Տատու կամ  նիհար եմ

Նրա աջ թևին կա գեղեցիկ տատու: Նայում եմ, ճիշտ է դեռ չեմ հասկանում,  թե ինչ է նկարված, բայց գեղեցիկ է արված: Փորձում եմ գլուխս աջ ու ձախ շարժելով՝  կռահել պատկերի ամբողջական լինելը, սակայն ապարդյուն, կիսաթև բլուզը թույլ չի տալիս այն տեսնել: Չեմ դիմանում, խնդրում եմ ցույց տալ այն ինձ: Չի մերժում: ժպտում է, ժպտում է անսահման գեղեցիկ ժպիտով: Նուրբ է, որպես տղա  շատ է նուրբ: Ես էլ եմ ժպտում: Հանդիպում են մեր հայացքները: Չորացած շուրթերս եմ թաց անում վարդագույն լեզվովս: Ունի դեպի իրեն  ձգող մագնիսական ժպիտ և գեղեցիկ, սպիտակ ատամնաշար: Դեմքը հետաքրքիր է, նիհար ու ոսկորոտ է: Աչքերն ասես մշտապես հոգնածությունից ուռած լինեն: Սևահեր չէ, ոչ էլ շիկահեր է: Շատ անուշ բաց շագանակագույն են նրա աչքերն ու մազերը, թարթիչներն ու հոնքերը: Հոնքերը… հոնքերն այնքան  բարակ ու քիչ են ասես հատուկ մշակած լինի գեղեցկության սրահում: Մաշկը սպիտակ է, շատ սպիտակ ու երակները երևում են: Այտոսկրերը փոքր- ինչ արտահայտիչ են: Հոնքերի նոսր ու ցրված լինելը նրա դեմքին տալիս են էլ  ավելի պարզ, մանկական ու նաև միամիտ արտահայտություն: Նրա ժպիտն իրոք շատ գեղեցիկ է: Չեմ կարողանում կտրվել… Նրան էլ ավելի գրավիչ ու հետաքրքիր է դարձնում  նրա   շատ փոքրիկ մազափունջը՝  գլխահետևում… Ու այն ոչ թե ամբողջությամբ է կապված, չէ, ներքևի հատվածում մի փոքր կարճ ազատ մազ է թողնված ու դրանից մեկ մատ բարձրությամբ  նոր մազափունջն է՝  կոսի պես կլոր անցկացված ռեզինի մեջ:

Չմերժեց:

Կամ չի մերժում…

Միևնույնն է…

Իմն է…

Լինելու է իմը…

Որոշել եմ…

Բարձրացրեց բլուզի թևը, որ տեսնեմ տատուն ամբողջությամբ: Արծվի թևեր են կապված ու վրան էլ նույնը՝  բացած վիճակում: Շատ գեղեցիկ է դաջած, իրոք, շատ-շատ հաճելի ու ճաշակով է արված: Չգիտեմ… սիրահարվեցի տատուին, թե երիտասարդին: Բայց սիրահարվեցի հենց այդ օրը, հենց այդ  տեղում, հենց այդ վայրկյանին, հենց էդ պահին, ոչ թե առաջ կամ հետո: Խնդրեցի մի բաժակ վիսկի սառույցով: Նա նորից ինձ նայեց իր անսահման ջինջ աչքերով ու ժպտաց իր գայթակղիչ ժպիտով: Ես էլ ժպտացի: Ինձ կարծես թվաց, որ  արդեն մի քանի տարի անց է այս ամենը կատարվում: Սառույցով վիսկին երկու րոպե անց իմ առջև դրեց:

— Ձեր վիսկին:

— Շնորհակալ եմ:

— Էստեղ ձեզ առաջին անգամ եմ տեսնում: Մեր փաբի հաճախորդ չեք ոնց որ:

— Առաջին անգամ եմ: Պարզապես մտա մի բան խմելու համար:

Ժպտում է նորից: Ես էլ: Խոսքի փոխարեն է երևի նրա ժպիտը: Ձեռքս եմ վերցնում վիսկիով բաժակն ու մի մեծ  կում անում: Լավն է: Պինդ է ու լավը: Գույնն էլ է լավը: Ոչ կարմիր է, ոչ շագանակագույն, ոչ նարնջագույն: Այս բոլորի խառնուրդն է երևի, որ էսպիսի սիրուն գույն ունի: Նորից մեծ կում արեցի: Նայում եմ նրա ձեռքերի վարժ շարժումներին: Ինչ-որ բան է պատրաստում, խմիչք չէ բայց, պաղպաղակով ինչ-որ բան է: Գեղեցիկ ձեռքեր ունի, բարակ ու երկար մատներ, խնամված եղունգներ: Բաց երկնագույն են երակները: Չնայած կարող են նաև այլ գույն լինել: Պարտադիր չէ այն ինչ տարածված է համընդհանուր լինել, պետք է տարբեր չլինի: Թափանցիկ են այնքան, որ թվում է, թե տեսնում ես բազմագույն արյան հոսքը նրանց միջով: Ու ուզում ես մատով շոշափես այդ  բազմագույն խառնուրդը՝  հասկանալու համար, այն ինչպես է հոսում՝ այդքան տարբեր գույներ իր մեջ ընդգրկելով, միթե ծանր չի, միթե չի ուզում մի գույն լինել, որ թեթև լինի, որ իր վրայից գցի ծանրությունն ու հանգստանա  վերջապես: Մեծ հոգոց հանի ու խորը շնչի, հետո սովորական շնչի ու արտաշնչի, հասարակ ապրիր…

Էդպիսին չեմ…

Թարս եմ…

Հակառակ եմ…

— Երեկոյան եթե չեք շտապում միասին կարող ենք դուրս գալ,- հանկարծ լսում եմ նրա գեղեցիկ հրավերը:

Մեջս ասես մի կրակ բռնկվեց՝ դեղին, կարմիր, նարնջագույն: Սպասում էի այս հրավերին, ավելի ճիշտ ուզում էի, որ այդպես լինի: Ու ստացվեց: Նա իմն է: Թեկուզ  մեկ օրով բայց իմն է լինելու: Նրա հեռախոսին զանգ է գալիս: Նայում է համարին: Չի պատասխանում: Ձայնն է ցածրացնում: Նորից է հեռախոսը դռռում: Կրկին ու կրկին զանգում են: Կրկին չի պատասխանում: Սկսում է հետաքրքրել, թե ով է նրան  այդքան  զանգում: Ունի կին, ընկերուհի: Հնարավոր է: Ինչու պետք է չունենա: Հիմարություններ է մտքովս անցնում: Կամ ուզում եմ, որ հիմարություններ անցնեն: Չգիտեմ կամ չեմ ուզում  իմանալ: Չեմ հասկանում, թե ինչու եմ հիմա այստեղ նստած, որ պետք է լինեմ լրիվ այլ տեղ ու այլ մարդու հետ  կամ էլ այլ մարդկանց հետ: Չգիտեմ թե ում հետ, կամ ով իմ հետ: Շատ եմ շփոթված ու չեմ հասկանում, թե այս պահին  ինչպես պետք է հաջորդ քայլս անեմ կամ էլ ոչ թե հաջորդ, այլ հենց այս քայլը անեմ: Հա, հա… հենց այս քայլը: Այս պահին ու առանց զղջալու:  Ու ասեմ ստացվել է ու անկախ նրանից թե, ինչպես կլինի ոչ թե հետոն այլ այսօրից հետոն: Ու սպասում եմ, նայում եմ ժամին, դեռ մեկ ժամ կա ինձ թվում է, համենայն դեպս այդպես եմ կարծում, որ նա աշխատանքը վերջացնի ու կկարողանանք դուրս գալ:

Սպասում եմ…

Սպասում եմ…

Անհամբեր եմ, սպասում  եմ իմ ու նրա առանձին լինելուն:  Մտածում եմ, որ սխալմունք է իմ այստեղ լինելը: Ու հավանաբար արդեն իմ գնալու ժամանակն է էստեղից: Վեր եմ կենում: Աթոռը տեղն եմ դնում: Պատրաստվում եմ դուրս գալ, երբ ձեռքս բռնում է նա:  Չգիտեմ շարունակեմ մնալ, թե թողնել հեռանալ: Նայում եմ նրան ու չեմ ուզում գնալ:

Չեմ գնում…

Խնդրում է երկու րոպե սպասել, հագուստը փոխի և գա…

Ուշ գիշեր է: Կեսգիշեր է:

Մենակ կանգնած եմ բարի հետևում:

— Չկա հաճախորդ էսօր կարծես: Քիչ էին էսօր մարդիկ, երևի շուտ փակենք,- ասում է Լեոն:

— Հա, էլ դժվար մարդ գա, արդեն մի ժամա նստած ենք  դատարկ, — ասում եմ ես՝ անկյունում դրված սեղանից  գարեջրի շշերը վերցնելով:

Դատարկ օր էր  ու դանդաղ: Նման օրերի մեջ ինքս ինձ չեմ տեղավորում: Պետք ա եռա ամեն վայրկյանն ու պահը, թե չէ կանգնում է ընթացքը, դանդաղում է ու հնարավոր է նաև, որ էլ չսկսի շարժվել այդքան երկար  դանդաղելուց հետո: Չպետք ա ժամացույցին նայելու ժամանակ լինի: Սեղանների վրա մնացած վերջին մի քանի  բաժակներն ու մոխրամանները հավաքելով՝  շարժվում եմ դեպի բարի ետնամասը, որտեղ լվացարանն է: Ձեռքերս եմ լվանում, սրբում եմ պատից կախ տված սրբիչով ու  դուրս գալիս բարի ետևից: Լուռ կանգնում ու հետևում եմ իմ Լեոյին: Կողքից եմ հետևում, իննսուն աստճանից եմ հետևում, բայց ավելի լավ կլիներ հարյուր ութսուն աստճանից հետևեի, ուզում եմ չխանգարել նրան իմ կյանքով, ուզում եմ  հեռանալ, չփչացնել նրան իմ ոչ ճիշտ ուրախություններով:

Ոչ ճիշտ ուրախություններ…

Ու նաև… ճիշտ …

Լեոն մաքրում է բարի սեղանը, բոլոր բաժակներն իրենց տեղերն է տեղադրում, անջատում է հոսանքներն ու վերցնելով նարնջագույն պիջակը՝ դուրս է գալիս փաբից: Ես դեռ պատի անկյունում կանգնած նրան էի հետևում… Ու դեռ չէի հասցրել շրջվել ու աթոռից վերցնել անձրևանոցն ու բաճկոնս, երբ…

…  երբ հանկարծ… հանկարծ ապակու կոտրվելու ձայն լսեցի: Ձայն տվեցի Լեոյին: Չպատասխանեց: Կարծեցի դրսում ինչ- որ մի հարբած օղու շիշ կոտրեց: Սկսեցի  բաճկոնս հագնել: Հայելու մեջ նայեցի, մազերս փոքրիկ կոս անելով, շտապեցի վերցնել կարմիր ու սև գծերով անձրևանոցն ու քայլեցի դեպի դուռը…

Մոտենալով դռանը կանգ առա…

Չհասկացա թե ինչ է կատարվել: Չուզեցա հասկանալ, չիմացա ինչպես հասկանալ: Կոտրված էին ամբողջ ապակիները, ու դռան մոտ արյան կլոր գունդ էր առաջացել: Չէի կարողանում առաջ գնալ, չէի ուզում առաջ գնալ, չէի ուզում հասկանալ այդ ամենը, թե ինչ է պատահել: Դրսում աղմուկ էր: Մարդիկ սկսեցին հավաքվել: Ոստիկանության մեքենաներ, շտապ օգնության մեքենա…

Դանդաղ… շատ-շատ դանդաղ քայլերով մոտենում եմ դռանը: Ոտքերս արյան մեջ դնելով՝ մարմինս առաջ եմ հանում…

Նա… նա ընկած է ու չի շարժվում: Բերանից արյան գետ է հոսում, ամբողջ մարմինը արյան մեջ է: Շփոթված նայում եմ այս ու այն կողմ վազող մարդկանց, որոնք կողքովս անցնելով հարցեր են տալիս ու ինձանից պատասխան չստանալով նորից շտապում ինչ-որ տեղ: Չեմ կարողանում հասկանալ ինչ է կատարվում: Ինձ է մոտենում ոստիկանի հագուստով մի երիտասարդ ու խնդրում ներս մտնել: Նայում եմ նրա դեմքին ու քարացած կանգնում:

— Օրիորդ, խնդրում եմ եկեք ներս գնանք՝ զրուցենք:

— Ինչի համար զրուցենք, -պատասխանում եմ անտարբեր:

— Պարոն Լեոն ձեր ամուսինն էր,- ինձ ներս տանելով ասում է ոստիկանը:

— Ամուսինն էր, ինչու… հիմա էլ է նա իմ ամուսինը: Հիմա էլ է, հիմա էլ է, իսկ ինչ է եղել, որ անցյալով եք ասում: Ինչ է եղել:

Փորձեցի դուրս գնալ և տեսնել նրա անշարժ մարմինը: Ուզեցի տեսնել նրան, նրան … նրան անշարժ… իմ  Լեոյին անշարժ…

Թույլ չտվեց ոստիկանը: Թույլ չտվեց: Թույլ չտվեց տեսնել նրան… վերջին անգամ գոնե…վերջին անգամ թեկուզ արյան մեջ… բայց տեսնեի… նրան տեսնեի… տեսնեի…

Ինքս ինձ պետք է տեսնեի…

Անցավ կես ժամ… կես ժամ նա ինձ հասկացրեց թե ինչ է կատարվել, թե ինչ է պատահել, թե ինչու է այդպես եղել, ինչպես է եղել…

Չուզեցի նրան պարտադրել, նա էլ ինձ չպատրադրեց հասկանալ, թե ինչ կատարվեց, չստիպեց խոսել, թույլ տվեց ժամանակի հետ հաշտվել՝  ընդամենը կես ժամ կամ մի ժամ առաջ: Նստեցի աթոռներից մեկին, փորձում էի հիշել թե ինչու նրա հետ չէի, ինչպես նրա հետ չէի, ինչու չհասցրեցի կամ էլ… կամ էլ…

Կամ էլ…

Նա, թե ես… խառնված էր, թե խառնված էի մութ գործերի մեջ:  Շատ մութ ու շատ վտանգավոր գործերի մեջ: Ես չեմ նկատել, թե նա չի նկատել, չեմ իմացել, թե նա չի իմացել, չեմ կասկածել… նա էլ չի կասկածել:  Փակ են եղել աչքերներս այսքան տարի ինչ է: Զարմացած եմ, զարմացած եմ ինքս ինձ ու նրա վրա, թե ոնց ենք տարբեր ապրել ու չենք զգացել իրար ներկայությունը: Ապրել ենք չնկատելով այս պահին հասնելու քայլերը: Նա տարբեր է: Նման չենք: Բացարձակ նման չենք: Նա հանգիստ, լուռ, հանդարտ, բարի, համբերատար, ժպտերես, աշխույժ, ուրախ անձնավորություն է՝  հակառակ ինձ…

Լարված եմ, ինքս ես չեմ կարծես, թե ես եմ իսկապես, անհանգիստ, ոչ ադեկվատ վիճակում գրեթե միշտ, անհամբեր, միշտ վիճելու պատրաստ, բարկացած…

Ու հոգնած միշտ… ցրված ու հոգնած…անհանգիստ միշտ ու նիհար…

Շատ նիհար եմ, շատ-շատ նիհար: Այնքան նիհար, որ երբեմն Լեոն բարկանում է, ստիպողաբար ինձ կերակրում կամ բժշկի է տանում:

Նիհար եմ… ու …

… ուտելուց չի…

Նիհար եմ…

Միշտ ես էի փակում փաբի դուռը՝  այն օրից երբ տեղափոխվեցի նրա մոտ աշխատանքի, դե… իսկ հետո էլ արդեն ապրելու… Ու ամեն անգամ դռնից դուրս գալով կանգնում… մեկ հատ ծխախոտ էի ծխում ու սպասում նրան…

… իսկ նա… նա  ընդամենը ներսում շրջում էր երկու րոպե, ստուգում էր ամեն ինչ արդյոք կարգին է, հո  լույս, ջուր կամ գազ չկա միացված մնացած: Այդ ամենը ստուգելուց ու համոզվելուց հետո միայն, որ ամեն բան կարգին է՝  նա դանդաղ դուրս էր գալիս: Կանգնում էր … մի ծխախոտ էլ ինքն էր ծխում  ու առանց որևէ տարօրինակ պահվածքի՝  սպասում մինչ ես կկողպեի դուռը, բանալին կդնեի պայուսակս ու միասին կքայլեինք դեպի տուն: Մոտ էինք ապրում:

Նա ինձ լավ գիտեր… ես՝  չէ: Իմ ամեն ինչը գիտեր… ես՝  չէ: Խնդիրներս ու ցանկություններս գիտեր… ես՝  նորից չէ: Դժվարություններս ու երազանքներս գիտեր… ես՝  չէ: Ես ոչինչ չգիտեի, ոչինչ: Չգիտեի ինքս ինձ պարզվում է, չգիտեի  ու չէի ճանաչում զգացմունքներս ու չէի կարողանում շոշափել ապրումներս: Նորից ու նորից չէի տեսնում ներսս ու կուրացել էի…

Կուրացել էի արդեն… աստիճանաբար դա եղավ… չզգացի թե ինչպես դարձա գերի ու… էլ չստացվեց դուրս գալ…

Կախվածություն դարձավ…

Քիչ-քիչ  շատացրեցի օգտագործելուս չափը ու…

Ու… դարձավ չանցնող հիվանդություն…

Ու… դեմ չի եղել երբեք… երբեք դեմ չի եղել, կամ էլ այդպես  եմ ես տեսել ու թելադրել, որ այդպես լինի, ցանկացել, որ դեմ չլինի: Ինքս եմ այդպես թելադրել ու  ստացվել է, քանի որ համեստ է, քանի որ իմն է, իմ Լեոն է… իմ ներող Լեոն է… իմ գայթակղիչ այտոսկրերով Լեոն է…

Պատահականություն էր…

Չեն նկատել, որ ես չեմ…

Արյունը իմը չի… ես երկրորդն  այդ օրը դուրս եկա…

Չեն նկատել…

Սխալվել են…

 

 

 

Կարծիքներ

կարծիք