Աստծուն որ չունեցանք…

Բանաստեղծ, գրաքննադատ, թարգմանիչ։
Ծնվել է Մոսկվայում, ավարտել է Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի լրագրություն բաժինը, հետագայում նաև՝ նույն համալսարանի ասպիրանտուրան. պաշտպանել է թեկնածուական գիտական թեզ։ Հեղինակ է ութ բանաստեղծական գրքի, մենագրության, բազում հոդվածների։
Անգլերենից, գերմաներենից, բուլղարերենից, հայերենից ռուսերեն է թարգմանել ժամանակակից բանաստեղծների,
ինչպես նաև թարգմանվել է այլ լեզուներով։
«Tivoli Europe Giovani» (Հռոմ, 1997 թ.), «Գրական փորձ» փառատոնի (ФЛЭ ,2019 թ.), մրցույթների հաղթող
է:

 

 

 

ԴՐԱԽՏ

…Իսկ դրախտում մենք
կհանդիպենք բոլոր նրանց,
ում սիրել ենք։
Անգամ կատուներին կհանդիպենք։
Եվ կտեսնենք այն ամենը,
ինչ երազում էինք,
բայց այդպես էլ
մեր ապրած կյանքում
չունեցանք։
Անգամ Աստծուն
որ չունեցանք,
կհանդիպենք։
Եվ այնտեղ են լինելու նաև
այն բոլոր ծաղիկները,
որ մեզ չնվիրեցին։
Եվ նրանք, նույն իրենք ևս
որ մեզ ծաղիկներ
պիտի բերեին,
կլինեն այնտեղ։
Եվ բոլոր նրանց համար
մենք ժամանակ
կունենանք,
քանզի դրախտի ժամանակը
հավերժ է։
Եվ արդեն ո՛չ ոք
ո՛չ մեկին
չի խանդելու,
ինքնասպանություն չի՛ գործելու
ընկճախտի պահին,
Եվ ո՛չ ոք ինքն իրեն
չի՛ հալածելու դրախտից,
որ իբր թե

տեսե՛ք՝
տավիղ նվագելն էլ
ձանձրալի է դարձել։
Քանզի մեզ բոլորիս
երկար ուղևորություն է սպասվում
դեպի ոչ մի տեղ։
Իսկ եթե որևէ մեկին
տավիղ նվագելը
հաճելի չէ արդեն,
փու՛յթ չէ,
կտան հարվածային գործիքներ,
քանզի գիտենք՝
Աստծո գթությունը
անսահման է։

 

***

Դրախտի խաղաղ
բառերի շշուկներում,
գետի մյուս ափի
փախչող ամպերից ցած,
բացվող ջրվեժների
ջարդված հառաչներում
առանց հիշողության
աճում է
Մութ Ծառը
Լռության։
Նրա արմատների
հյուսվածքներում
բառերը նիրհում են
երանելի համրությամբ,
ինչպես մանուկներն են քնում
օրոցքներում։
Երբեմն թեկուզ Ծառը
փոքր-ինչ սոսափում է
քամու անկշռությունից,
բայց ոչ ոք չի՛ լսում
նրա բանաստեղծական
շշուկը։
Խոսքի երանությունը
այստեղ անհայտ կմնա
ընդմիշտ։

 

 

***

Քո հայելիում՝ ծխախոտի
մոխիր։
Իսկ իմ հայելու մեջ մառախուղն է
ննջում։
Ի՞նչ անդրադարձ կլինի նրանց մեջ
Բացվող այս լուսաբացին։

 

***

Յուրի Լոգաչևին

Իսկ նկարիչը չի մեռնում։
Նա մեկնում է դեպի իր
կտավները,
նա մեկնում է դեպի իր
աշխարհները։

Փոխակերպվում է լույսի,
փոխակերպվում է մութի
աստղերի հետ նայում է,
հավերժի հետ խոսում:
Նա այժմ լավ է,
տաք, լուսավոր, թեթև:

Եվ ներկեր, ինչքա՛ն սիրտդ կուզի։
Եվ վրձիններ, որքա՛ն ցանկանաս, անվճար։
Եվ ինչե՛ր կարելի է նկարել…
անմիջապես բնորդներից։
Իսկ դու-այնտեղ-հիշողությամբ
կնկարե՞ս չէ՞ իմ դեմքը։

 

 

Թարգմանությունը՝ Սլավի-Ավիկ Հարությունյանի

 

 

 

Կարծիքներ

կարծիք