Դեժավյու կամ կրկնության Աստվածը

Սա արդեն եղե՞լ է թե՞ դեժավյու  է: Երևի եղել է չնայած մեծ հաշվող ոչինչ էլ չի փոխվում լինել-չլինելով  ու համոզված եմ չի էլ փոխվի առաջիկա հարյուրամյակում: Իրադարձությունների զարգացումները, մշտնջենական պատերազմները, տեխնոլոգիական նորարարությունները, կրոնը, արժեքները, գիտական բացահայտումները, չենք փոխի երբեք մարդուն:
Հավիտենական  շարժման (կյանքի) միակ  խթանիչ ուժը` Քաոսն է: Եթե  մի օր պաշարենք երկինքը, գուցե զարմանալիորեն բացահայտենք մի պարզ իրողություն:
Ամեն բան կառուցված է շղթայական միֆի ու տեսական պատրանքի վրա:
Մենք ստեղծել ենք Աստծուն, որ մխիթարվենք, ստեղծել ենք փիլիսոփայությունը մեր գոյերը արդարացնելու համար: Քիմիական տարրերը, Մենդելևի աղյուսակը ձանձրալի էին, մենք քիմիայի կատարյալ ռեակցիա ստացանք կնոջ և տղամարդու ֆիզիոլոգիական  և զգայայական  կապից ու կոչեցինք դա` Սեր:
Թարթում եմ կարմրած աչքերս, փորձում եմ գտնել իրականությունը երևակայությունից զատող աննշմարելի  հանգույցը: Հեռուստացույցը պատմում է Ամն ում պատահած ահաբեկչության մասին: Հերթական մոլագարը, զենքով մտել է բար և սպանել  տասը մարդու: Ու ամեն անգամ այս կեղտոտ ճառագայթող տուփը` ծանոթ տափակ դիկցիայով   կրկնում է նույն բաները:

— Սպանություն Չիկագոյում,

— Ահաբեկչություն Հալեպում

— Տեռոր Փարիզում:
Իրադարձությունների անվերջանալի կրկնություն…

Վերջին հինգ տարում նույն նախատիպերով սպանության հազարավոր դեպքեր են եղել  աշխարհում: Երևի մահը սիրում է նոստալգիան, շարունակ կրկնում է սպանդի տարաբնույթ, արյունոտ ծեսերը նույն վայրերում: Այս պահին, երբ դու կարդում ես այս էսսեն հաջորդաբար ծնվում ու մեռնում են հազարավոր մարդիկ և ամեն ինչ շարունակվում է նույն անհետաքրքիր սյուժեով: Դեպոպուլյացիա ոչինչ ավելին: Իրադարձությունների  ընթացքն այնքան կռահելի է, այնքան ձանձրալի, որ գերադասում եմ քունը. տեսածս երազներն ավելի հետաքրքիր են ու տպավորիչ, քան գարշահոտ իրականությունը:

Ես փակ եմ պահում պատուհանս, անջատում եմ զգայական բոլոր ֆունկցիաներս, նվիրում եմ ինձ գրքերին: Նույնիսկ ֆիզիոլոգիական պահանջմունքներս եմ մոռացել. ինձ համար շատ ավելի գերադասելի է երաժշտական էքստազը: Ինչ որ մեկն ասել է.
-Կրկնությունը գիտության մայրն է …
Կատարյալ հիմարություն:
Հարցերի տրցակները, թեզերը, գիտական ուղեղները փտում են, ժամանակ կոչվող` փոշու մեջ, հավերժությունը ջնջում է ամեն ինչ տիեզերական անսահմանության մեջ պահելով միայն շարժումը և կրկնության մետաստազը: Արևը շարունակում է ռեֆլեքսորեն ջերմացնել, տիեզրեկան ոլորապտույտում սկսվում  է շղթայական նոր շարժումը: Բնությունը անխախտելիորեն բաշխում է մուսսոներ, սպանում է ու կյանք է շնորհում: Մենք` դատապարտված ենք հավիտենական կրկնության ճաղերում, ժամանակն է  հաշտվելու  այս սոսկալի իրողության հետ: Հետայսու գերադասում եմ չիմանալ ոչինչի ՈՉՆՉԻ  մասին, ես հավատում եմ միայն ինձ և բառին, ես  գրող եմ ` բառակիր ինչպես և Աստված, նրա զորությունը`  էներգիան, բառերի արաչագործության  մեջ էր, իզուր չէ,  որ  իր խոսքը վեր դասեց իրենից  յոթ անգամ: Աստված բառով ստեղծեց ամեն բան, իսկ ես բառերով, կխաբեմ, կսիրեմ, կկառուցեմ, կսպանեմ  չունեմ այլ արժեքներ, գրողի միակ արժեքը բառն է: Աստծո առաքելությունը ավարտվել է վաղուց,  բառերն են այժմ արարիչներ, կերտում են իրականությունը, դրանց վրա է կառուցվում կենսական, զգայական ողջ պլատֆորմը: Մարդիկ փնտրում են հավերժական ինչուների պատասխանները, քաղաքակիրթ աշխարհը մշտապես, պայքարի մեջ է  բոլորս հրաշալի պայքարում ու ոչնչացնում ենք սեփական դիմագիծը, մեր ծպտված արատները այլոց մեջ:  Դավաճան կրկնությունը վերադառնում է էլի ու էլի:  Հուդան կախվեց, այժմ բոլորը ձրիաբար են դավաճանում, առանց խղճմտանքի:

Այստեղ կարող էր լինել մի զիլ  եզրափակում ամփոփիչ խոսք կամ տպավորիչ ֆինալ, բայց գերադասում եմ լռել` միայն լռությունն է ազատ  կրկնության գերությունից, մնացյալը վերջինիս վարիացիաններն են` նրա ուշացած արձագանքը …

 

 

 

Լուսանկարը՝  Նառա Վարդանյանի

 

Կարծիքներ

կարծիք