Համասյանի Կոտրված ստեղներից …

Հեղինակ:

***

(Ու մայթերը ծամում են կոշիկներս
լղոզված սրճարանների
տաք թեյի
ու անմարս կարոտի
թևին…)

Խառնաշփոթի հոտը

Չափում է

Սրճարանի ամեն մի անկյուն

Ինձ դիմադրում է մեկը

(սև շրթներկով)

Իսկ ես

Քամոտ

Հայացքս եմ գցել

Նրա գինու բաժակին

Նա անշտապ

Համբուրում է

Բաժակը

Ու շուրթերի

Պատճենը

Տեղ-տեղ թունդ գծերով

Դեմք է առնում բաժակապատին։

Իսկ ես քամում եմ

Գարեջուրն իմ մեջ:

Փողոցը ծամում է հիմա

Ուրիշի կոշիկը

Ով

Թևատակին է հենել

Մոխրագույն սավանով

Պատված մի նկար …

Նրա հայացքը վախոտ էր

Մազերը ճենճոտ

Իսկ հոգին շտապ էր

Ու գուցե նկարն էլ …

Բոհեմարանն եմ կարդում

Գտնելու հարցի պատասխանը

Թե որտե՞ղ է գարեջրացած

Ու գինեցած հոգու

Խաչմերուկը …

Ամեն ինչ անշտապ է

Դառնում

Իսկ կիտրոնի գարեջրի

Փրփուրը

Դողում է

Համասյանի

Կոտրված ստեղներից …

 

 

***

Երբ ես սպասում էի արևին

Լացող մոմերի երգը լսելով

Դու չկայիր․․

Ծա՞նր էի քեզ համար։

Մեկ անտարբերությունը

Ինձ տարբերեց քեզնից

Ու վարագույրը

Քո լույսը հյուծող

Ինձ դարձրեց

Լուսին

Օտարված քնից։

Քնաբերի ավելցուկը

Բաժակում

Ծամեց մի նոր երազ։

Իսկ ես դեռ

Սենյակիս պատերն էի

Մաշում  կիսատ հայացքով․․.

Մոմի լացի պես

Վերացավ գիշերս։

(Իսկ ես ատում եմ գիշերամուտը,

լուսաբացի կապտաներկ քամին

ու քեզ)

 

 

***

Այսօր վերմակս

Ծանրացավ

Ու մարմինս

Ներկեց դողով․․.

Երեք քայլի

Անհասությամբ

Լուսամուտ կա

Որ համբուրվում է

Լուսնոտ վարագույրի հետ․․․

Ես գիտեմ, որ

Հայացքումս

Սառած

Մայթեր են

Ու կուզիկ

Լապտերներն են

Փողոցը շոյում․․․

Բայց վերմակս

Ինչո՞ւ է ծանրացել

Գուցե չտեսնված

Երազներն են

Բույն դրել այնտեղ․․.

Կամ գիշերը

Քնել  է իմ մեջ․․.

 

 

***

Երկու փիքսելների մեջ

Կարոտում եմ քեզ…

Այն ինչ դու չես

Ու այն ինչ քեզ է հիշեցնում…

Սափրել ես ինձ

Եվ քո կյանքից

Եվ իմից…

Ու ես դեռ

Երկու փիքսելների մեջ

Կարոտում եմ քեզ…

Ֆեյսբուքն արդեն

Մեռնում է

Ծանրությունից

Իսկ ես սպասում եմ

Թե երբ ես գալու…

Հիմա էդպես է

Սիրելն ու ատելը

Երկու փիքսելի մեջ

Էկրանից այս կողմ…

 

***

Որպես վարագույր

Կհորանջեմ

Քո թատրոնում․․.

Կխաղամ

Սկզբում

Ու վերջում․․.

Քո խաղի

Ժամին

Ես կննջեմ

Բայց

Միմիկաներիցդ

Կշոգեմ։

Ու կմտածեմ

Որ

Երբ

Լավ համբուրվել

Սովորես

Սիրախաղերի

Ամպլուան

Իր

Հագուստը

Կհանի իմ առաջ․․.

(Ու կհովանամ մի քիչ

Քեզնով)

Ու երբ հետնաբեմը

Սղոցես

Բեմական վախով

Ես կդիմադրեմ

Մինչև

Համարձակվես

Ծափերին դիմանալ․․․

Ու երբ ավարտես

Ներկայացումդ:

Ես կտորիս

Հիշողության մեջ

Կշոյեմ դիմագծերդ․․.

(ես կհորանջեմ

քո թատրոնում անվերջ

որպես վարագույր․․.)

 

 

***

ես պոետ եմ,

որ միշտ ստում է անկեղծության մեջ։

ինձ չեն հորինել

ինձ գտել են

գտել մի շենքից,

որտեղից փչել է բանաստեղծություններիս հոտը

ուր պատերը ճչացել են ցավից․․․

իմ մոլորակից

ինձ տողադարձել են

գցել այստեղ

կապույտ մոլորակ,

ուր կապույտ

համարյա ոչինչ  չկա․․․

 

 

Կարծիքներ

կարծիք