Լապտերները, գիշերն ու աստղերը

Վոլֆգանգ Բորխերտ /Wolfgang Borchertգերմանացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ:

Վոլֆգանգ Բորխետը ծնվել է Համբուրգ քաղաքում: Դեռ վաղ տարիքում հրատարակած նրա բանաստեղծությունները գրավում են Գեստապոյի ուշադրությունը, քանի որ դրանք չէին տեղավորվում կայսերական գաղափարախոսության մեջ: Վոլֆգանգ Բորխերտը հետաքրքրված էր գերմանական վաղ էքսպրեսիոնիզմի բանաստեղծներով /Գոթֆրիդ Բեն, Գեորգ Թրակլ, Գեորգ Հեյմ/, իր ուսուցիչներն է համարել Ֆրիդրիխ Հյոլդերլինին, Ռայներ Մարիա Ռիլկեին:

 

 

Անձրև

 

Անձրևը քայլում է որպես զառամյալ կին

քաղաքի միջով տխրությամբ լուռ:

Մազերը թաց են, գորշ՝ վերարկուն,

և երբեմն ձեռքն է բարձրացնում

 

ու վհատված թակում պատուհանները,

որտեղ վարագույրները փսփսում են թաքուն:

Աղջիկը պետք է մնա տանը,

այսօր սակայն կենսախինդ է այնքան:

 

Քամին կլանում է ծեր կնոջ մազերը,

և արցունքները դառնում են վայրի բծեր:

Նա հանդուգն լքում է իր շրջազգեստը

ու հոգեղեն պարում կախարդի պես:

 

 

 

Լուսինը ստում է

 

Լուսինը մի արտասովոր նախշ է նկարում պատին:

Արտասովո՞ր: Մի լուսավոր քառանկյուն՝ հազիվ թեքված,

բազմությունից մուգ մոխրագույնի,

և բարակ գծեր՝ տարածված:

Ձկնորսական ցա՞նց: Սարդոստա՞յն:

Ա՜խ, դողում են սակայն կոպերս,

երբ հայացքս բարձրացնում եմ դեպ պատուհանը.

դա արգելված է:

 

 

 

Արանկա

 

Ես զգում եմ ծնկներդ իմ ծնկներին,

և քո քիթը փխրուն

պետք է մազերիս մեջ լաց լինի:

Դու կարծես լինես ծաղկասափոր երկնագույն,

և ձեռքերդ ծաղկում են հանց աստղածաղիկներ,

որ նվիրելիս դողում են արդեն:

Մենք երկուսս էլ ժպտում ենք ամպրոպների ժամին՝

սիրո, տառապանքի ու մոլությունների:

 

 

 

Լեգենդ

 

Նա սպասում էր ամեն իրիկուն

մթին մենության մեջ ու ձգտում երջանկության:

Ավա՜ղ, տխրությունը բույն էր դրել աչքերում.

սիրելին այլևս ետ չէր դառնում:

 

Մի գիշեր մութ քամին

կախարդեց նրանց՝ դարձնելով լապտեր:

Նրանք իրենց փայլով երջանիկ էին,

շշնջում էին կամացուկ՝ ես սիրում եմ քեզ…

 

 

 

Լապտերները, գիշերն ու աստղերը

 

Ես ուզում եմ փարոս լինել

քամու մեջ ու գիշերվա.

ձողաձկան ու ճնճղուկի համար,

նավակի համար ամեն մի,

և սակայն ես ինքս

նեղության մեջ նավ եմ մի:

 

 

 

Հրաժեշտ

 

Դա համբույրն էր վերջին՝

ծովափին:

 

Հոսանքն ի վար ալիքներով ծովի

սլանում ես դու:

 

Լույսերը՝ կանաչ ու կարմրերանգ,

հեռանում են:

 

 

 

Գերմաներենից թարգմանեց Սիրանուշ Փարսադանյանը

 

 

Կարծիքներ

կարծիք