Ծառի շարունակությունը

Հեղինակ:

***
Դեղնեցի
Ճյուղերի վրա —

Արցունքի…

 

 

***
Ստվերս
Վերցրեց պայուսակս
Եվ ինձ դպրոց տարավ։

Տերևաթափը մայրաբույր էր…

 

 

***
Վանքը,
Որի պատերի ծերպերում աճող սնկերը
Միայն երեսուն արծաթի
Զրնգոցներից են բազմանում,
Ծառ է դառնում…

Ծառը,
Որի տասներկու ճյուղերից մեկը
Նետ ու աղեղ է դառնում
Եվ ուղղվում կանաչ աղոթքը,
Կարմրեցնում է խաչը…

Ո՜վ իմանար,
Որ Հուդայի մոր արգանդը
Պիտի լիներ ավելի մեծ
Հիսուսի մոր արգանդից…

 

 

***
Բառերն աթոռներ են,
Բանաստեղծությունը՝ տուն…

Ամեն օր
Տունս կահավորելիս
Յուրաքանչյուր սենյակում
Մի քանի աթոռ եմ դնում,
Որոնցից մեկը՝ կենտրոնում,
Մնացածը՝ անկյուններում,
Որ ամենուր քեզ նստած տեսնեմ…

Քո մասին
Յուրաքանչյուր բանաստեղծություն
Ավարտելուց հետո,
Փակում եմ տետրը
Ու նայում
Կլոր տանս թաց աթոռներին,
Մա՛յր…

 

 

***
Ես
Ինձ հանդիպած միակ բարդ,
Բայց անենթակա նախադասությունն էի,
Որին գրե՛լը,
Որին ջնջե՛լը,
Որպես ստորոգյալներ,
Պարզեցրին ինձ,
Որ կույր լրացումների որոնումները
Է՛լ չհեկեկան
Տողերի վրա՝
Հողի…

 

 

 

***

Այնտեղ,
Որտեղ սկսվեցի ես,
Պատգարակի վրա երկինք բարձրացող
Ծառի շարունակությունը
Հողի ականջին
Ինչ-որ բան էր շշնջում…

Այնտեղ,
Որտեղ ավարտվեց ծառի շարունակությունը,
Հրեշտակներն իմ ականջներին
Հողի հեքիաթն էին շշնջում…

Հեքիաթի բաց պատուհանը,
Դեկտեմբերն էր այնտեղ,
Որից այն կողմ ձյունում էիր դու,
Որից այս կողմ ձյունում էի ես,
Մա՛յր…

 

 

Կարծիքներ

կարծիք