Էմիգրանտի համաստեղությունը

Ցատկատախտակը բավականին երկար էր  ու ամուր: Վրան կանգնած կինը մորեմերկ էր: Լարված չէր, վախեցած չէր, չէր մրսում: Նրա  առաջ  նույն հանգստությամբ հերթականությամբ շարվել էին առյուծը, նապաստակը, դելֆինը:  Դելֆինը ծայրին էր: Միայն նա էր, որ անհամբեր էր,  ու աչքը ջրում էր: Տախտակին կանգնեց տղամարդը, նա ձեռքերի մեջ առավ  կնոջ  փոքր  ձիգ կրքծերը, կինը տնքած ու  պորտով հպվեց տախտակին: Երեք վայրկյան անց նա կանգնեց` ազդրերի միջից  ցցված  նետով: Տղամարդն այլևս չկար: Կինը  նետահարեց  առյուծին ու վերացավ, առյուծը` նապաստակին, նապաստակը` դելֆինին: Դելֆինը հաղթական ճիչ արձակեց ու նետվեց  ծոցը:

***

Ջուրը  սառն  էր` ծերունական կապտականաչ  լաքաներով, անտարբեր ու  լռակյաց: Ես ափին կանգնածն եմ:  Ջրի մեջ  մետաղարդամ էի նետել. այն իմ հետդարձի հավաստիքն էր,  ու ես եկա: Եկա` դրամս հետ վերցնելու, եկա` հայրենիքիս հետ կապող պորտալարս կտրելու, հետ չնայելու, ջրի խշշոցը` սիրո ու պայքարի մանտրայի վերածելու: Ես եկա որպես մի մաս ամբողջի` իններորդ չակրայիս վրա կնիք հաստատելու, ու կնիքն այդ կոչվում էր  էմիգրանտ: Այս բառը սերտորեն կապում է մեզ` այստեղ կանգանծներիս:

Ժամը 06: 58 է: Մենք` այս փողոցն անհանգիստ գետի վերածածներս,  ոսկե ձկներ կուլտվածներս,  նոր ափեր որոնողներս, մենք` էմիգրանտներս, կանգնել ենք  Ստարինսկայա  փողոցում ու սպասում ենք` երբ են մեր առջև բացելու դռները:  Մայթի կեսը ծածկված է փշալարով. մենք ենք այն ձկները, որոնք հեշտությամբ կերել են խայծը: Այստեղ բոլորս աղմկոտ ենք. դա նրանից է, որ չենք ուզում ջարդուփշուր լինել: Մեզնից ոչ ոք չի կարողանում հանգիստ ձևանալ, բայց հետդարձի ճամփա չկա:  Այստեղ երբեմնի ամբողջական տարածքի, այժմ անկախացած  հանրապետությունների ազատությունից  դուրս  ցատկած համարձակներն են: Դե դա այդպես եմ ասում, որպեսզի մեղմեմ սուր զգացողությունները, այլապես կարելի է գժվել: Ցուրտը սողոսկում է վերարկուիս մեջ: Ուզում է հասկանալ որքանով եմ համարձակ ու հաստատակամ: Մի պահ կարմիր լուսաֆորը ստիպում է կանգ առնել հսկա ավտոբուսին, որի պատուհաններից նշմարվում են  հետաքրքրությունից  չռված  աչքեր, կոր բերաններ, մի տղա էլ  պահը չի կորցնում, լուսանկարում է: Փշալարից այս կողմ կանգնածներից մեկը ցցում է միջնամատը: Չը~խկ: Ենթադրում եմ`  տպավորիչ կադր ստացվեց: Այս սպիտակ թղթի վրա, որը  փռվել է դարպասի ծայրին,  մաքրության տեղ չի մնացել, կեսգիշերից անուններ  են, որ գրվում  ու գրվում են: Այդպես մենք` էմիգրանտներս, հերթ ենք պահում: Կենդանի հերթ, կամ կենդանական.  դեռ պարզ չէ: Պարզ է, որ ամենաուշացածը գալիս է, վերցնում թուղթը, պատռում ու նորի վրա իր անունն է գրում: Դա արվում է վաղ առավոտյան, բոլորի աչքերից հեռու, բայց,  ըստ իս,  ավելի տպավորիչ կլիներ բոլորի ներկայությամբ  վերցնել ու ուտել այդ թուղթը, խժռել  ու  հետո սեփական արցունքները լցնելով բռի մեջ`  խմել, խմել բոլորիս`  բոլոր մոլորվածներիս, բոլոր ալքիմիկոսներիս, բոլոր  անհույս խենթացածներիս կենացը: Իսկ իրականում նորից նոր գրություն է  հայտնվում, նոր հոսք է առաջ գալիս, նոր ձեռքեր են մոտենում դարպասներին: Դարպասները բացվելուն պես  քնատ աշխատակիցները մի քանի ոչ ռուսների վրա գոռալուց հետո անմիջապես կզարթնեն, իսկ հիմա դեռևս երկու  րոպե կա` հասկանալու, որ երբեք չեմ գնահատել իմ կյանքի երկու րոպեն: Ես միշտ շտապել եմ: Սկզբում շտապում էի մեծանալ: Մեծանալ` ուշ քնելու, սև զուգագուլպաներ հագնելու, դասեր չսովորելու  համար: Կյանքը ինքնին մեծ դաս է, պարզապես բոլոր դասամիջոցները  մահվանն ի պահ են տրվում` վերջում այն վայելելու, իրապես մեծ զգալու, ուզածդ սև զուգագուլպաները հագնելու  և  հավերժության հետ ռուսական պտուտախաղ  խաղալու համար: Հավերժության չափման միավորը  ինձ համար սկսվում է  հայրենիքից ու ձգվում է առ պանդխտություն:

Հայրենիքում ունեմ  հինգամյա երեխա. նա  Արփինեն է` խճճված  երկար մազերով, հայի  թախծոտ աչուկներով, կարմիր կոշիկներով ու տիկնիկով, որը նվիրել եմ մեկնելուց առաջ: Ասում են` ամեն երեկո  նա  քիթիկը կպցնում է  ննջարանի պատուհանին ու հետևում անցորդներին ` մոր, այսինքն իմ սպասումով: Հետո նրան մի կերպ  անջատում են ապակուց ու  քնեցնում, նա հաճախ ջերմում է ու ճչում քնած ժամանակ, վստահ եմ` կարոտից է, երևի մի օր կանցնի:

Հայրենիքում ունեմ  հիսունամյա  մայր` դասական կարե  կտրվածքով, օպտիկական ակնոցով, ուսերին ասես  սերտաճած  գործած  դարչնագույն ժակետով ու  իր աշակերտների տետրերի տրցակների արանքից կյանքին հետևող ակնդետ հայացքով:  Նա սակավախոս է, խորը տեղադրված փայլատ աչքերով, երբեմն  անհանգիստ ու ինքնամփոփ: Նա սիրում է կծոտել շուրթերը այնչափ, որ վրան ատամների հետքերն են  մնում, իսկ երբ հոգնում է այդ պրոցեսից, անցնում է եղունգներին:  Այդպես նա իրեն ավելի հավաք է զգում և ճիշտ հունով ուղղում մտքերի հոսքը:

Հայրենիքում ունեմ տատ: Նա ունի սապատ, որից ոչ թե ամաչում է, այլ ճիշտ հակառակը, եռանկյունաձև վառ շալերով ընդգծում է այն, ու ասում, որ  սապատի մեջ   խեղդել է  իր սերը, կիրքը,  ցավը և  կանացիությունը: Որպեսզի ես երբեք սապատ չունենամ, նա ինձ ստիպում էր ամենածանր գրքերը  տեղավորել գլխիս վրա ու քայլել  հյուրասենյակում: «Վույ մե, երբ պոկլոննիկներդ  պարահանդեսի հրավիրեն, դու կլինես ամենաչքնաղ կուկլան»: Ես վախենում էի առարկել, կամ ավելի վատ` ծիծաղել, բայց մինչև հիմա էլ երբեմն թվում է, որ գլխիս ծանրություն եմ տանում ու քիչ է մնում հավասարակշռությունս կորցնելով` փռվեմ գետնին:  Տատս սապատից զատ ունի թիֆլիսահայերին հատուկ գեղեցիկ դիմագծեր` պահպանված անգամ  ութսուն տարեկան հասակում, ունի կաթով թեյ խմելու  ամենօրյա ավանդույթ, տնից դուրս վազող, մի քանի փողոց հատող   ու հատուկ կրքով արտաբերվող «վույ մե~» բացականչություն, որն ավելի վտանգավոր է, քան Սանտա-Մարիա  հրաբուխը և  առավել սարսափելի, քան  Քաթրին փոթորիկը:

 

***

Ժամը  07: 30 է: Նեղլիկ մութ միջանցքում բոլորս իրար ենք կպել: Կողքիս կանգնած,  ոսկրոտ ուսերիս համարյա հենված ծերուկը դողում է: Կինը` կիսաթափանցիկ մաշկով, համարյա ճաղատ պառավիկը, վախեցած նայում է ամուսնուն: Ծերուկը ներծծված է միզահոտով: Ծերուկը փշաքաղվում է, փշաքաղքը դուրս է գալիս ձմեռային վերարկուի տակից: Մոխրագույն մաշված տաբատը դողում է: Ծերուկը այլևս ուժ չունի, նրա միջից խաղաղ գետով հոսում է մեզը: Մեզը բոլորիս ստիպում  է ավելի կիպ իրար կպչել, ավելի շատ զզվել մեր վիճակից, ավելի շատ խղճալ իրար ու նրան` խեղճ միզահոտ բիձուկին: Այստեղ զուգարան չկա: Այստեղ  ավելորդ են համարել  մեր նմանների համար մի կեղտոտ, անլվա, մեզով ու մազով պատված զուգարանակոնքի գոյությունը: Մեր հայացքները նույնն են, սեռական պատկանելությունը ջնջված է, տարիքի ու ազգության մասին անիմաստ է խոսել:  Մենք  գերասիմներ ենք, որ ծոցագրպանում բերել ենք մեր գունավոր մումուներին ու սպասում ենք դրանց  խեղդելու  սպասված  արարողությանը: Մեր ձեռքերը շուտով կկարմրեն, մենք`  այս ամենի միջով անցնողներս,  կմտածենք, որ դա ցնծության գույն է, որը նոր կյանքի հոտով է բուրում, իսկ այնտեղ` մեր հայրենիքներից մեզ հետևողները, երկաթե ձայներով կհնչեցնեն` «մեղքի գույն է», սակայն նույն պահին գիրուկ  բաժնի պետը, զզվանքով նայելով մեզ,  կմտածի` «այ քեզ հետխորհրդային սոլյանկա», — ու կհրամայի գալ հաջորդ շաբաթ` ներկելու  մեր ձեռքերի ափերը, բնավ ո’չ կարմիրով, կապույտ, կապույտ թանաքով:  Մեզ կխնդրեն մեր նեղ աչքերը, ոսկե ատամները, կարճ ու երկար  հասակները, ծեր  մարմինները, կոր քթերը, ցորնագույն վարսերը  մինչ հաջորդ շաբաթ  նույն ժամը  հավաքել պետությանը պատկանող նեղլիկ մութ միջանցքից, ծանր դարպասներից,  ձիգ փշալարերից, մեզն էլ, մեզն էլ չթողնել այստեղ:

***

Տատս գրադարանավարի երեսուն տարվա  փորձ ունի, նրանից միշտ գրադարաններին հատուկ խոնավության ու գրքի հոտ է  գալիս, անգամ հիմա,  երբ  վաղուց թոշակի է անցել ու  տեղափոխվել իր ճոճաթոռի մեջ, նա շարունակում է բուրել խոնավությամբ ու խունացած թղթերով: Հիմա նա գրքեր չի կարդում, բայց երազում է, որ դրախտի  դարպասների մոտ նրան դիմավորի Սայաթ-Նովան, գրկաբաց ու  մեղրածոր խոսքերով՝

«-Հաքիլ իս ատլաս,
Թուրլու զար ու խաս՝
Սալբու դալ բովուն.
Զեռիդ ունիս թաս,
Լըցնիս ու ինձ տաս,
Ղուրբան իմ մովուն.
Թաք դուն բաղչեն գաս՝
Անիս մասնեմաս
Քու Սայաթ Նովուն»։ Իսկ այդ պահին դժխոքի պատի ծակից պապիս աչքերը խանդից  արյունով կլցվեն: Այ այդպես, թող հիշի զգացմունքային ու խելացի կնոջը հղի վիճակում թողնելն  արդյո՞ք  ճիշտ քայլ էր:

Մայրս քսան տարվա մանկավարժի փորձ ունի: Նա մաթեմաթիկայի ուսուցչուհի է: Ասում է՝ կյանքում միակ բանը ինչին կարող ես վստահել` թվերն են: Աշխատավարձի մի մասը ծախսում է  լոտոների վրա, քանի որ վստահ է` թվերի ճիշտ հաշվարկի դեպքում  մի օր միլիոնատեր կդառնա:  Նրա ննջարանը  վտանգավոր գոտի է ներս մտնողի համար: Մայրս ամենուր տրցակներով թիվքաշուկներ  է շարում: Դրանք չշահած տոմսերն են, որոնք  ըստ նրա, խթան են հանդիսանում  նորը գնելու և բնականաբար, շահելու համար: Եթե մի տրցակից մի լոտո անգամ պակասի, դա կարող  է լուրջ կոնֆլիկտի հանգեցնել, բայց երբեմն աղջկաս կամ իր սիրելի աշակերտներին ուրախացնելու համար, նա այդ տոմսերից կակաչների գլուխներ, կամ գորտեր է պատրաստում ու նվիրում: Նրա դասարանում գորտերն ամենուր են, ու փոխտնօրենի  նկատողությունն անգամ մորս հետ չի պահում իր գործից: Մայրս երեխայի պես զարմանում է.  չէ՞որ  ազդակ է հարկավոր թվերը սիրելու համար, ու այո, թող փոքր տարիքից հասկանան, որ թիվը գործողություն է, շարժում, հարստություն:

Ես ընտրեցի կինոռեժիսորի  մասնագիտությունը: Ուսանողական տարիներին մեզնից  նյութեր  էին պահանջում, ես չգիտեի ինչ ներկայացնել, որ այն լիներ թարմ, հետաքրքրաշարժ,  ոչ  մակերեսային: Տատս խորհուրդ տվեց գրել  ու նկարահանել «մենության պսակի»  մասին, որն, ըստ իրեն,  զուտ սնահավատություն չէր, այլ փաստ: Նա խորհուրդ տվեց  հորինված պատմությունների փոխարեն  տեսախցիկս ու գրիչս ուղղել մեր տուն, որտեղ  ինքն էլ,  մայրս էլ  անամուսին էին , երրորդը պիտի լինեի ես` դա  ոչ թե իր, այլ իբր  Նրա` մեզ հետևողի կարգադրությունն էր:  Ես, իհարկե, խորհրդից չօգտվեցի, բայց  սկսեցի առանց րոպե իսկ կորցնելու ամուսին փնտրել: Դա սկզբունքի հարց էր: Պետք էր կոտրել կարծրատիպը, ապացուցել, որ խաղաթղթով բախտակազմությունն ու  նման ինքնակոչ բառեր արտաբերելը հուսալքված  ծեր կնոջ մտքի արգասիքն են միայն:  Անհավանական էր, բայց ինստիտուտն ավարտելուց հետո,  ընդամենը երկու ամիս անց` դոկումենտալ ֆիլմ նկարահանելու  ընթացքում,  արդեն գտել էի նրան, ում պիտի ամուսին կոչեի: Նա  զինվորական էր, լռակյաց, խստաբարո, այն տեսակի տղամարդկանցից, որոնք  ընտանիք կազմելուց  հետո  հազվադեպ կարող են  բաժանվել, ու բացի այդ, նա տասը տարով մեծ էր ինձնից, այսինքն տատիս կանխատեսումները  գրեթե  պարտություն էին կրել:

Նա ինձ զրկեց կուսությունից, սիրած մասնագիտությունից, աշխատանքի հնարավորությունից: Նա աթեիստ էր ու միակ հավատքն ուղղված  էր առ  հողն ու զենքը: «Միտքդ զենք դարձրու ու հիշիր, որ իրական տունդ հողն է»: Մենք գրեթե չէինք շփվում, բավարարվում էինք գերանհրաժեշտ բառերի փոխանակմամբ, իսկ անկողինը նրա համար պատերազմի դաշտ էր: Մեր ամուսնական առաջին գիշերը նա ասաց. «Անկողնում արված կռիվը ամենաճիշտն է: Վերջում մոռանում ես ով հաղթեց ու ով պարտվեց»: Ես պարտվում էի  շաբաթ առ շաբաթ, ամիս առ ամիս: Նա ապագա զինվոր էր ուզում ինձնից, ես չէի կարողանում հղիանալ, սակայն զգում էի, որ ինձ մոտ կարող է ստացվել, խնդիրը իմ մեջ չէ: Շուտով նրա կոչումը բարձրացրին, պետք էր մեկ այլ քաղաք տեղափոխվել: Ես խնդրեցի մեկ շաբաթից միանալ իրեն` հավաստիացնելով, որ  մայրս աշխատում է, իսկ տատս հիվանդացել է, խնամող է անհրաժեշտ:  Մեկնելու  նախորդ գիշերը գինով էր ու պոռթկաց, թե  տղամարդու իրական թշնամին արու զավակ չպարգևող կինն է:

***

Ժամը 6:00 է: Վարձակալած ննջարանս հավաքեցի ու նույնիսկ պարզեցի, որ իրականում մեկ սենյակն էլ բավարար է ապրելու համար, մանավանդ, երբ  դրամապանակիդ մեջ  ընդամենը հինգ թղթադրամ է մնացել` ամբողջ ամիս գոյություն պաշտպանելու համար: Ուղիղ 7:00-ին պարտավոր էի լինել  փշալարի մեջ առնված, ապա հոսքին խառնվելով հասնել  ութերրորդ  հարկ, վերագտնել  բաբելոնը շուրջս ու բաբելոնն իմ մեջ, լսել բոլոր հնարավոր լեզուներն  ու չհասկանալ ոչինչ, սովից կծկված,  հացի փոխարեն   կրծոտել սեփական շուրթերս, տեսնել կաբինետներում  ամենքիս անուն — ազգանունը, մասնագիտությունն ու այստեղ հայտնվելու պատճառները  խոշորացույցով  զննողների  արհամարանքը, կողքիններիս  մեջ տեսնել սեփական անինքնավստահությունը, խճճվել  վաղակատար ներկայիս ու  անկատար անցյալիս միջև, աղջկաս, մորս, տատիս խոստանալ, որ շուտով  թոշակը մեծ աշխատավարձի կվերածվի, աշխատավարձը բարձր կլինի, ապագան` հուսալի, մտածել, որ իրականում  ընկերուհիդ  նման ծրագրի անիմաստ  տարբերակ հուշեց, դու անիմաստ դիմեցիր, մենք անիմաստ սպասեցինք:

Ճանապարհ դնելիս տատս իր սիրելի Տարո խաղաթղթերն ինձ նվիրեց: Ես դրանք պահում եմ գրպանումս: Եթե  անգամ մոտս  փող էլ  չի լինում, մեկ է, շոշափում եմ քարտերի ներկայությունն ու թվում է՝ հույսի երաշխիքը  ձեռքիս է:  «Հիմարը» քարտը նոր գործի հնարավոր սկիզբ էր հուշում: Անհայտ ուղղությամբ, գրեթե ձորի պռունկը հասնող պատկերված հիմարի պես քայլում եմ աշխարհի սահմանագծին:   Իսկ ո՞վ եմ, ու՞ր եմ, ի՞նչ եմ ուզում, ո՞վ եմ,  ու՞ր եմ, ինչի համար եմ…

Մինչ անծանոթներով չինական պատ կազմած կանգնել էինք, մի  ուզբեկ աղջիկ, ում հետ  հասցրել էի ծանոթանալ, առաջարկեց օգնել աշխատանքով: Ինքն ավելի հարմար գործ էր գտել, սակայն անհրաժեշտ էր փոխարինող գտնել.  պետք էր խնամել մի պառավի, որը աղջկա պատմածով, թեև լսողության հետ խնդիրներ ուներ, բայց պարտադրում էր, որ խնամողը  գրքեր կարդա, անվերջ  սնվում էր, անվերջ կեղտոտում ու միզում: Աղմուկից, երկար ժամանակ ոտքի վրա անցկացնելուց  հոգնած, սովից հյուծված ու իրապես աշխատանքի խիստ կարիք ունենալը՝  մոռացնել տվեցին  աղջկա  չափազանցված պատումը:

 

***

Տունը մեծ էր ու տաքուկ: Բարևելուց հետո խնդրեցի արտաքնոց մտնել, չնայած որ պառավի աղջիկը զարմացած էր, որ մորը տեսնելու փոխարեն առաջին հերթին սեփական կարիքներս հոգալու մասին եմ մտածում, բայց ես, անկեղծ ասած, թքած ունեի: Եթե կարողանայի ասել ինչ մտածում էի, ապա կպահանջեի  ընթրիք մատուցել ու սեղանի շուրջ միայն,  նորմալ մարդկային պայմաններում,  քննարկել աշխատանքը:  Պառավը այնքան ծեր էր, ասես  տատիս պահարանում նախորդ տարվանից մոռացված խնձորաչիր լիներ: Ես մոտեցա ու այնպես ջերմությամբ գրկեցի, ասես տասը տարի իրար չէինք հանդիպել: Նա հայացք ձգեց աղջկա կողմը, հետո բերանի հատվածում զիգզագներ հայտնվեցին: Կարկատած տիկնիկի ժպիտով նա հաստատեց իր դրական որոշումը: Պառավիկի անունն ու հայրանունը մտքիցս իսպառ թռան,  քանի որ այդ պահին մտածում էի  այն մասին, որ  վերջապես կկարողանամ  տանեցիներին գումար ուղարկել, մտածում էի՝ ինչպես սանձել ստամոքսիս ձայնեղությունը, ինչպես նաև  տանտիրուհու միալար ձայնից ու հոգնությունից չքնել ուրիշի բազմոցին:  Մտապահեցի միայն այն, որ ութսունը երեկ էր լրացել (նրա տարեկից տատիս «վույ մե~» -ն  ծակեց ականջներս) ու որ շաքարախտով հիվանդ է, պետք  էր  հեռու պահել քաղցրեղենից:

Հաջորդ օրվանից սկսվեց աշխատանքը: Նրան դիմեցի՝ իմ աղջիկ, այդժամ պառավիկի փոքրիկ դեմքին հայտնված խաչկապը նշան տվեց՝ դուր է գալիս:  Նրան դուր էր գալիս, երբ  մերսում  էի  չորացած ձեռքերն ու բարակ երկար մատները, երբ սանրում էի ճերմակ  ճարպոտ մազերը, հետո հանգստությունն ընդհատվում էր.  սկվում էր վախի ու անհագության ժամը, ժամերը: Նա ամենակեր էր, եթե մատս էլ պատահաբար հպվում էր շուրթերին, նրա պրոթեզը պատրաստ էր լինում գիշատչի ճարպկությամբ  պոկել այն ու շպրտել բերանը: Նա ուտում էր, տնքում, բողոքում, որ մրսում է, ու որքան շատ էի հագցնում, այնքան ավելի շատ էր մրսում.  նա դողում էր, փշաքաղվում ու նույնաժամանակ կեղտոտում: Նա չէր էլ զգում ներքևից վերև բարձրացող ու տարածվող գարշահոտը, հուլունքի պես մանր ապակե աչքերով  խնդրում էր՝ տու՜ր, տու՜ր ուտեմ: Հընթացս օրը մի քանի անգամ (իսկ նա բավականին հաճախ էր սնվում) նույն պատմությունն էր պատմում: Սկզբում դա հետաքրքիր էր. հետո՝ ծանոթ. սովորական.  վախենալու.  գարշելի.  անտանելի էր ամենը, զարհուրելի էր:

-Ասե՞լ եմ, փոքր էի, մեր հինգ երեխեքից  ամենափոքրը, ամեն պահ սպասում էինք, բոլորս վախեցած էինք: Ես հինգ տարեկան էի: Հայրս էր, մայրս էր, մեծ քույրս էր, միջնեկը, ես: Դուռը բացվեց: Բարի մարդն ասեց՝ առավոտյան ձեզ գնդակահարում են: Գնաց: Սով էր: Վախեցած էինք: Հայրս իջացրեց մեզ  հորը: Ասեցի՞, որ ես հինգ տարեկան էի: Հայրս տարավ մեզ: Խոնավ էր: Դու գիտես ո՞նց է  բուրում հողը: Դու ոչինչ չգիտես: Հագցրու, ցուրտ է: Ես մի անգամ հողի տակ եղել եմ, մահվանից չեմ վախենում: Ցուրտ է: Հագցրու: Հողի տակ երկու օր մնացինք, հետո մի զինվոր զենքով  հարվածեց հորի փայտե փեղկին: Դուրս եկանք: Ֆաշիստները չկային, մերոնք վերացրել էին դրանց: Տունը, մեր տունը…ավերակ էր: Դու տուն ունե՞ս: Դու գիտե՞ս ինչ է  ավերակը: Պատերազմ տեսած կա՞ս: Բա ֆաշիստների՞ն:

Ես մի կերպ փորձում էի նրան  կտրել ուտելու արարողությունից, ծանր չորացած մարմինը մի կերպ բարձրացնում էի սայլից ու տանում հետույքը լվանալու: «Իմ աղջիկ, վեր կաց, այսպես իմ աղջիկ, հիմա տուտուզդ մաքրում ենք, էլ շատ չես ուտելու, չէ՞, իմ աղջիկ»:  Նա փարվում էր ինձ այնպես, ինչպես երեխան՝ մորը, ինչպես աղջիկս՝ ինձ, երբ դեռ կողքին էի: Ես շոյում էի նրան, ինչպես կշոյեի տատիս, ես համբուրում էի նրան, ինչպես կհամբուրեի մորս, ես խնամում ու լվանում էի նրան այնպես, ինչպես  կմաքրեի աղջկաս ու ատում էի նրան այնպես, ինչպես  կարող է ատել ստրուկն իր տիրոջը:

Ժամը 22:00 է: Դասավորեցի բոլոր թարգմանված փաստաթղթերը, վաղվա օրվա համար գցեցի քարտերը, տեսազանգով զանգեցի աղջկաս: Քնելուց առաջ սովորություն էր անգամ հեռավորության վրա հեքիաթ պատմելը: Արփինես ամեն օր մի խաղալիք էր խնդրում, բայց այսօր ասաց, թե  պատրաստ է բոլոր խաղալիքները նվիրել  ուրիշներին, միայն թե  շուտ հասնեմ իրեն: Իսկ իմ ձեռքերը մինչև անգամ արմունկները կեղտի մեջ են: Ու որքան շատ եմ  լվացվում, մեկ է, հոտը քթանցքներիս մեջ է, ձեռքերիս վրա, մազերիցս կախ: Ես կուլ եմ  տալիս արցունքներս, տեսնում մորս տխուր աչքերը, տատս վույ մե է կանչում ու պահանջում, որ հետ դառնամ, մայրս ցածր ձայնով ասում է, որ երեկվա լոտոները նորից չշահեցին, բայց ինքը  շարունակելու է խաղալ ու վերջիվերջո, հաղթելու է: Պատմում է  դպրոցից, իր աշակերտներից, իմ աղջկա  առօրյայից: Արփինեն մոտեցավ  էկրանին ու հեկեկալով  բղավեց, թե մանկապարտեզում բոլորը հայր ու մայր ունեն: Հորն էր ուզում:

 

***

Աթեիստ ամուսնուս բազկի վրա դաջված Քրիստոսի պատկերը ասես քմծիծաղ տվեց (բանակային կյանքից  անջնջելի հետք էր ընդամենը), երբ հայտնեցի նրան, թե մեկ շաբաթից իր մոտ կտեղափոխվեմ: Իրականում  այլ պլաններ ունեի:  Ֆեյսբուքի  ուռկանն էի գցել մի հմայիչ ու հայտնի դերասանի, ով պարզվեց նույնպես  թատերական ինստիտուտի շրջանավարտ է և ինձնից  հինգ տարով փոքր է: Մեր զրույցները պոռթկուն  էին, իրար տեսնելու  անհագ ցանկությամբ: Տասը տարով մեծ ու լռակյաց ամուսնուց հետո  ինձնից  փոքր ու  զգացմունքային տղամարդը իրական նվեր  էր  միապաղաղ ու  խամրած օրերում: Նա այն էր, ում փնտրում էի ու չնայած որ  ինքն էլ ինձ պես  ամուսնացած էր, բայց նույնչափ  տառապում էր անազատությունից: Նա նյարդայնանում էր, երբ խոսում էի կնոջից՝ իրեն  համարելով նախ և առաջ  ստեղծագործ մարդ, այսինքն՝ ազատ:

Ամուսնուս ճանապարհելուց հետո՝ մեկ օր անց,  դիմավորեցի  նրան՝ սիրեկանիս: Ես չեմ ասի, որ  դա բացասական բառ է, որովհետև  այդ բառը «չի կարելի»-ների շարքից է, նշանակում է՝  տրվում է միայն  իրական  սիրո  պետք  ունեցող  համարձակներին:  Նա կրքի ու իր մտքերը կիսող կնոջ  կարիք ուներ, ես՝  սիրո ու  երեխայի: Ու անկախ ամեն ինչից, իրար  խոստացել էինք, որ  մեր միջև ոչինչ չի լինի, սակայն  ինչպես ցանկացած խոստում,  անհրաժեշտ էր  խախտել՝ պահը ավելի դրամատիկ դարձնելու համար: Չնայած  ի՞նչ եմ խոսում, ես իմ հերթին կարծում էի, որ խայծը կերել է ու չի կարող ինձնից  հրաժարվել, նա էլ իր ուժերի  վրա էր վստահ: Որպես  ռեժիսոր՝  կանացի խորամանկություններով, փոքր-ինչ օտարվածությամբ ու  խնդիրներ առաջադրելով  էի գրավում, իսկ նա  իբրև   դերասան լսում էր իմ  առաջարկներն ու փորձում վերապրման մեթոդը կիրառելով խաղալ՝ ողջ կրքով ու ինքնամոռաց:

Մեր հանդիպման յոթերորդ օրն էր, սրճարանում էինք, ասացի, որ իմ վարտիքները հայտնի նկարիչների անուններն  են կրում  և որոշակի էմոցիոնալ դաշտ են ապահովում: Պատմեցի, որ, օրինակ, շաբաթ օրը հաճախ   ընկերակցում է Մատիսը, կիրակի՝ Ռենուարը, երկուշաբթիս  Մոդիլյանիի հետ է սկսվում և այլն, և այլն: Նա մի պահ  զարմանք ապրեց, սակայն շուտով  զվարթացավ  ու հարցրեց՝  այսօր ում հետ եմ ժամադրության եկել: Ես, կրծքերս սեղանին մոտեցնելով, առաջ եկա,  նշաձև բալագույն եղունգներով նշան արեցի՝ մո՛տ արի: Նա մոտեցրեց  դեմքը, ես համբուրեցի՝  մի պահ անգամ չմտածելով, որ հնարավոր է կողքի սեղանի շուրջ նստած  լինի ամուսնուս ծանոթներից, կամ մեր ընտանիքի լավ ընկերներից  որևէ  մեկը:

-Դե՞, ո՞վ  կա այնտեղ, — ավելի համարձակ հարցրեց նա:

Նա պնդում էր պաշտպանվելու հարցում, ես վստահեցրի, որ հաբերս ընդունել եմ, հարկ չկա մտահոգվելու…

Ինը ամիս անց ծնվեց աղջիկս, մեր աղջիկը, բայց նա նույնիսկ վախեցավ սեփական դստեր  լուսանկարի հետ ծանոթանալ, նա թողեց կնոջն էլ, ինձ էլ, երեխային  էլ,  վիսկիի շշին թևանցուկ գնաց մեկ այլ  շրջագայության, մեկ ուրիշ թատրոն, բավականին սպեցիֆիկ ժանրային առանձնահատկությամբ: Նա  հավերժ ինքնափախուստի մեջ էր,  անվերջ կասկածների՝ փառքն ու  դերերը կորցնելու  վախերով բեռնված:  Մեր վերջին զրույցից ամիսներ անց,  ֆեյսբուքի լրահոսում  կարդացի գույժը:  Երիտասարդ սիրված դերասանին գտել էին  կազինոյի աղբամանի մոտ բերանքսիվայր  ընկած: Ցավում եմ, գրողը տանի, բայց ապրելու վախը  բոլոր վախերից ամենավախենալուն է, իսկ նախկինիս մոտ բնական է, որ չէի կարող վերադառնալ, չէի էլ ուզում: Անկեղծ ասած, ամեն օր վերհիշում էի նրա՝ կրակի պես այրող խոսքերն իմ անպտղության ու իր ապերջանիկ լինելու մասին, երևի թե այդ էր պատճառը, որ հղիության շրջանում արված մի լուսանկար այնուամենայնիվ ուղարկեցի, իսկ հետնամասում գրեցի. «Կնոջ իրական թշնամին ինքնահավան ու կնոջը  չսիրող ամուսինն է»:

 

***

Ժամը 16:00 էր: Մեկ ժամ ուշացել էի: Դուռը  բաց էր: Սովորաբար  ես  իմ բանալիով էի բացում: Պառավիկը աղջկա հետ բուռն զրույցի էր բռնվել:  Չգիտեի, որ նա  տանը կլինի, քանի որ  սովորաբար ուշ ժամերի էր տուն գալիս, ու հազվադեպ էինք իրար հանդիպում: Զարմանքս դրանով չվերջացավ. պառավիկը  անվասայլակի մեջ չէր, ճիշտ է, ծանր քայլերով, բայց գնում-գալիս էր, ձայնն էլ  լսելի ու հստակ էր:

Ես շփոթմունքից քար կտրեցի, իսկ աղջիկը ոտքից գլուխ նայելով վրաս, ձեռքերը հենեց կոնքերին ու բղավեց, որ լկտիությունս սահմաններ չունի, որ երբ ուզում գալիս եմ, եթե մեկ էլ նման բան լինի, շան պես ինձ դուրս կշպրտի: Ներողություն խնդրեցի ու նաև ավելացրի, որ այդպես հետս չխոսի: Իհարկե կարող էի լռել, բայց վստահ էի, եթե ձայն չհանեմ, հաջորդ անգամ ավելի մեծ խնդիրնի առջև եմ կանգնելու: Դա բոլորին հատուկ վիճակ է: Այդժամ նա էլ ավելի բորբոքվեց ու ինձ սևահետույք անվանեց:  Ես համարձակ գտնվեցի ու պատասխանեցի, որ իմ հետույքը իր երեսից սպիտակ է ու պատրաստ էի անգամ ապտակել նրան, բայց ժամանակն էր հեռանալու: Պառավիկը, ասես հավաքելով վերջին ուժերը,  աղջկան կարգադրեց հեռանալ տանից, իսկ ինձ հրամայեց՝ սոված եմ, ճաշ տուր ուտեմ ու նստեցրու ինձ, շու՛տ:

Զզվելի էր նայել հիսունհինգամյա հարբած կնոջը: Նա իր հսկայաչափ կրծքերով  ինձ  մի կողմ շպրտեց  ու միջանցք դուրս եկավ, ապա հետ եկավ ու  մորն ասաց.

-Իմ կյանքի դժբախտություն, տարեկիցներդ  հողում են վաղուց, դու հողի վրա դեռ ինչքա՞ն ես մնալու: Ճիշտ կլիներ հորում էլ մեռնեիր, բայց ես  դեռ գալու եմ:

Դուռը շրխկաց, ես հազիվ կարողացա բռնել  պառավին: Սթրեսից շաքարը բարձրացավ, արագորեն ինսուլին ներարկեցի, թեև ինքն էլ  էր կարողանում ու սովորաբար թույլ չէր տալիս իրեն սրսկել, բայց այդ պահին թվում էր`  րոպեներ հետո շունչը կտա: Մինչ տաքացնում էի ճաշը, նա  վախեցած երեխայի  պես  հեծկլտում էր, հետո ջուր ուզում: Ես գրկեցի նրան շատ ամուր ու ինքս էլ սկսեցի լաց լինել: Նա իր կյանքն էր ողբում, ես՝ իմ: Մենք մի պահ ասես նույնացանք ու դեռ երկար  ժամանակ չէինք բաժանվի իրարից, եթե  մեզի գոլորշին չխեղդեր քթանցքներս:  Լոգարանում հանեցի խալաթը, մեզով ներծծված  շրջազգեստը, հաստ կապույտ ռետուզը (նա մահու չափ սարսափում էր  սև գույնից), թումբանը: Խնձորաչիր հիշեցնող պառավիկը իրականում ծանր ոսկորներ ուներ ու ամեն պահ վտանգ կար նրան գցելու, հազիվ էի պահում հավասարակշռությունս ու  այնուամենայնիվ  նրան  տեղավորեցի բիդեի վրա: Ջրի ճնշումը հանգստացրեց ու թուլացրեց նրան: Պառկել էր ուզում, բայց խնդրեց, որ այսուհետ մնամ իր տանը ու խոստանամ, որ երբեք մենակ չեմ թողնելու:  Սրբելուց ու թարմ հագուստ հագցնելուց հետո պառկեցրի նրան, համբուրեցի  նեղլիկ ճակատը ու սկսեցի կարդալ: Սիրում էր քնել՝  լսելով «Շագրենի կաշին»  կամ  « Հայր Գորիո»-ն ու,  ընդհանրապես, Բալզակը, Ցվեյգը և Դոստոևսկին այն հեղինակներն էին, որոնց գրվածքները ամենից  շատն էին դուր գալիս պառավիկիս: Երբեմն նա ընդհատում էր՝ «կուզեի՞ր քո ձեռքն էլ շագրենի կաշի ընկներ, իսկ դու  քո  ծնողին կթողնեի՞ր, ոնց իմն է թողնում, -ապա դադարից հետո ավելացնում էր,- բայց իրեն ներելի է,  ուրիշն իր փոխարեն կգժվեր»: Ուզում էի հարցնել ի՞նչ  է կատարվել, բայց դեռ տատանվում էի, մտածում էի՝ երևի  խմելն ի նկատի ունի, չէ՞որ  շատերի համար այստեղ սովորական երևույթ է, հանարավոր է՝ ծեր կնոջ համար է անընդունելի: Իսկ ծնողիս թողնելու  հարցին պատասխան չունեի, քանի որ եռակի դավաճան էի ինձ համարում, ու եթե այս գործն էլ չլիներ, անճարությունից ինքնասպան կլինեի: Համարյա երեք ամիս էր անցել, ինչ  ես  խնամում էի  նրան:  Առաջվա անհարմարությունն ու զզվանքը անծանոթ ծեր մարմնի հանդեպ ասես վերացել էր, թեև  մի շարք հարցեր ու  խնդիրներ ինձ հանգիստ չէին տալիս: Դրանցից  ամենաէականը  գումար աշխատելը, քաղաքացի դառնալն ու  աղջկաս ինձ մոտ տեղափոխելն էր:  Տատս ու մայրս դեռ որոշ ժամանակ  կարող էին միասին մնալ, եթե տատս ամեն խոսքից  հետո չձևացներ, իբր  աղիողորմ լաց է լինում (այն էլ այդ տարիքում), մայրս էլ  չգոռար վրան՝ վերջ տուր երեք կոպեկանոց ձևերդ: Երեխայի ներկայությամբ նրանք  մեծ մասամբ անհաջող, բայց, մեկ է,  փորձեր անում էին զուսպ ու խաղաղ ապրելու, իսկ  տետ ա տետ մնալով՝ տատս մորս վրա կնետեր իր օժիտի ժանյակազարդ անձրանոցները (դրանց վնասվելու դեպքում՝ հետո արդարացի լացելու ու բղավելու հույսով), մայրս էլ  գոռալով կսկսեր ստուգել աշակերտների տետրերը, որպեսզի հունից հաներ էմոցիոնալ մորը, հետո հեգնանքով  կպախարակեր մոր՝ թիֆլիսահայ կանանց հատուկ զգացմունքային դրսևորումները:  Համենայն դեպս, երբ դեռ Արփինեն չկար մեր երեքի կյանքում, տրագիկոմեդիայի ժանրի ներկայացումները  օրումեջ խաղացվում էին մեր տանը:

Արդեն  ուշ էր, պառավս քնեց,  սայլը  մոտեցրի մահճակալին, տեղավորվեցի մեջը (չնայած որ երկար ոտքերս  մնում էին հատակին ընկած) , փորձեցի  կողպել  երևակայությունս  ու  ենթադրություններս.  անմիջապես քուն մտա:

 

***

Օրերը հավիտենական փրկության մեջ էին՝ քավարան հիշեցնող  նեղլիկ կիսամութ միջանցքում  գտնվողներիս  համար, որտեղ մեզնից գրեթե բոլորը վստահ էին, որ անձնագիրը ստանալուն պես կկարողանան ոտքի կանգնել ու  լինել այս միջանցքից դուրս գտնվողների հետ հավասար պայմաններում: Մենք դրա դիմաց ոչ միայն մեր երեխաներին, ծնողներին, տունը, մանկությունն էինք գրավ թողել, այլ  նրանց կաբինետներում տեղադրված երկաթե սեյֆերում էինք ի պահ տվել մեր հոգիները: Ամեն նոր շաբաթ թվում էր՝ վերջին այցելությունն է, մեզնից կախված ամեն ինչ արել ենք, իրենց ուզած բոլոր  փաստաթղթերը հանձնել ենք,  անլեզու ձկների պես պղպջակներ ենք բաց թողել  անծանոթ ակվարիումում, որը որպես գետ ենք ընդունել: Քիչ էր, ամեն ինչ քիչ էր.  ստորագրությունները, մատնահետքերը , երդումները, սպասումը, այդ գրողի տարած հավերժական  քրիստոնեական հնազանդությունն ու սպասումը գրոշ չարժեր: Ամեն անգամ նոր թուղթ էին պահանջում, հետո պարզվում էր, որ  մեզ տրված մեկ ժամի մեջ տասնյակ էմիգրանտներս չենք տեղավորվում, որովհետև նրանք ՝ աշխատակիցները, չեն հասկանում մեր տարօրինակ անուններն ու ազգանունները, մեր ցավերն ու  խնդրահարույց հայացքները չեն ընկալում. անխոս, հոգնեցուցիչ  աշխատանք է, անշնորհակալ:

Հերթի մեջ կանգնած էի ու արդեն  սպասում էի լսել անուն-ազգանունս՝ թղթերի հերթական տրցակը հանձնելու, երբ  մորս հեռախոսից  հաղորդագրություն ստացա.  խնդրում էր շտապ զանգել: Մտածեցի, որ Արփինեի  հետ է ինչ-որ բան է պատահել, չէի կարող  հետաձգել զանգը, միջանցքում էլ աղմուկ էր, երկու  տղամարդ հերթը խախտելու պատճառով  պատրաստ էին իրար մորթել: Դրսում -15 էր, բայց զանգելու համար մեկ այլ  հարմար տեղ չգտա : Մորս փոխարեն  հեռախոսափողի մեջ լսվեց տատիս ձայնը՝ «վույ մե՜, գիդաս ի՞նչ ա եղել»:  Հենվեցի ծառին, որ չընկնեմ, միակ բանը որ կարողացա անել՝ պապանձվելն էր:

 

***

Չգիտեմ ոնց հասա պառավի տուն, բայց այն ինչ լսեցի տատիցս, առնվազն անհնար ու անմարդկային էր:  Պարզվում է՝ դեռևս երկու տարի առաջ ինձնից ու տատիցս գաղտնի,  մայրս  գործընկերուհու համար բանկում երաշխավոր էր կանգնել, սակայն մեկ ամիս անց այդ կինը  աշխատանքից  հեռանալու դիմում էր ներկայացրել ու խոշոր գումարը վերցնելով՝ հեռացել  նաև երկրից: Բնականաբար, ողջ պարտքը մնացել էր  մորս ուսերին, բայց ի՞նչ կարող էր վճարել  չնչին աշխատավարձով  ապրող ուսուցչուհին:  Տատս  ասաց, որ  կալանքի վարչությունից  էին եկել ու  զգուշացրել, եթե ողջ  պարտքը չմարենք, շուտով կզրկվենք  մեր տնից:  Երբ խնդրեցի հեռախոսը փոխանցել նրան, տատս հեծկլտաց, ապա ասաց, որ  մայրս սենյակից դուրս  չի գալիս,  չշահած լոտոների տոմսերից  թռուցիկներ  է սարքում ու շպրտում օդ, կամ էլ  անկյունում  նստած ձեռքերով ծածկում է  դեմքը: Մի խոսքով,  պետք էր արագ կողմնորոշվել:  Առաջի հերթին զանգարեցի ընկերուհուս ու խնդրեցի  որոշ ժամանակով աղջկաս  իր տուն տանել, տատիս  վստահեցրի, իբր  ամեն ինչ արագ կկարգավորեմ, միայն թե  ինքը  չնյարդայնանա, բայց  քանի որ նրան  այդ վիճակում  մորս կողքին թողնելը  վախենալու էր,  հարևանուհուն, ով  նաև մայրիկիս   ընկերուհիներից էր և միայնակ կին էր, պաղատեցի  մեր տանը  հաճախ լինել  և  օգնել  տատիս: Ամեն ինչ արագ կազմակերպելուց հետո,  բացեցի  պառավի տան  դուռը:     Մինչ հանում էի ծանր վերարկուս, վզիս  շուրջ երեք տակ փաթաթված շարֆը (կախվելու համար  իդեալական երկարությամբ), սինթետիկ փքված ճտքակոշիկներս, պառավը, բռնվելով հյուրասենյակի պատից,  բղավեց, այո բղավեց, որովհետև ձեռքին ձայնափող կար: Անսպասելի ու զզվելի էր միաժամանակ, նախ, նրան երբեք չէի տեսել ձայնափողը ձեռքին, երկրորդը, նա  այնպես էր  ծվծվում, ասես  կանգնել էին  մկան պոչին ու չէին  պատրաստվում քաշել ոտքը, և  երրորդը, ձայնափողից հնչող  ծվծվոցը ականջներիս էր հասցնում՝ ապու՜շ, ապու՜շ, մենակ մարդուն թողնող, դաժան ապուշ: «Միայն նման տեսարանն էր պակաս»,- մտածեցի ու բարձր ասացի.

— Եթե այդպես է, ուրեմն  հիմա իսկապես կգնամ: Չկարծես միայնակ պառավները պակասել են քաղաքում, աղջկադ էլ  կասես էդ ձայնափողը…

Ու ձևացրի, իբր հեռանում եմ: Տեսնել էր պետք նրա զինաթափ, շփոթված վիճակը: Չիմանալով ինչպես վարվել՝ նա հանկարծ բաց թողեց  ձայնափողը ու անպաշտպան մոլորված երեխայի պես սկսեց հեկեկալ: Բնական է, այլ տեղ չունեի և  չէի էլ  պատրաստվում գնալ, բայց ներքուստ հանգստացա՝ հուսալով, որ այլևս  չի կարող ինձնից հրաժարվել:  Մոտեցա ու մի կերպ բռնելով նրան՝ տարա անվասայլի մեջ տեղավորելու: Սկսեցի խոսել ճիշտ իր ինտոնացիայով, իր՝ խոսքում հաճախ կիրառվող հարցականներով:

-Ի՛մ աղջիկ, մի լացիր, ես քեզ չեմ թողնի, ի՛մ աղջիկ, դե՛, բավական է: Գիտես չեմ հասկանում ինչու՞ ես սկսել քայլել, ինձ հետ այդպես խոսել, սա արդեն որերո՞րդ անգամն է.  երկրո՞րդ, երրո՞րդ, ախր դու տատիս տարեկիցն ես, ասե՞լ եմ, չէ՞: Էհ, իմ աղջիկ ջան: Ջանը գիտես ի՞նչ է: Ջանը մեզ համար ամենաջերմ  բառն  է, եթե քեզ «ջան» են ասում, իմացիր, որ սիրում են, եղա՞վ,  իմ աղջիկ ջան:

Պառավիկը իսկույն աշխուժացավ, կարծես  ձայնափողի մեջ ապուշ ասողը  ինքը չէր, չնայած՝ գիտեի, որ աղջկա ձեռագիրն  է, երևի վախեցրել էր, թե օտարազգի էմիգրանտը կնեղացնի ծեր միայնակ կնոջը, նա էլ որոշել էր ուժերը փորձել: Ծեր միամիտ երեխա, որ Աստծո դռանը մոտենալու հույսով  բացառապես մանկական օճառով  է  թույլ տալիս իրեն լվանալ ու մանկան հոտը պահելու համար հագնում է տաք, շատ տաք շորեր:

Իմ խոսքերից  պառավս խաղաղվեց.

-Ներիր ինձ, էն լիրբն ինձ ասեց, որ դու…

Ես չթողեցի, որ շարունակի, համբուրեցի ճակատը՝ սսս՜, բայց նա շարունակեց.

-Եկել էր, խմած էր: Դու հեչ խմած կա՞ս, իսկ նա՝ է՜հհ: Խելքը գցել է: Խմում է, ծխում է, եկել էր:

Ես այդպես էլ զգացել էի, այլապես որտեղից նրան այդ հիմար սարքն ու միշտ հանգիստ  քչախոս ծեր կնոջ նման ագրեսիվ վերաբերմունքն  իմ հանդեպ:

-Ես քեզ ուզում եմ գաղտնիք բացել: Կուզե՞ս:

Իհարկե ուզում էի, այսօր քավարանի բաց դռների օրն էր, ես էլ  պիտի բոլորի հոգիները լվանայի ու ընդհանրապես, մարդկանց առաքելություններից մեկը երևի թե մեկը մյուսի գաղտնիքները բացել, մերկացնելն է:

Պառավիկս իսկապես ուզում էր ինչ-որ գաղտնիք բացել իմ առջև, բայց աչքերը սովի գույնով լցվեցին ու հասկացա ինչ է սպասվում այժմ:

-Կասեմ, ամեն ինչ կասեմ: Դու պատերազմ տեսե՞լ ես, իսկ ֆաշիստների՞ն, բա հորում եղած կա՞ս: Խոնավ է, չմտնես հորը… Իսկ մեզ տարան, ես հինգ տարեկան էի, ասե՞լ եմ, որ հինգ տարեկան էի, հա՜: Ես էլ մահից չեմ վախենում, գիտե՞ս, կարելի է ասել՝ մահը տեսել եմ: Հետո տուն բարձրացանք: Հայրս լացում էր, մայրս էլ: Մեծ քույրս էլ, միջնեկն էլ, ես…չէ, ես չէի լացում, ես լացել չեմ սիրել: Ես սոված էի: Ինձ ճաշ կտա՞ս: Սոված եմ, տուր, շուտ արա: Սպասիր, իսկ գիտես՝ ո՞նց  է բուրում հողը:

Գրողը տանի, ես չգիտեի՝ ոնց է  բուրում հողը, բայց արդեն գիտեի ոնց  են բուրում պարտքերը, կարոտը, անիմաստ շրջապտույտը, աղջկադ, մորդ, տատիդ թողնելու հոտը, ու վերջապես, ես գիտեի, թե  ոնց է բուրում ութսունամյա  պառավի մեզն ու  լուծը: Այդքանը հաստատ գիտեի…

 

***

Առավոտյան զարթնեցի պառավի ծվծվոցից: Քնած ժամանակ միզել էր ու ինքն իր ջրհեղից զզվելով՝ զարթնել: Նրա մեզը ապխտած ձկան և անուշադրի հոտ ուներ, անկարելի էր չսթափվել՝  նման բուրեղությունը  քթանցքներիդ մեջ քաշելուց:  Երբ իրեն էլ, անկողինն էլ  կարգի բերեցի, ուզում էի նախաճաշ տալ, բայց պառավը հիշեց երեկվա մեր կիսատ զրույցը: Անկեղծ, ես արդեն մոռացել էի, բայց երբ լսեցի «գաղտնիք» բառը, ավելի մոտ տեղավորվեցի: Ու այսպես իմացա, որ պառավի աղջկա տղան, այսինքն՝ նրա թոռը, անցյալ տարի մահացել է: Քաղցկեղից: Այդ օրվանից էլ նա կորցրել է ուժերն ու անկողին ընկել, իսկ աղջիկն  ինքնասպանության մի քանի անհաջող փորձից հյուծված, խմիչքին է անցել, սկսել է քիչ հայտնվել տանը, այժմ էլ ապրում է ինչ-որ տղամարդու հետ, ատում է բոլորին, մանավանդ նրանց, ովքեր իր մահացած տղայի տարեկիցներն են: Այդժամ հասկացա ինչով էր պայմանավորված իմ հանդեպ  մշտապես կոպիտ ու հեգնական վերաբերմունքը, բայց  պառավն ասաց, որ  աղջիկը վերջին շրջանում  թոկից փախած է դարձել, ուզում է, որ մայրը տունն իր անունով գրի:

-Ասում է՝ ինչքան սպասեմ, թե երբ ես մեռնելու, հենց հիմա իմ անունով գրի:

-Բայց մեկ է, մի՞թե ձեզնից հետո իրեն չի մնալու:

Պառավի երեսին  երևաց ինձ արդեն հարազատ դարձած խաչկապը:

-Ես  տղա էլ ունեմ, առաջին ամուսնությունից, բայց նա անշնորհակալ դուրս եկավ:  Տասը տարուց ավել է՝  զանգած չկա: Չգիտեմ էլ ուր է, ինչ է անում, բայց իրեն  չեմ տա, ուրիշ միտք ունեմ: Մի օր հիմարի պես ասացի, դրանից էլ աղջիկս տեղը չի գտնում, վախենում է:

Երբ պառավը այսչափ տրամաբանական սթափ  զրույցներ էր վարում, չէի կարողանում հավատալ նրա մյուս, ոչ պակաս ծայրահեղ դրսևորումներին, օրինակ, երբ ուտում ու կեղտոտում էր՝ չհասկանալով, լալիս էր ու  խնդրում գրկել իրեն: Զրույցի ընթացքում իմացա որ բարեսիրտ պառավը որոշել է տունը կտակել քաղցկեղով հիվանդ երեխաների՝ «Սերս քեզ» կոչվող ֆոնդին:

-Ինքն իրեն կորցրած մարդուն տան ճանապարհ պետք չի: Իմը ահավոր խմող է դարձել, ինձ մի րոպեում տնից կշպրտի, չի ասի՝ մայրն եմ, կծախի ու կխմի: Երբ խմելու շրջանը սկսվում է, սարսափելի է դառնում, ամեն ինչի ընդունակ:  Խմիչքը  դժբախտություն է: Դու չես խմում, չէ՞:

Իմացա, որ վաղը չէ մյուս օրը առավոտյան տասնմեկին աղջիկը իրավաբանի հետ գալու է՝ կտակի հարցերը լուծելու: Պառավը ժամանակ ձգելու հնարավորություն այլևս չուներ, ուժասպառ էր: Ինսուլինը ներարկելուց հետո,  անցավ նախաճաշին:

Ցերեկը, երբ նա  նորից քուն մտավ, անհրաժեշտ համարեցի  խաղաղվել մեդիտացիաների շնորհիվ՝  փորձելով  բացել վեցերրորդ չակրաս, ձգտելով լինել իմաստուն ու հասկանալ  մարդկանց ու մարդկության ամենասարսափելի, անհեթեթ, անտրամաբանական արարքները:  «Օ՜մ»…

-Օ՜, ո՞նց, ե՞րբ:  Լավ, լավ, նա չի կարող, չէ, ուրիշ հարազատներ չկան, չէ, կան, ես եմ, ես ամենը կհոգամ: Լավ, անհոգ եղեք:

Հեռախոսն  աջատեցի: Բերանս սարսափից ցամաքել էր: Պառավը քնի մեջ ժպտում էր այնպես, ինչպես  նորածինը՝ լույս աշխարհ գալու  քառասուն օրվա ըթացքում:

 

***

Մինչ նա քնած էր, շտապեցի լոմբարդ: Ոսկե ականջօղերս, Տիրամոր պատկերով կուլոնս ու երկու մատանիներս գրավ թողեցի (դրանցից մեկը՝ լուսնաքարովը, տատիս նվերն էր):  Դեռ չէի հավատում լսածիս, բայց ականջներիս մեջ անծանոթ ձայնը նորից ու նորից կրկնում էր՝ «ոչ սթափ վիճակում, մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, ցավում ենք»:

Պառավը ոչ մի կերպ պիտի չիմանար աղջկա մահվան բոթը, ես խոստացա հոգալ հուղարկավորության բոլոր ծախսերը, ներկայացա որպես բարեկամ: Սրահի աշխատակիցները սրտխառնոց առաջացնելու չափ վշտահար ու թախծոտ էին ձևանում: Գումարը տվեցի, խնդրեցի ամեն ինչ կազմակերպել, ասացի, որ սիրտս չի դիմանա, այդ է պատճառը, որ հավանաբար ներկա չեմ լինի:  Տուն գնալու փոխարեն ևս մի կարևոր գործ առաջացավ: Պետք էր ամենն  արագ կարգավորել ու պառավի զարթնելուն պես (մոտավոր երկու ժամ հետո) տանը լինել:

 

***

Տուն վերադարձա մեծ տոպրակով, թղթապանակով, սարսափած աչքերով, դողէրոցքով: Վերադարձել էի ճիշտ ժամանակին: Նա դեռ քնած էր: Գնումներս թողեցի տոպրակի մեջ՝ խցկելով պահարանի մութ բերանը:  Զանգեցի ընկերուհուս, նա ասաց, որ աղջիկս չի կարող խոսել հետս, որովհետև երկարատև լացից  քնել է: Սկսել է կակազել ու միայն իմ անունն է տալիս: Հրաժարվում է մթերքից ու խաղալիքներից: Պատուհանից պոկելը ծայրահեղ դժվար է դարձել:  Զանգեցի տատիս: Ասաց, որ մայրս անտանելի վիճակում է: Թիֆլիսահայ կոկետ, զգացմունքային կնոջից ոչինչ չէր մնացել:  «Գնու՜մ է, մայրդ ձեռքներիցս գնում է, գիդա՞ս: Տունն էլ է ձեռքներիցս գնում, աղջիկս էլ, քո աղջիկն էլ: Աղջի՛կ, էս ի՞նչ արեցիր մեր գլխին, տո՞»:  Ի վիճակի չէի լսել  մեղադրանքների շարանը: Պարզապես անջատեցի հեռախոսը: Մտա լոգարան: Վերևից նայեցի մերկ մարմնիս: Զզվեցի ինձնից: Իրապես զզվեցի իմ թափառական, անտեր, անսեր մարմնից: Լողացա: Հագա ծաղկավոր զգեստս: Շուրթերս ներկեցի ելակի գույնով: Պառավիս համբուրելով զարթնեցրի: Նրա հուլունք աչքերը պսպղացին:

-Լա՞վ բան է եղել:

-Այն էլ  ինչ տեսակ լավ բան:

-Ի՞նչ:

-Ծնունդս է:

-Իրո՞ք:

-Երևի: Արի գնանք լողանալու:

Ես նստեցրի նրան աթոռակին: Սպունգով  տրորեցի մարմինը: Ջուրը պահեցի չորացած ստինքներին, կախ ընկած որովային, ամեն տեղ, ամենուր մաքրեցի, լվացի, իսկ վերջում թասի կեսով ջուր հավաքեցի, լցրեցի նրա գլխին, ինչպես տատս էր լողացնում ինձ, երբ փոքր էի,  բարձր արտաբերեցի՝  Հիսուս Քրիստոս:

Պառավը սելավի տակ ընկած ծտի պես թափահարեց իրեն, բայց գոհունակ մնաց:

Նրան էլ թարմ ու սիրուն հագցրի: Նա իհարկե զարմացած էր, բայց երևի հիշեց ասածս, իբր այսօր ծննդյանս օրն է: Ասաց՝ սիրուն ես: Քո տարիքում ես էլ գեղեցկուհի էի: Հետո խնդրեց Ցվեյգ կարդալ:

-Կհիշե՞ս, տող կար՝ «եթե հասկացել ես մեկին, ուրեմն հասկացել ես ողջ տիեզերքը»:  Ես չլսելու տվեցի, որովհետև  այսօր Ցվեյգը այն հեղինակը չէր, որը պետք էր մեզ ու գրքերն ընդհանրապես, խեղճուկ ծաղրանկար էին համեմատ այն վիճակին, որը տիրում էր մեզ մոտ:

-Իմ աղջիկ, այսօր մեզ շռայլություններ թու՞յլ ենք տալիս:

-Ի՞նչ:

-Իմ աղջիկ, ասում եմ մենք ուզու՞մ ենք համեղագույն հյուրասիրություն ունենալ: Ճի՛շտ ես, ուզում ենք:  Դու հիմա խելոք նստում ես, ես բերում եմ: Խաղ ենք խաղում: Ասում էիր, որ ջահել  ժամանակ հրուշակագործ ես եղել, ճի՞շտ եմ:

-Չբերես,- նրա աչքերը մեղքի գույնով լցվեցին: Այդ աչքերով  Եվան մոտեցել էր խնձորին ու այդ հայացքը այգում թողած  ընդմիշտ  հեռացել  էր այնտեղից:

Ես սեղանը մոտեցրի նրան: Այն ծածկեցի ճերմակ կտորով: Սպիտակը շուտով լցվեց գույներով: Գնումներիս տոպրակը ճիշտ պանդորայի արկղի պես բացվեց: Տորթ, կոնֆետներ, շաքարապատ լոռամիրգ, մեղրով նուշ, դարչինով ու խնձորով բլիթներ, խաղող ու շոկոլադով պատված սալորաչիրը հայտնվեցին սեղանին:

Պառավը դող ապրեց: Նրա մեջ կռիվ էր ընթանում: Ես էլ պակաս լարված չէի: Մի պահ անգամ ուզում էի հետ քաշել սայլը, ներողություն խնդրել ու պատմել սրտիս եղածը, բայց չարեցի: Նախքան հարձակվելը շառաչող  օձի պես ֆշշացի, պատրաստվեցի, ժպտացի: Առաջարկեցի խաղալ: Ես հերթով ցույց էի տալու քաղցրեղենը: Նա ասելու էր ինչ է և ինչպես են պատրաստում: Եթե սխալվեր, ես էի ուտելու, եթե ինքը՝ ուրեմն, պիտի վայելեր: Վստահ էի, որ լավ մասնագետը կարող է  սեփական  անունը մոռանալ, բայց սիրելի աշխատանքի մանրուքներն անգամ  մոռանալ  չի կարող: Ու չնայած,  ինձ աշխատանքիս  առաջին իսկ  օրվանից զգուշացրել էին, թե  պառավը լսողության խնդիրներ ունի, ես այժմ կարող էի բոլորին վստահեցնել, որ նման խնդիրներ ավելի շատ ես ունեմ, քան ինքը: Նույնիս շատ ցածր ասված խոսքերը նա լսում էր  ու պատասխաում, եթե ցանկանում էր, իհարկե:

-Հը՞, խաղում ենք:

— Սկսենք:

-Ոչ, ոչ, ոչ: Նախքան սկսելը պիտի այստեղ ստորագրեք: Դա խաղի պայմանների մեջ է մտնում: Սա հաղթողի դիպլոմը կլինի: Մենք և ժյուրի կլինենք, և  մասնակիցը: Լավ եմ մտածել, չէ՞:

Նա նորից լաթեղեն տիկնիկի գոհունակ ու դատարկ հայացքով ինձ նայեց: Իրականում ծանոթ իրավաբան ունեի, որն արագորեն օգնեց ի մի բերել  թղթերը: Ես չէի կարող մոռանալ պառավի՝ տղա ունենալու հանգամանքը,  այդ պատճառով խնդրեցի ոչ թե կտակի, այլ առք ու վաճառքի պայմանագիր կազմել: Պառավի տարիքն ու առողջական խմդիրները  թույլ էին տալիս տանից դուրս չգալով հանդերձ  նման գործարք կատարել՝ ստորագրությամբ միայն:

-Չեմ անի: Հեռու տար թուղթը, ես լավ չեմ տեսնում:

-Գիտեմ, իմ աղջիկ, ու լավ չես լսում, բայց կամ ես, չէ՞:  Ախր սա ընդամենը խաղ է: Ի՞նչ ես այդպես նայում: Լավն են, չէ՞:

Վերցրեցի  ամենաախորժալի խմորեղենը և դանդաղորեն սկսեցի ուտել: Նա էլ ձեռքը առաջ բերեց: Ես հետ տարա անվասայլը: Պառավս այլընտարնք չուներ:

-Գրիչ տուր ու օգնիր ինձ: Սայլը մոտեցվեց սեղանին: Թուղթը դրվեց, ակնոցը հայտնվեց  քթին: Գրիչը՝ երկար ոսկրոտ մատների արանքում: Ես օգնեցի ստորագրել այնտեղ, որտեղ պետք էր: Թղթերը մի քանիսն էին: Նրա համար հոգնեցուցիչ էր: Աչքը՝ սեղանին էր:

-Սրա մեջ մասկարպոնե է, 6  ձու, կոնյակ, շաքար: Շաքար ինձ չի կա…

-Ասում են շաքարը հեչ, աղն են «սև մահ» համարում, այ դա քեզ չեմ տա: Ճիշտ ես ասում: Տիրամիսու է: Հրաշալի հաշիվ բացեցիր:

Նա ուտում էր  ու ինչ-որ բառեր արտաբերում: Մեկումեջ  լսվում էին տվայլ խմորեղենի բաղադրիչները: Առաջին անգամ էի տեսնում, որ առանց իմ օգնության կարողանար օգտվել սնունդից: Նա բերանն էր խցկում ու զուգահեռ կենդանական ձայներ հանում: Ուտում էր՝ չնկատելով, չզգալով ներկայությունս: Ավելի ճիշտ,  չէր ուտում, չէր ըմբոշխնում, խժռում էր: Անտանելի տեսարան էր: Ես մոտեցա նրան, համբուրեցի ճակատը, պաչեցի ձեռքերը, շոյեցի գլուխը, ապա, վերցնելով թղթերը, հեռացա հյուրասենյակից.  միջանցքից.  տանից: Նա դեռ վայելում էր քաղցր հաղթանակը…

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք