Գլուխկոտրուկ

Հեղինակ:

Ձեռքերս վեր, ու թռիչք բարձրություն: Օրվա իրար ետևից պտույտները սրտխառնոցի պես բան ստեղծեցին օրգանիզմումս, որն արագ իրեն ձորը նետելու հնարավությունը սկսեց փնտրել: Զգացողություն կա, որը ուզում ես անընդհատ ըմբոշխնել ու չես ուզում դուրս հանել միջիցդ, բայց թե չհանեմ՝ ինքներդ չեք տեսնի այն, ինչ ստեղծեց այս: Երկար միջանցք, տղայի՝ հատակին ընկած ստվերը, որը իրենն է կամ խաբուսիկ է, միայն երևակայությունն է ստեղծել գեղեցկացնելու համար: Հետո ձեռքերը վեր ու պտույտ, երկիրը պտտվեց, ու ժամանակի կանգ, սրտում չէր, դադար, ժպիտ, կեղծ, մի փոքր հիմար, հետո թեթև ակնթարթ ու թարթ: Ոսկորների ու արյունատար համակարգի սառեցում մարմնում, ինքը սկսեց զգալ, որ դողում է ու դողում է իրեն ջրից նետած ձկան նման: Բայց նետողը ձկնորս չէ: Միջանցքը, ինչպես հիշում եք, երկար էր, այն երկարներից, որի ծայրը չի երևում, քեզ թվում է՝ կամ անվերջ է, կամ ճանապարհ է, գուցե դժոխքի կամ ավելի վատ՝ դրախտի:

-իսկ ի՞նչ ես կարծում, կա՞ն էտ դրախտն ու դժոխքը

-եթե կան, ուրեմն ավելի լավ երևի, բայց ես այլմոլորակայինների եմ հավատում

-ես էլ, իրանք ավելի մոտ են ստեղից երկինք նայելուց

-ստեղից՝ պատի վրայի՞ց

-ահա, հենց էս պատի, որ պառկած ենք, երկինքը բարձր է թվում, բայց լինում է պահ, երբ ինձ թվում է՝ ձեռքս բարձրացնեմ, կարամ մի փունջ էտ ամպերից գողանամ

-կթրջվես

-չէ, դե իրականում դեմ չեմ թրջվելու, մեկ ա, մի 40 աստիճան կլինի էս ջեռուցման քաղաքում

-ջեռուցման քաղա՞ք , մի ծիծաղեցնի, առ քեզ ջեռուցման քաղաք

Տղային մոտեցան աղջկա շրթունքները: Նրանք համբուրվեցին մի երկու րոպե, քաշեցին իրար շրթունքները, հետո տաքացան մարմինները, սկսեց մոլորակը պտտվել տարբեր անկառավարելի ուղղություններով, հետո կանգնեց, հետո նորից պտտվեց, հետո ամպերի շարժը արագացավ, օրը փոխվեց, եկավ մյուսը, հետո նորից փոխվեց  եկավ էն մեկն ու կանգնեց ժամանակը երեկոյան ժամը 22:66 ի վրա: Էդպիսի ժամ չկար, նրանք արթնացան, տեղափոխեցին ժամը 22:55 և շարունակեցին համբուրվել:

-լսի, իսկ ուզում ես լռե՞լ

-ուզում եմ խոսեմ, չէ, ճիշտ ես, կլռեմ

-չէ, խոսի, ես լսել սիրում եմ

-չէ, կլռեմ, ես ինքս սիրում եմ լսել լռությունը

-ի՞նչ լռություն, էտ ո՞րն ա

-դե նայի, ինձ դուր ա գալիս ծղրիդների ձայնը, ճռռոցը, էտ ինձ հանգստացնում ա ու լռության նման բան ա հիշեցնում, դուր ա գալիս նաև տերևների ձայնը քամու ժամանակ

-բայց էտ արդեն լռություն չի

-լռություն է, լռություն է ձայնի օգնությամբ, էտ բնության լռությունն է, որը լսում ես, իսկ լսել իրականում այդքան էլ դժվար չէ, պետք է ուղղակի սրես ականջներդ

Տղան ժպտաց, հետո աղջիկը, հետո մի լավ ծիծաղեցին, մոտեցան և՛ իրենք, և՛ շրթունքները, երկրը սկսեց պտտվել 600կմ/ժ արագությամբ: Երակներում արյունը սկսեց արագ հոսել, նրանց սիրտը խառնեց, և նրանք կանգնեցին դադարի մեջ:

Տղան սենյակում է, տղան հայելու դիմաց է ու սիրում է ինքն իր դիմացը կանգնած լինել, հետո վերցնում է ձեռքը ու սկսում է հարվածել պատին, ձեռքը արյունոտվում է, սկսում է նեռվ մտնել արյունոտված աջ ձեռքում, որն էլ իր հերթին սկսում է թպրտալ ցամաք նետված դեղին ձկան նման: Շունչ, արտաշունչ, հետո նորից շունչ, չմոռանաս արտաշնչել, այ այդպես:

Տղան դեռ միջանցքում է…

-գիտես, ուզում եմ քեզ համար մի բան ասեմ, կլսե՞ս

-հա, իհարկե

Տղան կորում է հեղինակի բառերի մեջ, հետո որոնում է իրեն, գտնում, դեն է շպրտում, հետո նորից պատմում է ու հասնում այս տողերին. «Այն տարիքում, երբ մարդիկ նույն քաղաքում նամակներ են գրում իրար, երբ հավատում են կիսամթում շշուկով ասված խոսքերին և այդ խոսքերը մոռանալը դավաճանություն են համարում, նա խաբեց իմ սերը, և ես չհասկացա, թե ինչու նա խաբեց իմ սերը, նրա սերը շատ նման էր սիրո, և ես իսկապես ոչինչ չհասկացա»: Նայում է աղջկան, ժպտում, ուզում է շարունակել, սա դեռ ավարտը չէ այն պատմության, որը պատմում է հեղինակի աչքերով: Տղան մեկ վայրկայնում սառում է, սկսում է չթարթել, սկսում է հեռանալ այդ բետոնե պատից, հեռանում է ժամանակի միջով, մոտ 800 կմ/ժ արագությամբ, հայտնվում է կարուսելի վրա, որտեղ նստած էր եղել մի երկու տարի առաջ, մի գեղեցիկ երեկո, և որտեղ այդ խոսքերի ճշմարտությունն ու թթվությունը գիտակցեց և հասկացավ, որ խոսքերը վաղուց է, որ գիտեր, բայց գիտակցել, հենց գիտակցել, գիտակցել է այդ պահին այն, ինչ պարունակում էին հեղինակի աչքերը: ժպտում է կարուսելին նստած, սկսում է ճոճվել, հետո ձայնում են իրեն, ու նա նորից ետ է վերադառնում բետոնե ասֆալտին մի փոքր ավելի արագությամբ, քան գնացել էր, վերադառնում է, հասկանում է, որ ձայնել էին իրականում այն մյուս տեղից, և դադարը շարժվում է տղայի շրթունքների բացվել-փակվելուց: Պատմությունը վերջանում է:

-վախենում եմ սխալվեմ հեղինակի հարցում

-Վարդգես Պետրոսյանի գործն է

-դու ինձ դուր ես գալիս ու շատ

Տղան դեռ միջանցքում է, ձեռքին հեռախոս է, ինքն իրեն սկսում է խոսել.

Կներե՞ս, այն էլ հազար անգամ, մեկ անգամ կներեի, այդ մեկը բավական է, այդ մեկի մեջ ես կճզմեմ բոլոր օրերի հյութը ու կամփոփեմ մեր հարաբերությունները, պետք է հազա՞րը, մեկը բավական է: Լույսը տղայի աչքերին է ընկնում, դիմացից կուրացնող լույս, տղային դուր է գալիս, բաց ցավեցնում է աչքերը: Հեռու տարեք էտ գրողի տարած լույսը, ես արթուն եմ:

-վախենում եմ

-վախեցի

-ուզում եմ ապրեմ

-ապրի ու մի վախեցի վախենալուց, վախեցի ինչքան սիրտդ կուզի:

-իսկ մթությունի6ց

-թեկուզ մթությունից, ինքը ժամանակավոր լույսի փախուստնա

-իսկ ինչի՞ ոչ հակառակը, կամ ինչի՞ փախուստը

-դե թեկուզ և հակառակը, իրականում երևի թե տարբերություն էլ չկա, իսկ փախուստը դա ինձ էր վերաբերվում կամ քեզ:

-հա, իմ փախու՞ստը

-ահա, ինձնից

-հասկացա

-ապրես

-մի ասա ապրես

-լավ, մեռի, գնա գրողի ծոցը

Այս անգամ երկիրը չպտտվեց, ամեն ինչ կանգնեց նույն տեղում, եկավ թաց խոտի հոտը, հետո քամի բարձրացավ, մթությունը պատեց նրանց երկուսին, ու ամեն ինչ ցնդեց հենց այդ տեղում, էլ ոչինչ չկա, բետոնե պատը դատարկ է, հիմա լույս է դրսում, բայց դա ժամանակավոր է, ինչպես նրանք այնտեղ:

Տղան դեռ միջանցքում է ու դեռ չի շարժվում տեղից…

Իսկ եթե չի էլ կարող շարժվե՞լ, դա մենք չգիտենք, չգիտենք նաև՝ կա՞ ելք այդ տեղից, թե՞ ոչ, չգիտենք՝ ի՞նչ է ուզում նա, չգիտենք՝ որտե՞ղ է, այս մոլորակի վրա՞, թե՞ մեկ այլ, միգուցե երազում է կամ մահացել է: Մեզ ոչինչ հայտնի չէ, մեզ հայտնի է միայն այն, որ տղան միջանցքում է, կանգնած է, դիմացը երկար ճանապարհն է, և որ դուք ուզում եք, որ նա քայլի, վազի և դուրս գա լուսավորություն…

 

 

Կարծիքներ

կարծիք