Թումանյանի հեքիաթները՝ գերմաներեն

ՀՀ գրողների միության անդամ, գերմանաբնակ գրող Ագապի Մկրտչյանի և պրոֆեսոր Հելմուտ Մալոնեկի թարգմանությամբ Ավստրիայում գերմաներեն լույս է տեսել Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը՝ «Հովհաննես Թումանյանի հեքիաթները» խորագրով. ներառում է 20 հեքիաթ:

Հուլիսի 2-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի խոսքով՝ Ագապի Մկրտչյանն իր թարգմանական գործունեությամբ տարածում է հայ գիրքը Գերմանիայում: Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն էլ իր խոսքում նկատեց, որ հայ մարդու ինքնության ձևավորումը առանց Թումանյանի չի լինում, և շատ կարևոր է թումանյանական խոսքի գերմաներեն  հնչեղությունը: Նա ասաց, որ Հելմուտը հայ գրականաության թարգմանիչն է, նշեց, որ տիկին Ագապին ժամանակին Պարույր Սևակի բանաստեղծություններից է թարգամանել գերմաներեն, ինչպես նաև՝ ժամանակակից բանաստեղծների գործերից: Խոսեց նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը: Ագապի Մկրտչյանն իր խոսքում ասաց, որ հեքիաթներ է թարգմանել, քանի որ իր կարծիքով հեքիաթները չեն փոխվել՝ ի տարբերություն գրական այլ ժանրերի (վեպ, պատմվածք և այլն), հավելեց, որ հեքիաթները թարգմանելու շարժառիթ է եղել նաև այն, որ ինքը մտածում էր՝ ինչպես մոտեցնել իր երկու հայրենիքները՝ Հայաստանը և Գերմանիան:

 

Գիրքը հուլիսի 3-ին ներկայացվեց Գյումրիում, 4-ին՝ Դսեղում, 6-ին` Թբիլիսիում՝ «Հայարտուն» մշակութային կենտրոնում: Տիկին Ագապին ասաց, որ գիրքը ներկայացվելու է նաև Գերմանիայի ավելի քան 10 քաղաքներում՝ հոկտեմբերի 7-ին՝ Բեռլինում՝ Հայաստանի դեսպանատանը, նաև Ֆրանկֆուրտում, Վիսբադենում, Պոտսդամում, Դրեզդենում, Շտուտգարտում, Զագսեն-Անհալտ երկրամասում և այլն, հոկտեմբերի 9-ին՝ Վիեննայում՝ դարձյալ Հայաստանի դեսպանատանը: Հելմուտ Մալոնեկը պատմեց, թե ինչպես է  ծանոթացել Թումանյանի գրին, այս գիրքը, ըստ նրա, կօգնի ուրիշներին՝ սիրելու Թումանյանի գործերը: Գիրքը հրատարակվել է պետական՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

 

 

Տիկին Ագապին մեզ հետ զրույցում ասաց, որ գերմանացի երեխաները՝ Վիսբադեն քաղաքի  դպրոցների աշակերտները (նաև գերմանաբնակ թուրք աշակերտ) Թումանյանի հեքիաթները կարդալուց հետո սկսեցին նկարել այդ հեքիաթների թեմաներով: Ամենայն հայոց բանաստեղծի հեքիաթների թեմաներով նկարել են նաև Երևանի, Դսեղի Հովհաննես Թումանյանի անվան և Կոտայքի մարզի  Գեղաշեն գյուղի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները: Գրքում զետեղվել են հայ և գերմանացի երեխաների այդ նկարները. շնորհանդեսին զուգահեռ ցուցադրվում էին գրքի նկարազարդումները՝ «Հովհաննես Թումանյանի հեքիաթները հայ և գերմանացի դպրոցականների աչքերով» խորագրով:

Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի սաների մասնակցությամբ ներկայացվեց Հովհաննես Թումանյանի «Ծիտը» և «Պոչատ աղվեսը» հեքիաթների գերմաներեն բեմադրությունը:

 

 

Հրաչյա Բալոյան (Հրաչյա Արմենյան)

 

 

Կարծիքներ

կարծիք