Սաթենիկը

Հեղինակ:

-Կլինի մոտ տասներկու կար պարանոցիդ`բարակ ու համարյա աննկատ: Յոթ օր հետո, երբ կգաս քանդելու, սրածայր մկրատով տասներկու անգամ կտտացնելով` կքանդեմ կարերդ: Բայց խոստացիր, որ ամեն մի կտտոցի հետ պիտի հիշես, թե որտեղ ես երկրորդել առողջությունդ: Խոստացիր`տասներկու անգամ պիտի հիշես:

-Լավ, բժիշկ:

-Կերակրի աղը հերմետիկ փակած ամանո՞վ ես օգտագործում:

-Ոչ, բժիշկ, ամանի վերևում անցքեր կան, բայց պտուտակը չեմ շարժում, անցքերը բաց են մնում:

-Բաց ես թողնում ու հեռացնում միջի յոդը: Չէ՞ որ Հայաստանում աղը յոդացնում են: Գրված է, չէ՞, աղը եթե անհամանա, ինչո՞վ պիտի համեղանա:

-Գրված է:

-Դու պիտի ֆիզիկական ցավ զգաս, Սաթենիկ: Պիտի կարևորես ունեցածդ: Դրանից հետո գրիր`ինչքան ուզում ես: Ցավից ճակատիդ քրտինքը կկաթի թղթիդ վրա ու թուղթը կգունաթափվի, թանաքը կտարածվի: Հետո երկուսն էլ կչորանան, ու ինչ-որ տակը կմնա ընթեռնելի, համարիր, որ հենց  այդքանն էլ ասածներիցդ մարդկանց հասած բաժինն է:

                                                                                                ***

Օրեր անց Սաթենիկի վիրահատությունն ավարտված էր: Մի քիչ հեղձուկ, մի քիչ փսխոց, ու պահն էր գիտակցության: Սաթենիկի միտքն արթնացավ ու ճախրեց` ինչպես տասներկու սպիտակաթև աղավնիները երկնոլոր կճախրեին պատուհանն ի վեր: Սաթենիկի միտքը հասավ իր երկնքին, սեղմվեց ու գահավիժեց ցած, ինչպես սպիտակաթև աղավնիները կսուրային ներքև ու շրջանաձև կհավաքվեին կերով լի մետաղե թասի պռունկին:

Քամու թևով սառը հոսանքը սողոսկեց կիսաբաց պատուհանից ներս ու հարվածեց աղջկա դեմքին: Սաթենիկը լայն բացեց աչքերը: Հիշեց վիրահատության նախորդ օրը տեսած երազը. «Երբ մտածելիս գլուխդ էլ չի ցավի, ու սիրտդ կսիրի մտքերիդ ընթացքը, այդժամ, իբրև շամանդաղից փրկված ուրու, հատիկ-հատիկ կհավաքես դեսուդեն ցրված մտքերդ, ու զգալով նրանց գոյության իմաստը քո կյանքում`կմիավորես բոլորին: Կխմբավորես մտքերդ ու մի գծով կտեղավորես պարանոցիդ վրա»:

Սաթենիկը ճիգ արեց կենտրոնանալ: Փորձեց հասկանալ`ինչ վիճակում է: Սեղմեց ինքնակառավարվող մահճակալի կոճակին: Թիկնակը դանդաղ բարձրացավ: Սաթենիկը նստեց: Սրտխառնոց զգաց: Հիշեց բժշկի ասածը: Շատ չնեղվեց`ֆիզիկական ցավը շուտ է անցնում ու միանգամից իր հետ տանում է հիշողությունը ցավի մասին: Ֆիզիկական ցավը երբ չկա, չկա ամբողջությամբ ու վերջնականապես: Սաթենիկը ապրեց իր բաժին ֆիզիկական ցավը ու բաց թողեց նրան:

Նույն պահին անխորտակ մի հավատ, անձանձիր մի ձգտում եկան ու իշխեցին հոգուն: Ժամն էր ինքնամաքրման: Ամիսներ անց Սաթենիկը պիտի գիտակցեր, թե ցավի ու կորուստների ճանապարհին ինչպես մաղվեցին ու առաստաղին պտտվող ճանճից էլ անկարևոր դարձան երբեմնի առաջնահերթությունները: Այն, ինչ անհետաձգելի էր`հետաձգվեց անժամկետ: Ինչը կարիք ուներ հազար ու մի ծրագրերի արանքում տեղավորվելու` արհամարհվեց լիաթոք: Ինչը պահանջում էր մտքի նանիր լարում`լուծվեց սառնասրտորեն: «Հալածի’ր նրանց, հալածի’ր»,- ասաց Սաթենիկի սիրտն ու բնակության խորունկ խորքերից դուրս նետեց պարտականությունների մի ամբողջ շրջանակ:

Սաթենիկը մի քիչ թեքեց պարանոցը: Ցավեց: Գլուխը հենեց բարձին: Ցավն արդեն չկար: Միայն անհարկի բեռը թոթափած մարդու հոգնություն կար մարմնում: Սաթենիկը պարզորոշ գիտակցեց, թե ինչպես բոլորին հասնելու, ամենը հասցնելու ցանկությունները փոքրացան-փոքրացան ու տեղավորվեցին կողքին դրված ըմպելի յոգուրտի ամանի մեջ:

Ու երբ ուղեղը զերծ էր կաշկանդումներից, երբ միտքը գործում էր տոնելի ազատությամբ, տխրալլուկ մի կարոտ ցոլցլաց ուղեղի հերկված անդաստանում: Կարոտն այդ սողանցուկ անցել էր Սաթենիկի մերժումների բոլոր ճանապարհներով, հաղթահարել խոչընդոտները ու իր տեղը ցույց տվել ճիշտ ժամանակին: Հիշեց Սաթենիկը հինավուրց մի մեղեդի, որ մանուկ հասակում լսելիս ջերմությունն իջել էր: Զարմանալի մի զարմանքով զարմացել էր մայրը ու ամեն տեղ պատմել կատարվածի մասին: Առողջացած Սաթենիկը ձեռքն էր վերցրել գրիչն ու սիրած վեպի հանգույն  շարադրել մտքերը, վերջում էլ գրել`Ամեն: Հարցրել էր մայրը`ինչու՞ Ամեն: Ասել էր` չգիտեմ, այդպես եմ ուզում…

Ժպտաց Սաթենիկը: Անզգայացումից լրիվ չազատված ուղեղը հիմա ավելի լավ էր գործում, քան նախկին փայփայածը: Ճշմարիտ արժեքները կարևորելու, դրանցում ապրելու, դրանց մասին ասելու հավերժական կարոտն էր այդ կարոտը, որ կորել ու հեռացել էր կյանքի հավերժական վազքի ճիրաններում:

Քիչ բան չէր գտել հիվանդանոցի պատերի մեջ: Երեք օր պառկել էր, չորս օրից էլ պիտի վերադառնար: Խոստում ուներ կատարելու Սաթենիկը, բժշկին տված խոստում:

Ու մեն-միայն կարոտն այդ գրկած Սաթենիկը շտապեց տուն:

Տանը ավելի հարմարավետ էր: Մահիճը ինքնակառավարվող չէր, բայց սենյակի պատերն էին ավելի հեռու, պատուհանն էր ավելի մոտ: Սաթենիկը գիտեր`սենյակն էլ պիտի ազատեր կաշկանդումներից. քանի~ գիրք պիտի հեռացներ պահարանից, քանի~թղթապանակ համակարգչում պիտի վերանվաներ ու լցներ մեկի մեջ:

Հաջորդ օրը մի բաժակ թուրինջի հյութն արթնացրեց Սաթենիկի կիսաթմրած ուղեղը, ու մտքերը դարձյալ կոհակ-կոհակ հորդեցին ներս: Հիշեց իր վերջին աշխատանքը, որն իրացվեց ուրիշի ստորագրությամբ: Հիշեց ու կարմրեց: Ինչի՞ց կարմրեց: Չափեցին: Ճնշումն էր բարձրացել: Թողեց այդ միտքը: Վիճակը կարգավորվեց: Հիշեց կուտակային կենսաթոշակների պայքարը: Կարմրեց: Նորից ճնշումն էր: Այդ միտքն էլ թողեց: Հինգ րոպեից հանգիստ էր: Հիշեց Ապրիլյան պատերազմից ամիսներ հետո զորացրված եղբոր անհաղորդ հայացքը զրույցներից մեկի ժամանակ: «Լսիր, Սաթ, — ասել էր եղբայրը, — եթե դու էլ ստիպված լինեիր իմ պես հավաքել ականի պայթյունից ցիրուցան եղած ընկերոջդ մարմնի մասերը, հաստատ քեզ համար էլ մյուս հարցերը աննշան կթվային»: Հաճախ էր հիշում այդ զրույցը Սաթենիկը: Ըմբոստանում էր, կռվում աշխարհի հետ, չէր իմանում` ումից ինչ պահանջի, ում նզովի: Այս անգամ հերթը նզովելուն չհասավ: Կարմրեց: Ճնշումն էր: Թողեց միտքը: Հանգստացավ: Լույծ մարմինը հանձնեց անկողնուն ու քնեց հանգստացնող քնով:

… Չորս օր պետք չէր տասներկու հարցի պատասխանելու համար:

                                                                                                      ***

Վերքը արագ սպիացավ: Յոթերորդ օրը հիվանդանոցի վիրակապարանում Սաթենիկին սպասում էր բժշկի ամենագթոտ հայացքը: Ինքն էլ ժպտաց: Բժիշկը ճկույթի ծայրով իջեցրեց վիրակապը ու հարցրեց.

-Պատրա՞ստ ես:

-Այո, — ասաց Սաթենիկը:

-Հանգիստ պառկիր,- խոսեց բժիշկն ու մկրատով`կը~տ:

Սաթենիկը սեղմեց կոպերը:

-Ցավե՞ց:

-Ոնց որ մեղվի խայթոց:

-Խոսիր, լսում եմ: Կար` համար առաջին:

-Բարկացել եմ, բժիշկ: Անզորությունից չարացել եմ, փորձել եմ որոշ հարցեր շտկել, մեկին ուժս պատել է, տասնմեկին` ոչ:

-Եվ ի՞նչ: Բարկանալուց ի՞նչ ես զգացել:

-Զգացել եմ, որ սիրտս կծկվում է ու արյունս արտամղելու միջոցով փորձում է հեռացնել մարմին մտած օտար զգացումները:

-Սիրտդ չէր էլ կրի այդ բեռը, Սաթենիկ: Մարդու սիրտը կա’մ ծնվում ու սնվում է այդ զգացումով, կա’մ` ոչ: Սրտին չես պարտադրի: Բայց հոգիդ խռոված զգացումները դուրս չեն եկել միջիցդ: Գնացել ու ինչ-որ տեղ ուղեղիդ մեջ ապաստան են որոնել:

-Ուղեղը մարդուն բնորոշ օրգան է, բժիշկ, ու օգտակար է նրա աշխատանքը այն ժամանակ, երբ ոչ միայն ինքն է սնվում սրտից, այլ մեկ-մեկ ինքն է մի բան տալիս սրտին:

-Դե տեսնու՞մ ես, ահագին բան ես հասկացել այս ընթացքում,- ասաց բժիշկը ու նորից մկրատով` կը~տ, — հաջորդը, կար`համար երկրորդ:

-Հաջորդ չկա, բոլորը նույն աղբյուրից են, — ավարտեց Սաթենիկը:

-Այդպես է: Լավ: Լսիր ուրեմն ինձ: Հանգիստ ապրիր: Դա հնարավոր է: Գտիր ձևերը, գտիր ճանապարհները, — բժիշկը ջրողորկ բամբակով մաքրեց սպիի շուրջը հավաքված դեղանյութը, օգնեց բարձրանալ ու արդեն սոսկական հայացքով ուղեկցեց Սաթենիկին մինչև դուռը:

Բժիշկն իր գործը արել էր: Իցե թե արել էր ավելին: Իցե թե Սաթենիկը հասկացել էր նրան: Աղը եթե անհամանա, ինչո՞վ պիտի համեղանա` ասել էր բժիշկը: Աղաման փոխելու կարիք չկար: Պետք էր մինչև վերջ օգտագործել եղածը`մինչև վերջ պտտացնել պտուտակը, ու աղամանի անցքերը կփակվեն: Նույնը սովորեցնել ու պահանջել մյուսներից: Կհասկանա՞ն` լավ, չե՞ն հասկանա` նորից կխնդրի: Չե՞ն կատարի` ինքը կփակի: Չե՞ն հիշի` նորից կհիշեցնի: Չե՞ն կարևորի` ինքը կկարևորի: Վերջում մի աղաման կառնի ու կդնի դարակում…

Պարանոցի ամեն կար ծովի խորքերից սեփական ձեռքերով գտած մարգարիտ է Սաթենիկի համար`ուշացած, շատ ուշացած մարգարիտ: Բժշկի մանրիկ ու բարի աչքերով պարանոցին ձևված մարգարտյա անջնջելի այդ վզնոցը`սեփական անձի մասին հիշելու անողոք վկայություն:

 

 

 

Կարծիքներ

կարծիք