Վազում եմ, սպասի՜ր…

Դուք կարո՞ղ եք հավաքել ամպերը ձեր ափերի մեջ. գիտեմ, չեք կարող, որովհետեւ  ինձ երազումս ասել են, որ միայն ես եմ դա կարողանում: Ես ու պապս նախ աստիճաններ ենք շինում, հետո պապս օգնում է, որ բարձրանամ ու հարմար տեղավորվեմ ամենամեծ ամպի վրա: Մեծ ամպի վրա կան փոքրիկ-փոքրիկ ամպիկներ: Ես դրանցից ձնագնդի եմ պատրաստում, եւ առաջին ձնագունդը դիպչում է պապիս սառած քթին: Պապս կոշտացած ձեռքերով բռնում է քթիցը եւ ասում.

-Վա՛յ, վա՛յ, քիթս ջարդվեց…

Երկինքը լցվում է հաճելի քրքիջով: Իսկ հետո, երբ աստղերը հիշեցնում են ամպերին, որ արդեն իրենց գալու ժամանակն է, պապս ինձ հետ է ճանապարհում եւ ականջիս փսփսում.

-Նայիր հա՜, զգո՛ւյշ եղիր…

Դուք գուցե չհավատաք այս հեքիաթին, բայց ես կպատմեմ այն, որովհետեւ ինձանից բացի այն ոչ ոք ձեզ չի պատմի, որովհետեւ դրա մասին իմանալու համար պետք է նախեւառաջ ամպի վրա ձնագնդի խաղալ իմանալ…/այստեղ կարող եք ժպտալ/:

Արարատ պապս սարի պես մարդ էր, թեեւ՝ ինչ նրան հիշում եմ, մեջքը կռացած եմ հիշում: Նրանից միշտ խնձորաչիրի հոտ էր գալիս, որովհետեւ ես ամենաշատը խնձորաչիրն էի սիրում: Իսկ նրա աճեցրած խնձորնե՜րը…խնձոր, ի՜նչ խնձոր. որ չնայես էլ՝ կանչում էր, դեմքիդ ծիծաղում ու ասում՝ ինձ պոկիր ու կեր:

Հիմա, երբ նրա մասին գրում եմ, բերանս քաղցրանում է խնձորի համից ու կարոտս գնո՜ւմ, փախչո՜ւմ է հեռուները, թափառում պապիս մրգառատ այգում, վազում, կուչ գալիս տաք վառարանի տակ, շնչում նրա գրապահարանների հարյուրավոր գրքերի հոտը, ապա գլուխը խցկում տան  ամբարի խորքերը, որտեղ ցորենի ու գարու մեծ տարաներն են, իսկ տարաներից մեկում՝ հենց գարու մեջ, պապս իր հոգեպահուստն է փաթաթած պահում: Երբեմն ինձ կանչում էր դեպի ամբարը, հոգեպահուստից մի քանի հազար դրամանոց էր դուրս քաշում եւ դնում գրպանս.

-Վերցո՛ւ, մի բանի պետք կգա:

-Պապի՛, հոգեպահուստն ինչի՞ համար ես պահում:

-Սեւ օրվա համար է, ա՛յ բալա:

-Սեւ օրվա՞:

-Հա՛, որ մեռնեմ՝ երեխեքս էսկողմ-էնկողմ չընկնեն, իմ խարջ-խուրջը դրանով անեն:

Ասում էր ու ժպտում: Ես էլ էի ժպտում, որովհետեւ չէի պատկերացնում, որ այդ օրը կգա:

Պապս շատ ջահել էր, երբ տատս մահացավ: Ամբողջ կյանքը ապրել է կնոջ հիշատակին հավատարիմ: Մի դեպք մնացել է հիշողությանս մեջ: 10 տարեկան էի: Մի օր մայրս եւ մորաքույրներս հավաքվում են մեր տանը եւ խորհուրդ են անում, թե ամենաճիշտն էն է, որ պապիս նորից ամուսնացնեն, մի  անող-թողող կնիկ բերեն, որպեսզի խեղճ մարդու կողքին մեկը լինի, ճաշ-մաշ պատրաստի, տան հոգսերը հոգա: Ես լսում էի նրանց խոսակցությունը եւ հոգուս խորքում արդեն չէի սիրում այդ կնոջը, ով էլ լիներ: Գիշերն այդ կնոջը տեսա երազումս եւ նրան ասացի, որ չեմ ուզում պապիս հետ ամուսնանա, որ մենք շատ լավ ենք պապիս  նայում, ես ամեն օր նրա համար ուտելիք եմ տանում, կարիք չկա, որ ինքը գա: Նա էլ երազիս մեջ ծիծաղեց ու ասաց, որ մեկ է՝ գալու է: Ես լաց եղա երազումս…

Մի օր թխվածքի թարմ բույրը արթնացրեց ինձ:

-Մամ, ու՞մ ծնունդն է:

-Ոչ մեկի: Պապիկի տուն ենք գնալու, հյուրեր ունի:

-Ի՞նչ հյուրեր:

-Ուզում ենք, որ պապիկը էլ մենակ չլինի, նրա մոտ բարի, հոգատար մարդ լինի, նրան օգնի, հետը զրուցի:

-Հիմա՛ր չեմ, գիտեմ, պապի համար կի՞ն եք բերում, ես նրան <<տատիկ>> չեմ ասի…

-Լա՛վ, լա՛վ, մեծերի գործերին մի խառնվիր. ա՛յ կգա ու կտեսնես, թե ոնց ես հետը ընկերություն անելու…

Ես ջղայնացած դուրս եկա բակ եւ երկար ու լուռ նստեցի բակի ընկուզենու տակ:

Երեկոյան պապիկենց տանը բացօթյա, խնձորների թարմ բույրերի մեջ մեծ սեղան բացեցին. համով-հոտով բաներ հայտնվեցին սեղանին, բայց, մեկ է, իմ ներսում մի անհամ զգացում էր բույր դրել, որից լացս գալիս էր:

Պապս, որ կարդացել էր աշխարհի բոլոր գրքերը (ինձ միշտ այդպես էր թվում), բերանի մի ծայրով հարցրեց մորաքրոջս.

-Գիրք կարդացած կա՞:

-Այ մարդ, ի՜նչ գիրք, քեզ անող-թողող կին է պետք:

-Է՜հ…

Այդ ամբողջ օրվա ընթացքում պապս ընդամենը մի քանի բառ արտասանեց, որից ամենակարճը, բայց ամենաիմաստավորը այդ Է՜հ-ն էր: Էհ-ի մեջ տառապանք կար, որ չես ասի բառերով, Էհ-ը հոմանիշ չուներ, այն միայն սրտի լեզվով էր թարգմանվում, ու շատերը այդպես էլ չհասկացան, թե ինչ էր նա ուզում ասել: Էհ-ից հետո պապս շրջվեց, մտավ տուն: Ես հետեւում էի նրա բոլոր շարժումներին, ուզում էի ինչ-որ կարևոր բան հասկանալ, բայց չէի հասկանում: Վազեցի դեպի պատուհանը եւ տեսա պապին. կանգնել էր կնոջ նկարի առաջ ու արագ-արագ արցունքներն էր սրբում, որպեսզի ոչ ոք չտեսի…Ես տեսնում էի, որովհետեւ սովոր էի գլուխս թաքուն խցկել ինձ չվերաբերող երեւույթների մեջ եւ հետո տանջվել այն վերծանելու համար…Պապին արտասվեց պատուհանից այնկողմ, ու ոչ ոք չիմացավ, պատուհանից այսկողմ ես լաց եղա պապիս համար, ու ոչ ոք չիմացավ…Հա, ես միշտ էլ բարդ երեխա եմ եղել, մի քիչ մենակյաց, մի քիչ լուռ, բայց ինձ սիրել են, որովհետեւ գաղտնիքներ պահել գիտեի…

Պապիս նոր կինը ներս մտավ ժպիտը դեմքին: Մենակ չէր, քույրերի հետ էր եկել: Սեւ, սպիտակ կետիկներով զգեստ էր հագել, բարի դեմքով, ճեփ-ճերմակ մազերը կոկիկ հավաքած: Նրան նստեցրին պապիս կողքին: Պապիս կորացած մեջքը հիշեցրեց, որ կինը շատ բոյով է իրենից, բայց դա չէր կարևորը, կարևորն այն էր, որ պապս ոչինչ չէր խոսում, չէր ժպտում: Կենացները խմում էր հարևան Սամվելը, իսկ բարեկամ-հարևան կանայք անընդհատ ժպտում էին եւ կնոջ ականջին գովեստի խոսքեր ասում պապիս մասին:

Կերան-խմեցին, հեռացան իրենց տները: Տունդարձի ճամփին ես զգում էի խնձորաչիրի թարմ բույրը: Այդ բույրն այս անգամ տխրություն էր բերում, եւ ներսումս դարձյալ նույն անհամությունն էր տիրում…

Առավոտ կանուխ մեր ամենաթմբլիկ հավը մորթվեց: Մայրս այն մաքրեց, վերցրեց եւ շտապեց պապիենց տուն: Ես քնաթաթախ վազեցի նրա հետեւից: Ճանապարհին գյուղի կանայք կանգնեցնում էին, հարցեր տալիս, աչքալուսանք անում:

-Լավ եք արել, շատ ճիշտ եք արել, մենակ մարդ է…

-Հա՜…,-ասում էր մայրս եւ շարունակում ճանապարհը:

Նախաճաշի սեղանի շուրջ նստած էին երկուսով: Կնոջ մազերը սիրուն փաթաթված էին, ասես՝ չէր էլ քանդել, հագին նույն զգեստն էր, բայց մի բան փոխվել էր՝ ժպիտի մեջ տխրություն կար: Մայրս ուրախ-ուրախ բարևեց: Այդ պահին դռան մոտ դռդռալով մի մեքենա կանգ առավ: Կինը կամաց վեր կացավ:

-Շնորհակալ եմ ամեն ինչ համար,-խոսեց,-պետք է գնամ…

-Ո՞ւր,-հարցրեց մայրս շվարած…

-Մենք այդպես որոշեցինք,- գլուխը կախ խոսեց պապս…

-Մենք այդպես որոշեցինք,-հաստատեց կինը եւ շարժվեց դեպի դուռը: Ինձ դռան մոտ կանգնած տեսնելով՝ հեռանալիս համբուրեց ճակատս եւ ասաց.

-Երբ գաս քաղաք, անպայման արի մեր տուն, ես լավ խաղեր կխաղամ քեզ հետ:

Ես ժպտացի: Նա ժպտաց: Ես ուզում էի ուրախանալ նրա գնալով, բայց չէր ստացվում: Պապս եւ մայրս լուռ նստեցին նախաճաշի սեղանի շուրջ: Ոչ ոք ոչինչ չկերավ, միայն ես մոտեցա սեղանին, մի մեծ խնձոր վերցրեցի ու սկսեցի ուտել: Պապս գրկեց ինձ: Ես ուզում էի ասել, որ շատ եմ սիրում իրեն, բայց չասացի, գլուխս թաղեցի նրա թեւերի մեջ ու մնացի…

Աչքերի մեջ եկել-հավաքվել էին անցյալի հիշողությունները: Մայրս դա հասկանում էր ու չէր ուզում խանգարել նրանց զրույցը…

Պապս վեր կացավ:

-Գնամ էշի խուրջինը դնեմ, հանդ գնալու ժամանակն է:

-Հա՛,-ասաց մայրս հուսահատ:

-Հա՜,-ասաց պապս թեթեւացած ու վեր կացավ:

Մայրս սրբեց արցունքները:

Ես վազեցի էշի վրա նստած պապիս հետեւից: Ուզում էի հասնել, հետը հանդ գնալ, բայց մորս սաստող ձայնը ինձ կանգնեցրեց, հետ կանչեց…

Աշխարհը ծածկվեց հանելուկի վերմակով, եւ աստղերը սկսեցին կամաց-կամաց ծիկրակել վերմակի տակից: Ես ուզում էի, որ առավոտը շուտ բացվի, որպեսզի վազեմ պապիս մոտ…

-Պապի՛, ես կարո՞ղ եմ աշխարհի մի ծայրից մյուսը վազել:

-Եթե մտքիդ դնես՝ կարող ես: Միայն թե չմոռանաս վերադառնալ այստեղ՝ որտեղից սկսել ես վազքդ:

-Պապի՛, մի կյանքը հերի՞ք է վազելու համար:

Պապս ժպտաց.

-Միայն թե ճիշտ ուղղությամբ վազես…

Հետո ես խատուտիկներ պոկոտեցի ու մենք միասին փչեցինք այն: Ես ամեն փչելուց երազանք էի պահում՝ չգիտեմ, թե ինչու: Պապս օգնում էր, որ լավ փչեմ: Նա ուժեղ էր փչում ու երբ փչում էր, ես հավատում էի, որ երազանքներս շուտ տեղ կհասնեն…Ես փչում ու վազում էի ամեն մի հատիկի հետեւից, մոտենում ու նորից-նորից էի փչում… Ես վազում էի երազանքներիս հետեւից, իսկ պապս հետեւիցս կանչում էր.

-Վազի՜ր, վազի՜ր…

Պապիս գրապահարանի փոշին հուշում է տիրոջ բացակայությունը: Ես հատիկ-հատիկ սրբում եմ պահարանի փոշին եւ ուզում եմ մեկ-մեկ համբուրել նրա ձեռքերով թերթված գրքերը: Գրքերի միջից խնձորաչիրի հոտ է գալիս, եւ շնչելիս՝ աչքիցս արտասուք է գլորվում. արտասուքներն այն բառերն են, որոնք այդպես էլ  չե՜ն  ծնվի…

Դուք սիրու՞մ եք ձնագնդի խաղալ ամպերի վրա…Վայ, ես մոռացել էի, որ դա ես եմ միայն կարողանում՝ երազիս մեջ…Ոչինչ, խոստանում եմ պատմել ամեն անգամ, եթե, իհարկե, ձեզ հետաքրքիր է…Իսկ հիմա պետք է վազեմ, որ չուշանամ. ժամանակը փախչում է.

-Վազում եմ, սպասի՜ր…

 

 

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք