Հարյուր դրամանոց Սերը

Հեղինակ:

Մտածում եմ՝ ինչ լավ կլիներ, որ մարդիկ կարենային, ասենք, թռնեյին կամ գոնե չկարենային սուտ խոսել, ասենք, չլիներ, չլիներ ու վերջ, տենց բան հնարավոր չլիներ, լավ, դե գոնե թռնեյին, մի քիչ պտտվեյին օդում, ընդեղից նայեին ներքև, տեսնեին՝ ինչա կատարվում, հետո էլ ոչինչ պետք չի, ինչ պետք էր՝ արդեն չկա:

-Ընգեր, քեզ ի՞նչ եղավ, ի՞նչ ես խոսում քթիդ տակ:

-Բան չկա, մեկ ա՝ բան չես լսել, դե ինչ կարևորա՝ ինչ եմ խոսում, խոսում եմ, էլի։

-Լավ, դե մի մտածի, բան էր՝ էղավ։

-Ասում եմ՝ Մուրակամիից որ Վամպիր պատմվածքը կարդացի, սկզբի հատվածում մտածում էի՝ տենց հավեսով սարքել ա, հետո մենակ էրեկ որ գիշերվա տասերկուսին դուրս եկա, գլուխս շատ էր ցավում, մոտս 100 դրամ կար, մտածում էի՝ ոնց տուն հասնեմ, երթուղային դժվար գտնեյի, նորմալ հաց էլ չէի կերել, ամբողջ օրը ոտի վրա էի եղել, մի երկու քայլ արեցի, նամակ եկավ հեռախոսիս, բացեցի, գրել էր՝ բաժանվում ենք, վերջ, ինձ չանհանգստացնես, բան չհասկացա, մի երկու քայլ էլ արեցի, պայուսակս որ ծանր էր, ավելի ծանրացավ ու կախվեց մի ուսիցս, ջարդված մասերը լցրեցի պայուսակիս մեջ, ուսից ուս փոխելով մի քիչ էլ քայլեցի: Մնում էր անձրև էլ սկսվեր, ու ամեն ինչ կամբողջանար:

-Լսի, ստոպ, հանգիստ, շնչի, կխոսես։

Չէ, վերջ, ուզում եմ ասեմ՝ այ հենց ըտեղ հասկացա, որ ամեն ինչ անկեղծ էլ գրել էր Մուրակամին: Ճիշտա, որ անհաջողությունները մարդու գլխին իրար հետևից թափվելու սովորություն ունեն:

-Հետո ինչ արեցի՞ր։

-Հետո մի լավ, էս անգամ երկու չէ երեք քայլ արեցի, տերմինալներից էն մեկից էտ 100 դրամը գցեցի հեռախոսս, որտև 0 էր մեջը, ու իրան գրեցի՝ լավ, ընթացքում էլ մտածեցի՝ լավ ա գոնե երկու հատ 50 չէր կամ ավելի վատ՝ մեկ հատ, չնայած տերմինալի դեպքում երկու 50-ն էլ չի փրկի, եթե մեկի հետ փոխանակում չանես, լավ, դե էտքանը հազիվ հասցրի մտածել ու նորից քայլեցի:

-Գրեցիր՝ լավ ու վե՞րջ, չուզեցի՞ր իմանաս՝ ինչա եղել։

-Չէ, չուզեցի, դե բան էլ չէր եղել, էտ լավն էլ դե գրեցի, որ շատ չնեղվի, մտածի՝ արհամարհում եմ, ես հո Մորավիայի գործին ծանոթ եմ, պետք չի տենց դաժան լինել, հետո էլ պետք է հարգել, չէ՞, դիմացինի որոշումը:

-Ընգեր, մի րոպե, գրեցիր լավ ու վե՞րջ։

-Չէ, մեկ էլ գրեցի, որ հո ես էտքան ռոմանտիկ չեմ, որ շարունակեմ անհանգստացնել էդ նամակից հետո, որ ավելին՝ ես ռեալիստ եմ ու նույնիսկ իր գրելու դեպքում էլ չեմ պատասխանի:

-Հա, լավա էլի, էտքանին փողը լիցքավորած հերիքեց, օրվա լավ բանը էտա եղել, լսի, ասում եմ՝ գնա գրի էտ պատմության մասին, վերնագիրն էլ դիր 100 դրամանոց սերը։

-Հա, լավ սերիալի վերնագիրա, համ էլ երևի դիշովի կլինի էս թեմայի մասին գրեմ, սե՞ր, չէէէէէէ՜։

-Հա դե ինչ ես ուզում, 100 դրամանոց սերա, դրա համար էլ դիշովիյա։

Այ էստեղ էր, որ երկուսով լավ ծիծաղեցինք, ես մի հատ էլ քմծիծաղեցի, դուրս եկել էր ասածը: Հետո որոշեցի երազանքս անեմ, դե չստել չէի կարող, դրա համար էլ երկու թևս թափահարեցի ու վեր բարձրացա, մի հինգ մետր բարձրացա, տեսա՝ ընկերս ներքևից ձեռքովա անում, չէի ուզում ոչ մեկին տեսնեյի, իրան էլ, դրա համար էնքան բարձրացա, որ ոչ մեկ չերևա, ու էտ պահանջեց թևերիցս բավականին տանջալից թափահարումներ, մոտ 100 մետր բարձրացել էի: Նայեցի ներքև ու սկսեցի նայել մեր քաղաքին: Լավ էլ սիրուն քաղաք ունենք, որ ուզես, կարաս Նյու Յորքին էլ նմանացնես, բայց ստեղ շատը ավտոյի լույսերն են: Դե լույսը լույսա, էն գույնզգույն բարձր աշտարակը, որ տենց էլ չիմացա՝ ինչ աշտարակ էր, ինձ միշտ դուր ա եկել, ու իմ համար Էյֆելյանին ծալած ունի: Մի 50 մետր էլ արդեն ավելի բարձր էի, քան կախովի ռեստորանը, մարդիկ կային նստած, ուրախ էին, ես էլ էի ուրախ, Գահերի խաղի երաժշտությունն էին լսում, ես էլ լսեցի ու սկսեցի ֆիլմի մասին մտածել, հետո էլ հավես չէր, մտածեցի՝ գնամ մտնեմ, ասենք, մեր խուլ փողոցներից մեկը ու տղեքի հետ նստեմ, տենց էլ արեցի, արագ թևերս թափ տվեցի ու վայրէջք կատարեցի չեմ էլ հիշում ինչ խուլ փողոցի, ինչ-ինչ նրբանցքի ինչ-ինչ մեր էնքան էլ ոչ գրական հայերենով բիսետկա ասվածը: Երեք տղա էին նստած: Իրանք նայեցին ինձ, ու իրանցից մի քիչ թմբլը, որ մենակ ինքը չզարմացավ իմ տենց անակնկալ գալուց, վերևից ներքև չափեց ու իր բամբ ձայնով հարցրեց.

-Ապե, ինչա՞ եղել։

-Բաժանվեցինք։

-Լուուուուուուուուուուո՞ւրջ։

Ու տառը՝ ավելի երկար, ուղղակի չեմ ուզում կեղտոտել էս էջը էտ տառով, ու էտ զարմանքը հավասար էր, երբ ես ասեյի՝ դե երրորդ համաշխարհայիննա սկսվել ջրի քչությունից:

-Դե հա, մեկ էլ փողից եմ նեղվում, ինտերնետի փող էլ չկա, ակտիվացնեմ, մի քիչ ինձ ցրեմ։

-Այ ախպեր, ինչ ինտերնետի փող, հորս արև դվիժենու փող չկա, հեսա մի քանի գիրք կա, խուրդեմ ու սաղ տասովկեքը քցեմ տեղը, թե չէ լոմկա լռված ենք: Համ էլ ցրվելու տարբեր ձևեր կան (ինքն իրա արած հումորի վրա ծիծաղաց մոտ 1 րոպե 3 վայրկյան, երբ 20-րդ վայրկյանի վրա էր, զգաց մենակ իրա ծիծաղի ձենն ա, մի հատ թարս նայեց կողի նստածներին, իրանք էլ սկսեցին ծիծաղել, ու մնացած վայրկյանները միասին էին ծիծաղում: Հայացքս ձեռքիս ժամացույցից բարձրացրի ու հարցրի.

-Ի՞նչ գրքեր են։

-Ախպեր, քո ջոկելով գիդեմ, մենակ մի քանի անուն եմ հիշում, ինչ որ Նիցե, մուրհակ էր, ինչ էր, մեկ էլ սպասի ասեմ, մեկի անունն էլ եմ հիշում, բան էր՝ ապուշ, ապե, ջոկո՞ւմ ես, ապուշ էր, բացում ա կոնկրետ:

-Հա, նիցշե, մուրակամի ու ապուշը դու ես, ընգեր, իսկ բարձրաձայն որ հետո փոշմանեցի, նրան լուսավորեցի ապուշի հարցում:

-Հա դե հմի, ինչ որայա, ապե, հենա դու լավ էլ գիտես, կարողա դու էլ առնես։

-Ես մուրակամին կվերցնեմ, էս քանի օրը փող լինի մոտս, էլի կթռնեմ ու եթե էս նույն տեղում հայտնվեմ, կգամ կվերցնեմ:

-Լավ դե, նայի, դու գիդես, ես մի իրեք օրից խուրդում եմ էթա սաղ։

Թևերս թափահարվեցին՝ զգալով մարմնիս ծանրությունը, ու ես օդում էի:

Էս իրանց ցանկությունն էր, չհասկացա էլ ոնց հայտնվեցի տաքսու մեջ, խառնվեցի իրար, չգիտեյի՝ ո՞ւր եմ գնում ու ինչի՞ համար, վարորդը ճաղատ էր, նայեց ինձ, կանաչ էին աչքերը, ժպտաց, ես լարված էի: Տարավ Գործարանային մետրոյի կայարան, ու մինչև ես կհասկանայի, որ արդեն հասել եմ, նայեց ինձ, հետո մի պահ մտքում մի բան պտտվեց, կտրուկ, միանգամից վճռականորեն ասեց.

-Լսի, չփոխվես, հիմա կողքս դու չե՛ս, քեզ պահի նենց, ոնց դո՛ւ կաս, մի փորձի նմանվես իրանց, կյանքում վատ մարդկանց էլ կհանդիպես, բայց էտ թող քեզ իրանց պես չսարքի, չէ, չէ, ուշադի՛ր լսի, նենց արա, այ թող իրա՛նք քեզ նմանվեն:

Ամբողջ ջանովս սարսուռ անցավ, քրտնեցի, բան չխոսեցի:

-Մի բան ցույց տամ, բայց գաղտնիքա, մենակ քեզ եմ ցույց տալիս։

Հանեց գրպանից ինչ-որ կաշվե անձնագիրը հաստատող գրքույկի նման մի բան, բացեց ու իր նկարը ցույց տվեց, ինքն էր զինվորական հագուստով, հագուստը ծածկված էր զինանշաններով, իսկ ուսերի վրա երկու մեծ աստղ էր: Նայեց ինձ, ժպտաց, բայց էս ժպիտը էն մեկից տարբերվում էր, էս մեկի մեջ կար իրա ամբողջ անցած-գնացածն ու լռությունը, էս մեկը գաղտնի ժպիտ էր: Հետո ձեռքը պարզեց, սեղմեց ձեռքս, ու ես իջա մեքենայից: Պատահականությունները պատահական միայն մի դեպքում են լինում՝ դու անհավատ ես:

Հիմա եկեղեցում եմ, նստել եմ, ու ստեղ էլ ուրիշ լռությունա, ստեղի օդը ուրիշա, ստեղի հոտն ուրիշա, ստեղ քեզ շրջապատումա ըտեղ գտնվող բոլոր մարդկանց հավատն ու էներգյան, ու դու լիակատար քեզ պաշտպանված ես զգում ամեն ինչից:

Իսկ հիմա կյանքս 50/50-ի հավանականություն ունի, չգիտեմ՝ ո՞ւմ մեքենայի մեջ եմ, ու չգիտեմ՝ ո՞ւր եմ գնում, ու ի տարբերություն Յանդեքս տաքսու վարորդի այս մեկը հռհռում է ու չի էլ ժպտում, ու որ ամենատրամաբանականն է՝ գիշերվա չորսի կողմերը կլինի:

Չէ, չեմ ուզում ստեղ մնամ, տարեք ինձ ստեղից, արագ թափահարեցին թևերս, ու գնացի, գնացի նստեցի սենյակումս ու սկսեցի գոռալ բարձր, շատ բարձր, մի երկու պատուհան ջարդվեց, բայց էտ ոչ մի օգուտ էլ չտվեց, որտև դրսում էլ էր շոգ: Մենակ ծառերը ավելի բնական թվացին, բայց ոչ էնքան: Չէ, ուզում եմ տերմիտը մտնի ականջս, ընդեղ ուտի էտ սաղ բջիջները, էն մեկն էլ վազի քրտնի ու հոգնի իր աշխատանքից, իսկ խարանաճանճը թող իրա որսին միայն անապատում չսպանի: Այ հիմա ուղիղ հայացքս եմ նկատում հայելում, հենց ինձ եմ նայում, ուղիղ իմ աչքերին, առանց դիմակ եմ, ոչինչ չկա, դեմք չունեմ ես, ես անդեմ եմ, ու զրոյա պտտվում շուրջս ու տաքացնումա սենյակս մինչև գոլորշու բարձրանալը: Ոտքիցս արյունա հոսում, արյան հոտա գալիս, սիրտս սկսումա խառնել, ու էտ անդեմ դեմքիս նայելով սկսում եմ սրսկվել մինչև մահս:Մահանում եմ ու նորից եմ ծնվում: Նայում եմ ինձ, նորից դիմա՞կ, աաաաաաաաաաաաաաա, հանի էդ վրայիցդ, բոլորը հանում եմ, նայում եմ ուղիղ աչքերիս ու սկսում եմ ծիծաղել, տեսնում եմ ինձ մերկ, այնքան մերկ, որ ծիծաղում եմ մարդկանց բոլորի համար, անխտիր բոլորի, մինչև վերջին մարդը, սրբում եմ աչքերս, փակում եմ հայելին: Ինձ նետում եմ պատուհանից, որ վաղն առավոտյան արթնանամ…

 

 

 

Կարծիքներ

կարծիք