Էսսե մենության մասին

Հեղինակ:

Ես այնքան լեցուն եմ մենությամբ, որ յուրաքանչյուր հանդիպում  ինձ համար Գողգոթա է։

Էմիլ Սիորան

Աշխարհ գալ, դեռ չի նշանակում շրջապատված լինել մարդկանցով, այն նշանակում է, որ դու պետք  է հարմարվես, որ ծնվել ես։ Երբ առաջին ճիչն ես արձակում քո թոքերից, զգում ես, թե ինչ մեծ բեռի մեջ ես հայտնվելու ամբողջ կյանքում։ Աստված նույնպես մենակ էր, ոչ ոք չէր շրջապատում նրան, միայնակ, մենության մեջ մտածեց՝ արժի ստեղծել մարդկանց ու դրամա խաղալ։ Արդեն քանի դար է մեր պատմությունը մի ամբողջ մենակյաց ծերունու դրամա է։ Անգամ հաշվել չենք կարող, թե մեզ ինչքան են օգտագործելու այս մեծ ժամանակից պատրաստած բեմում։ Մենությունը Մուսսա է։

Ծնվել ենք առանց հասկանալու, մոր արգանդում պայքարելով, ծնվել ենք, որ դատապարտենք հոգիներով լեցուն մենակյացներին։ Ամեն մարդու ծնունդ  խորապես կորուսյալ երևույթ է, ամեն մեկը, երբ ծնվում է, դատապարտվում է մենակյաց լինելուն։ Փիլիսոփաները շատ լավ են հասկանում մենակյաց լինելու առավելությունը, սովորական մարդկանց դա ուղղակի կսպանի, կհասցնի սեփական ԵՍ֊ի սպանության, իսկ այն մարդիկ, որոնք գոյությունով հասկանում են, որ մենակյաց են, նրանք կօգտվեն այդ կախարդանքից, ինչպես Աստված օգտվեց։

Ես մենակյաց եմ ու ձգտում եմ դրան, բայց մեկ֊մեկ այնպիսի պատերի առաջ եմ կանգնում, որ այս ամբողջ կախարդանքը հոդս է ցնդում. Աստծո մասին լեգենդները, փիլիսոփաների խրախճանքները, գրողների մենակյաց տողերը։ Այս ամենը իհարկե երկու կողմ ունի՝ բացասական և դրական, բայց երկու կողմերն էլ օգնում են, որ աճես,  սեփական անձդ բարձր դասես, ամեն տեսակ ոչ կախարդական երևույթների առջև։ Ես չեմ կարողանում խառնվել այս ամբոխին, որը ամեն գնով փորձում է մտնել ինչ֊որ խմբավորման մեջ և հաստատվել, ես չեմ կարողանում ընդունել նրանց հայացքները, ապրելակերպը, արժեքները, աշխարհայացքը, այնքան ոչ իրական են, որ ոչ մի տեսակ կախարդանք չես գտնի, ոչ մի տեսակ խորություն։

Ես վախկոտ եմ, սեփական զգացմունքներս կոծկելով, փորձում եմ ձգտել ազատում դրանցից, որովհետև դու միայնակ չես, երբ զգացմունք ես ունենում, դու միայնակ չես երբ սիրտդ երկու տեղ է բաժանվում։ Միշտ զգացմունքները հավասար նժարների վրա եմ դրել հիվանդության հետ, ոնց՝ կյանքը. երկուսն էլ մի օր անցնում են, ոտքի վերքի ու նման հիշողությունների պես, մի օր անցնում են ու դու բուժվում ես՝ մեռնելով ու առանձնանալով այս ամեն տեսակ ներքին զգացմունքներից։

Մենակյաց լինելը  ներքին բախում է, զգացմունքների ու աշխարհից հեռանալու մասին․ մենակյաց են բոլորը, բայց հույզերի պատճառով մենք չենք կարողանում առանձնանալ ու գտնել ինքներս մեզ այս յոթ միլիարդ մենության մեջ, ու դու ես կանգնած նրանց մեջտեղում, ամեն անգամ զգացմունք տալով ու ավելի, ավելի գնալով դեպի կենտրոնն այն մենակյացության, որը Աստված ստեղծեց, որպեսզի մի քիչ զբաղմունք գտնի ու չձանձրանա սեփական ձայնի դատարկությունը լսելով։

Քնելու ժամանակ ամենահաճելի զգացումն է, երբ հոգնած գլուխներս դնում ենք բարձին ու խորասուզվում մեր երազների մենության արտացոլման մեջ։ Երազները կարող են պատմել, թե ինչքան փակված ենք ինքներս մեր մեջ։ Երազները շատ դեպքերում ապրեցնում են հենց մենակյացներին, այսինքն ՝ բոլորին, որովհետև հենց դա է մեզ առանձնացնում այն մարդկանցից, որոնցից օրվա մեջ շատ ենք հոգնել ու սպառվել։ Կատարելություն կլիներ ստեղծել սեփական երազները ու մնալ այնտեղ անսահման ժամանակով։ Մարդիկ ասում են, որ դժոխքը վատ տեղ է, բայց դժոխքում գտնվում է այն մենակյացը, որը դուրս էր եկել իր հոր դեմ…

Գաղափար չունեմ, թե ինչպես եմ այս չորս պատերի մեջ գոյատևելու, մենակյացի ձգտումս ինձ բերել էր այս գյուղ ու փակել էր չորս պատերի մեջ, երեկ մի ծերունի էր եկել ու պատմում էր թոռների ու իրեն մենակ թողածների մասին, բայց այնպես լցված էր պատմում, կարծես ոչ մի հարց չուներ նրանց տալու, կարծես պատրաստ էր, որ տան մեջ մոմի լույս վառեր ու չլսեր ոչ մեկի։ Մենք չենք պատկերացնում, թե ինչքան բարդ է ընդունել մեր մեջ, որ մենք մենակ ենք, նայեք գերեզմաններին, չորս փայտ ու մեջը փտող դիակ, ո՞վ կա նրա հետ, անգամ երկու մարդուն մահացած մի գերեզմանում չեն թաղում, կողք֊կողքի, որ երբեք իրար չհանդիպեն։

Այս ծերունին արդեն 98 տարեկան է, նրան տեսակցության չեն եկել քսան տարուց ավել, բայց նա այնպես է խոսում ընտանիքի մասին, որ մտածում եմ՝ նրանք դեռ իրար հետ են, նույն տան մեջ։ Ծերունին շատ զգացմունքային է, դրա համար սպասումը նրան սպանում է։ Նա այն Աստվածն է, որ միայնակ մնացել է ստեղծած մոլորակի մեջ, իսկ նրա երեխաները վաղուց մոմ չեն վառում ու աղոթք չեն անում։

Ամեն օր գալիս էր ու կիսվում հետս, կարծես հասկանում էր ինձ, ասում էր.

— Դու էն ճանապարհն ես ընտրել, որով մարդիկ միշտ փախչում են, ընտրել ես մենակյաց լինելու ուղին, իսկ ես չէի ընտրել, բայց հիմա գերեզմանիս փոսը ինքս եմ փորում. ո՞վ է թաղում մենակյացներին…

Տեսե՞լ եք այն լքված գերեզմանները, որ մարդու ձեռք չի կպել, բայց այդտեղ մարդ է թաղված ու խորը ներքևում, դատարկության մեջ գիտակցում է, որ ամեն ճանապարհ տանում է դեպի ազատագրում մենակյացությունից, իսկ ազատագրումը չի նշանակում հանդիպում Աստծո հետ…

Ի՞նչ գույն ունի մենակյացությունը:

Հաջորդ օրը առավոտյան, երբ նոր էի արթնացել ու նախաճաշ էի պատրաստում, այդ ծերունին եկավ, դուռը ծեծեց, բացեցի: Մի բան խնդրեց, որը ես չկարողացա մերժել, բայց եթե մերժեի նրան ավելի լավություն կանեի, որովհետև, երբ ինչ֊որ բեռ ես դնում մահանալուցդ առաջ անծանոթ մենակյացի վրա, դա մի անեծք է նշանակում, որ պետք է միշտ փոխանցվի ու փոխանցվի, մինչև աշխարհը կլցվի մենակյաց դագաղներով ու նկարներով։

Հողն էի փորում ու պատկերացնում էի, որ կարելի էր նաև սկսել իմը փորել, բայց դեռ շատ բան ունեմ գրելու, դեռ մենակյացությունը բացահայտելու ինքս իմ վրա փորձեր պետք  է անեմ, իսկ ծերունու գերեզմանը շուտով կլցվի հողով ու նա կհանդիպի այն կոտրված մենակյացներին, որ մոլորակից անդին են ծնվում…

 

 

Կարծիքներ

կարծիք