Կյանքի աղը

Արուսիկը փակեց դարպասը՝ մի ամբողջ օր ամուսնուն սպասելու խոստումով: Արուսիկը բարակ-մարակ իրանով, թխահեր, սիրունիկ կին էր, երկու աղջիկ ուներ, որի համար էլ չէր ներվում սկեսուրի կողմից. «Տղուս ազգանունը չպիտի՞ շարունակվի, Արո՛ւս աղջիկ»: Արուս աղջիկը լուռ լսում էր…

Այդ օրն Արուսիկը պիտի գնար ամուսնու մոտ՝ դաշտ: Նա ամենայն հանդարտությամբ ու սիրով դասվորեց պայուսակը՝ զանազան ուտելիքներով:

-Ա՛ստղ, Աստղի՛կ, արի մի դուռը փակի՛ր, գնում եմ դաշտ` հորդ մոտ: Տատդ, որ հարցնի, կասես՝ շուտ եմ գալու:

Ամբողջ ճանապարհին արևի ու շոգի հետ կռիվ տալով՝ գնում էր: Պարանոցը լրիվ քրտնել էր, մազերը կիսաթաց, սիրտը նվաղած հասավ ամուսնու մոտ: Հեռվից նայեց նրան. նստել էր ծառի շվաքի տակ ու խաղաղ նայում էր հեռուներին: Արուսը նայում էր ամուսնուն ու ուզում էր հիշել այն ջահել տղային, որ հազիվ քսան տարեկան էր ու իրեն մի երկու քաղցր խոսք նվիրեց, համբուրեց ճակատն ու դարձավ իր կյանքի ընկերը:

-Պետրո՛ս,-ձայն տվեց Արուսը,-նայում ես էս կենդանիներին ու երևի մտածում՝ երանի՜ սրանց. ո՛չ խելք ունեն, ո՛չ մեղք,-փորձեց կատակել Արուսը:

-Չէ՛, Արուսի՛կ ջան, մտածում եմ՝ երանի՜ սրանց, որ կին չունեն,-բարձր ծիծաղելով ասաց Պետրոսը, հետո տեսավ, որ կինը ուզում է նեղանալ, ձեռքը գցեց ուսովն ու համբուրեց գլուխը:-Արո՛ւս, Արուսիկ ջան, գիտե՞ս`ինչ է երջանկությունը:- Կարծում ես երջանկությունը պոզով-պոչո՞վ է լինում. երջանկությունը դու ես, էս հողն է, որից բաժանվել չեմ կարող, բերածդ լավաշն է…,-կնոջ սիրտը առնելու համար սկսեց Պետրոսը:

-Ա՛յ Պետրոս, լսե՞լ ես,-միանգամից խոսքը փոխեց Արուսը,-ասում են՝ երկրի թագավորն է փոխվել, մարդիկ խառնվել են իրար, մենք անտեղյակ ապրում ենք էս գյուղում:

-Թող փոխվի,-լավաշը ծամելով՝ սկսեց Պետրոսը,-որ թագավորը փոխվեց, գալու են ձեռքիցդ տանե՞ն էս անասունին, հողը, մենք էլի սրանց տերն ենք:

-Դե՛, ասում եմ, եթե ամեն ինչ լավ լինի, մենք էլ կգնանք քաղաքում ապրելու:

-Երջանկությունը, բախտավորությունը քաղաքում ապրելու մեջ չէ, երջանկությունը քո ներսում է: Մարդ պիտի գոհանա ունեցածով, թե չէ քաղաք, գյուղ. կանք էլի:

Արուսն ինչ-որ բան էր մտմտում, մտքում կռիվ էր տալիս իր հետ և որպեսզի չմատնի իրեն, վեր կացավ, որ գնա:

-Լա՛վ, Պետրո՛ս ջան, ես գնամ, էրեխեքը տանը մենակ են:

Արուսը հազիվ ոտքի կանգնեց, վերցրեց դատարկ պայուսակը, որ գնա.

-Արո՞ւս, ծոցվո՞ր ես,-զարմացած հարցրեց Պետրոսը:

Արուսը տեղում քարացավ:

Պետրոսը կանգնեց, շորերը թափ տվեց, մոտեցավ և գրկեց Արուսին:

-Ինչի՞ չէիր ասում, ա՛յ աղջի,-Արուսի գլուխը շոյելով՝ ասաց Պետրոսը:

-Վախենամ՝ սա էլ աղջիկ լինի,-արտասվելով խոսեց Արուսը,-մայրդ ինձ…,-չդիմացավ ու փլվեց:

-Արուսի՛կ,-կնոջ մազերը շոյելով՝ ասաց Պետրոսը,-կյանք՝ կյանքի մեջ: Թեկուզ տասը աղջիկ ունենաս, դու էլի իմ Արուսիկն ես մնալու:

Պետրոսը դեռ երբեք այսքան չէր սպասել երեխայի ծնունդին…

Այսօր նախիրը սովորականից շուտ վերադարձավ տուն…

Կարծիքներ

կարծիք