Գրականությունը Մուտկորի ձորում

Ոտքդ Լոռվա հողին դրեցիր, թե չէ, հոգուդ խորությամբ զգում ու ապրում ես հանճարեղ Լոռեցու բառերի կենդանության շունչը:

Մեկ տեսնում ես Լոռվա ձորերը՝  խորունկ նոթերը կիտած, մեկ աչքիդ առաջ սկսում է գալարվել գիժ Դև Բեդը, րոպե հետո հանդարտվում՝ ականջ դնելով շների գիլահաչին, մեկ ականջիդ անբախտ Անուշի մոր լացի ձայնն է հասնում, մեկ էլ սթափվում ես  Ձորագետի կողմից եկած ուրվաձայնների հրավերից՝

― Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք,
Տե՜ս՝ ինչ ուրախ պար ենք գալի՝
Սիրո՜ւն, ջահել հարսն-աղջիկ։

Հանկարծ դիմացդ ես նայում ու դու էլ ակամայից գոռում ես.

-Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար․․․

ՈՒ մեկ էլ, նորից ու նորեն քաջքերի ծաղրն ու արձագանքը՝

-Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․

…Շարունակեցինք ճանապարհը՝ այս անգամ ոտք դնելու, տեսնելու ևս մի հանճարի՝ Մաթևոսյանի բնօրրանը:

<<Այս գյուղը հազար թելով կապված է աշխարհին:

…Այս գյուղը մոտիկ ու հեռու գյուղերին է ուղարկում լխտիկ հարսներ, որոնք եղանը ձեռքից չեն գցում մինչև ընդհուպ ծննդաբերելը և դեռ չի պատահել, որ նրանցից գոնե մեկը թեկուզ մի քիչ լիրբ լինի. այս գյուղը համալսարաններին տալիս է ընդունակ աշակերտներ, բանակին՝ կենսուրախ և կարգապահ ռազմիկներ. կինոգնումների գրասենյակն այստեղ է ուղարկում ֆիլմեր, լրագրերը՝ թղթակիցներ և այլն>>:

Մաթևոսյանական հրաշք տողեր…

Գնում էինք, գնում, որ հենց  Ահնիձորում փնտրեինք ու գտնեինք ծմակուտցի Անդրոյի Ալխոյին՝ իր իսկ բերանից լսելու երազն իր մասին…

Գնում էինք…

Ցավոք, դեպի Ահնիձոր մեր երթուղին ընդհատվեց՝ ճանապարհի պայթեցման աշխատանքների պատճառով:

Թեքվեցինք աջ՝ պլանավորվածից  ավելի շուտ վայելելու  Մուտկորի ձորի խորհրդավորությունը:

Դժվար էր առաջ անցնելը, ծառերի ճյուղերն այնպես էին ագուցվել, գրկել միմյանց, որ թվում էր կա՛մ սիրեցյալներին էինք միմյանցից բաժանում, կա՛մ էլ թե չէ զինվորին մորից էինք հեռացնում:

Ափսոսում էինք անգամ ոտք դնել  հողին՝ ուտելի բույսեր՝ ինչքա՜ն ասես. մե՛կ սպիտակագլուխ սունկն էր զարմացած դեմքիդ նայում, մե՛կ մորին նրբադեմ երեսն էր արևից թաքցնում:

Ճիշտ են ասում՝ Լոռվա սարերում երբեք քաղցած չես մնա:

Ամեն մեկս մի ծառի շվաքում թիկն տվեցինք՝ իրականացնելու վաղուց մտածված՝ Լոռվա առեղծվածային ու առասպելախառն բնաշխարհի մասին պատմող ժամանակակից գրականության հետաքրքիր ստեղծագործությունների ընթերցումն ու քննարկումը հենց այստեղ՝ Լոռվա ձորերում կազմակերպելու գաղափարը:

Խորհրդավոր էր պահը, երբեք այսպիսի ազդեցիկ ու գաղտնախորհուրդ հանդիսապես չէինք ունեցել: Լուռ լսում էին, վերհիշում հայ գրականությանը տված հանճարների գործերը, հպարտանում ժամանակակիցներով, ապա ոգևորվում, որ վաղը  իրենց խորհրդավոր պատկերներով ու կենդանի շնչով կրկին դառնալու են նորանոր ստեղծագործությունների ինքնատիպ հերոսներ:

Լոռին գրականության աշխարհ է:

 

 

Կարծիքներ

կարծիք