Խոզուկը խորոված, խոզուկը տապակած…

Հեղինակ:

Խոզուկը խորոված, խոզուկը տապակած, խոզուկը մեռնել էր ուզում

Օրվա խժբժի մեջ գիշերվա հազարին ու հենց հազարին, ոչ թե հարյուրին քիթս հոտոտեց արկղի մեջ դրված դեղձի հոտը, ու խնդրում եմ՝ ինքներդ էլ հոտոտեք էդ գրողի տարած հոտը, զգացեք, թե ինչպես է ակնթարթային քթներիդ կպնում հոտի շուրջբոլորը փաթաթված եղյամը, մի փոքր քոր է տալիս, հետո փռշտոց, ու աշխարհը երջանիկն է, որ կա։

Բայց էս ամեն ինչը իրականում այդքան էլ կապված չէ հիմնականի հետ, հիմնականը այն է, որ  սիրտս արագ է խփում, ու օրը մթնում է նորից ակնթարթորեն, ու էդ ժամանակ դուռն են թակում, թակողը ես եմ: Անօգնական ծակող հայացքովս նայում եմ մի կնոջ։

-Կներեք, որ էս ժամին անհանգստացնում եմ (ժամը գիշերվա տասին մոտ էր)։ Ուղղակի ձեզնից երկու տուն էն կողմ մի տատիյա ապրում, ինքը լավ չի զգում իրան, ինձ ու ընկերոջս ասեց, որ զանգենք Լյովային, բայց համարը չկա։ Դուք կարողա՞ իմանաք։ Կամ ո՞նց գտնենք էտ տղուն:

-Հա, էտ իրա տղենա, մարդ երեխա ունենալուց պետքա իմանա՝ ինչ երեխայա ունենում:

-Իսկ կարողա՞ շտապօգնություն կանչենք, ես ուղղակի հասցեն չգիտեմ։

-Հա, հեսա կանչեմ։

Ու զանգեց, էն հին հեռախոսներից էր դրած, տան հեռախոս ասվածը, մատները՝ շրըխկ-շխկ, ու զանգեց.

-Ալո, բարև ձեզ, կանչ կգրանցե՞ք այս  հասցեով, այո, Ջեմմա, 100 տարեկան:

Մի քիչ էլ ընդեղ լռություն, էս կինը ինձ հետ սկսեց խոսել, վերևից թոռն իջավ, ուղարկեց նորից վերև ու նայեց ինձ, հետո հեռախոսը դրեց ականջին, ու հասկացանք, որ անջատել են.

-Ի՞նչ ասեցին։

-Դե, իմացան 100 տարեկանա, ասեցին՝ էհեեեեեեեեե, ու անջատեցին։

Կինը նկատեց շուրջս պտտվող սպիտակ գնդիկները, նայեց ինձ, հետո աչքերը մի պահ արագ թարթեց, հետո դադարեց թարթել, ու էտ ամբողջը տևեց մի քանի վայրկյան, նորից հեռախոսն ականջին էր, վճռական էր տրամադրված:

-Ես նոր զանգել էի, որ կանչ գրանցեք։

Դե էլ ուրիշ բան չէր մնում գրանցեցին, հիմա մնում էր, որ գային…

 

Տանից դուրս եկանք, մի քիչ ծիծաղեցինք, ու հայդա Զեյթուն, ընդեղ լավա, էս ամառվա շոգին լավ էլ հովա, քամիյա պտտվում։

-Բալա ջան, ինձ կօգնե՞ք մի րոպե, ես լավ չեմ տենում։

Միտքս պտտվեց, հիշեցի, որ մի 10 օր առաջ ինձնից ժամ էր հարցրել։

-Հա, իհարկե կօգնենք, ասեք՝ ինչո՞վ օգնենք։

-Եկեք մի րոպե (ու ներս մտավ տուն)։

Տունը դոմիկի էր նման՝ քաղաքի կենտրոնում լինելով, մտանք ներս, ու առաջինը խոնավության հոտը միանգամից մարմինս սառեցրեց ու սկսեց փշրել ոսկորներս։

-Տատի, մենակ ես ապրո՞ւմ։

-Հա, տղա ջան, էս թղթերի վրա մի հատ նայեք՝ Լյովայի համարը որնա՞։ Զանգեք իրան։

Վերցրի թղթերը. իրար կպած թվեր էին ու  խզբզված անուններ։ Բան չհասկացա, ոչ մի Լ տառով անուն չկար, մի հատ Կարինե էր ինչ որ, էտ էլ չիմացանք՝ ով էր։

-Տատի, Լյովան ովա՞։

-Տղեսա, զանգեք, իրան ասեք թող գա, ես չեմ տենում։

-Տատի, բայց իրա համարը չկա։

-Հա, ոչինչ, զանգեք, ասեք թող գա։

-Տատի, բայց իրա համարը չկա։

-Հլը տու ես նայեմ,- ասեց ու վերցրեց ձեռը, սկսեց փորփրել ու ժամանակի հետ կռվել, չէր հանձնվում գիշերվա լռությանը։

-Տղա ջան, հլը ստեղ նայի, տես Լյովա գրած չի՞, (մի րոպե չանցած) տղա ջաաաաննն, ստեղ էլ կնայես, այ ստեղ էլ գրած չի՞։

-Տատի, որտեղա մնում էտ տղետ, կարողա՞ մոտիկա։

-Չէ, չէ, ինքը քաղաքումա մնում, ստեղա էլի, հա, բայց իրան տուն են տվել։ Ընդեղա։

-Տղա ջան, հլը էս թղթի վրա նայի, կարողա՞ ստեղ լինի։

-Տատի, չէ, ստեղ էլ չկա, տատի, արի դու նստի, մենք նայենք։

-Չէ, չէ, չեմ նստի։

-Տատի, իսկ ինչի՞ ես ուզում, որ տղետ գա, ինչ-որ տեղդ ցավումա՞։

-Հա, վատ եմ, սիրտսա ու գլուխս, լավ չեմ զգում ինձ։

-Տատի, հեսա շտապօգնություն կանչենք։

-Չէ, չէ, չկանչեք, տղուս կանչեք։

-Տատի, տղուդ համարը չկա։

-Ապեր, գնամ շտապօգնություն կանչեմ։

-Չէ, չէ, տղա ջան, հետ արի, մի գնա։

-Հլը էս մի թուղթը նայի, այ ստեղ չկա՞ Լյովա գրած,- ու ինձ տվեց մի հազար անգամ քրքրված արդեն մի հարյուր անգամ ստուգված թուղը։

-Տատի, ստեղ չկա։

-Ես գնամ, ապեր, կանչեմ։

-Չէ, չէ, տղա ջան, դուրս չգաս, մնա։

-Ապե, ի՞նչ անենք։

-Չգիտեմ, ընգեր։

-Ընգեր, պետքա շտապօգնություն կանչենք, ուրիշ ձև չկա։

-Սպասի ես դուրս գամ, տենամ ինչ եմ անում։

Արագ ու աննկատ դուրս եկա ու աջ քայլեցի, հարևանի դուռը տխխկ-դխկ-դխխկ, ու բացվեց։

 

-Այ Ջեմմա ջան, էս լավ չե՞ս։

-Չէ, Թամար ջան, լավ չեմ, սիրտս վատա։

-Շտապօգնություն եմ կանչել։

-Տղուս եմ ուզում զանգեմ։

Հետո նայեց ինձ ու ընկերոջս:

-Լավ եմ, լավ եմ, գնացեք, ապրեք, որ օգնեցիք, գնացեք իմ տնից:

Ինձ ու ընկերոջս էր ասում։

-Ապրեք, ձեզ շատ շնորհակալ եմ, լավ տղեք եք, գնացեք իմ տնից։

-Տատի, մնանք, հեսա կգնանք։

-Չէ, գնացեք։

Հերթով սաղ թղթերը դրեց տետրի մեջ ու փակեց տետրը՝ հանձնելով բոլոր ճղճղված թղթերի վրա թողած հույսերը։ Ամեն ինչ վերջացավ:

-Գնացեք իմ տնից,- մի փոքր կոպիտ ասեց ու նայեց ինձ։

-Ջեմմաաաա ջաաաան, էս տղեն շատա մտածում քո մասին։

-Թող գնան, ապրեն, արդեն գնացեք, հիմա գնացեք։

-Ընգեր, գնա,- ասեցի ու արագ շնչառությունս կանգնեցնելով ու խեղդելով ինձ՝ դուրս եկա։ Չէ, սենց պետքա չլինի, սենց ճիշտ չի, սենց չպետքա լինի։

Ամբողջ ճանապարհին չխոսեցինք, չէի խոսում, ինձ էի մտրակում, հետո քամի էր ու հով, ու մտքերս սառում էին:

-Ապե, որ մոտն էիր, ինչ էր ասում։

-Դե, ասում էր՝ Լյովային զանգի, ասեցի՝ նստի, ես գտնեմ համարը։ Ասեց՝ չպետքա նստեմ, չի լինի որ նստեմ։

-Ընգեր, հլը էս խոզին նայի, ասա՝ որ լավ կխռացնի։

-Հա դե, կխռացնի էլի…

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք