Կյանք՝ մահվան դիմաց

Հեղինակ:

Կիսամութ էր․ սեղանիկի վրա վառվող փոքրիկ լամպից լույսը տարածվում ու տեսանելի էր դարձնում ծերունու անձնական թղթերն ու անձեռոցիկի մեջ փաթաթված ատամնաշարը։ Լուսինեն փսխելու ցանկություն ունեցավ, սակայն գլուխը թափահարեց ու ձեռքի թաց թաշկինակով շփեց ճակատը։ Ժամը չորսը կլիներ, շուտով լուսանալու էր, իսկ ինքը ոչ մի րոպե աչք չէր փակել։ Նախորդ օրը համակուրսեցիների հետ եկել էր այդ հոսպիսը՝ գործնական հոգեբանության ստուգարքը հանձնելու ու որևէ բառ դեռևս չէր հաջողվել փոխանակել։ Բաշխումը ըստ հիվանդասենյակների կատարվել էր այբբենական կարգով, ու իրեն բաժին էր հասել այդ յոթերորդ պալատը՝ անմխիթար ծերուկով հանդերձ։ Լուսինեն մտովի սերտած դասերն էր հիշում ու փորձում սիրել լարերին ու խողովակներին միացված այդ մեխանիզմը, որը մարդ էր կոչվում։ Մտածում էր, որ ցավերից է այդպես կուչ եկել, ու եթե թմբի նմանվող կերպարանքը վերմակի տակ չլիներ, կկարծեր, թե այդտեղ կմախք է պառկած։ Բայց ծերուկը շնչում էր, դա հաստատ էր։
Լուսինեն մի կողմ դրեց ձեռքի գիրքը, վերցրեց ծերունու թղթերն ու, այնուամենայնիվ, որոշեց նայել․ «Ալեքսանդր Բալյան, 1932 թվականի ծնված, ախտանշանները՝ ծերունական զառամախտ, անորեքսիա, ստենոկարդիա։ Նոպաներն առաջանում են հանկարծակի, առանց նախնական նշանների, անմիջապես ֆիզիկական բեռնվածության ժամանակ (քայլելիս, հատկապես քամուն հակառակ ուղղությամբ, մեծ քանակով սնունդ ընդունելուց հետո, սար կամ աստիճաններով բարձրանալիս), երբեմն այն կարող է ի հայտ գալ նաև հանգիստ վիճակում, օրինակ` գիշերը, քնած ժամանակ։ Հատկապես վտանգավոր են հանգիստ վիճակում առաջացած ցավերը։ Այս դեպքում ցավը լինում է ճնշող, սեղմող, այրող, բութ, ծանրության զգացումով, որի էպիկենտրոնը գտնվում է ցանկացած հատվածում (սկսած ստորին ծնոտից մինչև որովայնի վերին կեսը), այդ թվում նաև կրծքավանդակի աջ կեսում, աջ ուսի նախաբազկի, կամ ուղղակի սրտի շրջանում։ Հիվանդը ցավի բնույթը նկարագրում է ձեռքի ափը կրծքավանդակին սեղմելով և մատները կրծոսկրի վրա վեր ու վար տեղաշարժելով, ինչը բորոշ է ստենոկարդիայի «լուռ» ախտանիշին։ Բնորոշ է մահվան նկատմամբ վախի զգացումը, հատկապես հանկարծակի, քնած ժամանակ սկսվելու կամ ուժեղ և երկարատև ցավերի դեպքում»։
Լուսինեն թեքվեց ծերունու կողմը ու նորից հիշեց տնօրինուհու զգուշացումը․ «Ամենաթանկ հիվանդին ենք Ձեզ վստահում, լսո՞ւմ եք»։ Ծերունու զավակները մեծահարուստ գործարարներ էին, որ վաղուց տեղափոխվել էին ԱՄՆ, բայց իրենց հետ չէին կարողացել տանել այդ համառ «մեխանիզմը», ու որպեսզի խղճի խայթից չտանջվեն, այդ հոսպիսն էին բացել ու այդտեղ հավաքել մենակ ու մեռնելու պատրաստվող տարեցներին։ «Երևի կարիք չկա ասելու, որ ծերուկի․․․,- տնօրենը խստացրել էր ձայնը,- ․․․ որ Ալեքսանդրի ամեն սրտխփոցի համար կյանքով եք պատասխանատու, հասկանո՞ւմ եք։ Նրա սրտի յուրաքանչյուր տրոփյունի համար մենք հազար անգամ աղոթում ենք։ Չեք մոռանում»։ Լուսինեն գուխը չմոռացողի պես վերև-ներքև էր արել, որովհետև գիտակցել էր, որ առաջիկա գիշերն իր համար ճակատագրական կարող է լինել։ Բայց հրաժարվելու ժամանակ չուներ ու դատապարտվածի վեհերոտությամբ ոտքերի ծայրերին հասել էր պալատ ու ստվերի պես անցել ծերունու գլխավերևը։
«Գլուխ կհանեմ,- ինքն իրեն հուսադրել էր Լուսինեն՝ հիշելով հանգուցյալ տատի խոսքը, թե բոլոր գիշերներին անպայման հաջորդում է առավոտը։ Այդ խեղճ ու չորացած կաղամբը, որը հազիվ էր երևում մահճակալին, մի՞թե ինչ-որ բանով կարող էր վնասակար լինել կամ մի՞թե առհասարակ կարող էր շարժվել։
Լուսինեն հետ դրեց թղթերը, ձեռքն առավ գիրքն ու շարունակեց կիսաձայն ընթերցել, ասես ծերունու համար էր ընթերցում․ «Հրեան, որը Գերմանիայում հացաբուլկեղենի ամենամեծ արտադրամասի տերն էր, հաճախ էր ինձ ասում․ «Էնջի, իսկ դու գիտե՞ս, թե ինչու եմ ես այսօր ողջ։ Ես անչափահաս էի, երբ նացիստները Գերմանիայում սկսեցին անխղճորեն ոչնչացնել հրեաներին։ Նրանք գնացքով տեղափոխեցին մեզ Աուշվից կայարան։ Գիշերը մահացու սառնամանիք էր։ Մեզ թողեցին վագոններում մի քանի օր առանց սննդի, առանց քնելու հարմարանքների, իսկ նշանակում է և առանց տաքանալու որևէ միջոցի։ Ձյուն էր գալիս անդադար, սառնամանիքը վայրկենապես ցրտահարում էր մեր այտերը։ Հարյուրավոր մարդիկ կային վագոններում այդ սարսափելի օրերին։ Առանց սննդի, առանց ջրի, առանց ապաստանի, երակներում արյունը սառչում էր։ Իմ կողքին մի տարեց հրեա էր, որին իմ քաղաքում շատ էին հարգում։ Նա դողում էր ու սոսկալի տեսք ուներ։ Ես գրկեցի նրան երկու ձեռքով։ Սեղմեցի ինձ, որ մի քիչ տաքություն տամ։ Շփեցի ձեռքերը, ոտքերը, երեսը, վիզը։ Ես խնդրում էի նրան, որ ողջ մնա։ Ոգևորում էի։ Ամբողջ գիշեր այդպես տաքացնում էի այդ մարդուն։ Իսկ ինքս շատ հոգնած էի ու սառած։ Մատներս անզգայացել էին, բայց չէի դադարում շփել այդ մարդու մարմինը, որ գոնե մի քիչ տաքացնեմ»։
Փողոցից գիշերային լուսակրի արտացոլանքն ընկնում էր Լուսինեի մատներին, որոնց հոգնած դողից տառերը ետուառաջ էին անում։ Մինչև լուսաբաց դեռ ժամանակ կար։ Գրքի ավարտին՝ նույնպես։ Լուսինեն կում արեց սառած թեյից, մաքրեց կոկորդը՝ համոզվելու, որ սենյակում մենակ չէ, ու շարունակեց․ «Այդպես ժամեր անցան։ Վերջապես լույսը բացվեց, ու արևն սկսեց շողալ։ Ես նայեցի շուրջս, որ տեսնեմ մնացած մարդկանց, բայց չգիտեի՝ որքան մեծ էր լինելու սոսկումս։ Որովհետև այն, ինչ տեսա՝ ցրտից անշարժացած դիակներն էին, իսկ ինչ լսեցի՝ մահվան ահասարսուռ լռությունը։ Սառնամանիքը սպանել էր բոլորին։ Ու միակ ողջ մնացածները, ի՞նչ ես կարծում, ովքե՞ր էին։ Ես ու ծերունին։ Ծերունին ողջ էր մնացել, որովհետև ես չէի թողել, որ սառչի։ Իսկ ինքս, ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էի ողջ մնացել՝ որովհետև տաքացրել էի նրան։
Թույլ կտա՞ս քեզ համար բացահայտել այս աշխարհում գոյատևելու գաղտնի՜քը, Է՜նջի։ Երբ դու ջերմացնում ես ուրիշներին, ինքդ էլ ջերմանում ես դրանից։ Երբ դու կյանքում աջակցում, ոտքի ես կանգնեցնում, ոգևորում մյուսներին, ինքդ նույնպես ոգևորվում ես, ուժեղանում և ամուր կանգնում ոտքերիդ վրա»։
Հազիվ էր այս վերջին բառերն ընթերցել, երբ մահճակալի վրայի թումբը հանկարծ երերաց։ Լուսինեն չհավատաց աչքերին։ Մի ամբողջ օր լռության այդ անխախտ ուխտից հետո մեխանիզմը կենդանության նշա՞ն էր տալիս։ Ձգեց փորը, որ շնչառությունը պահի ու հատ-հատ լսեց ծերունու թլթլոցը․ «Աաատամնե՜րս․․․»։ Լուսինեն ամբողջ մարմնով նետվեց դեպի սեղանիկն ու անձեռոցիկով փաթաթված ատամնաշարը մեկնեց ծերունուն։ «Թըըիի՜՜՜ր․․․»։ Դժվար չէր հասկանալ, որ ծերուկը (Ալեքսանդրը․․․ մտքում ուղղեց Լուսինեն), պահանջում էր ատամնաշարը դնել բերան կոչվող այդ երկու կակղամորթ բլուրների արանքը, որտեղից քիչ առաջ գերեզմանային ձայներ էին հնչել։
Լուսինեն միանգամից գլխի չընկավ, որ դնել ատամնաշարը նշանակում էր այն հանել անձեռոցիկից ու իր լաքապատ մատիկներով խցկել կախ ընկած շուրթերի ետևը։ Թքոտվելու էր՝ սոսկալի՜ հեռանկար։ Բայց ամեն վայրկյանը թանկ էր Ալեքսանդրի պարագայում, ու Լուսինեն գործի անցավ։ Աշխատանքը գլուխ էր գալիս՝ ասես հարյուր տարվա փորձառուի ձեռքում։ Լուսինեն վերջապես զգաց, թե ինչպես թանկարժեք ծնոտները հարմարավետ կերպով նստեցին, ու ծերունու աշխուժացած ձայնը վկայեց, որ շուտով դայլայլելու է դեղձանիկի պես։ Բայց ինչի՞ց սիրտը կասկած ընկավ, թե ծերունին շոյեց ձեռքն ու փորձեց համբուրել, անսպասելիությունից ետ թռավ ու ձեռքի ինչքան ուժ ուներ՝ ապտակեց ծերունու դեմքին։
«Այդ ինչե՜եր եք Ձեզ թույլ տալիս»,- բղավեց Լուսինեն ու նետվեց միջանցք՝ կեսգիշերվա լռության մեջ սաստելով աշխարհի բոլոր քնածներին։
Արձագանքը գիշերվա պատերի մեջ սառն էր ու խուլ։ Լուսինեն ուշքի եկավ։ Ականջը պահեց դռան կողմը, որ լսի՝ արդյոք ծերունին օգնության ճիչեր չի՞ արձակում։ Բայց այդտեղ նույնպես լռություն էր։ Էլ ավելի սարսափեց։ Անաղմուկ բացեց դուռը ու սարսափի ծանրաշարժ թիերին հանձնված՝ ճողփաց դեպի սենյակի կենտրոն, որտեղ անխռով պառկած էր ծերունին։ Լուսինեն անասելի ամաչում էր իր արարքի համար ու պատրաստվում էր ներողություն խնդրել, եթե միայն համոզվեր, որ ծերուկը ողջ է։ Օ՜, Աստվածներ, ճակատագրից առաջ մի՛ ընկեք։ Լուսինեն վստահ էր, որ իր ապտակը առավոտյան շրխկալու էր իր իսկ երեսին։ Ու արդեն տեսնում էր, թե ինչպես է սվիններով զինյալ տնօրինուհին իրեն կանչում առանձնասենյակ ու առհավետ փակում հումանիզմի բոլոր խողովակներն իր համար։
Հանկարծ հեծկլտոց լսեց․ այո, այո, չէր սխալվում։ Լացի, ավելի շուտ հեկեկոցի ձայն էր գալիս բոլորովին մոտերքից, հենց մահճակալից։ Ծերունու թավ ու լիքը տեմբրը խառնվել էր գլորվող արցունքներին, ու ասես աշնան հեղեղ լիներ, որ վարարել էր դադարելուց առաջ։ Լուսինեի սիրտը լցվեց, ձեռքը տարավ դեպի ծերունու ճակատը, որ շոյի, բայց չհամարձակվեց։ «Ներեցեք, ի սեր Աստծո, ներեցեք ինձ, ես ոչ մի դեպքում ինձ չպետք է այդպես պահեի»,- շշնջաց Լուսինեն։
«Ի՜նչ եք ասում, այդ ես անզգուշաբար վախեցրի Ձեզ»,- խոսեց ծերունին։- « Գիտե՞ք, երբ ընթերցում էիք, Ձեր ձայնն ասես աստվածային երաժշտություն լիներ, որ ես վաղուց չէի լսել։ Ինձ համար ոչ ոք երբեք ոչինչ չի կարդացել։ Հանկարծ զգացի,- ծերունին շունչ հավաքեց,- թե ինչքա՜ն բան եմ կորցրել կյանքում․․․ Երբ Դուք կարդում էիք, ակամա զուգահեռ տարա, ու գիտե՞ք՝ ինձ դրեցի այն ծերունու տեղը, Ձեզ՝ այն աղջկա․․․ Ես այնպես ուզում էի գգվել Ձեզ, համբուրել Ձեր կենսաբեր մատները, իսկ երբ դիպաք ինձ, բոլորովին կորցրի ինձ։ Ինձ հարյուր տարի է՝ կնոջ ձեռքեր չեն հպվել, ու գայթակղություն ունեցա հիանալ Ձեր երիտասարդությամբ․․․ Անիծվեմ ես․․․»։
Լուսինեի համար անսպասելի էր նման շրջադարձը, նա վառեց լույսն ու ասաց․
— Կուզե՞ք Ձեզ համար երաժշտություն միացնեմ. բլյուզ, ահա` Gary B.B. Coleman — The Sky is Crying, բոլոր ժամանակների դարմանը հոգու համար։
— Հիանալի ճաշակ ունեք։
— Եթե գնահատում եք՝ ուրեմն ինքներդ էլ։
— Անունս Ալեքսանդր է,- ասաց ծերունին։
— Լուսինե։
— Լյուսի՜․ շա՜տ սիրուն անուն է։
Լուսինեն ժամանակ չունեցավ ուղղելու, որ՝ Լուսինե, ծերունին ջուր խնդրեց։
— Զարմանալի աղջիկ եք, Լյուսի։
— Դե, իսկ ո՞ր տղամարդը չի հանդիպած ցանկացած կնոջ ասում նման խոսքեր,- Լուսինեն մտքում նույնիսկ ապշեց, որ «կիսամեռ» ծերունու հետ արդեն խոսում է  նման թեմաներից։ «Վատ պրոգրես չի»,- քմծիծաղեց՝ հիշելով, թե ընդամենը մի քանի րոպե առաջ ինչպես էր վարվել։
— Ալեքսանդր, գիտե՞ք ինչ անցավ մտքովս,- ծերունու անմիջականությունից համարձակություն առավ Լուսինեն,- կուզե՞ք Ձեզ համար․․․ Ձեզ համար․․․ վաղը կին պատվիրենք։ Դուք․․․ Դուք կառնեք իրենից Ձեր բոլոր կարոտները, իսկ նա ձեզանից՝ աշխատանքի դիմաց իր վարձատրությունը։
Ծերունին կմկմաց․
— Որ ասում եմ՝ յուրահատո՜ւկ եք․․․Կի՜ն․․․ Այդ հասկացությունը շատ լայն է․ Դուք հո հասկանում եք։ Իմ այս տարիքում ես ի՞նչ կարող եմ տալ այդ կնոջը՝ որդիներիս կանաչ փողերից բացի,- ծիծաղեց նա։- Ա՜յ, եթե երիտասարդ լինեի՜, եթե երիտասարդ լինեի՝ կսիրահարվեի Ձեզ․․․ Ու, Աստծու սիրուն՝ առանց գումարի,- ծիծաղեց նա։
— Իսկ ես, եթե երիտասարդ լինեիք, հաճույքով կմտածեի Ձեր առաջարկի մասին,- Լուսինեն նույնպես ծիծաղեց, ու չնկատեցին, թե զրույցն ինչպես երկարեց։ Անաղմուկ ծիծաղում էին ու պատմություններ պատմում։
Պատուհանից այն կողմ լույսն ու մութը բաժանվում էին արդեն՝ արևագույն կայծեր վառելով վարագույրին։ Լուսինեն մոտեցավ պատուհանին, որ օդանցք բացի, սակայն երբ շրջվեց, ծերունին փակել էր աչքերը, իսկ կոպերի տակից արցունք էր հոսում։
— Դուք ինձ վերադարձրիք կյանք, Լյուսի․․․ Ես մի՞թե ապրում էի, ես մի՞թե ապրել եմ,- հեկեկում էր նա,  իսկ աղջիկը լսում էր։- Ես մեռած էի։ Այս անիծյալ անկողնում ես վաղուց եմ մեռել։ Բայց Դուք եկաք․․․ Ու պարզվեց՝ ողջ եմ․․․ Կարող եմ ծիծաղել, լացել, անգամ ապտակի արժանանալ․․․ Այ հիմա ո՜նց կուզենայի մեռն․․․,- այս խոսքերի վրա ծերունու գլուխը ետ ընկավ բարձին, ու անշնչացավ։
Լուսինեն չէր նկատել, որ ծերունին մի ձեռքով բռնել էր սիրտը, իսկ մյուսով սեղմել շտատիվից եկող լարը։ Առաջին բանը, որ անգիտակցաբար արեց՝ անջատեց երաժշտությունն ու սլացավ օգնություն կանչելու․․․
Առավոտյան տնօրինուհին Լուսինեին համարյա մեռած գտավ։ Նա իհարկե հաճույքով կնախատեր ու կմեղադրեր աղջկան բոլոր արած-չարած մեղքերի համար, սակայն ատամների տակից միայն նետեց․ «Կպարզենք, ամեն բան կպարզենք»։
Լուսինեն անթարթ նայում էր պատուհանից թափանցող լույսին ու շարունակ ծերունու մասին էր մտածում։
Նա աննկատ, շատ աննկատ ժպտաց, երբ հիշեց ծերունու համբույրն ու իր ապտակը․․․
Այդ մասին երբեք ոչ մեկի չէր ասելու։
Չէ՞ որ ոչ մեկը չէր հավատա, որ ինքը կյա՜նք էր նվիրել նրան։ Ընդարձա՜կ, անիմանալի ու անսահմա՜ն կյանք։
Թեկուզև՝ մահից առաջ։

 

 

 

Կարծիքներ

կարծիք