ամբողջական փաթեթի համար, անվճար տրվում է Բեսթ միլենիումի ամբողջական ծրագրից օգտվելու մեկօրյա արտոնագիր։ Մեր տվյալների շտեմարանից կարող են ներբեռնել ցանկացածի կենսագրությունն ու անրհրաժեշտ տեղեկատվությունն անցկացնելով՝ ցանկացած հրահանգ տալ։ Ում ուզեն կարող են մեկ օրով վերակենդանացնել և պարզել տվյալ անձի վերաբերյալ ամեն ինչ՝ կարծիքը այս կամ այն հարցի շուրջ, ճակատագրի հնարավոր ընթացքը և այլն։ Հետո, եթե ցանկանան, կարող են մեկ միլիոն համընդհանուր տարադրոմով գնել ամբողջական փաթեթն ու համոզվել, որ ամեն ինչ ի վերջո իմացվում է։

— Կարծում եմ՝ ձեր ընկերության բաժանորդները մեծ բավարարվածություն կստանան այս շռայլ առաջարկից։ Այսքանը։ Մնաք բարով։

Ընձեռնված հնարավորությունը դույզն-ինչ մեղմեց Էրիխի զայրույթը։ Կամայայի կորուստը վարժեցրել էր նրան փոքր ու մեծ դժվարություններին։ Սեփական փորձից հասկացել էր, որ ամեն վատից էլ մի դրական բան կարելի է քաղել։ Առանց վայրկյան իսկ կորցնելու այցելեց Բեսթ միլենիումի կայք՝ տվյալների շտեմարան։ Սրտխփոցի ուղեկցությամբ գտավ Կամայային։ Ներբեռնեց նրա մի քանի տերաբայթ տարողությամբ ուղեղի ամբողջական բազան, որը համակարգ էր անցկացվել համաձայն Միջազգային վերահսկողության կազմակերպության պարտադիր պահանջի։ Բոլորի տվյալները գրանցվում էին։ Երեք տարի էր անցել նրա մահվանից։ Պետք էր այդ շրջանի բացը լրացնել մի շարք հարցերի պատասխանելով և ժամանակային սինխրոնիզացիայի միջոցով։ Րոպեներ անց Էրիխը կարող էր տեղեկանալ, թե ինչ էր սպասվելու նրան, եթե Կամայան կենդանի լիներ։ Գիտեր, որ ամեն ինչ իմացվելու է։ 2054թ. հունիս, հուլիս, օգոստոս… ամեն ինչ ուղղակի հոյակապ էր, իսկ հետո կգար աշունը ու էլ չէր գնա, կգնար աշնանն ու էլ չէր գա։ Սեպտեմբեր… սեպտեմբերյան զեկույցը կիսատ թողնելով՝ թարթեց արտասվալից աչքերը։

Կոպերը բացելուն պես տեղափոխվեց 2051թ-ի ամառ՝ Էրիխի ծննդյան օրը, երբ երկուսով այն նշում էին քաղաքից դուրս՝ ամառանոցում։ Հունիսյան զեկույցը կարդաց ամենայն մանրամասնությամբ՝ վերհիշելով միասին անցկացրած յուրաքանչյուր ակնթարթ, որոնք հավերժացել էին Էրիխի հիշողություններում, ինչպես նաև Բեսթ միլենիումի շտեմարանում։ Տեղից վեր բարձրանալով՝ շարժվեց հյուրասենյակ ու բացեց գրապահարանի դուռը, որի փեղկերը լիքն էին նրանց լուսանկարներով։ Խոր շունչ քաշելով՝ ձեռքն առավ Նսեմացվածներն ու անարգվածները վեպը։ Զգուշությամբ բացելով առաջին էջը՝ աչքերը երբեմնի զմայլանքով սահեցրեց Կամայայի ձեռագրի վրայով։

Գիտեմ, որ ափսոսում ես կարդալ Դոստոևսկու բոլոր գործերը և որ այս մեկն ես որոշել զոհաբերել։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ պետք է այն ունենաս։ Հնարավոր է՝ մի օր միտքդ փոխես։

քո Կամայա 12.06.2051

 Գիշերվա հինգն էր։ Ավտոմեքենայի բանալին ձեռքն առնելով տնից իջավ՝ հետը վերցնելով նաև նախորդ դարից մնացած գիրքը։ Ի տարբերություն հնամաշ գրքի՝ վառելիքով աշխատող մեքենայի համար ահռելի հարկեր էր վճարում։ Ամբողջ աշխարհը վաղուց անցել էր էլեկտրոմեքենաների։ Շարժիչը գործի գցելով՝ ճանապարհ բռնեց դեպի ամառանոց, որի ընթացքում՝ Կուրտ Կոբեյնի 1999թ.-ի Լայֆ աֆթըր սյուիսայդ ալբոմի երգերի հնչյունների ուղեկցությամբ, վերհիշեց մեքենայում անցկացրած ակնթարթները։ Ամենուրեք նրանք էին. սրահն իրենցով էր շնչում։

Մեքենան կայանելով ավտոտնակում՝ ներսից փակեց դարպասը։ Սրահի խամրած լամպը միացրեց ու տեղավորվեց ետնամասում, որտեղից դեռ փչում էր Կամայայի բույրը։ Ներսում ցուրտ չէր, սակայն Էրիխը միացրեց մեքենայի տաքացուցիչը։ Հարմար դիրքավորվելով սկսեց ընթերցել։ Մի քանի էջ կարդալուց հետո նիրհը վարագուրեց նրա աչքերը, իսկ շուրթերը ցանկալի հնչյուններն արտաբերելուց հետո բաց էլ մնացին։ Վերջին բառը, որ կարտասաներ պարզ էր դառնալու բոլորին, գուցե նաև Կամայային։

 

 

Կարծիքներ

կարծիք