Կոճակների տուփից

Հեղինակ:

ԵՐԵԿՈՅԱՆ

հաշվում ենք մեր վշտերը,

փոքրերը,

որոնց վրա թույլատրվում է ժպտալ,

մեծերը,

որոնց մասին ավելի լավ կլիներ լռել:

 

 

ԿՅԱՆՔԻ ԿԵՍԻՆ

մտածում եմ մեռյալների մասին

որոնց դժվար է հաշվել և որոնք անուն չունեն:

Ապա դուռն է բախում առօրյան,

և ցանկապատի վրայով

կանչում է այգին` կեռասն է հասել:

 

 

ԿՈՃԱԿՆԵՐԻ ՏՈՒՓԻՑ

Հանգիստ կյանք չկա:

Այս կոճակներն, օրինակ,

Խառնիխուռն բոլորն էլ խոսում են իրենց համար:

 

 

 

ՎԵՊԸ

որը ես չեմ գրելու,

կարող էր սկսվել այսպես. <<Երբ Մալեցկեն ,

ճանապարհը կարճացնելով, մտավ անտառ,

իրեն ճանաչեց մի զառամ սնկի մեջ,

որի արմատը, քանզի հանված էր հողից ու շրջված,

մատնացույց էր անում դեպի վեր`երկինքը>>:

 

 

 

ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ

դաշտի   ճանապարհին անցնում եմ

մրջյունի տան մոտով, որին չեմ տեսնում,

քանզի նա զբաղված է իր գործով

և չի լսում իմ անտանելի բանբասանքները:

 

 

 

ՃՅՈՒՂԸ

հղկվել է ավազներից, տերևներն էլ

տարել է քամին:

Թույլ շնչում է ծովը:

Երջանկությունը ասում են,

գտածո բան է:

 

 

 

ՋՐԱՔԵՐԹՎԱԾՆԵՐ

բանաստեղծություններ կան, որ ես

գրում եմ ջրով լցված շշերի,

ջրաներկերի,

թաց վրձինների

և բաց աչքերի օգնությամբ.

ա ~խ, հա` նաև թուղթ է հարկավոր:

 

 

 

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Ավտոմեքենա վարել չեմ կարող

և քեզ համար, սեր իմ,

պետքական կլինեմ միայն իբրև  ուղեկից,

որը կարող է թվարկել, թե ինչ ենք թողել ետևում,

և կանխատեսել, թե ինչ է գալու,

լցակայաններ,

եկեղեցու աշտարակներ,

հեռվից առկայծող դժբախտություն:

 

 

 

ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է

պետք է ձեռնասայլակ

տանը ունենալ:

Հանկարծ այցելության կգա մի հին ծանոթ թշնամի,

կգա այցելության,

վայր կընկնի մեռած,

ի՞նչ ես անելու  նրան:

 

 

ԼԱՎ ԵՂԱՆԱԿԻՆ

երեխաները իրենց դաստիարակչուհիների հետ, գնում են

ցանկապատի կողքով: Մի երեխա ընկել է մտքերի մեջ:

Մի երեխա միշտ ընկնում է մտքերի մեջ:

 

 

 

 

Գերմաներենից թարգմանեց Արա Առաքելյանը

 

 

 

Կարծիքներ

կարծիք