Ոչինչ

Հեղինակ:

 Արդեն չորս տարի էր, ինչ Միշչենկոն համալսարանից հետո աշխատանքի էր անցել հարավային մի փոքրիկ քաղաքի հնագիտական թանգարանում: Աշխատանքային երրորդ տարում նախկին տնօրենը, որ տարեց մի մարդ էր` պատմաբանների շրջանում հայտնի, մահացավ, և նրա փոխարեն նշանակեցին Միշչենկոյին: Ապրում էր նա երկու ոչ ընդարձակ սենյակներում, որ գտնվում էին թանգարանին կից ծառայողական շենքում` կառուցված փայտե աղյուսից:

Թանգարանը ծովափին էր` ճակատային մասով դեպի ծովը: Այնտեղ ցուցադրվում էին իրեր, որ շատ սովորական էին այս տիպի կառույցների համար` պոնտական մորուքավոր արքաների քանդակներ, բրոնզե սափորներ, կանաչավուն ապակիով շշեր, սկյութական սուսերներ, ուլունքներ, գեմաքարեր1, մետաղադրամներ և նետերի ծայրապանակներ: Ցանկապատով առանձնացված բակում ցուցադրությունը շարունակում էին քարե գլանատակառները, կոտրված ծայրերով սարկոֆագները և հին հունարեն գրություններով քարակոթողները, իսկ մի անկյունում երևում էր խոտածածկ պեղումնավայր, դեպի ուր մի ժամանակ զբոսաշրջիկների և տեղացի դպրոցականների էքսկուրսիաներ էին կազմակերպվում:

Թանգարանն այցելուներ համարյա չէր ունենում: Միայն ամռանը հետաքրքրասերները կողքով անցնելիս ներս էին մտնում և քայլում` չորսբոլորը վեհերոտ նայելով, դեմքի այնպիսի արտահայտությամբ, որով անհավատները քայլում են դատարկությունից արձագանքող եկեղեցում և խոսում են շշուկով կամ առհասարակ չեն խոսում: Ձմռանն ընդհանրապես ոչ ոք չէր գալիս, և սաստիկ ձանձրույթ էր տիրում: Միայն անձրևը կամ թաց ձյունը միալար իջնում էին թիթեղյա տանիքին, քամին էր թակում պատուհանները, հավաքարար Անաստասիա Պավլովնան էլ հին մի լաթ տանում-բերում էր գետնին` քթի տակ ինչ-որ բան մռթմռթալով: Աշխատելով մեկ տարի՝ Միշչենկոն սկսեց իրեն հարց տալ` ի՞նչը և ինչո՞ւ մաքրել, եթե հետևող չկա, ոչ ոք չի աղտոտում, փոշի էլ չկա:

Ու նաև շաբաթը մեկ անգամ, չգիտես ինչու, հինգշաբթի օրերին, տասը տարեկան մի աղջիկ էր գալիս` հենց այդ նույն Անաստասիա Պավլովնայի թոռնուհին, քաղաքավարի բարևում էր, որից հետո երկար կանգնում էր պեղումների քարտեզների և բացատրական գրությունների առջև և լուրջ դեմք ընդունելով՝ ջանասիրաբար իր տետրի մեջ ինչ-որ գրառումներ էր անում: Դեմքը գունատ էր, աչքերը՝ զննող հայացքով և փոքր-ինչ թախծոտ, ու անգամ ամռանը, երբ արևից անգամ քարերն են հալչում, նրա դեմքին արևայրուքի նշույլ անգամ չկար:

Նրա հաճախակի այցելությունները Միշչենկոյի հետաքրրքրասիրությունն էին հարուցել, և պատահում էր, որ նա ծածուկ հետևում էր նրան: Չգիտես ինչու, այս աղջիկը նրան ներշնչում էր վախի պես մի զգացում, և նա ոչ մի կերպ չէր համարձակվում խոսել նրա հետ: Մի անգամ Միշչենկոն թիկունքից հետևեց նրան, բայց ոչինչ չկարողացավ պարզել: Թղթին պատկերված էին ինչ-որ քառակուսիներ, արտասովոր նշաններ և սլաքներ, որ միացնում էին այդ քառակուսիները և նշանները, և հասկանալի էին միայն նրան: Այս ամենն առավել առեղծվածային էր դառնում, երբ Միշչենկոյի հարցին ի պատասխան տատն ասում էր.

– Ոչինչ, թող, ոչինչ, – ասում էր Անաստասիա Պավլովնան ցածր ձայնով՝ խորհրդավոր կերպով դեմքը ծածկելով և ասես աչքով անելով, – թող:

Օգոստոսի տասնիննին Միշչենկոն վերադառնում էր քաղաքային վարչությունից, որտեղ գնացել էր թանգարանի տանիքի համար գումար մուրալու, և տեսավ՝ ինչպես մոսկովյան համարներով մեքենայից դուրս են գալիս Վիտյա Սոգդեևը և Օլգա Վիրսկայան՝ իրեն լավ ծանոթ մարդիկ, որոնց հետ սովորել էր համալսարանում:

Նրանք միանգամից ճանաչեցին նրան, կարծես նաև ուրախացան, իսկ Սոգդեևը, սեղմելով Միշչենկոյի ձեռքը, երկար ժամանակ չէր թողնում այն և բարեկամաբար թափահարում էր: Օլգայի հետ Միշչենկոն սովորել էր հենց սկզբից, իսկ հինգ տարիներից երկուսի ընթացքում անգամ նույն խմբից են եղել: Նա Մոսկվա էր եկել ինչ-որ հյուսիսային շրջանից, իսկ Սոգդեևը գավառական հայտնի չինովնիկի որդին էր: Պերեստրոյկայի սկզբներին, երբ չինովնիկը տեղափոխվեց մայրաքաղաք, կրտսեր Սոգդեևը հետևեց հորը և Ռոստովի Մանկավարժական ինստիտուտից տեղափոխվեց երրորդ կուրս:

– Իսկ ես տնօրեն եմ այստեղ, պատկերացնո՞ւմ եք, – շտապեց հայտնել Միշչենկոն, Անաստասիա Պավլովնայի նման ծամածռեց դեմքն անփութորեն և ձեռքի ափը սահեցրեց նրա վրայով՝ ասես ինքն էլ զարմանալով իրադարձությունների նման ընթացքից:

– Իսկ մենք այստեղ հանգստանում ենք, – պատասխանեց Սոգդեևը նույն տոնով: Նա փակեց մեքենայի դռները և միացրեց ազդանշանային համակարգը:

Միշչենկոն մեքենաներից շատ բան չէր հասկանում, բայց ակնհայտ էր, որ այն նորաոճ է, շատ թանկարժեք և միանգամայն նոր: Մի որոշ ժամանակ նրանք երեքով ծիծաղում էին, նայում իրար՝ ակնկալելով տևական և հաճելի շփում, բայց ըստ երևույթին չգիտեին՝ ինչից սկսել: Օլգան հասակով մի փոքր բարձր էր Սոգդեևից:

Մի լավ զննելուց հետո, Միշչենկոն թանգարան ուղեկցեց նրանց: Ներսում սարսռեցնող լռություն էր, և եթե չլինեին սպիտակեցված պատերն ու առաստաղը, տարածքում կատարյալ մթնշաղ կտիրեր: Սոգդեևը հուսահատված զննեց առաջին սրահը, իսկ մյուս սրահներ նրանք առհասարակ չմտան:

– Դե՛, ծերո՛ւկ, – ասաց Սոգդեևը և ձեռքերով պատկերավոր արտահայտվեց, – խոսքեր չկան: – Բայց ակնհայտ էր, որ նա չէր ցանկանա Միշչենկոյի փոխարեն լինել և օրերը վատնել պեղումների մեջ քանդակ կոչված արձանների ընկերակցությամբ, և նրա ձայնի մեջ զգացվում էր ներողամտություն: Հավանաբար Օլգան նույնպես ասելիք չուներ: Հանդիպման առաջին րոպեից նրա շուրթերին քարացել էր լուռ ժպիտ, և այդ ժպիտի իմաստն անհասկանալի էր մնում:

− Հետաքրքիր է` ի՞նչ արժե սա, − տեսնելով սափորը` հարցրեց Սոգդեևը` ի դեպ չդիմելով ոչ մեկին և փայլուն աչքերով կատակելով: Նրա հայացքն ընկավ ինչ-որ քարե հիմքի սև-սպիտակ, խիստ մեծացված լուսանկարին, որ զբաղեցնում էր մի ամբողջ միջնապատ:

− Ալտիի, − կարդաց Սոգդեևը և գուցե գոհ այն բանով, որ ճիշտ շեշտադրումով արտասանեց, նա այնպես ծիծաղեց, ասես հենց նոր շատ հաջող և նուրբ կատակ էր արել:

Դուրս գալով բակ, որտեղ սարկոֆագներ էին դրված՝ Սոգդեևը դեմքի մտահոգ արտահայտությամբ տրորեց դրանցից մեկը փայլուն կոշիկի ծայրով և որոշ ժամանակ նայեց հունարեն բառերի նախշերին` սեղմելով շուրթերը առաջին դասարանցու պես:

Ցերեկը շատ տոթ էր, իսկ երեկոյան շղթա կազմած ամպերը կուտակվելով սահեցին, ծովն ալեկոծվեց, ափին մնալն այլևս անցանկալի էր, և Սոգդեևը Միշչենկոյի հետ միանգամից չկարողացան որոշել` ինչով զբաղվել: Մինչ որոշում էին, թափառեցին ծովափին հարող փողոցներով` ստվերված դեղնող, փոշոտ ակացիաներով, հետո հետաքրքրությունից ելնելով թեքվեցին դեպի  Ծովային կայարանի գորշ, բետոնե կառույցը: Կայարանը, որ վաղուց չէր ծառայում իր նշանակությանը, դատարկ էր. նրա  գրեթե ամբողջ տարածքը զբաղեցնում էին առևտրական տաղավարները և սրճարանը, որը նույնպես, չգիտես ինչու, չէր աշխատում: Դրամարկղի պատուհաններին` ներսից ծածկված նրբատախտակի կտորներով, կախված էր սևծովյան ափի քարտեզ-մանրակերտը` լեռնագագաթների շագանակագույն ուռուցիկ մասերով և ծովի խորքի երանգներով. երթուղիների սպիտակ գծերը կտրուկ կերպով միանում էին կապույտ տարածությանը` միահյուսվելով նավահանգիստների բոլորաձև, խունացած կետերին:

− Մեռյալ ծով, − կատակեց Սոգդեևը` գլխով ցույց տալով քարտեզը. Օլգան շինծու կսկիծով կարճ ծիծաղ արձակեց:

Կայարանի ծառայողական դռներից մեկը կիսաբաց էր. նրա ետևում` առանց պատուհանների խցիկի մեջ, չհագնված մի ծեր տղամարդ կարտոֆիլ էր մաքրում և վարդագույնի երանգով կեղևը գցում թերթի վրա: Նրա կողքին` աթոռակի վրա, նավաստու ճմռթված շապիկն էր` սև, լայն գծերով:

− Դե ի՛նչ, հայրի՛կ, դեպի ո՞ւր ենք լողում, − ուրախ հարցրեց Սոգդեևը:

− Ամենույեք էլ եղել ենք, − պատասխանեց ծեր մարդը և սևագորշ հոնքերի տակից խոժոռադեմ նայեց կարմրած աչքերով: «Ր»-ի փոխարեն նա «յ» ասաց, ասես ատամների արանքում մեխեր կային, ձգվեց դեպի դուռը և շխկոցով փակեց այն:

Երբ մթնեց, գնացին ընթրելու: Հյուրասիրում էր Սոգդեևը, հենց նա էլ ընտրեց մի փոքրիկ ռեստորան ափին` թանգարանից ոչ հեռու: Ռեստորանի ներսը զարդարում էին պատից կախված խունացած, կանաչ ձկնորսական ցանցերը, իսկ աչքերն ամենուրեք հանդիպում էին ապակե կլոր լողանների, որ նման էին լուսամփոփների: Սարաֆան հագած կանանց բաց ուսերը աղոտ շողում էին մուգ արևայրուքով, կիսամութի մեջ դեղնին էին տալիս նրանց զուգընկերների սպիտակ վերնաշապիկները: Պատվերին սպասելով` ուսումնասիրում էին հավաքվածներին և վերջապես խոսում Մոսկվայի մասին: Խոսեցին նաև շատ ու շատ այլ թեմաներից, որոնց մասին խոսում են իրար լավ ճանաչող մարդիկ՝ երկարատև բաժանումից հետո հանդիպելով:

− Տարասկային է նման, − նկատեց Սոգդեևը` շրջելով գլուխը և ցույց տալով սեղանիկներից մեկը, որի շուրջ վեր էր խոյանում ինչ-որ խոշոր կերպարանք` պարուրված ծխախոտի ծխով: Ուսանողները «Տարասկա» անվանում էին Հին աշխարհի պատմության ամբիոնի պրոֆեսորին, ով կարճատես լինելով, բծախնդրորեն հետևում էր իր քննությանը, և որն անցկացնելը մեծ հերոսություն էր համարվում: Հենց այդ ժամանակ էլ սկսեցին հիշել համակուրսեցիներին, և Սոգդեևը թվարկում էր, թե ով ինչից ինչ է դարձել և ինչով է զբաղվում: Իրենց կուրսից ֆակուլտետում մնացել էր միայն Վանյա Նեվեժինը: Նա ավարտեց ասպիրանտուրան, պաշտպանեց, և նրա անունը սկսեց հայտնվել հոգեվարքի մեջ գտնվող գիտական հրատարակությունների էջերին: Ասում էին, որ Վանյան մի կերպ յոլա էր գնում, բայց ստույգ ոչինչ հայտնի չէր:

− Այո՛, տարօրինակ է այդ ամենը, − արտաբերեց Սոգդեևը և մտածմունքների մեջ ընկավ:

Միշչենկոն նույնպես մտազբաղ դարձավ: Նա պարզ հիշում էր համալսարանի շուրջը հին խնձորենիներ տնկելը, որոնցից քաղում էին մանր և թթու խնձորներ, իրենց փախուստները և ծառերի բները` գեղարվեստականորեն թեքված բնության և ժամանակի կողմից, մի նոր Վան Գոգի համար, եթե դա հնարավոր է, հիշում էր Վորոբյովյան լեռների լանջերը, որտեղ սիրում էին գնալ դասերից հետո, և որտեղից զննելով գետը, Լուժնիկին և իրենց առջև տարածվող քաղաքը՝ անվերջ զրուցում էին` հպարտորեն գործածելով զանազան նոր և խրթին բառեր, որոնց իմաստները հաճախ հստակ չգիտեին էլ: Նա հիշում էր հանրակացարանը, աչքի առաջ պատկերանում էր պողոտային նայող իր սենյակը` «Ուպանիշադներով» ճկված գրապահարանով. այնտեղ՝ այդ սենյակում, հավանաբար ինչ-որ մեկն ապրում է, հնարավոր է` նույնիսկ Վանյան:

Եվ Միշչենկոյի վրա տխրություն իջավ: Սոգդեևին և Օլգային նա լսում էր մեկընդմեջ և իրեն անվերջ կարմիր գինի էր լցնում:

Նրանք այդ ժամանակ պատմում էին, թե ինչպես ինչ-որ մեկը սպա­նեց իրենց համակուրսեցի Իզվեկովին, որ Մոսկվայում ռադիոսարքա­վորումնե­րի խանութներ ուներ, և նրանց բառերը խլացնում էր տհաճ երաժշտությունը, որ ասես հնչում էր անգամ սարդոստայններում, սև սյուների մեջ, որ բարի կանգնակի վերևից էին կախված: Սոգդեևը շատ էր խոսում արժեթղթերի մասին, պատրաստվում էր նույնիսկ ինչ-որ բան բացատրել, բայց հանդիպելով Օլգայի դժգոհ հայացքին՝ թեման փոխեց և անդրադարձավ ավելի հաճելի հարցերի:

− Մեքենա եմ վերցրել՝ իսկական արպեջիո2, − ասաց Սոգդեևը և Օլգայի ձեռքը բռնեց, − ջրի գնով:

Պատմեցին նաև, թե ինչպես են հունվարին մեկնել Մավրիկիոս կղզի, եղեգնյա տանիքով ինչպիսի տնակներ կային այնտեղ՝ ծովալճակների թափանցիկ ափերին, և թե ինչ էժան էր այնտեղ ամեն ինչ՝ համեմատած Կանարյան կղզիների հետ, որտեղ եղել էին անցած տարի, և որ հանգած հրաբուխներն իսկապես փառահեղ երևույթ են, և որ ոստրեները պետք է ուտել լիմոնի հյութով: Օլգան կարմրեց գինուց, առաջին վարդագույն արևայրուքից. Սոգդեևը նույնպես կարմրել էր, թաշկինակով մաքրում էր ճակատի քրտինքը և մեկ-մեկ նայում զվարթ կանանց, որ անցնում էին կողքով կամ էլ նստած էին այդտեղ՝ այլ սեղանիկների շուրջ: Եվ նրա աչքերը դառնում էին սևեռուն, իսկ նրանց հայացքը՝ տհաճ: Օլգան կուշտ և երջանիկ նստել էր, նրա հայացքը սեղանից այն կողմ չէր անցնում, ասես մոլորվել էր շշերի և ափսեների մեջ, և նա ոչինչ չէր նկատում, և կարծես նրան ոչինչ չէր հետաքրքրում:

Միշչենկոն հիշեց, որ Օլգան կուրսում շատերին էր դուր գալիս, և ինքն էլ, թվում է, երկու կամ մեկուկես տարի լուռ և անհույս սիրահարված էր նրան: Բոլոր հինգ տարիներին նա հյուս ուներ, որը փոքր-ինչ հնաոճ տեսք էր հաղորդում նրան, բայց դրանից Օլգան ավելի թարմ և հետաքրքիր էր դառնում: Նա տևական ժամանակ ընկերություն էր անում Վանյայի հետ, նրան նույնիսկ նախանձում էին, բայց հանկարծ, երբ գործը հասավ դիպլոմին, նախապատվությունը տվեց Սոգդեևին, և դա այնքան արագ տեղի ունեցավ, որ ոչ ոք չհասցրեց որևէ բան հասկանալ, և ամենից առաջ՝ Վանյան: Իսկ հիմա Միշչենկոն տեսնում էր, որ նա գիրացել է և չնայած դրան՝ շատ հոգնած և անտարբեր տեսք ուներ:

Եվ այդ եզրահանգումներն ավելի էին տխրեցնում Միշչենկոյին: Մի կողմ թեքվելով՝ նա մտածեց այն մասին, որ առավոտյան եկել էր Արթուրը և փող բերել: Նա ծանոթացել էր Արթուրի հետ նախանցյալ տարի քաղաքային վարչությունում: Արթուրն ասել էր, որ կա մի կոլեկցիոներ՝ շատ ազնիվ և գիտակ մարդ, որ բարձր կվճարի հին հունական կուժի համար: Միշչենկոն փողից խեղճանում էր, մի կերպ ծայրը ծայրին էր հասցնում և անգամ չուներ ծանոթներ, որոնցից կարող էր պարտք վերցնել, բայց կարևորը՝ նա գիտեր՝ որտեղից վերցնել կուժը: Մեկ ամիս անց Արթուրը կրկին հայտնվեց, գործը գլուխ եկավ, և այժմ նա գալիս էր ամեն շաբաթ և պատվերներ էր բերում: Ամենից հաճախ հետաքրքրվում էին մետաղադրամներով, բայց մեծ պահանջարկ ունեին նաև ամֆորաները3, թրծակավե փոքր քանդակները, սկահակները և ամեն տեսակ անտիկ իրեր: Պաշարը հսկայական էր, իսկ ստուգումներ, տեսչություններ և հանձնախմբեր չկային: Կար իհարկե Վալերիա Պետրովնան՝ Միշչենկոյի աշխատակիցը, սակայն նրա դուստրը ծանր հիվանդությամբ էր տառապում և նրան մշտապես անհրաժեշտ էին թանկ և դժվար գտնվող դեղեր:

Միշչենկոն մտածում էր այն մասին, թե ինչպես է Արթուրը իրեն «դու» ասում, իսկ իրենք Վալերիա Պետրովնայի հետ նրա գնալուց հետո իրար հետ խոսում են «Դուք»-ով, բայց աշխատում են հայացքներով չհանդիպել: Արթուրն այդպես կխոսեր նաև Վալերիա Պետրովնայի հետ, ուղղակի նրա հետ խոսելու սովորություն չուներ: Հիշում էր, թե ինչպես ինքը՝ Միշչենկոն, գրպանում մատներով շոշափելով հաստ կապոցը, հաշվում է փողերը և դնում այն սեղանի անկյունում, որի շուրջ նստում է Վալերիա Պետրովնան, և թե ինչպես է նա խորասուզվում թղթերի մեջ՝ ձևացնելով, որ դա իրեն բնավ չի վերաբերում, իսկ փողերը կվերցնի միայն այն ժամանակ, երբ ինքն ինչ-որ տեղ գնա:

− Իսկ Վանյան ինչպե՞ս է, − հարցրեց նա Սոգդեևին. վերջինս ձեռքը  թափ տվեց:

− Հալից ընկել է Վանյան, − ասաց նա, լռեց, ապա ավելացրեց, − այդ ամենը հիմա ո՞ւմ է պետք: Ո՞ւմ է պետք հիմա:

Օլգան ոչինչ չասաց, բայց նրա հայացքից պարզ երևում էր, որ կիսում է ամուսնու կասկածները և խղճում է Վանյային, բայց խղճում է այնպես, ինչպես խղճում են հոգեկան հիվանդներին:

Երկուսի կողմերը դուրս եկան մաքուր օդի, քայլեցին ափի երկայնքով: Շղարշ-ամպերը երկինքը պատել էին անթափանց խավարով: Ալիքները, խուլ ցրիվ գալով անտեսանելի շիթերով, նետվում էին ափ և գրեթե միանգամից ճաղաշարքի մոտ միաձուլվում աղոտ օդի հետ, իսկ մթին ջուրը և խավարչտին երկինքը միասնություն էին կազմում: Ծովափը վառ լուսավորվում էր իրար մոտ տեղադրված լապտերներով. ճանապարհին դեռ հանդիպում էին մարդիկ, ոմանք կանգնած էին՝ ճաղաշարքին հենված, և նայում էին, թե ինչպես են փրփրում ծույլ ալիքները, նստարաններին սիրահար զույգեր էին նստած, քամին բերում էր անհոգ զրույցների պատառիկներ: Միշչենկոն ծովին նայում էր այնպիսի հիացմունքով, ասես ինքն էլ նոր էր եկել հանգստանալու և լիցքաթափվելու: Ծովը, որի կողքով ինքն անցնում էր ամեն օր, վաղուց նրա մեջ չէր արթնացրել և ոչ մի զգացմունք:

− Հավանաբար ձանձրալի է այստեղ, − ոչ այն է հարցրեց, ոչ այն է նկատեց Սոգդեևը հորանջելով:

− Դե չէ, ոչինչ էլի, − պատասխանեց Միշչենկոն ցածր ձայնով: Դրսի օդին նրա գինովությունը գրեթե անցավ, նա մռայլվեց և ջղային դարձավ:

Հաջորդ օրը Օլգան և Սոգդեևը պիտի մեկնեին Ալուշտա4 և ապա ծովափով դեպի Ֆորոս5: Նրանք հրաժեշտ տվեցին իրար՝ հասնելով հյուրանոցին: Նրա մուտքի մոտ կանգնած էր Սոգդեևի մեքենան և երևում էր, թե ինչպես է ներսում առկայծում և հանգչում ազդանշանի կարմիր լույսը:

Դռան մոտ մի որոշ ժամանակ դեռ կանգնած մնաց Միշչենկոն մենակ՝ ուսումնասիրելով մեքենան: «Ինչ-որ ոստրենե՜ր», − մտածեց նա և ծամածռեց շուրթերն այնպես, ասես լիմոնի հյութ էր համտեսել: Գիշերային սրճարանից նա գինի գնեց՝ կեսլիտրանոց տարայով, ատամներով բացեց այն, թափեց վրան, իջավ ջրի մոտ և սկսեց մթությանը նայել, որտեղ չուզենալով վերադառնում էին սև ալիքները:

Այստեղ զայրույթը փոքր-ինչ թուլացավ, և հիշողությունները վերջնականապես զավթեցին նրան: Այժմ նա հիշում էր Վանյային, նրա տարօրինակ սովորությունը՝ մատներին փչելը և լուցկու օգտագործած հատիկները նորից տուփի մեջ դնելը: Հիշում էր՝ ինչպես էին վիճում, մտադրվում կարևոր հայտնագործություններ անել, գտնել շատ բարդ հարցերի պատասխաններ, առաջ մղել գիտությունը: Նա իրեն դավաճան զգաց, և այդ միտքը նրան չհուսահատեցրեց, այլ ստիպեց անուրախ քմծիծաղ տալ:

Նա մի քիչ էլ գինի խմեց, բայց միևնույն է, տխուր էր: Ճալաքարը6 համաչափ խշխշում էր, երբ ալիքները, փարթամ խոպոպների պես ոլորվելով, տանում էին այն իրենց հետ: Նրան հանկարծ խղճուկ թվաց իր կյանքը, ասես փոխանակված լիներ արաբական մետաղադրամի հետ, ասես ինքն էր թաղված Պերիսադեսի7 և նրա համախոհների փոխարեն, և ոչ մի տարբերություն չկար նրա և այդ մեռած Պերիսադեսի միջև. ափսոսաց իր ազնիվ մտքերը, որոնցից մնացին միայն ոչ այլ ինչ, քան քմծիծաղ և կասկածոտ հայացքներ: Այժմ, նայելով մթությանը, նա պարզ հասկացավ, որ ինքն էլ վաղուց վերածվել է իր իսկ թանգարանի մի ցուցանմուշի: Նա փորձեց հասկանալ, թե որտեղ, երբ և ինչպիսի հանգամանքներում դա տեղի ունեցավ, և ով էր մեղավոր, բայց պատասխան չկար: «Խելքի տոպրակներ», − հայտնի չէ՝ ում մասին մտածեց նա հարբած չարությամբ: − Այդքան գիրք եք գրել, ու ոչ մեկը բանի պետք չեն»: Նա ի դեպ մտածեց իր գրքերի մասին, որոնք մի օր բերել էր իր հետ. դրանք գրեթե բոլորը մինչ օրս ստվարաթղթե տուփերի մեջ էին՝ պինդ փակված կպչուն ժապավենով, մտածեց, որ արդեն ստույգ երկու տարի էր, ինչ ոչինչ չէր կարդացել և չէր արել, բացի ուրիշների գտածները թաքուն վաճառելուց:

Երկնքում ամպերը ցրվեցին, կարճ ժամանակով նոսրացան, և այդ հալուտներում շողացին աստղերը, ինչպես թեքված խոտի վրայի ցող, և միայն լուսինը, ինչպես միշտ, հայտնվեց մռայլ ամպերի ետևից: Խիստ բարձր մի ալիք ճայթեց և ցրիվ եկավ Միշչենկոյին շատ մոտ, և մի քանի ծակող ցայտյուններ թռան նրա դեմքին: Նա չփորձեց մաքրել դրանք: Նրա մտքով անցավ, որ ինքը դեռ երիտասարդ է, որ ոչինչ դեռ ուշ չէ, երբեք ուշ չէ, բայց թե ստույգ ինչը ուշ չէ, նա այնպես հստակ չէր պատկերացնում, ինչպես հինգ տարի առաջ:

Նա սկսեց մտածել, թե ինչ կլինի հետո` հետևելով, թե ինչպես է ծովը խուլ հառաչով փոխում ալիքը ալիքի ետևից: Նրանց փութկոտ համաչափությունը նրան հիշեցնում էր վայրկյանի սլաքի ընթացքը, և նրան տիրեց անխռովությունը: Նրա միտքը խաղաղվեց և պարզվեց ու հոսեց անշտապ, ինչպես տափաստանային գետակ: Ծովից այն կողմ Թուրքիան է, մտածում էր նա, այնտեղ էլ են ապրում մարդիկ, որոշները մահանում են, որոշները ծնվում, դրանից այն կողմ էլի ծով է, ծովի վերևում` երկինք, երկնքի վրա աստղեր, իսկ թե ինչ է հետո, ոչ ոք չգիտի, իսկ թե կիմանա երբևէ, հայտնի չէ: Եվ ինչո՞ւ է ամեն ինչ այսպես, այլ ոչ այլ կերպ, ինչո՞ւ ամեն ինչ այս տեսքն ունի, և ո՞ւր է ընթանում այս ամենը և ո՞րն է դրա իմաստը: Ու նորից հիշեց Վանյային: Հանկարծ հոգում անդորր և թեթևություն զգաց ու որոշակիորեն թվաց, որ ամեն ինչ լավ կլինի, որ ինքը լավ կաշխատի: Եվ նա նորից ցանկացավ երազել գալիքի մասին և բացահայտել անհայտ թագավորություններ:

Աղմուկով լողափ իջան մի խումբ մարդիկ և տեղավորվեցին ոչ հեռու: Նրանց հուզված ձայները և ծիծաղը սթափեցրին Միշչենկոյին, և նրա մտքերն ընդհատվեցին: Շուտով նա վեր կացավ և դանդաղ քայլեց դեպի տուն ամայի, կարճլիկ սոսիների ծառուղիով: Ծառուղին դատարկ էր և մթին, լապտերները միացնում էին մեկից հետո, իսկ ծովն այլևս լսելի չէր:

Իր բնակարանին հասնելով` Միշչենկոն միանգամից անկողին մտավ` չմիացնելով լույսը, ասես վախենում էր տեսնել գրքերի արկղերը, բայց մի որոշ ժամանակ դեռ չքնեց և նայեց, թե ինչպես են պատուհանների կապույտին տվող երկնքի մեջ գալարվում բարդու բութ, բրգաձև գագաթները քամու պոռթկումներից:

Հաջորդ օրը Միշչենկոն թանգարան եկավ կեսօրից հետո: Էլի շոգ էր, թվում էր` արևը ճնշում է գետինը իր ծանր ճառագայթներով, ասես ո՛չ գիշերային փոթորիկն էր եղել, ո՛չ հենց գիշերը` վառ որպես հայտնություն: Միայն ափին սև-զմրուխտե երիզով ընկած էին գալարված ջրիմուռներ և տեղ-տեղ սառած մեդուզաներ: Միշչենկոն ոտքից գլուխ կորավ քրտինքի մեջ: Իր աշխատասենյակում սեղանի շուրջ նստելով` նա ձեռքը գրպանը տարավ թաշկինակի համար և շոշափեց ստվարաթղթի մի կտոր: Դա Սոգդեևի այցեքարտն էր: «Ներդրումային կազմակերպություն «Վեկ» » ոսկեգույնով գրված էր դրա վրա: Պատուհանից երևում էր ծովափը, որտեղ լուսանկարիչը` հովարով կապույտ գլխարկը գլխին, համբերատար, ինչպես սարդ, դարան էր մտել իր որսի համար, իսկ ճաղաշարից վերև կապույտին էր տալիս ծովի շարժական նեղ շերտագիծը և ժամանակ առ ժամանակ շողշողում էր արևի շողերի հարվածներից: Այն անտարբեր կերպով հեռուներն էր ձգվում և ոչինչ չէր հիշում երեկվա խոստումներից: «Ոչնչություն: Ես ոչնչություն եմ: Հավանաբար դա սարսափելի է», − հանգիստ մտածեց նա և զարմացավ իր անտարբերության վրա: Նա հասկացավ, որ փոխել, ուղղել որևէ բան այլևս չի լինի, որ ինքը կշարունակի սեղանի առաջ նստել աննպատակ, սակարկել հնությունները և կիսել փողերը Վալերիա Պետրովնայի հետ նրա լռության դիմաց, և՛ կյանքը կշարունակվի, և° անհոգ կլինի, և° ամեն օր կտեսնի բրոնզե սափորը, և° սև խառնարանն իր դիմացի՝ հավաքված հիսունութ թվականի բեկորներից: Եվ Արթուրը կգա դեռ շատ անգամներ և շատ փող կբերի: Եվ շուտով ինքն էլ կունենա այնպիսի մեքենա, ինչպիսին Սոգդեևինն է, և գիշերները, ինչպես տագնապի անլսելի ազդանշան, նրա մեջ կառկայծի և կմարի կարմիր լույսը:

«Մենք հիմա Օստոժենկա փողոցում ենք ապրում: Ութ սենյակ, վերանորոգումը վերջերս ենք արել: Արի՛, − ասաց Սոգդեևը հրաժեշտ տալիս. – Մոսկվան հիմա անճանաչելի է… Լիցքաթափվելու տեղեր կան… – ավելացրեց նա կամաց ձայնով և մի փոքր սպասելով՝ աչքով արեց այնպես, որ Օլգան չնկատի»:

Միշչենկոն քաշեց սեղանի միանգամայն դատարկ դարակը և այցեքարտն այնտեղ նետեց:

Աշխատասենյակի դուռը չփակվեց մինչև վերջ. երկար անցքից նրան երևում էր միջանցքի մի մասը, առաստաղին՝ կաթոցի ժանգոտ բծեր, պատին՝ վահանակ՝ սոսնձված դեղնած թղթով. արևի լույսի գիծը թեք սպիտակին էր տալիս հատակին, իսկ պատուհանից այն կողմ տերևներն անձայն տարուբերում էր ակացիան, և նրա ճյուղերի միջից տեսանելի էին ափի երկայնքով ուժասպառ զբոսնող հանգստացողների գլուխները: Եվ թվում էր, թե աշխարհը զուրկ է ձայներից, թե կյանքն ընթանում է անձայն, ինչպես և պետք է լինի խաբուսիկ ջրի ափին, միայն լուսանկարչի կապույտ գլխարկով գլուխն է երևում հեռվում՝ պատուհանի մոտ, և նրա բերանը բացվում է, ասես երազի մեջ ուզում է բղավել և չի կարողանում, և թվում էր, թե մնացած ամեն բան նույնպես անձայն է, եթե ինչ-որ բան կատարվում է առհասարակ:

Թանգարանում էլ այդպես էր, նույնիսկ ավելի լուռ, ինչպես գերեզմանոցում: Միայն միջանցքի ծայրում պատի հին ժամացույցներն էին հազիվ լսելի տկտկում՝ թեթև ցնցումով շարժելով սլաքը: Նրանց վհատ հետևողականությունը դարձնում էր լռությունն առավել զգայական և հնչեղ. նրանք հիշեցնում էին հոգնած ճամփորդի, անցնող մուրացիկի, ում ոտքը ծնկից չի ծալվում:

Իսկ պատի ետևում՝ ապակե ցուցապահարանի մեջ, սափորն է: Այն շատ հին է՝ երկու հազար և ավելի: Այն նույնպես պատրաստված է մարդու ձեռքերով, որը նույնպես գիշերով նայել է աստղերին, գուցե և քնել է, ով իմանա: Եվ Միշչենկոն ցանկացավ քնել, բայց նա՝ պարապությունից թմրած, շարունակում էր նստած մնալ՝ հայացքը հառած դռան ճեղքին: «… Բոսֆորյան Թագավորությունը կործանվեց …. հարվածներից…. »: Դռան փակվելն ընդհատեց նախադասությունը, և նա չկարողացավ կարդալ. «…. Կործանվեց հարվածներից …. », − կարդաց նա մի քանի անգամ, հորանջեց և երկար նստեց այդպես ու անխոհ նայեց այդ տառերին:

Իսկ հետո, ինչպես բոլոր հինգշաբթի օրերը, եկավ Անաստասիա Պավլովնայի փոքր թոռնիկը, մոտեցավ ցուցափեղկին և բացեց իր առեղծվածային տետրը: Նրա գլխին ծղոտից հյուսված գլխարկ կար զանգակի նման: Անաստասիա Պավլովնան` դույլը և շվաբրը ձեռքին, կողքով անցնելիս դիպավ գլխարկին, շոյեց աղջկա մազերը և հոգոց հանելով սկսեց թրջել լինոլեումե հատակը:

Միշչենկոն տեսնում էր, թե ինչպես է ջուրը հավաքվում լինոլեումի վրա և դառնում սպիտակ, փայլուն, ինչպես արծաթ: Անաստասիա Պավլովնայի ընդհատ շաղակրատանքը նրա գիտակցությանը հասնում էր աղավաղված, ասես մեկ այլ իրականության արգելքներով խլացված:

− Ոչի՛նչ, թո՛ղ, − քթի տակ խոսում էր նա ինչ-որ բանի համար արագ, խելագարի պես՝ հայացք գցելով առաստաղին և նույնքան արագ նայելով աղջկան.

− Ոչի՛նչ, մանկի՛կս, ոչի՛նչ:

 

 

Թարգմանությունը ռուսերենից՝  Մարո Ղուկասյանի

 

Ծանոթագրություններ

  1. Գեմաքար քանդակաքար, նկարաքանդակով ազնիվ քար
  2. Արպեջիո – (երժշտ.) երաժշտական եղանակի կատարման ձև, երբ տոները վերցնում են ոչ թե մեկ անգամից, այլ արագ իրար ետևից՝ սկսելով ցածրից, (Սոգդեևն այս համեմատությամբ ընդգծում է մեքենայի արագընթացությունը)
  3. Ամֆորա – անտիկ անոթ՝ բարձր, ուռուցիկ, դեպի ներքև նեղացող իրանով, նեղ վզով և վերձիգ զույգ կանթով:
  4. Ալուշտա – առողջարանային քաղաք Ղրիմի հարավային ափին
  5. Ֆորոս – քաղաքատիպ ավան Ղրիմի հարավային ափին
  6. Ճալաքար – միջին մեծության կլորավուն քար
  7. Պերիսադես – պարսկական ծագում ունեցող հունական անուն, որ կրում էին Բոսֆորյան Թագավորության վեց արքաները

Կարծիքներ

կարծիք