Ինչո՞ւ գամ, մամ

Հեղինակ:

-Էսա, հասնում ենք…

Հեռվից կապուտակ ալիքների պես ճամփան հատող լեռներն ասես հարգալից մի կողմ քաշվեցին, որ ճամփա բացեն, ու մեքենան սահեց դեպի ճանապարհի հերթական ոլորանը:

-Մամ, մամ, նայիր, Սևանը,-ոգևորված ճչաց վեցամյա տղան, որ չռված աչքերով ասես ողջ երկինքն էր ուզում հայացքի մեջ սուզել:

-Երևի քաղաքից բացի ուրիշ բան չի տեսել էս էրեխեն, որ երկինքն ու ծովը իրարից չի տարբերում,- ծիծաղեց վարորդը,-Չէ մի՝ Սևաաան:

-Ո°նց չի տեսել. օվկիանոս էլ է տեսել, ամեն ինչ էլ տեսել է,-Ասաց Նունեն, բայց ամաչեց ավելացնել, որ օվկիանոսի ափին էլ տղան՝ հեռախոսն իր ամենախոստում էկրանով, ձեռքից ցած չէր դնում,-ամեն ինչ էլ տեսել է:

-էսա հասնում ենք, բան չմնաց,-նորից հայտարարեց վարորդը:

 

Հասան…

Տանն անհամբեր սպասում էին նրանց, և հենց մեքենայի ձայնը լսվեց գյուղական նեղլիկ փողոցում, բոլորը դուրս շտապեցին: Նունեի քույրը՝ Մարոն էր առաջ ընկածը, հասավ, պինդ գրկեց քրոջը, համբուրեց, այտը-այտին գգվեց, խորը շնչեց՝ ասես կարոտած համ ու հոտն էր նորից ուզում վայելել, ուրախության արցունքներն էլ կլորացան աչքերի անկյուններում ու ….չթափվեցին: Նունեն ու նրա որդի Արսենը գրկից-գիրկ էին անցնում ու երկուսի մեջ էլ ջերմության այդ վերուվար ալիքները  փոքրիկ րոպեների մեջ խոշորացան, ավելի ու ավելի թափ առան և տակովն արին հոգի կոչվածի կոկիկ ներսն ու դուրսը:

 

Սովորական լեռնային փոքրիկ գյուղ էր՝ ծռմռված, մեկ ցած սահող, մեկ կողքի լեռներից մեկի անտես սկսվող լանջով վեր մագլցող, մեկ էլ հոգնելուց ասես հարթ ու հորիզոնական գծեր  գտած, մեկ ասֆալտած, մեկ քարերով սալարկած, մեկ էլ հող ու կոշտի հերթագայությամբ մերկ ու խորդուբորդ փողոցներով:

Սովորական, լեռնային փոքրիկ գյուղ էր.

 

-Մամ, էս ի՞նչ է,-Արսենը աջ ու ձախ ցուցամատն էր երկարում:

-Էս աթար է. հետո կբացատրեմ,-ասում էր մայրը, մտածելով, որ հետո էլ չի կարողանալու բացատրել որդուն արևի տակ շարքերով, մեկմեկու քով շարված քառակուսի, գարշահոտ, գրեթե սևագույն աթարի ինչ լինելը:

-Մամ, էս ի՞նչ է:

-Հնդկահավ է, տղաս, էդ էլ բահի պես բան է, անունը չեմ հիշում:

Արևի առաջին տաք հպանքներից հողը չբխած բրդի պես փափկել, ուռել ու ասես շնչում էր: Տղան վազ տվեց՝ խոնավ հողին իր հետքերը դաջելով.

-Ուխ, մամ, հավերը,-Արսենը մի խոտ պրճոկած առաջ էր մեկնել:

-Հավ չեն, Արսեն ջան, բադեր են,-Մարո մորաքույրը քթի տակ քմծիծաղեց: Բայց տղան ասես չլսեց էլ, նրա համար մեկ էր՝ հավ, բադ. բոլոր քայլող թռչուններին մի անունն էլ հերիք էր. կարևորը նրանց այսքան մոտիկից տեսնելն էր, թխսի ետևից ճտերի օրոր-շորորը վայելելը:

 

-Մամ, ի՞նչ է,-անվերջ հարցնում էր «ինչուների տարիքից» վաղուց դուրս եկած երեխան:

Իսկ սովորական գյուղը շուտով թանձրացրեց գույները, մուգ մանուշակ հագավ ու սկսեց նվագել ծղրիդների, ճռիկների մելամաղձոտ երգով, արոտից ծանրաքայլ տուն շտապող կովերի, ոչխարների բառաչ-մայունով:

Հետո մեկմեկու հաջորդող օրերը և նման էին, և նման չէին իրար:

Հարկավ, գյուղից դուրս օրեր էլ կային ծրագրված, որ եկան ու անցան ծրագրի բոլոր կետերի տեղը-տեղին իրականացումով՝ ծանոթ-բարեկամների տներ այցելություններ, Գառնի-Գեղարդ /«Շիշ գտեք, ոնց շիշը մոռացանք՝ էս սուրբ ջրից վերցնենք, մոմդ լավ մտցրու ավազի մեջ, տղաս», «Էս անուշ գաթաների՞ց վերցնենք, թե՞ սուջուխներից, ո՞ր գույնը կուզես». «երկուսն էլ, էս էլ, էս էլ, սրանից էլ»/:  Սևան էլ գնացին, որ Արսենի տեսած երկնքից էլ կապույտ ու անծայր էր:

Իսկ երբ տանն էին, Արսենին էլ բռնել չկար՝ մեկ այգում էր, մեկ՝ հենց տան պռնկից սկսվող լեռնագոգին, մեկ այծերի ետևից էր վազում, մեկ հարևան Զարո տատի կով կթելուն էր աչքերը պլշած ու զմայլված սևեռում: Մի օր էլ չանցած արդեն ընկերներ էլ ուներ՝ Կարոն, Համիկը, Աշխենիկը, Կարենը, Նարեն,  բայց ամենաշատը Հայկին կապվեց:

-Գնա՞նք գետը լողանալու:

Ու խմբովի սլանում էին քար ու խիճ սահեցնելով ոտքերի տակից. ձորը աղմուկով էր լցվում:

-էս գիշեր գնա՞նք լեռան վրա  աստղերին նայելու:

Բոլոր հետաքրքիր առաջարկները Հայկինն էին՝ այդ փոքր գյուղում մեծ երազներ փայփայող տղայինը:

— Տես, Ծիր Կաթինն ինչ պարզ է երևում. Մարդ թռչեեեր էդ աստղակույտի միջով, թռչեր, թռչեեեր,- խոտերին մեկնված Հայկի աչքերում երկնքից էլ ավելի մեծ ինչ-որ բան կար: Ու Արսենն էլ արդեն ինչ-որ մեծ, անհասկանալի բաների ներկայությունն ու նաև քաղցն էր զգում իր մեջ:

-Չգիտեմ, բանասիրակա՞ն գնամ, թե՞ աստղագետ դառնամ. նոր աստղեր կհայտնաբերեմ:

Արսենն էլ սկսեց մտածել իր հետոյի մասին, բայց ոչինչ չգտավ.

.-Ես էլ երևի բժիշկ դառնամ պապայիս պես:

-Լավ կմտածես. Դու առանձին մարդ ես, քո սիրած չսիրածը պապայինիցդ տարբեր կարող է լինել: Երկուսս էլ դեռ երկար պիտի մտածենք:

Բայց մտածելու ժամանակ գյուղում այնքան էլ չկար՝ եկած պահը, օրը լիքն էին ինչով ասես, լիքը՝ պռնկեպռունկ:

-Գնանք թութ ուտելու:

Ու Նունեն հետո աչքը անտառափեշի թփուտներին էր պահում:

-Մի վախեցիր. Էստեղ կորել-մորել չկա,-հանգստացնում էր քույրը:

Նունեն եկած օրից զգացել էր, որ սկսել է  ակամա ժպտալ՝ նայում էր հողին՝ ժպտում էր, նայում էր աթարի դեզին՝ ժպտում էր, պատին հենած բակի չորուկ ավելին՝ էլի ժպտում էր, ժպտում էր ու ժպտում… Ինչ-որ ծիրանահամ, արևագույն բան կար այդ ժպիտի մեջ:

 

Եվ Նունեն Ամերիկա վերադարձավ ասես նոր ժպիտ գտած, որ շատ էր տարբեր ամերիկաներում ընդունված դիմակային, պաղ, անհաղորդ, անարև ժպիտից:

Իսկ գնալու օրը շուտ հասավ. քսանչորս օրով էին եկել, բայց ասես՝ աչքները չթարթած, վերջին օրը եկավ:

Ճամպրուկները հավաքելը, որ միշտ երկրե-երկիր անցուդարձելիս սովորութային՝ րոպեների գործ էր, հիմա ժամերով գլուխ չէր գալիս: Քրոջը մնար՝ մի ինքնաթիռ գյուղի բարիքներից կկապոտեր, կբարձեր  գյուղի ճանապարհներին հալից ընկած տաքսուն:

-Թող էդ ամերիկաներում մեր դեղձի, սալորի համը տեսնեն, մեղք են, անհամ- անհամ, սարքովի ուտելիքով ապրե՞լ կլինի:

-Լավաշը չմոռանաս, Մարո ջան:

-Հեսա բերեմ:

Ու ճամպրուկի մեջ, որպես հայրենիքի մի պատկառելի կտոր՝ իր համ ու հոտով, իր ցորնա-ոսկուն գույներով, տեղ-տեղ կարմրավուն ուռուցիկ պուտերով տեղավորվեց՝ մի քանի կիլոն արդեն իրենով թույլատրելիի հաշվից հանած, նաիրյան հացը: Ասես կարևոր ցուցահանդեսի համար զարդարված ձևավոր, նախշուն չրեղենը լավաշի կողքին դրվեց, հետո՝ ավելուկի հոտավետ հյուսքերը ծալ-ծալ հավաքվեցին մի անկյունում, հետո՝ թել-թել պանիրը. Ու ամեն ինչի մեջ քրոջ՝ Մարոյի ջանք ու քրտինքի քաղցր դառնությունը կար, սրտի տաքությունից մի պեծ կար, ձեռքերի թավշյա հպումը կար, քրոջական գորովանքը կար:

Նունեն հերթով հայրենիքի կտորներ էր տեղավորում ճամպրուկում:

-Մամ, էս ավտոն էլ դիր. Հայկի նվերն է,-Արսենն էլ իր բաժին հայրենիքն էր ավելացնում եղածին

 

Գլենդելի իրենց տանն արդեն սովորություն դարձավ հայաստանյան օրերի, Մարոյենց գյուղի այս կամ այն դրվագն ու տեսարանը հիշելը:

-Մամ, հիշո՞ւմ ես էն խայտուն նժույգին, որ հովիվ Հանեսենցն էր: Մի անգամ նստել եմ: Քեզ չասացի, որ չանհանգստանաս: Մամ, էնքան լավ էր:

-Մամ, իսկ հիշո՞ւմ ես…

-Արսենս, ինչ համեղ էր թոնրի մեջ «կողած» կարտոֆիլը թարմ լավաշով, գիշերվա սարսռուն հովի մեջ ինչ ախորժակով էիր ուտում: էստեղ երեսիդ գույն չկա, ոչինչ չես ուտում, չգիտեմ ինչ պատրաստեմ,- Միկո, իսկ եթե մի քիչ էլ էնտեղ ապրե՞նք.-շրջվեց ամուսնու կողմը,- Բժիշկ ես, գործ կունենաս, ես էլ թարգմանչի աշխատանք կգտնեմ,-ու կարոտից խոնավ հայացքը բուխարու կայծկլտացող խայտող կրակին հառած շարունակեց,—էնտեղ մեջս մարդը արթնացավ, էն հողի պես ես էլ եմ  փխրուն, թուլսիրտ դարձել: Գիտե՞ս, ճիշտ եմ ասում. Էն հողի մեջ սիրտ էր բաբախում:

-Տեսնես Հայկենց գառնուկը ինչքա՞ն է մեծացել: Գիտե՞ս, պապ, ես էի գառնուկին անուն դրել. Մանչուկ էինք ասում. Էնքան լավն էր,-Արսենն էր՝ մոր ծնկներին դրած գլուխը բարձրացրել:

«Տեսնես հողի մեջ խլրտացող էն սերմ ու ծիլն ինչքա՞ն են աճել-զորացել, տեսնես ի՞նչ էին…».-երազանքով մտածեց Նունեն:

 

-Ինձ կպատկերացնե՞ս թոնրից կարմիր լավաշներ հանելիս, Արսենս:

-Մամ, դու կարա՞ս լավաշ թխել, ճի՞շտ…էն Շուշան տատի լավաշներից: Մի օր համացանցում Համիին ցույց տվի փուչիկ-փուչիկ թոնրի հացը, բայց դե հոտը հո չէր զգալու: Բան չհասկացավ: «êովորական լավաշ է, էլի». ասաց:

-Տղաս, մամայիդ կպատկերացնե՞ս գոգնոցը ուռցրած. դաշտը՝ բանջար քաղելիս:

-Էդ ո՞րն է, մամ:

-Հիշո՞ւմ ես, Մարո մորաքրոջ հետ լեռան փեշին թխլուկ, մանր բույսեր էինք քաղում: Հետո տանը տապակեցինք ձվով ու ինչ ախորժակով կերանք: Հիշո՞ւմ ես:

-Ոնց չէ, մամ, ինչ լավն էր…Ես թելուկն եմ հիշում….էն մյուսը ո՞նց էր, հա՝ մանդակ չէ՞ր:

-Մանդակ,-գլխով հաստատեց Նունեն,-եղինջ, բոխի, սիբեխ, գազրուկ…-, մտքերի մեջ ընկավ,-դու կերած կա՞ս, Միկո, դարձավ ամուսնուն, դժվար թե:

Մամիկոնը գլուխը քորեց…Նրա մեջ ոչ մի կարոտ էլ չէր արթնացել: Սառը հաշիվներ էին, որ այնքան էլ լավ բան չէին խոստանում, բայց կնոջ ու որդու ոգևորությունը սրտի մեջ անուշ խլրտոց էր դարձել.

-է, հա, մի քիչ էլ հայրենիք վայելենք: Մեկ է՝ գալը միշտ կա:

-Երբ դպրոցն ավարտես, հետ կգաս. Էստեղ կաշխատես: Բայց հիմա գնանք: Հա՞, տղաս:,-Նունեն շոյեց որդու մազերը,- հետո էլի հետ կգաս:

Արսենը ուսերը թոթվեց, նայեց երկնքին, որ բնավ էլ ծով չէր հիշեցնում, և աջ ու ձախ թափահարելով, հաստատակամ ասաց.

-Չեմ գա…Ինչո՞ւ գամ, մամ:

 

 

Կարծիքներ

կարծիք