Քանի դեռ աշխարհում երկու մարդ է ապրում

Հեղինակ:

Երբ կապույտ աչքերով ու գանգուր մազերով Դավիթի հայրը մեռավ, մի նամակ թողեց որդուն: Մինչ կարդալ կսովորեր՝ Դավիթն այդ նամակը պահում էր բարձի տակ, երբ քունը չէր տանում, փոքրիկ մատներով շոշափում էր հոր բառերը, արդեն հաշվել էր, գիտեր, ուղիղ քսան բառ կա նամակի մեջ: Չնայած արդեն տասը տարեկան էր, բայց կարդալ չգիտեր Դավիթը: Դպրոց չէր գնում, մայրը վաղուց մահացել էր ու ամեն օր, վաղ առավոտյան Դավիթը զարթնում էր, ու կապույտ ու խոշոր աչքերը տրորելով՝ հորը ճանապարհում աշխատանքի: Դավիթի հայրը փոքրիկ քաղաքի փոստատարն էր: Մի անգամ, երբ Դավիթը հեծանիվ քշելիս ընկել էր ու ծունկը վնասել, ու հայրը գրկեց  որդուն ու տուն տարավ, Դավիթը հանկարծ մաքրեց ծով դարձած կապույտ աչքերն ու ասաց հորը. «Պապ, իսկ ինչո՞ւ ես դու ամեն օր տանում ուրիշների նամակները ու ինձ հեծանիվ քշել չես սովորեցնում»: Հայրը ժպտաց ու պատասխանեց. «Որովհետեւ, տղաս, մարդիկ չեն կարող ապրել առանց նամակների, իսկ դու կարող ես՝ առանց հեծանիվի»:

-Բայց ես էլ չեմ կարող ապրել, առանց հեծանիվի, ասել էր Դավիթը: Հայրն էլ պատասխանել էր՝ «Կարող ես, կսովորես»: Դավիթը ամբողջ կյանքում հիշում էր հոր այդ խոսքերը, երբ վերջապես կարողացավ հեծանիվ քշել, երբ որոշեց ու սկսեց կարդալ, երբ առաջին անգամ սեքս արեց,… «Կարող ես, կսովորես» բառերը միշտ հնչում էին Դավիթի գլխում ու նա հասկացավ, որ դա այն ամենն է, ինչը հայրը կարող է ասել իր որդուն:

Ալվարդ հորաքույրը միայնակ մնացած Դավիթին տարավ իր տուն: Չնայած լավ շոգ էր, բայց Դավիթը հագել էր իր դեղին հաստ վերնազգեստը, քանի որ այն իր միակ հագուստն էր, որը ծոցագրպան ուներ: Այնտեղ տղան դրել էր հոր նամակը:

-Հիմա միշտ ձեր տանն ե՞մ ապրելու, հորաքույր,-ասել էր Դավիթը:

-Մինչեւ քոնն ունենաս կապրես, տղաս, պատասխանել էր հորաքույրը:

Ալվարդը սիրում էր Դավիթին, Դավիթն էլ նրան: Այդպես ապրեցին: Դավիթն արագ ընկերացավ հորաքրոջ դստեր հետ, սկսեց դպրոց գնալ ու մոռացավ նամակի մասին, որը մի գիշեր, երբ Դավիթը աստղերով գիշերազգեստով անուշ քնած էր ու երազում տեսնում էր, թե ինչպես են ինքն ու Փոքրիկ իշխանը մի աստղից՝ մյուսը թռչում, հորաքույրը անաղմուկ վերցրել էր նրա բարձի տակից ու մի թաքուն տեղ պահել, որ մեծանա, նոր տա կարդա:

Դավիթն արագ էր մեծանում, ինչպես ծնող չունեցող ամեն երեխա: Դա հատկապես երեւում էր նրա երազանքներից: Ավելի փոքր տարիքում, օրինակ, երազում էր Փոքրիկ իշխանի ընկերը դառնալու մասին, հետո երբ իմացավ, որ Փոքրիկ իշխան չկա, որոշեց տիեզերագնաց դառնալ, հետո՝ օդաչու, …ամենավերջում՝ ճարտարապետ, որպեսզի կառուցի մի աշտարակ, որը կհասնի երկինք: Դավիթը շարունակում էր քնելուց առաջ աստղերին նայել, չնայած արդեն 17 տարեկան տղա էր, սկսել էր հազալ, դեմքին դուրս էին գալիս բշտիկներ ու բարձի տակ պահում էր տղամարդկանց համար՝ կանանց մասին ամսագրեր: Երբ Դավիթը դեղին տաք վերնազգեստը հագին՝ հորաքրոջ ձեռքը բռնած գալիս էր նրա տուն, Ալվարդն ասել էր, որ հայրիկը հիմա աստղերի վրա է՝ մայրիկի կողքին. Դավիթը միշտ էր ուզում հասնել աստղերին, որքան մեծանում էր՝ ավելի ու ավելի շատ էր ուզում: Մի օր, երբ Դավիթը մտավ ննջասենյակ ու պատրաստվում էր պառկել, դարակին հանկարծ տեսավ մի նամակ: Դավիթն անմիջապես հիշեց հոր նամակը, որը հորաքույրը բերել ու թաքուն դրել էր Դավիթի սենյակում, վստահ լինելով, որ արդեն կարող է կարդալ: Դավիթը նետվեց դեպի նամակն ու բացեց այն: Չգիտես ինչու նախ հաշվեց բառերը ու ժպտաց, քանի որ դրանք, ինչպես ինքն էր հաշվել ու հասկացել դեռ փոքր տարիքում, իրոք 20-ն էին: Հայրը գրել էր. «Պատերազմում եւ սիրո մեջ ամենասպասվածը փոստատարն է: Շարունակիր հորդ գործը. այն հավերժ է, քանի դեռ աշխարհում երկու մարդ է ապրում»:

Դավիթը նորից ու նորից էր կարդում, ապա սկսեց բարձր կարդալ…Նա ոչինչ չէր մտածում, միայն նայեց աստղերին ու շշնջաց՝ «Կարող եմ, կստացվի»:

Հաջորդ օրը փոքրիկ քաղաքի փոստը աշխատանքի ընդունեց երիտասարդ Դավիթին, այս հանգամանքը հատկապես ուրախացրել էր փոստի աշխատակից Տանյային, ում մայրը ռուս էր, հայրը՝ հայ, եւ ով ամուսնացած չէր, չնայած բավականին ախորժելի տեսք ուներ եւ ամուսնանալու մեծ ցանկություն: «Գժվում եմ կապույտ աչքերով ու գանգուր տղաների համար», ասաց Տանյան՝ Դավիթին մի կանաչ խնձոր տալով: Դավիթը ժպտաց: Տանյան ծիծաղեց: Տանյայի հետ ծանոթությունից հետո Դավիթի մաշկից իսպառ անհետացան անընդհատ բուսնող բշտիկները, նա նույնիսկ սկսեց կարճ մորուք պահել ու ավելի շատ ծխել:

Փոստատարի աշխատանքը դուր էր գալիս Դավիթին: Նա առաջին անգամ իրեն կարեւոր էր զգում: Հետո սկսվեց պատերազմը, չնայած ընդհանուր առմամբ այն երբեք չի դադարում: Դավիթի գործը համարելով խիստ կարեւոր՝ նրան բանակ չտարան: Ամեն օր Դավիթը բաժանում էր նամակ, ամեն մեկը, ում փոստատարը նամակ էր հանձնում, արտասվում էին, ապա համբուրում նամակն ու Դավիթի ձեռքը…« Ինչ տարօրինակ են մարդիկ, երբ նրանց նամակ ես տալիս խաղաղության ժամանակ՝ սիրո մասին, ոչ մեկ ձեռքդ չի համբուրում, իսկ պատերազմի ժամանակ համբուրում են»,- մտածում էր Դավիթը:

Փոքրիկ քաղաքից ջոկատ էր կազմվել՝ 35 հոգանոց, ու մեկնել ռազմաճակատ: Դավիթն ամեն շաբաթ 35 նամակ էր բաժանում, սկզբում հաշվում էր՝ հո չի՞ պակասել թիվը: Սկսեց պակասել՝ պատերազմի երկրորդ ամսից: Ռազմաճակատից նամակներ եկան՝ 27 հատ: «Բայց պետք է 35-ը լինեն»,- տարակուսեց Դավիթը՝ ստանալով նամակները՝ փոստի կառավարչից: «Մեռածները նամակ չեն գրում, տղաս»,- ասաց փոստի կառավարիչը: Հաջորդ ամիս Դավիթը ռազմաճակատից 16 նամակ ստացավ, իսկ երբ պատերազմի ավարտին մնացել էր մեկ ամիս, Դավիթը թակեց միայն տիկին Աննայի դուռը եւ հանձնեց նրան ռազմաճակատից փոքրիկ քաղաք եկած միակ նամակը:

Այդ երեկո Դավիթը հասկացավ, որ նամակների թիվը շատ կարեւոր է՝ ոչ պակաս, քան դրանց մեջ գրված բառերը: Պատերազմի ժամանակ այդ թիվը կյանքի ու հույսի ցուցիչն է, խաղաղության ժամանակ՝ կարոտի: Դավիթն առաջին անգամ ողջ մարդկության առջեւ պատասխանատվություն զգաց՝ իր ցածր վարձատրվող, իսկ պատերազմի ժամանակ՝ չվարձատրվող աշխատանքով: Ինչպես սեփական բարձր պատասխանատվությունն առաջին անգամ գիտակցած մարդ՝ Դավիթը զգաց, որ սաստիկ հոգնել է ու քնեց: Տանյան, պատերազմը սկսելուն պես, գնացել էր Ռուսաստան ու երբեք Դավիթին նամակ չէր գրում:

Պատերազմն ավարտվեց գարնանը, երբ քաղաքը սկսում է սիրել: Ալվարդ հորաքույրը մահացավ պատերազմի վերջին օրը՝ երկարատեւ հիվանդությունից: Նրա դուստրը վաղուց արդեն ապրում էր Սիդնեյում ու քանի որ Սիդնեյը աշխարհի մյուս ծայրին է, հարգելի պատճառով չեկավ մոր թաղմանը: Դավիթը մենակ մնաց: Խաղաղության ժամանակ մարդիկ ավելի քիչ են նամակ գրում, քանի որ նրանք ավելի շատ սիրում են խոսել իրենց ցավից, քան սիրուց: Քաղաքում տեղադրեցին 34 զինվորի արձանախումբը: Ամեն օր այնտեղ էր մոտենում մեկ այլ զինվոր՝ 35-րդը, տիկին Աննայի որդին ու մի ծաղիկ էր դնում: «Նամակ չե՞ս գրի նրանց»,- մի անգամ հարցրեց զինվորին Դավիթը արձանախմբի մոտ: Զինվորը ժպտաց եւ ասաց. «Ո՞ւմ են պետք այդ նամակները, երբ մարդիկ կողքիդ չեն»: Դավիթը երկար կանգնած մնաց արձանախմբի մոտ, նա անշարժ էր, նրա գլխից դուրս չէր գալիս զինվորի հարց-պատասխանը: Նա չուներ այդ հարցի պատասխանը, նա հասկացավ, որ այդ հարցը պատասխան չունի:

Այդ օրից անցել է երեք տարի, երեք զարմանալի տարի, քանի որ փոքրիկ քաղաքում ոչ մեկ այդ ընթացքում նամակ չի ստացել, ոչ մի: Ու ոչ մեկ չէր նկատում դա, ապրում էին, ինչպես ապրել են միշտ՝ բոլորից հեռու, իրար կողք կողքի: Մայրերը՝ բակում չարություն անող ու դպրոցից փախչող իրենց երեխաներին ասում էին՝ «թաղեմ քեզ», բայց ծնում էին նորերին, հայրերն ամբողջ օրը աշխատում էին, իսկ ազատ ժամերին ֆուտբոլ էին նայում, սիրահարները սիրում ու համբուրվում էին թաքուն, մինչեւ՝ ամուսնանալը, հետո թաքուն էլ չէին համբուրվում, քաղաքից հեռանում էին, քանի որ այն ապրելու համար չափազանց փոքր էր, բայց եւ գալիս էին, քանի որ այն ապրելու համար իսկական տեղ էր….Սովորական էր դարձել ամեն ինչ ու այդպես էլ կմնար, եթե 87-ամյա տիկին Մարուսը մի օր չգնար ոստիկանություն:

-Ինչպե՞ս կարող է այդպես պատահել, բացատրեք,-գրեթե բղավելով ասաց տիկին Մարուսը՝ ոստիկանությունում:

-Հանգստացիր, տատիկ, հանգիստ ասա՝ տեսնենք ի՞նչ է պատահել,-ասացին ոստիկանությանը:

-Տղաս արդեն 30 տարուց ավել է Ամերիկայում է ապրում ու առաջին անգամ նամակ է գրել ինձ, երեկ իմացա, պատահական, Ամերիկայից մարդ է եկել, ասում է՝ Գեղամը, տղես էլի, մի կես տարի առաջ նամակ է ուղարկել քեզ, կարդացել ե՞ս: Դե հիմա դու ասա, ոստիկան ջան, որտեղի՞ց կարդամ, եթե չեմ ստացել, լավ էտ Ամերիկան ինչքա՞ն հեռու ա մեզանից, որ կես տարում մի նամակը չի հասնում:

-Սպասեք, սպասեք, այսինքն ինչպե՞ս թէ չի հասել, կես տարի առաջ գրել է ու չի հասե՞լ:

-Տղիս արեւ, թե մի բառ ավել եմ ասում, ոստիկան ջան, չի հասել, վեց ամիս առաջ գրել է, մինչեւ հիմա չի հասել: Քոռանամ ես, տղիս առաջին նամակն ա, ու սենց…

Պարզվեց, որ էլի մարդիկ կան, որոնց գրել են ու նամակները չեն հասել: Օրինակ 42-ամյա Օֆելյային մոտ 4 ամիս առաջ գրել էր Իգորը՝ Մոսկվայից, բայց քանի որ Օֆելյան ու Իգորը ծանոթացել էին երկու տարի առաջ՝ ամռանը թուրքական լողափին ու քանի որ Օֆելյան ամուսին ուներ եւ երեք երեխա,  մտածել էր, որ այդ մասին ավելի լավ է ոստիկանությանը չհայտնի: Փոստի գրասենյակից հայտնեցին, որ նամակներն իրենք ստացել են՝ ըստ սահմանաված կարգի ու ժամկետի ու հանձնել փոստատարին…Դավիթի տանը խուզարկություն նշանակվեց: Ոստիկանները քրքրում էին ամեն տեղը. «Ահա, ասաց նրանցից մեկը՝ բացելով մի հին սնդուկ,-ահա եւ նամակները»: Նամակների ընդհանուր քաշը հասնում էր 400 կիլոգրամի: Դավիթին ձերբակալեցին:

Դատավարության ժամանակ փոքրիկ քաղաքի բնակիչները հայտարարեցին, որ փոստատար Դավիթն իրականում լավ մարդ է, պարզապես արդեն մի 3 տարի է, ինչ սկսել է խմել: Օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից՝ Դավիթն ասաց.

-Հարգելի դատարան, աշխարհում ավելի շատ մեռա՞ծ մարդ կա, թե՞ կենդանի: Դատարանում սկսեցին ծիծաղել.

-Շատ խմելուց է, պարոն դատավոր, էշ-էշ դուրս է տալիս,-ասաց քաղաքացիներից մեկը:

-Բայց լուրջ հարց եմ տալիս, ավելի շատ մեռա՞ծ կա, թե՞ կենդանի,-շարունակեց Դավիթը:

-Իհարկե մեռած, հետո՞,-ասաց դատավորը, դահլիճում լռություն պահանջելով:

-Ուրեմն ո՞ւմ են պետք այդ նամակները, եթե մեծամասնությունից մենք նամակ չենք ստանում, այն պարագայում, երբ ապրողների հետ մենք պատերազմում ենք, իսկ մեռածները սիրելի են: Դատարանում քար լռություն տիրեց: Դավիթը շարունակեց.

-Ինձ մեղադրում եք, որ մարդկանց նամակները չեմ հանձնել, իսկ ո՞վ է մեղավոր, որ մարդիկ չեն գրում…

-Ձեր տանը հայտնաբերվել է 400 կիլոգրամ քաշով նամակներ, մարդիկ չե՞ն գրում,-ասաց դատավորը:

-Իսկ դուք նայե՞լ եք, թե ովքեր են գրել այն նամակները, ի՞նչ հասցեներից են դրանք եկել, թե՞ միայն քաշն եք չափել: Այդ նամակները, հարգելի դատարան, այս երեք տարվա մեջ գրել է 20 մարդ՝ 20 մարդու: Երեք տարվա մեջ, պատկերացնո՞ւմ եք, մեր քաղաքում ապրում է 200 հազար մարդ ու քսան նամա՞կ, ու ի՞նչ նամակ: Դուք գիտե՞ք, թե ինչի մասին են գրում նամակում: Գրում են, որ հիվանդ են, գործերը լավ չեն, փող չունեն, խնդրում են, որ փող ուղարկեն, դեղ ուղարկեն, փրկեն, ազատեն՝ ցավից, բանտից, կնոջից, ծեծող ամուսնուց…Ինչո՞ւ ցավ տարածել, հարգելի դատարան: Ոչ մեկ չի գրում, որ սիրում է եւ ինչպես է սիրում: Սիրո մասին նույնիսկ պոետներն են արդեն լռել, էլ ուր մնաց նամակ գրեն: Միայն ցավն է գրելի դարձել, ես չեմ ուզում, ես մեղավո՞ր եմ…Մեղավո՞ր եմ, որ հոգնել եմ պատերազմն ու սերը կողքից նայելուց, սիրված չլինելուց, կռված չլինելուց, միայն ուրիշների մասին ուրիշներին տեղեկացնելուց: Ես հոգնել եմ, հարգելի դատարան, հույս տալուց, անհույս մնալուց…Եւ երեկվանից չեմ խմել:

Դատարարը Դավիթին ազատազրկեց 3 տարով՝ ճանաչելով մեղավոր՝ ուրիշների նամակները հափշտակելու եւ յուրացնելու համար:

42-ամյա Օֆելյայի ամուսինը նախ ծեծեց նրան, ապա վերցրեք 3 երեխային ու հեռացավ, երբ դատարանի դահլիճում բոլորի նամակները հանձնեցին ու տիկին Օֆելյան ստացավ իր նամակը: 87-ամյա տիկին Մարուսը նամակ չուներ. պարզվեց նրա որդին նամակ չի գրել, ուղղակի տեսել է հայրենի քաղաք վերադարձող ծանոթին, ու քանի որ մորն ուղարկելու ոչինչ չի ունեցել, ասել է, որ նամակ է գրել իբր:

Իսկ Դավիթը մենախցում հեշտ հարմարվեց. պայմանները նրա համար սովորական էին. սենյակ, որտեղ ոչ մեկը չկա, ու չի էլ հայտնվելու…Միայն բանտարկությունից մեկ տարի անց՝ Դավիթի խուց մտավ բանտապետն ու ասաց.

-Նամակ ունես, առ:

Դավիթը վեր թռավ տեղից.

-Նամա՞կ, ե՞ս…

Երբ փակվեց խցի դուռը, Դավիթն արդեն կարդում էր իր ստացած միակ նամակը. «Դավ, պռիվետ: Լսի, զանգում եմ, չես պատասխանում, եկա տուն, դուռը փակ էր: Որտե՞ղ ես, ո՞նց ես: Լավ էտ հեչ. Էսօր երեկոյան, ժամը 9-ին մեր սրճարանում կլինեմ…Կսպասեմ: Եկել եմ: Մոտդ:

Քո Տանյա»:

 

Կարծիքներ

կարծիք