Մի օր սալսա կպարենք

Ես կյանքս կառուցում եմ քո թողած դատարկության շուրջ ու վերադառնում ստուգելու դռան բռնակը, որովհետև երբեք համոզված չեմ, որ փակել եմ դուռը: Անցյալ ժամանակը միայն դժվարեցնում է ժամանակի ընկալումն ու դառնում հենման կետ միայնակ ուղևորների համար: Մի օր կհասկանամ, որ մարդիկ չեն  տեսնում ներսդ, նրանք անտարբեր են քո հույսերի, երազների ու տխրությունների հանդեպ, որոնք թաքնված են միայն քո մաշկի տակ ու ոսկերների մեջ: Մի պահ կա միայն  ճշմարիտ, որը ձգվում է այնքան, որքան տևում է սերը: Վերցրու ուրիշի կյանքն ու ապրիր ուրիշ աշխարհում: Երբեք չմտածես ինձ փնտրելու մասին: Տեսնես ավերված քաղաքներից նամակներ գալիս են: Ես քեզ սիրում եմ գիտես, բայց այդպես էլ չկարողացա քեզ հասկանալ: Հիմա դու չկաս, բայց դա ինձ չի խանգարում քեզ սիրել: Հիմա ոչինչ կարևոր չէ այլևս: Դու չես էլ հիշում, որ չկաս: Միշտ պետք է ընտրել ավելի տանելի ցավ, իսկ ես այդպես էլ չսովորեցի համակերպվել կորուստների հետ: Դրախտի ամենախորքում մենք մի օր սալսա կպարենք: 25 քայլ միայն ու վերջ: Դեպի, կամ ինչ-որ տեղից: Ուղղակի 25 քայլ:

Ինչ-որ պահից դու էս աշխարհում մենակ չես լինի, կգա մեկը, ով էս աշխարհին քո աչքերով կնայի, մեկն, ով քո աշխարհը կդառնա: Էլ սիրուն տողեր քամելու կարիք չի լինի. ինքն ամենասիրունը կլինի իմաստներից: Սկզբում աչքերովդ կճանաչի աշխարհը, հետո ամեն ինչ կանի աչքիցդ հեռու: Նա սկզբում անմարմին կլինի, բայց ամենակենսական գոյությունը կդառնա, է-ն առանց որի աշխարհում ոչինչ չի ստացվում: Ինքն էն սիրուն խաղաղությունը կլինի, որի մասին մարդիկ երազում են: Սկզբում ներսում, հետո աշխարհի համար: Հիմա ինչ-որ նոր սիրտ կա իմ մեջ:

***

Ես Մոնմարտրի թաղամասում արվեստանոց չեմ ունենա, ոչ էլ հայքու կգրեմ քո մասին: Դու ինքդ մի օր կհասկանաս, որ մարդկանց հենց այնպես չեն լքում, որ իսկական սերերը ծնվում են լքվելուց հետո միայն: Կհասկանաս, որ կյանքում ամենակարևորը զգացողություններն են: Պահի, թուլության, մատնահետքերի ու չստացված սիրո հիշողության, որ կեղծել չի լինում: Ես միշտ համարյա քո մասին եմ գրում: Համարյա: Դու ուղղակի նա ես, ում միշտ երազել եմ տեսնել: Դու իրական չես ու հեռու ես սիրո օբյեկտ լինելուց: Դու նա ես, ում մասին գրում են միայն: Ես երբեք չեմ դադարի գրել, որովհետև դա միակ բանն է, որ մնացել է քեզնից: Ես որ ամեն ինչ ունեմ  կյանքում, քեզնից բացի, կամ առանց քեզ: Միևնույնն է: Ես երբեք հայքու չեմ գրի քո մասին:

 

 

Կարծիքներ

կարծիք