Մերոնք սիրուն են սիրել

Հեղինակ:

Մերոնք սիրուն են սիրել: Գուցե սիրուն չեն ապրել, բայց խորապես սիրուն են

կարողացել սիրել:

Ոնց էր Տերյանն ասում. «Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝ Դարձիր իմ

մոտ»: Մեզ էսպիսի մարդիկ են պետք, որոնց մոտ կգնանք փոթորիկներից հետո,

գզգզված մազերով ու կոտրած անձրեւանոցով: Մեր հոգնության ժամերին: Մեզ թեյ ու

գինի լցնող, մեր կոկորդը շարված բառերից դատարկող մարդիկ են մեզ պետք: Որոնց

մոտ հանգստություն ենք գտնում: Որոնց հետ ամեն ինչ իր տեղն է վերադառնում:

Որոնց ոչ թե մյուսների պես գլուխներս ազատելու համար կասենք «հոգնած եմ», այլ

մի հաշտված «հոգնել եմ»-ով կբացատրենք ամենը: Որ մի դերբայ փոխելով

ֆիզիկականի ու հոգեկանի սահմանը գծենք: Ապրածդ պատմել-չպատմելն ես

որոշում այդ դերբայով: Մեզ պետք են մարդիկ, ում մոտ հոգնելը հոգնած լինելով չենք

պարտակի:

Սահյանն ուզում էր ամեն բան կիսել, բայց վախենում էր, թե նա՛ չուզի: Ու մենք

շարունակում ենք վախենալ, քանի դեռ չգիտենք: Տանուլ չտալու համար մարդուն

պետք է ոչ թե կարծել, այլ գիտենալ: Իմանալ, որ ունեցածիդ նվիրելիք կեսը սպասող

ունի: Մաթեմատիկան ասում է, որ թիվն անվերջ կարելի է բաժանել երկուսի, ասել է

թե՝ կիսել: Արդեն քանի անգամ ես կիսել ու մնացել կեսի կեսով, նորից կեսով ու էլի՛

կեսով: Ու միայն մի անգամ, մի միակ անգամ ունեցածդ կկիսես ճիշտ մեկի հետ, ու

այն կկրկնապատկվի ճիշտ այնքան, որքան կիսվել էր: Նորից ԼիԱրժեք կդառնաս ու

կհասկանաս, որ Արժեր Լցվել նրանով: Որ կեսերդ նորից հավաքվեն ու մեկ դառնան,

ամբողջական ու լրիվ մեկ:

 

Սեւակն էլ կասեր.

«Իսկ դու… իսկ դու շա՜տ ես մոտիկ:

Ու ես… ու ես շա՜տ եմ հոգնած… »

Դու շա՜տ ես մոտիկ, բայց միշտ զուգահեռ. ու ես հոգնել եմ զուգահեռ

ապրելուց: Մենք դառնում ենք զուգահեռներ, զույգ հեռուներ՝ չշոշափվող

հարթություններում: Ասում էր, որ «ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած»: Իսկ դու շուտ-

շուտ արի, Սեւակը կների, դու արի: Բայց, փաստորեն, ուշացած էլ են գալիս՝

հակառակ իմաստուն մեր պապիկի ասածի: Ուշացել ես ինձանից։

Էնպես, ինչպես ուշանում են մի կարեւոր հանդիպումից ու դուռը փակ գտնում։ Մնում

ես դրսում՝ դռնից այնկողմ։

Էնպես, ինչպես ուշանում են քննությունից ու լուծարք մնում։ Լուծարեցինք,

ձախողեցինք ուշանալով։

Ինչպես ուշանում են ինքնաթիռից ու մնում տարանցիկ չվերթի հույսին։ Չթռանք

միասին։ ՏարԱնցանք իրարից, օտարացանք իրարից։

Ուշացար ինձանից։ Ինչպես ուշանում են խնջույքից ու լինում երեկոյի միակ սթափ

մարդը։ Չհարբեցինք միասին։

Ուշացար, ոնց ուշանում են ժողովից ու բոլոր աթոռները զբաղված գտնում։

Չժողովեցինք մեր զգացմունքները, ու չպահեցի ես տեղ քեզ համար։

Ուշացար ինձանից։ Ու հիմա ուր էլ շտապես, ինչ էլ հասցնես՝ դու ինձանից ես

ուշացել։

Չարենցը կապույտ կարոտ էր երգում: Նրա կարոտը գոնե գույն ուներ: Նրա

կարոտը հազար ու մի ձեւ ուներ՝ թափանցիկ, մաքուր, անմար, սիրակեզ, սրբազան ու

երբեմն էլ՝ խեղճ: Իմը ո՛չ գույն ունի, ո՛չ ձեւ, իսկ, որ կարեւորն է, ո՛չ էլ չափ կամ

չափում: Օրերով կամ կիլոմետրերով չի չափվում իմ կարոտը։ Ես չեմ ասում, թե

կարոտել եմ քեզ, որոհետեւ վաղուց չեմ տեսել, կամ որովհետեւ հեռու ես դու։ Դրանք

կդառնային պատճառներ, որոնցով պայմանավորված է կարոտը։ Իսկ իմ կարոտը

անՊայման է։ Կողքովս անցնող մեքենայում դու ես, պատահական զանգերում նախ

դու ես, հետո սխալված մարդը, ու մեկ էլ ոչ ոքի հետ անունդ նույնը չէ, թեպետ քո

անունից շատերն ունեն։ Ես այսքանը գիտեմ կարոտի մասին։ Ու մեկ էլ գիտեմ, որ

աշխարհիս մարդիկ սկսեցին չափել գրեթե ամեն բան: Գրեթե ամեն ինչ ստացավ

չափման իր միավորը: Իսկ նրանց կարոտը անՉԱՓ մնաց: Կիլոմետրերի ու

տարիների միջեւ բանտարկված մնաց, որովհետեւ սեփական չափումը չունեցավ, որ

գոնե այն կրճատել կարողանան, որ համեմատեն ու տեսնեն, թե գուցե իրենց կարոտը

մյուսների համեմատ փոքր է: Կշռել չեղավ կարոտը, ու մարդիկ նժարների

օգնությամբ էլ նրա թեթեւանալը չզգացին: Արագության չափում էլ չունեցավ, ու

մարդիկ չպարզեցին՝ այդ ինչ ուժգնությամբ սկսեց այդպես սաստկանալ կարոտի

զգացումը: Ու կարոտը չտեղավորվեց արկղերի մեջ, մարդիկ չիմացան՝ որքան

տարածություն պետք կգա, որ այն դատարկեն այնտեղ, թեթեւանան ու հոգնությունը

մեղմեն: Մարդիկ չիմացան՝ քանի աստիճանում կբյուրեղանա կամ կգոլորշանա,

գուցե կցնդի էդ կարոտը: Մարդիկ չեն հորինել կարոտի չափման միավոր, ու

մարդկանց կարոտը անՉԱՓ է արդեն քանի հազար տարի:

Ու էս անկատար աշխարհում մերոնք իմաստություն են ունեցել՝ սիրուն

սիրելու: Գուցե ես շատ բան չեմ հասկանում էս կյանքից, բայց գուցե թե հենց սիրուն

սիրելն է նրանց դարձրել էսքան մերը, էսքան մեծ, էսքան հավերժ:

 

 

Կարծիքներ

կարծիք