Պոեզիա, որով վերադառնում են Սիրտ

Ահա հավաստանշեցինք յուրատեսակ, չկրկնվող ձեռագրով մի ժողովածուի նորամուտը հայ ժամանակակից գրականություն։ Մեր սեղանին դրված է գրական հետաքրքիր, բազմազան, նոր ու թարմ խոսք․ պոեզիա, ուր տեսանելի պատկերները ներդաշնակված են զգայականին։ Հաճախ անսպասելի, ինչպես բնորոշ է բանաստեղծուհու ոճին, յուրատեսակ մտածողության պտուղները` բանաստեղծական տողերը, լրացնում են իրար։
Ժողովածուն բազմաշերտ է, թեմատիկ լայն ընդգրկումով, և յուրաքանչյուր թեմա՝ շարքերով ամբողջացած, նույնքան յուրատիպ  է և հարազատ Հասի ոճին։ Սա խոսում է պոետիկ այստեսակ մտածողության բնատուր լինելու մասին, երբ գալիս է ներքին մղումով, ակամա, անկեղծ, առանց  բռնահանգերի ու արհեստականության, ազնիվ է  իր ու իր միջև։
Ուզում եմ անդրադառնալ մասնավորապես  «Երկիրն ու երկրիս» շարքին։  Կարդալով առաջին բանաստեղծությունը՝ «Օրորոցը», ամեն հայ մարդ, իմացության իր չափով, կասի՝ սա ի՛մ երկիրն է․

Օրորոց  իմ  երկիր,
Նռնաերկինք արևներում խրամատված․․․(էջ 8)Առանց ավելորդ լալկանության ու չարչրկված արտահայտությունների, կարդում ենք  ու լցվում  «լավաշ երկրի փշրահան հույսով»՝ հանապազօրյա աղոթքը կուլ տվածի։

Մի՛ մրսիր, երկիր,
իմ փշալարված միակ հոգեհող
․․․(էջ 11)
Ապա և էսքիզվում է երկրի սիրտը՝մայրաքաղաքը․․․անվերջ վերադարձի ներքին սպասումով,լուսավոր հույսով,ուր հառնում է տուֆամաշկ,ծաղկած քաղաքը՝հուշերի մետրոյում,ուր գնացքով մեկնում է սիրտը՝տանելով իր բաժին տուֆե ծաղիկները, սակայն ինչ էլ լինի՝

Աշխարհի բոլոր կամուրջները
վերադարձնում են տուն

Բարև, Երևան
․․․(էջ37)
Բառախաղ, այսպես կոչված ՝աբստրակտ, վերացարկված, բայց և ընդհանուր մի տեղ հանգող բառ-պատկերներ․ այս ամենն անսովոր են հաճախ, երբեմն չափից ավել կոնտրաստ-հակադրվող, ինչպես օրինակ՝

Ես ունեցա քեզ
և ոչ միտեղ
․․․(էջ 31)
Կամ՝
Ինձ փռի՛ր, քաղա՛ք,
քո պատշգամբից,
ես՝ քո ծակ գուլպան,
կարող եմ զգալ՝
ինչպես է քամին
հոգուցդ եռում։(էջ 27)
Թերթում ենք էջ առ էջ, ընթերցում բանաստեղծությունները։ Թվում է՝ ասվեց, անցավ, սակայն պոետական ձևակերպումներում այնքան լարված է զգայական նյարդը, որ միշտ հետ է գալիս ընթերցող աչքն ու բանաստեղծական շղթայում նոր բան գտնում։
«Վերադառնում են սիրտ
ձեռնունայն»,-շշնջաց Երևանը
երկուսիս համար
․․․
Եվ ձյունեց։

Այսպես անթիվ անգամ անցնում ենք գրքի էջերով, վերընթերցելիս՝  տողերում և դրանցից անդին նոր բաներ ենք գտնում, ասելիքը իմաստավորում, զգում, դառնում հեղինակի  ապրումակից  հոգընկերը։
Ուշագրավ է  շարքի «Աղոթք երկրիս» բանաստեղծությունը։ Առաջին հայացքից  թվում է, կարծեք, պիտի հնչի ահա ականջին սովոր տեքստ, որ հազար ձևով գրվել է մինչ այս էլ, սակայն զարմանալի հետաքրքիր, ինքնատիպ պատկերներով  մեր դեմ հառնում է երկիրը՝ որպես «ինքնության վերջին նշխար», հանց «սուրբ չորրորդություն»․տիեզերք չափող արվեստագետի հոգին, որ անսահման է, ներում հայցող միջնորդ է դառնում երկրի ու նրանց, իր ու աշխարհի, իմ ու իմ միջև ահա այսպես․

 

Քերիր քարերիցդ
Հայր մեր,
ու մի թող արքայություն նրանց,
ովքեր վաճառեցին իրենց,
հոգեվարքից հետո
եղիցի հարություն
գնելու համար
․․․
․․․
Քեզ ծամեցին նրանք՝
իբրև սուրբ չորրորդություն
․․․
․․․Ներիր նրանց,երկի՛ր․․․
( էջ24)
Եվ որովհետև անիմանալի են գրչի ու ներշնչանքի արարչական գործերը, կարող ենք փաստել ամենակարևորը․ ահա ժողովածու, որով շնորհալի գրողը բերում է ասելիքի մատուցման հենց իրեն բնորոշ յուրահատկություն, արտահայտչաձևերի, բանաստեղծական մտածողության տարբերվող տեսակ․ դեռ երկար է բանաստեղծվող ճանապարհը, որովհետև պիտի լցվի նորովի ու պարպվի  թղթին ամեն անգամ՝ մնալով նույնքան հետաքրքիր ու անկեղծ․ էսքիզներով գծագրվող ասելիք, որ ընթերցողին տանում ու թողնում է հեռու մի տեղ՝ իր ու իր միջև, մտորումների ու զգայական ապրումի  երկտողի մեջ՝ պոետական  ոլորտներում․․․
Իմ  ու իմ միջև
դու ես, քաղաք,
և կանգնել է լռությունը,
միջանցքում,
ուր մահճակալս
մամռոտ
հևում է վերջին
արցունքներդ
․․․
Անձրևը կթափվի,
և դու կթափվես
փոշոտ խորդանոցներում,
ուր թաքցրել էի ես
դեպի քեզ բերող հեծանիվս
․․․
Դու կիսատ ես, քաղաք,
երկտողի մեջ,
որը ես եմ
․․․
Եվ ուր դու ես՝
ջրափոսեր ավլող
անձրևանոցով
․․․(էջ 30)

 

Կարծիքներ

կարծիք