Սերխաչի «Գոյի զարկերակի» բնանկարները

Տա՛ Աստված, ձեր բախտը բերի, դուք էլ ծերանաք:

                                                                                                                                            Սերխաչ   

Դերասանը՝ վարպետին.

-Սերխա՛չ, ասում են, որ դու խուսափում ես դերասանների հետ ընկերություն անելուց, դա ճի՞շտ է:

-Այո՛:

-Պատճա՞ռը:

-Այ, օրինակ, դու կարո՞ղ ես ուզածս պահին լաց լինել:

-Մասնագիտության բերումով, իհա՛րկե:

-Իսկ նույն պահին ծիծաղե՞լ…

-Անշո՛ւշտ, հակառակ դեպքում ի՞նչ դերասան:

-Իսկ կարո՞ղ ես ընկեր խաղալ:

-Իհա՛րկե:

-Հենց դա էլ վախեցնում է ինձ: Ընկերությունն ու անկեղծությունը հոմանիշներ են: 

(Հատվածը՝ <<Արվեստանոցում>> պատմվածքից)

Անկեղծություն ու մաքրություն, ազնվություն ու հոգևոր հարստություն է ամբարել  հայրենի բնաշխարհի՝ լեռնային, հետպատերազմյան շրջանում աղքատ գյուղի՝ Զոլաքարի Սերոն (այդպես են համագյուղացիներն իրեն դիմում):

Ծնվել է 1950 թ. հունվարի 2–ին: Նախնիները եղել են հոգևորականներ, գաղթել են Արևմտյան Հայաստանից՝ Ալաշկերտից:

Ծնողները ծանոթացել են պատերազմի ժամանակ: Ի տարբերություն պատերազմից վերադարձած մյուս մասնակիցների, հայրը՝ Ավետիսը, Հայրենականի խաղաղությունից բացի, հետը հայրենիք է բերել վրացուհի Նասարիձե Քեթոյին: Նա գյուղի մանկաբարձուհին էր, մեծ սեր ու հարգանք էր վայելում համագյուղացիների կողմից:

Սերխաչը (Սերգեյ Խաչատրյանը) մասնագիտությամբ ճարտարապետ է, ՀԽՍՀ ժողովրդական վարպետ, ՀՀ նկարիչների միության անդամ:

2500-ից ավել կտավների հեղինակ է, որոնց մի մասը գտնվում է աշխարհի տարբեր երկրներում:

Նկարչական արվեստում ունի իր ուրույն ու տարբերվող ձեռագիրը: Նկարում է տարբեր ոճերում՝ գեղանկար, դիմանկար, կոլաժ, աբստրակցիա և այլն:

Նկարների մի ամբողջ շարք նվիրել է հայրենի եզերքի բնաշխարհին, պատկերել մանկության ու պատանեկության՝ հիշողությունում դեռևս կենդանի ապրող հուշերը:

Վարպետը, նկարելուց բացի, նաև գրում է, երկու գրքի հեղինակ է՝ <<Գոյի զարկերակը>> (2014) և <<Մենակյացն ու հոգիները>> (2018):

Մտածում եմ. <<Տեսնես վրձինը մի՞շտ է խանդոտ կնոջ նման դես ու դեն վազում, երբ  Սերխաչը գրիչն է ձեռքը վերցնում>>:

Գեղանկարիչը ստեղծագործել է դեռևս երիտասարդ տարիներից: Թաքցրել է բառերին կյանք տված էջերը՝ մտածելով, որ դրանք միայն իր ու իր  հոգու հետ զրույցի գաղտուկ թերթերն են, երբևէ չեն տեսնի արևի լույսը, չեն զգա ընթերցողի հոգու թրթիռը, բառերը շոշափող մատների շոյանքը, չեն արժանանա իր վրձնած կտավների վեհապանծ ճակատագրին:

Փոխվում է ամեն ինչ, երբ վարպետի բանաստեղծ ընկերները բացահայտում են իրենց՝ արդեն բանաստեղծ ու գրող գրչակից ընկերոջ ևս մի տաղանդը:

Անդաստաններիս ամեն արահետ

Բոբիկ ոտքերիս սպի են թողել,

Ամեն քոլ ու քոս, ձորամիջի գետ

Իմ ներբաններն ու ծունկն են մաշել:

 

Աչքը թարթող ճրագի նման բանաստեղծի հոգին սկսում է ելևէջել՝ մանկության, հայրենի եզերքի կարոտի անդարձ հուշերն ապրելով:

Բանաստեղծը, հիշողության տխրությունը հագած, ցավ է ապրում, որ փոխվել է իր հայրենի ոստանը, փոխվել են մարդիկ, այլևս չկան մանկության գետնափոր տները, որ մեկի կտուրը, մյուսի բակն էր:

…Որ ինձ նման

Ութ տարեկան <<տղամարդ>> անցնի,

Ոտքի կանգնեն խոնարհ

Ու քիթ-քթի բանբասանք ծամեն

Բերանկապիչների տակ:

Բանաստեղծը մռայլվում է ՝ հիշելով, որ գյուղում նույնիսկ մի կագին բարդի չի մնացել՝ ագռավները բույն դնեն վրան: Մնացել է բանաստեղծը՝ մեն մենակ, իրենց տան եղինջապատ պատի տակ: (<<Փոխվել է գյուղը>>)

Հաճախ բանաստեղծն իր ներաշխարհը համեմատում է անգույն ու լուռ աշնան հետ՝ զգալով ձորում ննջող գուժ լռությունը: Այդ վայրկյանին մի երանություն է իջնում նրա վրա՝ խոստովանելով.

…ես ու իմ ներսը այսօր չենք վիճում:

Ու այդ պահին ոչ թե մեղմիկ քամին կամ տերևին օրոր ասող զեփյուռն է կարողանում թերթել պոետի հիշողությունների էջը, այլ սիրտը փոթորկող շիկացած մի սամում:

<<Իմ գյուղը բռնել է արևի փեշից>>,- գրում է բանաստեղծը: Գնալով ուշացած գույնը հայտնվում է՝ խառնվելով բանաստեղծի գունահառաչ ներկապնակին:

Ապա ձեռքը կամացուկ ու հուշիկ դնում է բառերի զարկերակին ու սկսում են բառերը դառնալ բնանկարներ՝ մակդիրախառը մի շալ ուսերին առնելով:

Ասենք՝ արևի մազերը լճի մեջ են, մեկեն ճչում է լուսաբացը, զրնգոցով կարմրում են գյուղի սարերը, երդիկները ծուխ են երկնքից մանում: (<<Այգաբացը Զոլաքարում>>)

Մեր առջև բացվում է բառերի ցնցող գունապնակ՝ այստեղ ոչ թե ծուխն է երկինք բարձրանում, այլ հակառակը՝ երկնքից իջնում է:

<<Ձմռան գիշերները փարախում>> բանաստեղծությունը պոետիկ պատկերասրահի մեկ այլ կտավի ականատեսն է դարձնում ընթերցողին.

Մութն ամփոփվեց

Սառնության վրա,

Լուսինը գլորվեց

Երդիկից ներս,

Քամին ճանկռեց

Կտուրի ձյունը…

…Ծերունու հազը

Կախվեց մորուքից,

Ձեռքը շոշափեց

Հին դագանակը:

Պաղ աշունն իր թախծանուշ նվագով բանաստեղծի քնարական հերոսների պատկերավորման համար մի գողտրիկ ու օգնող ընկեր է դառնում:

Աշնան տխուր ու լուռ մենության մեջ տեսնում ենք իրար անխոս նայող քար ու քարափին, մաշված օրերի նման ամպի շփումից մաշվում է նաև ժայռը ու մեկեն փայլատակում է բանաստեղծի Երազը,  խաշամե թիկնոցն ուսած, ժայռի կախված մռութից իջնում է, որ քարկտիկ խաղա լորձաքարերով, որ ականջին հասնի անտառ տանող արահետի խաշամի կարոտի խշշոցը, որի նվագն ու մեղեդին այս անգամ պետք է ապրի ոչ թե նոտաների բարակ լարերին նստած, այլ գրչի ու վրձնի պոետիկ ու գունեղ շաղախով: (<<Աշնան խաշամը>>)

Ծովի ափլփող խռովքը ու մեկեն վերածնվող ալիքները, ճայերի խուլ ու կանչող ճիչը, հայրենի եզերքից հասնող գոյի զարկերակի թրթիռը բանաստեղծ-նկարչի համար կդառնան ու կմնան նորանոր ստեղծագործություններ արարելու հավատարիմ մեկենաս:

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք